07 սեպտեմբերի, 2010թ.
Untitled Document
  Գլխավոր էջ
  Քաղաքական
  Հարցազրույցներ
  Հոգևոր
  Սոցիալական
  Տնտեսական
  Սպորտ
  Մշակույթ
  Ծաղրանկարչի կսմիթ
  Ասում են ...
  Լուրեր
  Մեր մասին
  Հետադարձ կապ


 "Iravunk de facto" biweekly newspaper

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԻՑ


Ամեն բանի ժամանակ կա, երբ աշխարհում ամեն գործ ունի իր ժամանակը. ծնելու ժամանակը և մեռնելու ժամանակը, տնկելու ժամանակը և տնկածը հանելու ժամանակը, սպանելու ժամանակը և բժշկելու ժամանակը, քանդելու ժամանակը և շինելու ժամանակը, լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և ապրելու ժամանակը, քարերը կտրելու ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը, գրկելու ժամանակը և գրկից հեռանալու ժամանակը, փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը, պատռելու ժամանակը և կարկատելու ժամանակը, լռելու ժամանակը և խոսելու ժամանակը, սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։ Արդ, ի՞նչ օգուտ կա մարդուն իր աշխատանքից, որի համար նա ջանք է թափում։
Ժողովող 3.1-9


ԱՂՈԹԱՐԱՆ


ԱՂՈԹՔ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ
Փրկությա՛ն Տեր Աստված 
մեր, որ ողորմած ես ու 
գթած, համբերատար և
բազումողորմ, որ ցավում
ես մարդկանց չարիքների
համար ու չես կամենում
մեղավորի մահը, այլ` նրա
դարձը չար ճանապարհից
և փրկությունը։ Տե՛ր, Քո
առատ ողորմությամբ
օգնի՜ր ինձ և ժամանակ
տուր ապաշխարության, 
որպեսզի առողջացած
հոգով մտնեմ Քո սուրբ
եկեղեցին. ամեն։



 "Iravunk de facto" biweekly newspaper




 "Iravunk de facto" biweekly newspaper
Լուրեր
21/04/2009
.......

Նույն ջուրը, նույն ջրաղացը
Ապրիլի 23-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա և առանձնազրույցը Դմիտրի Մեդվեդևի հետ։ Նախագահականից այլ պաշտոնական տեղեկատվություն այս առնչությամբ չի հաղորդվում։ Այցը հետաքրքրական է հատկապես այն առումով, որ նախորդ շաբաթ պաշտոնական այցով Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մեդվեդև-Ալիև հանդիպման ժամանակ քննարկման առանցքային թեման ղարաբաղյան հիմնախնդիրն է եղել։ Ենթադրվում է, որ Սարգսյանի այցը ևս այս խնդրի շրջանակներում է լինելու։ ՈՒ մինչ ՀՀ նախագահը մոսկովյան այցին է նախապատրաստվում, Ադրբեջանի նախագահը շտապում է հենց ռուսաստանյան լրատվամիջոցներով հայտարարել. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին միակողմանի լուծում չի կարող լինել։ Ադրբեջանը երբեք չի մասնակցի գործընթացին, որ կենթադրեր Ադրբեջանից Ղարաբաղի իրավական անջատում։ Դա մեր միարժեք դիրքորոշումն է։ Իրավական հիմքը նախատեսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում, հայկական զորքերի դուրսբերում գրավյալ տարածքներից և փախստականների վերադարձ։ Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է Հայաստանի համար ունենալ միջանցք, որը կկապի Ղարաբաղը Հայաստանի հետ, և Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարող են արդյունավետ լուծվել»։ Ալիևը նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշումը պետք է հետաձգվի անորոշ ժամանակով։
Մնում է սպասել, թե ինչ կհայտարարի Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնալուց հետո։
Ռ. Խ.

