|
Սոցիալական |
|
|
30/07/2010 |
...ՈՐ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ՉՄՆԱՆ |
ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ երեկ «Իրատես de facto» ակումբում ամփոփեց հունիսի 1-ին մեկնարկած և շուրջ երկու ամիս տևած քննական մարաթոնի արդյունքները։ ԳԹԿ տնօրենը քննությունների ընթացքը համարեց նորմալ և հաջողված, հավելելով, որ թեև միասնական քննությունների հիմնական փուլում որոշակի դժվարություններ գրանցվեցին հայոց լեզվի, հայ գրականության թեստերի հետ կապված, սակայն քննությունների երկրորդ փուլն անցավ առանց ցնցումների, իսկ բանավոր քննությունները, իրոք, հաջողված էին։ Բուհ ընդունվածների անունները կփակցվեն մինչև օգոստոսի 5-ը։ Ընդ որում, հանրապետական ընդունող հանձնաժողովն աշխատում է այնպես անել, որ հնարավորինս քիչ դիմորդներ դուրս մնան մրցույթից. «Մենք, ըստ էության, լուծում ենք օպտիմալ տարբերակի խնդիր, որպեսզի եղած տեղերը լրիվ իրացվեն, և թափուր տեղեր չմնան։ Բնական է՝ սա շատ բարդ խնդիր է։ Որոշ մասնագիտություններ գուցե և չհաջողվի ամբողջությամբ կոմպլեկտավորել»։ ԳԹԿ տնօրենը նշեց նաև, որ թափուր տեղեր առաջանալու դեպքում լրացուցիչ մրցույթի խնդիր առայժմ դրված չէ, մանավանդ որ առջևում հեռակա ուսուցման մրցույթն է։ Այս պահին, բնականաբար, բոլորին հետաքրքրում են անցողիկ միավորները։ Դրանց շեմը համարյա բոլոր մասնագիտությունների գծով ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի։ Մասնավորապես, տնտեսագիտական բլոկում մոտ 5 միավորի տեղաշարժ կլինի։ Օրինակ, բժշկական համալսարանում անցողիկ վերին շեմը կտատանվի 36-37-ի սահմաններում։ Գուրգեն Խաչատրյանը միասնական քննությունների ցածր արդյունքները պայմանավորեց հանրապետության ընդհանուր կրթական մակարդակով։ Անցած ուսումնական տարում ԳԹԿ-ն ընթացիկ գնահատումներ է անցկացրել Երևանում և հանրապետության երկու մարզերում։ Այս տարի նախատեսվում է այդ աշխատանքներն ավելի մեծ ծավալներով կատարել, որպեսզի մշտապես պարզ լինի դպրոցում տիրող վիճակը։ Ընթացիկ ստուգումները ցույց են տվել, որ դպրոցներում կրթական մակարդակն այնքան էլ բարվոք չէ։ ԳԹԿ-ի ստացած արդյունքներն ու աշակերտների կիսամյակային միջին գնահատականները մոտ երկու անգամ տարբերվում են։ Հետաքրքիրն այն է, որ հանրությունն այս հանգամանքը գրեթե անտեսում է, իսկ երբ ընդունելության քննությունների ընթացքում դիմորդների առաջադիմության հետ կապված կոնկրետ փաստեր են ի հայտ գալիս, արձագանքը բավականին սուր է լինում։ Ինչ վերաբերում է թեստերի բարդությանը, ակումբի հյուրը նշեց, որ երբեք մասնագետներին հանձնարարություն չի տրվել կազմելու շատ բարդ թեստեր. «Հակառակը, միշտ խնդիր է դրվել անել այնպես, որ միջին բալը տատանվի 12-13 միավորների սահմանում։ Բայց ստացվեց այն, ինչ ունենք։ Եվ դա խոսում է այն մասին, որ կրթական մակարդակը բարձր չէ։ Հուսանք, որ ավագ դպրոցների ներդրումը կշտկի վիճակը»։ Նա նաև հույս հայտնեց, որ ավագ դպրոցները կնպաստեն կրկնուսույցների դերի նվազմանն ու այդ համակարգի վերացմանը։ Ավագ դպրոցը, ըստ բանախոսի, իրեն լիովին կարդարացնի, եթե այնտեղ դասավանդեն բարձրակարգ մանկավարժներ և ստանան բարձր վարձատրություն։ Անդրադառնալով մարզերի կտրվածքով միջին միավորներին՝ Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ դրանք գրեթե հավասար են։ Օրինակ, «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի ընդհանուր միջին միավորը 11,4 է, Արագածոտնում՝ 10,7, Արարատում՝ 11,4, Արմավիրում՝ 11,2, Գեղարքունիքում՝ 11, Կոտայքում՝ 11,6, Երևանում՝ 12,1, Շիրակում՝ 11,3։ «Մաթեմատիկա» առարկայի ընդհանուր միջին միավորը 10 է, Արագածոտնում՝ 8,7, Արարատում՝ 9,4, Արմավիրում՝ 9,2, Գեղարքունիքում՝ 9,5, Երևանում՝ 11։ Տվյալների վերլուծությունից պարզվում է, որ, ընդհանուր առմամբ, բոլոր առարկաներից ամենաբարձր միջին միավոր ունեցել են Երևանի շրջանավարտները: Սակայն կան