Игра не стоит свеч
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն այսօրվանից արդեն ուշադրության կենտրոնում են պահում սանկտպետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումը` ՌԴ նախագահ Մեդվեդևի «բարձր հովանու» ներքո, ով ցանկանում է ի ցույց դնել Արևմուտքին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ոսկե բանալին» հենց Ռուսաստանի ձեռքում է։ Նույն լրատվամիջոցների հավաստմամբ` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրելու են ղարաբաղյան «քարկապի» կոշտ հանգույցները դույզն-ինչ թուլացնելուն միտված փաստաթղթատիպ մի բան, որի դիմաց, սակայն, «բատյուշկա» Դմիտրին տարբեր համուհոտի քաղցրաբլիթներ է պատրաստվում հրամցնել այլևս նույն հարթության վրա գտնվող իր երկու ռազմավարական դաշնակիցներին։ Ադրբեջանին` ժամանակակից ռազմական տեխնիկա, այդ թվում` հակահրթիռային պաշտպանության կայանքներ, Հայաստանին` 500 մլն դոլարի վարկ։ Այն նույն 500 միլիոնը, որն անցյալ տարվա դեկտեմբերից «дед мороз»-ի նման ճամփա ընկել` մինչև հիմա դեռ տեղ չի հասնում։ Մնում է նստել ու լրջորեն «փիքր անել». մի՞թե կշեռքի նժարին համարժեք «քաղցրաբլիթներ» են դրված և, ընդհանրապես, արդյո՞ք «игра стоит свеч»։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ով սահմանը փակել է, նա էլ թող բացի
«Նախ և առաջ սահմանի բացումը մեզ համար գուցե դաս լինի, որ մենք էլ սկսենք, ինչպես Թուրքիան, ազգային տնտեսությունն ու հայրենական ապրանքները խթանող քաղաքականություն վարել»,- կարծում է դաշնակցական պատգամավոր ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ, միաժամանակ փաստելով, որ իրենց ուսումնասիրություններով սահմանի բացումն ավելի շատ բացասական կողմեր ունի։ Սակայն ՀՅԴ անդամը պնդել է նաև, որ դաշնակցությունը դեմ չէ հայ-թուրքական սահմանի բացմանը, պարզապես հարկավոր է, որ դրա դիմաց Թուրքիան ինչ-որ պահանջներ չառաջադրի, քանի որ ինքն է սահմանը փակել, ինքն էլ պետք է բացի։ «Մենք կոմպլեքսավորված չենք Թուրքիայի հետ հարաբերություններում, նա է կաշկանդված»,- ասել է նա։ Ըստ պատգամավորի` կլինեն գործարարներ, որոնք սահմանի բացումից և՛ կտուժեն, և՛ կշահեն։ «Միանշանակ ասել, որ բոլորը շահելու են, կամ բոլորը կորցնելու են, ճիշտ չէ։ Մյուս կողմից էլ, եթե սահմանների բացումը վնասելու է տնտեսության այս կամ այն ճյուղին, դա չի նշանակում, որ սահմանները պետք է լինեն փակ»։
Անդրադառնալով նախօրեին Հայաստանի և Իրանի ղեկավարության միջև հայ-իրանական երկաթուղու շինարարության վերաբերյալ ստորագրված հուշագրին, Նռանյանը շեշտել է. «Հայ-իրանական երկաթուղու բացումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Եվրոպական որոշ կառույցներ գիտեն այդ մասին ու շահագրգռված են։ Կարծում եմ` շատ իրատեսական է այդ երկաթուղու կառուցումը։ Շատ բան կախված է նաև մեզնից։ Հայաստանն ու Իրանը գործնականորեն են նայում երկաթուղու նախագծին»։
Ռ. Խ.


17/03/2009
.......

Կրկին քաղաքապետի փնտրտուք                           
Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի առաջին օրը սկսվեց աժիոտաժային տրամադրությամբ։ Իսկ պատճառը քաղաքային ավագանու առաջիկա ընտրություններն են, ավելի ճիշտ, ՀԱԿ-ի առաջադրած քաղաքապետի թեկնածուն, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի։ Խորհրդարանի դահլիճում ամեն ինչ խաղաղ էր, իսկ միջանցքներում` խառնաշփոթ։ ՀՀԿ-ականները թվացյալ հանգիստ էին, սակայն իրականում հանկարծակիի էին եկել իրադրության այսպիսի զարգացումից։ Այս ամենը, պարզվում է, անակնկալի էր բերել անգամ Հովիկ Աբրահամյանին, որը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջին անգամ նիստերի դահլիճից դուրս եկավ ոչ թե ներքին, այլ ընդհանուր դռնով` քայլերն ուղղելով դեպի ՀՀԿ խմբակցություն։ Շա՜տ է ազդված Հովիկ Աբրահամյանը, շա՜տ։ Գործերը ոնց որ լավ չեն։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ շուրջ կեսժամանոց խոսակցությունից հետո ԱԺ նախագահը վերադարձավ նիստերի դահլիճ։
Չկողմնորոշված կուսակցությունների մասով. վերջիններս արագ-արագ ինչ-որ տեղ էին շտապում` խուսափելով այս թեմայի շուրջ որևէ հարցի պատասխանելուց։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ ավագանու իրենց ցուցակը պատրաստ կլինի միայն մարտի 21-ին, իսկ Տեր-Պետրոսյանի առաջադրմանն էլ շատ «նորմալ» է վերաբերվում։ «Բոլորի իրավունքն է` մասնակցել ընտրություններին»,- կարծում է տիկին Բիշարյանը։ Դաշնակցականների մոտ էլ ամեն ինչ խորհրդավորության քողի տակ էր։ Վերջիններս ընտրել էին ընդհանրապես լռելու մարտավարությունը։ Երեկ նախատեսված էր կուսակցության նիստը, որը պետք է որոշեր ՀՅԴ քաղաքապետի թեկնածուի անունը։ Հավանական թեկնածուներն են խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և քարտուղար Արտաշես Շահբազյանը։ Հիշեցնենք, որ կոալիցիոն մյուս երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն արդեն հայտնի են։ ԲՀԿ-ն առաջադրել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, իսկ ՀՀԿ-ն` գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։
Այսուհանդերձ, ակնհայտ է, որ քաղաքապետի աթոռի շուրջ ծավալվող զարգացումները նոր փուլ են թևակոխում` հանրությանը ներկայացնելով, թե իշխանությունն ու ընդդիմությունը որքան ներուժ ունեն ու ինչ ձևով են այն կիրառելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քչփչացողներին լռեցրին                       
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի շուրջ խոսակցությունները կարծես թե ժամանակավորապես դադարել են: Իր վերջին հարցազրույցի ընթացքում էլ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դրանց հանգիստ է վերաբերվում, քանի որ «դա քաղաքական գործիք է և շատ հաճախ կիրառվում է որպես պայքարի ձև»: Հատկապես այն հանրապետականները, ովքեր սրտատրոփ սպասում էին, թե երբ պետք է կառավարության ղեկավարը հրաժեշտ տա իր պաշտոնին, խոր հիասթափության մեջ են: Իսկ իրականում ամեն ինչ իր տեղն է ընկել, երբ վարչապետը նախագահի ուղեկցությամբ ՀՀԿ գրասենյակում հանդիպել է իր «վատն ու լավը» ուզողներին: Երկրի ղեկավարը, դիմելով նժդեհականներին, խիստ տոնով հրահանգել է մոտավորապես հետևյալ միտքը. «Բան ունեք էս մարդու դեմ, ասեք` տեսնեմ»: ՈՒ, ինչպես և սպասվում էր, վարչապետից պատերի տակ դժգոհողները սսկվել են` առանց բառ անգամ ասելու: Նախագահ Սարգսյանն այսպիսով կուսակիցներին հասկացրել է, թե` եթե որոշել եմ, որ վարչապետը Տիգրան Սարգսյանն է լինելու, ուրեմն` այդպես էլ կլինի: Նախագահի այսպիսի «վճռականությունը» հավանության է արժանացել, մասնավորապես, հանրապետականների ինտելեկտուալ հատվածի կողմից:
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անհանգիստ կոալիցիան                  
Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդդիմության նախընտրական ցուցակը գլխավորելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որոշումը բավականին լայն անհանգստություն է հարուցել կառավարող կուսակցությունների շարքերում։ Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ, անհանգստության առաջին նշաններն արդեն իսկ կան ՀՀԿ-ում ու դաշնակցության մեջ։ Հանրապետականները, մասնավորապես, մտահոգ են հետագա հնարավոր զարգացումներով, և երեկ քննարկումներ են եղել ընտրությունները հետաձգելու կամ էլ առանձին մասնակցելու որոշումը փոխելու և կոալիցիայի մյուս կուսակցությունների հետ նախընտրական դաշինք կազմելու վերաբերյալ։ Նույն տեսակետին են կարծես հակվում դաշնակցականները, որոնք ներկուսակցական շփումներում կարծիք են հայտնում, թե ավելի ճիշտ կլիներ ընդհանուր կոալիցիայով համատեղ թեկնածու առաջադրել բոլոր չորս կուսակցությունների համար ընդունելի անձի և այդ դեպքում հնարավոր կլինի միասնական ուժերով Երևանում վերցնել ավագանու մեծամասնությունը։
Վ. Մ.


20/02/2009
.....

Մեկ օրվա քրոնիկա              
Երեկ Հայաստանում օրն անցավ հանգիստ, առանց միջադեպերի: Պարզապես նախագահի ընտրության մեկ տարին լրացավ, ուրիշ ոչինչ: Երկրի ղեկն իր ձեռքում շուրջ մեկ տարի պահած նախագահը Հովհաննես Թումանյանի 140-րդ տարեդարձի առթիվ Լոռիում էր ու այնտեղ, ինչպես մեկ տարի առաջ, կրկին խոստացավ. «Ես իմ պարտքն եմ համարում աշխատել և պետական մեքենան աշխատեցնել այն կերպ, որ բոլորիս միասնական ջանքերով մոտեցնենք այն օրը, երբ Հովհաննես Թումանյանի և մեր բոլորի երազած Հայաստանը հպարտությամբ և արժանիորեն կանվանենք «Իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք»»: Չհիշատակվեց միայն «Առաջ, Հայաստա՛ն» կարգախոսը, քանի որ օրը ՀՀԿ-ական չէր, թումանյանական էր: Ինչևէ: Օրվա մյուս ինտրիգը քաղաքապետի ընտրության ժամանակացույցի հստակեցումն էր` մայիսի 31: Սա էլ «շաբաշ»` քաղաքապետացուներին նախագահի մեկամյա պաշտոնավարման առիթով։
Իսկ մինչ այդ` չբացահայտված մարտի 1, քաղբանտարկյալներ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ, առաջիկա հանրահավաքն էլ` վրադիր: Իսկ առջևում գարուն է։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռսի ոտը                                      
Ըստ հավաստի աղբյուրի, դեռ գարունը չբացված, ռուսական ռազմական մասնագետների անմիջական վերահսկողությամբ լայնածավալ շինարարական աշխատանքներ են սկսվել Գյումրիում։ Այնտեղ տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի շրջակայքում իրականացվող շինարարությունը, ըստ շրջանառվող լուրերի, ռուսական ռազմաբազայի ընդլայնման նպատակ ունի։ Չի բացառվում, որ այդ որոշումը կայացվել է ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումների համատեքստում, և ռուսական կողմը, բնականաբար, Հայաստանի իշխանությունների գիտությամբ, «ամրացնում է ոտնատեղը»։ Առայժմ ստույգ հայտնի չէ, արդյոք սկսված շինարարությունը նպատակ ունի՞ ընդլայնել ռուսական զորքերի թվակազմը Հայաստանում։ Թեպետ կան խոսակցություններ, որ նոր կառույցներում տեղակայվելու է հայ-ռուսական համատեղ արագ արձագանքման ստորաբաժանումը, որի ստեղծման վերաբերյալ որոշում ընդունվեց ՀԱՊԿ-ի վերջին գագաթաժողովում։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Գոտի ձգելու ժամանակը                             
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մոտ ժամանակներս Մոսկվա ներկրվող ինչպես տնտեսական ապրանքների, այնպես էլ սննդամթերքի գները կարող են 20-30 տոկոսով աճել։ Դա առաջին հերթին պայմանավորված է վերջին մեկ-երկու ամսում դոլարի նկատմամբ ռուսական արժույթի աննախադեպ արժեզրկմամբ և ներկրվող ապրանքների մեծ տեսակարար կշռով: Մասնավորապես, Մոսկվայում վաճառվող տավարի մսի 70, ինչպես նաև կենդանական և բուսական յուղի 40 տոկոսն արտասահմանյան է: Երևի այս փաստը նկատի ունի Հայաստանի կառավարությունը, որ այդքան համառորեն ցածր է պահում դոլարի կուրսը, քանզի պարզ է, որ դրա բարձրացումը կտրուկ կթանկացնի ողջ ներկրվող ապրանքատեսականին, իսկ դա մեր ներքին սպառման գերակշիռ մասն է կազմում:
Ա. ՄԱՐԿՈՍՅԱՆ


17/02/2009
...

Չինաստանից հետո` ուղիղ Ղարաբաղ                              
Փետրվարի 19-ին, 2008-ի նախագահական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց, այլևս և մեկընդմիշտ ԱԺ նախագահ Սերժ Սարգսյանի շտաբի նախկին պետ Հովիկ Աբրահամյանն անասելի ներկայացուցչական պատվիրակությամբ կմեկնի Լեռնային Ղարաբաղ:
Թե ինչն է պատճառ դարձել, որ երկրի երկրորդ «դեմքը», տնտեսագիտական համալսարանի խորհրդի անմահ նախագահը հատկապես այդ օրը մեկնի Արցախ (հուսանք` հաստատապես ոչ փորձի փոխանակման, մանավանդ` ընտրական տեխնոլոգիաների ասպարեզում), լոկ ինքը կիմանա, բայց նա այնտեղ ՀՀ ԱԺ-ԼՂ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ կանցկացնի... երևի հիմա էլ պետք է ԼՂ խորհրդարանի իմիջը բարձրացնի` «դիվիդիներ» շահի:
Իսկ «դիվիդիներ» նա հաստատ կշահի, որովհետև խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը (էն, որ կնոջ հետ համ էլ Չինաստանում էր), «Ժառանգության», ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները:
Եվ նույնիսկ մի կին ատամնատեխնիկ կա պատվիրակության կազմում. սա` պատկերավոր ասած, որովհետև հեչ պարզ չէ, թե Սյունիքի խիստ «հարգարժան» մարզպետ պարոն Լիսկան ինչպես է «ներթափանցել» և պատվավոր տեղ գրավել այդ պատվիրակությունում:
Ասում ենք, չէ՞. հիմա էլ ԼՂ-ի իմիջն է բարձրացվում:
Վ. Մ.

Դեֆեկտավոր խորհրդարան                   
Մոնիտորները միացված, գորգափոխությունն ընթացքի մեջ, Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված մյուս քայլերն էլ` առջևում։ Ահա հայոց խորհրդարանի խոսնակի առտնին անհանգստության խնդիրները, գումարած պատգամավորական սենյակների «խոշորացման» նոր-նոր սկիզբ առած գործընթացը։ Ցանկացողները կարող են դիմել ԱԺ նախագահին` ներկայացնելով «խոշորացվող» սենյակի պատգամավորի անունը, կուսակցական պատկանելությունը։ Բայց չլինի թե հանկարծ ԲՀԿ-ՀՀԿ, ՀՅԴ-ՀՀԿ, ՕԵԿ-ՀՀԿ խառնվեն իրար ու... Բայց դե, օպտիմալ է մտածում օրենսդրի ղեկավարը. ի՞նչ կարիք կա անկապ սենյակներ զբաղեցնելու, եթե դրանց դռները նստաշրջանի ընթացքում մի քանի անգամ են բացվում ու փակվում։ Իրադրությունն ավելի քան զավեշտալի է, քանի որ պատգամավոր Կարո Կարապետյանի դռան հետևում ոչ թե աշխատասենյակ է, այլ պատ։ Այսինքն, շինարարության ժամանակ սխալ է տեղի ունեցել (դրսից` դուռ, ներսից` պատ)։ Սա, բացի Աբրահամյանից, ոչ մեկն ուշադրության չի արժանացրել։ Ապամոնտաժվեց դուռը։ Այսուհետ ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի հետ նույն դռնով ելումուտ կանի ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը։
Ինչևէ, ԱԺ-ում շարունակվում է արտաքին «դեֆեկտների» շտկումը։
Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նահանջ երգով                     
Չնայած ԲՀԿ-ն իր վերջին համագումարով բացարձակ լոյալություն արտահայտեց նախագահին ու կառավարությանը, այդ կուսակցության ղեկավար շրջանակներից շարունակվում է տեղեկատվության արտահոսքը, թե իրենք բոլորովին էլ «խելոք տեղը չեն նստելու»։ Ըստ Գագիկ Ծառուկյանի մերձավոր քաղաքական շրջապատից շրջանառվող լուրերի, ԲՀԿ-ն որոշել է «հանգիստ մնալ» մինչև ապրիլ։ Սակայն ապրիլին մտադիր է, մի շարք նախաձեռնություններ հանդես բերելով, քննադատության ենթարկել հատկապես կառավարության սոցիալական քաղաքականությունը։ Դրանով ԲՀԿ-ն իբր փորձելու է իր շուրջը համախմբել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի մի մասին ու հիմքեր նախապատրաստել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի համար։ ԲՀԿ-ի որոշ գործիչներ շարունակում են պնդել, թե այդ կապակցությամբ Մոսկվայի «դաբրոն» ուժի մեջ է, և իրենք իրագործելու են այդ ծրագիրը։ Թեպետ այս ամենն ավելի շատ նմանվում է երգով նահանջի։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուսաստանի հարցում Գոբլը լավատես չէ                         
Հայտնի ամերիկյան վերլուծաբան Պոլ Գոբլը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային տարածքում ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները սերտ շաղկապված են, և դա ավելի մեծ չափով վերաբերում է հենց Ռուսաստանին, ոչ թե հետխորհրդային այլ պետության։ «Աշխարհը խիստ փոխվել է տնտեսական ճգնաժամի պատճառով, և այդ նոր գործոնը պետք է հաշվի առնել։ Պատճառներից մեկը, որ ստիպում է Մոսկվային` իր կամքը փաթաթել հարևան պետությունների վզին, պայմանավորված է հենց նրանով, որ տանը գործերն այնքան լավ չեն, ինչքան կցանկանային։ Արտաքին էքսպանսիան ներքին գործերում կարգ ու կանոն հաստատելու ձևերից մեկն է։ Մինչդեռ շատերը Մոսկվայում և ողջ Ռուսաստանում խիստ դժգոհ են այն իրողությունից, որ Մոսկվան ահռելի միջոցներ է ծախսում Ղրղզստանի և Տաջիկստանի հետ համագործակցելու վրա` ունենալով բազում չլուծված ներքին խնդիրներ, որոնց Պուտինն ուշադրություն չի դարձնում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե կա՞ն, արդյոք, ռեսուրսներ կայսրությունը վերականգնելու համար, ապա Հայաստանում լավ հայտնի քաղաքագետներից մեկը նշել է, որ ոչ, չկան։ Հնարավորություններն արդեն այլ բան են, որովհետև հնարավորությունը ռեսուրսները համախմբելու ընդունակությունն է, իսկ Ռուսաստանի ներկա ղեկավարությունը չունի ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,- նշել է Գոբլը։
Վ. Մ.

Ո՞վ է իրական գնորդը                               
Կարծես թե Հայաստանի իշխանությունն ավարտին հասցրեց մի շատ կարևոր «պետական նշանակության» գործ: Փետրվարի 16-ին կրկնաճուրդով` 4 մլրդ 441 մլն դրամով վաճառվեցին «Բջնի» հանքային ջրերի գործարանի գույքն ու գույքային պարտավորությունները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո պատասխանատու Ռուբեն Գրզելդյանը, էլեկտրոնային աճուրդին մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի առաջարկած գնով էլ տեղի է ունեցել վաճառքը:
Գնորդի անունը դեռևս անհայտ է, քանի որ, ըստ օրենքի, այս պարագայում նրա անունը կարող է և չհրապարակվել, չնայած երեք օր հետո աճուրդին մասնակցելու լոտի համար նախատեսված գումարի մուծման ժամանակ այն պետք է որ հրապարակվի: Ինչպես տեղեկացնում է «Ա1+» ինտերնետային կայքէջը, հավանական գնորդ է համարվում Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:
Այս երկար ձգված գործի հետևում շատերը, համենայն դեպս, քաղաքական հետք են տեսնում, քանի որ «Բջնի»-ի պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ նրա սեփականատերը` «Սիլ» կոնցեռնի պատվավոր նախագահ, Աժ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն անցյալ տարվա նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին:
«Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լ. Հարությունյանն էլ տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ուժով գույքը կարելի է հետ պահանջել նույնիսկ բարեխիղճ ձեռք բերողից (մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ ձեռք բերողը բարեխիղճ չէ), եթե գույքը դուրս է եկել սեփականատիրոջ տիրապետումից անկախ իր կամքից: Ընկերության գույքի օտարմանը մենք միշտ դեմ ենք եղել, և ձեռք բերողը խնդիր է ունենալու նաև ապրանքային նշանների օգտագործման հետ: Վերոհիշյալի հիման վրա նախազգուշացնում ենք ընկերության գույքի հնարավոր գնորդին` ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ, հակառակ դեպքում, վերջինս ընկերության գույքը հետագայում դատական կարգով վերադարձնելու է ընկերությանը և հատուցելու է ընկերության կրած վնասները»:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ


13/02/2009
.........

Ինչպե՞ս փակեմ սրտիս լեզուն, սրտիս ձայնը ինչո՞վ փակեմ                  
Փետրվարի 19-ին կլրանա նախագահական ընտրությունների մեկ տարին:
Ընդդիմությունը որևէ կերպ չի հիշի այդ օրը. դե, գոնե այս պահի դրությամբ, որևէ «հիշողական» միջոցառում չի նախաձեռնել:
Նույնը չես ասի իշխանությունների մասին: Այնտեղ, ոնց երևում է, փորձում են իրենց տալ միջոցառումների, այցերի, որպեսզի արագ մոռանան վերհուշը:
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի երբեմնի պետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 19-ին աշխատանքային երկօրյա այցով կմեկնի Ղարաբաղ. հիմնախնդրի շուրջ գործընթացների ու կարգավորման վիճակը երևի ծանրացել է նրա սրտին:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա փետրվարի 19-ին նա կհաղորդի է՛լ ավելի հումանիստական «բովանդակություն». բավականին լուրջ պատվիրակությամբ կմեկնի Լոռի` մասնակցելու Մեծն Լոռեցու` Հովհաննես Թումանյանի 140-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառումներին:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Հիմա էլ «Նաբուկոն»                      
Միջազգային հեղինակավոր քաղաքատնտեսական կենտրոններից մեկի հավաստմամբ` Եվրոպան ու ԱՄՆ-ը, շահագրգիռ ֆիրմաների հետ համատեղ, օրերս համաձայնության են եկել ամենաուշը այս տարվա սեպտեմբերին «Նաբուկո» ծրագիրը հաստատելու և Հայաստանը, որպես տարանցիկ երկիր դրանում ներգրավելու հարցում։ Սակայն, որպես գլխավոր նախապայման, Արևմուտքը Հայաստանի ու Ադրբեջանի առջև ղարաբաղյան հակամարտությունը մինչև սեպտեմբեր հանգուցալուծելու խնդիր է դրել, ինչն իր արտացոլումը պետք է գտնի առնվազն շրջանակային փաստաթղթում։ Որքանով այդ «շրջանակն» իր մեջ կներառի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները, առայժմ հայտնի չէ, սակայն հստակ է, որ վերասրբագրված փաստաթուղթը պետք է բավարարի ինչպես Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի պահանջները։ Քաղաքատնտեսական նույն կենտրոնի փոխանցմամբ` բոլորովին վերջերս Համաշխարհային բանկը «Նաբուկո» գազատարը ֆինանսավորելու որոշում է կայացրել, պայմանով, որ կոնսորցիումի անդամ երկրների ու գազ մատակարարող պետությունների միջև համապատասխան համաձայնագիր ստորագրվի։ Ըստ այդմ, նախատեսվում է մեկ միլիարդ եվրո տրամադրել` միջանցիկ խողովակաշարերի կառուցման համար։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Ռուբլին անցնում է գրոհի                     
Այն, որ վերջապես Հայաստանի կառավարության դեգերումները «կայունացման» վարկ ստանալու առումով հանգուցալուծում ստացան, և Ռուսաստանը Հայաստանին վարկ տրամադրեց 500 մլն դոլարի չափով, մեզանում բազմաթիվ չպարզաբանված հարցերի տեղիք տվեց: Քանի որ բոլորն էին հիշում, թե ընդամենը 100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանը Հայաստանից ինչ ձեռնարկություններ «պոկեց»: Այն, որ վարկը տրամադրվել է բավականին ծանր պայմաններով` 15 տարով և բարձր տոկոսադրույքով, հարցի մի կողմն է միայն: Մյուս կողմն այն է, թե այս անգամ ինչ է «պոկելու» Ռուսաստանը Հայաստանից: Ռուսաստանը վերջին ամսում, այսպես կոչված, հակաճգնաժամային վարկեր տրամադրեց Ղրղզստանին, Բելառուսին, հավանաբար մոտ 5 մլրդ կտրամադրի ՈՒկրաինային: Հայաստանին վարկի տրամադրումը ռուսական ԶԼՄ-ները բացատրում են այն հանգամանքով, որ «մեծ եղբայրը» օգնության ձեռք մեկնեց «փոքր եղբորը», կամ որ Հայաստանը եթե ոչ հիմա, ապա մոտակա ապագայում կարող է համալրել այն երկրների ցանկը, որոնք կմտնեն ռուբլու գոտի: Իսկ դրա համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Մասնավորապես, Ռուսաստանը մտադիր է ԱՊՀ անդամ երկրներին մատակարարվող գազի դիմաց վճարումները ստանալ իր ազգային արժույթով (Հայաստանի պարագայում խոսքը 200-300 մլն դոլարի մասին է): Այսինքն, վճարվող դոլարային գումարի փոխարկումը ռուբլով բավականին կմեծացնի այդ արժույթի պահանջարկը «ՀայՌուսգազարդի» կողմից, որն էլ կգնի շուկայում եղած ռուբլու մեծ մասը: Սակայն երկրորդ խնդիրն այն է, որ պետք է ապահովել նաև ոչ միայն պետական, այլև մասնավոր խողովակներով ռուբլու զգալի քանակի ներթափանցում հայկական արժութային շուկա, որտեղ Ռուսաստանին կարող են օգնել մեր այն հայրենակիցները, որոնք բնակվում են Ռուսաստանում և պարբերաբար գումարներ են ուղարկում Հայաստան: Բավական է միայն դոլարային փոխանցումները փոխարինել ռուբլով, որը, կարծում ենք, Ռուսաստանի կառավարության համար դժվարություն չի լինի, և հարցը լուծված է։ Ընդամենը հարկ կլինի որոշում ընդունել, որ այսուհետ Ռուսաստանից ԱՊՀ երկրներ փոխանցումները պետք է իրականացվեն միայն ռուբլով: Իսկ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանից Հայաստան արժութային փոխանցումները կազմում են ընդհանուրի 80 տոկոսը, և հայաստանցիների 35-40 տոկոսն օգտվում է դրանցից, ապա մի քանի տարում Հայաստանում ռուբլու այնպիսի զանգված կառաջանա, որ ազգային դրամից հրաժարվելն ու ռուբլու գոտի մուտքը շատ սահուն կլինեն: Այնպես որ, այնքան էլ անհեռանկարային չեն Ռուսաստանի ձգտումները` սեփական արժույթը ԱՊՀ երկրների տարածքում շրջանառելու առնչությամբ։ Պարզապես ժամանակի խնդիր է:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Բավարարվեցին նկատողությամբ                    
«Պաշտոնյային ոչ վայել պահվածքի» համար ՀՀ առողջապահության փոխնախարարներին վարչապետի նկատողությունից հետո, նույն գերատեսչության ղեկավար Հարություն Քուշկյանից հետաքրքրվեցինք, թե անձամբ ինքն ի՞նչ պատժամիջոցներ կկիրառեր նրանց նկատմամբ: «Նույնը, ինչ վարչապետը` խիստ նկատողություն»,- ընդգծեց նախարարը: Իսկ այն դիտարկմանը, թե արդյո՞ք աշխատանքից հեռացնելն ավելի ճիշտ լուծում չէր լինի, Քուշկյանը պատասխանեց. «Ոչ, բավարարվեցինք խիստ նկատողությամբ»: Թեև նախարարը համոզված է, որ նման պահվածքի համար կարելի է նաև պաշտոնյային աշխատանքից հեռացնել:
Ռ. Խ.

Ամրագոտիները ձգելու ժամանակը                 
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության վերջին ստուգումները բազմաթիվ խախտումներ են արձանագրել ոչ պետական բուհերում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մասնավոր բուհերը պետք է ձգեն ամրագոտիները, քանի որ նրանց նկատմամբ կիրառվելու է խստացման ծրագիր։ Շատ բուհեր, որոնք իրենց կրթական մակարդակով չեն համապատասխանում որոշակի չափանիշների, հնարավոր է` առաջիկայում դադարեցնեն գործունեությունը, իսկ ուսանողները վերաբաշխվեն տարբեր բուհերի վրա։ Սև ցուցակում հայտնված բուհերի շրջանավարտների առջև որոշակի սահմանափակումներ կդրվեն քաղծառայության մասին օրենքով, պետական համակարգում աշխատելու առումով ևս նրանք դժվարություններ կունենան։ Մասնավորում, ինչպես հայտնի է, սեփականատերն է որոշում` ինչ մասնագետի ընդունել աշխատանքի։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ռազմավարական դաշնակցի հերթական «նվերը»               
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է Իրանից Ադրբեջան երկաթուղու նոր ճյուղ կառուցել Աստարա-Ռեշտ-Ղազվին ուղղությամբ։ Այս մասին օրերս Թավրիզում հայտարարել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Վ. ՅԱԿՈՒՆԻՆԸ. «Մենք այս նախագիծը գնահատում ենք իբրև Ռուսաստանի ու Իրանի միջև երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության սկիզբ երկաթուղային հաղորդակցության ոլորտում։ Հուսով ենք, որ արդեն այս տարի կսկսենք Ղազվին-Ռեշտ-Աստարա նախագծի իրականացումը»։ Այս նախագիծը «Հյուսիս-Հարավ» առանցքի շրջանակներում է իրագործվում, ինչը շատ կարևորում է Մոսկվան` Ադրբեջանի միջոցով Իրանի հետ երկաթուղային կապ ունենալու համար։ Ռուսական վերլուծաբանները սա գնահատում են իբրև «մեսիջ» Ադրբեջանին, որի դիրքորոշումից շատ բան է կախված Ռուսաստանի նախաձեռնած «գազային պատերազմի» ելքի առումով։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի շահերը հերթական անգամ անտեսվում են, հայկական երկաթուղին կառավարող ռուսական ընկերությունը ոչինչ չի անում Հայաստան-Իրան երկաթուղի կառուցելու համար, բայց այդպիսի շռայլ նվեր անում է Ադրբեջանին։


էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15


Armenian sport news

 "Iravunk de facto" biweekly newspaper
Լրահոս
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ
...ՈՐ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ՉՄՆԱՆ
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԵՐԸ ԱՄՆ-Ի ՆԱՎԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ԵՐԲ ՄԵՆՔ ՓՈՐՁԵՑԻՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ, ԳՏԱՆՔ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ»
«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԱՍԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ»
ԱՇՆԱՆԸ ԿԽԱՂԱՐԿՎԻ «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՕՎԵՐԹԱՅՄԸ
ԴԻՊՈՒԿԱՀԱՐԻ ԿՐԱԿՈՑՆ ԻՐԵՆ ՍՊԱՍԵԼ ՉԻ ՏԱ
«ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ՎԵՐՋ, ԵՎ ԱՅԴ ՎԵՐՋԸ ՆԱԵՎ ՆՈՐ ՍԿԻԶԲ Է»
ԵԹԵ... ՈՒՐԵՄՆ «ՄԵՌԱՎ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ, ՄԵՌԱՎ ՀԱԿ-Ը»
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾՈՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ ՍՊԱՍԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Արխիվ




 Ներդաշնակ կյանք

Copyright © 2008
"Iravunk de facto" biweekly newspaper. All rights reserved.
Design and programing
Sergey Balayants

"Iravunk de facto" biweekly
site administrator
Hamlet Hakobyan
Գլխավոր էջ | Քաղաքական | Տնտեսական | Սոցիալական | Մշակույթ | Լուրեր | Հետադարձ կապ