մարզեր, որոնց շրջանավարտների միջին ցուցանիշներն ավելի բարձր են Երևանի միջին արդյունքներից (օրինակ, աշխարհագրությունից` Սյունիքի և Կոտայքի մարզերի միջին միավորները): ԳԹԿ տնօրենն անդրադարձավ նաև թեստային համակարգին. «Թեստային համակարգն ունի իր առավելություններն ու թերությունները։ Սակայն թեստը հզոր զենք է և շատ մեծ ճշտությամբ ցույց է տալիս դիմորդի իրական գիտելիքները։ Ի վերջո, թեստային 80 հարցերը մեծ ծավալ են ընդգրկում և բացահայտում են դիմորդի ամբողջական գիտելիքները։ Այլ հարց է, որ այն ունի նաև զարգացման հեռանկարներ»։ Մյուս տարի դպրոցներն ավարտական դասարաններ չեն ունենալու, ինչի հետևանքով բուհեր դիմողների թիվը կտրուկ կնվազի։ Բնականաբար, ընդունվելն ավելի կհեշտանա, սակայն թեստերը բովանդակային առումով շատ չեն տարբերվի։ Որպես կանոն, թեստերը պետք է լինեն այնպիսին, որ դրանց արդյունքները մի քանի տարի էապես չտարբերվեն։ Անդրադառնալով թեստերի արտահոսքի թեմային՝ Գուրգեն Խաչատրյանը հատուկ ընդգծեց, որ խոսքն իններորդ դասարանի թեստերի մասին է։ Առաջին անգամ այդ մասին ԳԹԿ-ն տեղեկացել է մայիսի վերջին և, իր հերթին, փաստի մասին տեղեկացրել ԱԱԾ աշխատակիցներին։ Հարցով այժմ զբաղվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը։ Առայժմ արդյունքներ չկան։ Ըստ ԳԹԿ տնօրենի, բավականին բարդ է որոշել, թե արտահոսքը որ օղակից է եղել։ Ընդ որում, նման դեպք եղել է նաև նախորդ տարիներին։ Ամփոփելով ասուլիսը՝ ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ, այս պահի դրությամբ, մոտ 600 դիմորդ բուհերի ընդունող հանձնաժողովներին չի ներկայացրել ավարտական վկայականները։ Իսկ ատեստատները չներկայացնելու դեպքում նրանք դուրս կմնան մրցույթից և չեն դառնա ուսանող, եթե նույնիսկ քննություններից բարձր միավորներ են հավաքել, ուստի դիմորդներն իրենց ատեստատները բուհերի ընդունող հանձնաժողովներ կարող են ներկայացնել մինչև հուլիսի 30-ը՝ ժամը 16.00։ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
02/07/2010 |
ՀՆՁԱՆԻ ԺՈՂՈՎԸ |
Ըստ «Աշխարհացույցի»` Տուրուբերան նահանգի կենտրոնական գավառն է Տարոնը, որը մոտավորապես համընկնում է Մշո դաշտին։ Ավանդությամբ Տարոն անվանումը կապված է համաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ բնակություն հաստատած Նոյի կրտսեր որդի Տարբանի անվան հետ։ Տարոնը հաճախ կոչվել է նաև Երկիր Մամիկոնյանց կամ Մամիկոնյան տուն։ Ագաթանգեղոսի խոսքերով, ավելի քան չորս միլիոն մարդ (301 թ. քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելուց հետո) մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում և Արածանի գետում։ Տարոն աշխարհի ծնունդ են Մեսրոպ Մաշտոցը, պատմահայր Մովսես Խորենացին, Եղիշեն, Դավիթ Անհաղթը, Մամբրեն, Բյուզանդիայի Վասիլ I կայսրը և, իհարկե, Մամիկոնյանները։ Տարոնը շրջապատված է բարձր լեռներով։ Արևելյան կողմում հառնում են Գրգուռը և Նեմրութը, հյուսիսային երկարությամբ` Բյուրակն (Բինգյոլ) լեռները` Հավատորիկ և Քարքե լեռնագագաթներով, հարավում` Տավրոսի լեռնաշղթան։ Արածանին և Մեղրագետը շենացնում են Տարոն աշխարհը։ Համաձայն ավանդության` Մուշ անվանումը կապված է դաշտի մշուշապատ լինելու հետ։ Ինչպես գրում է Րաֆֆին. «Աստղիկը` Տարոնի դիցուհին, դուրս գալով Աշտիշատի տաճարներից` շրջապատված իր նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան ստորոտներից` Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու և, որպեսզի երիտասարդ դյուցազունները չկարողանային տեսնել իր լոգարանը, նա դաշտը պատում էր մառախլապատ մշուշով»։ Ահա այս դաշտը եզերող Կորդուք և Ծիրնկատար լեռների փեշերին ընկած Մուշ քաղաքի մոտակա այգիների հնձաններում 1915 թ. մայիս-հունիս ամիսներին տեղի էին ունենում խորհրդակցական ժողովներ` Տարոնի և Սասունի բնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու ուղղությամբ։ Ժողովներին մասնակցում էին Ռուբեն Տեր-Մինասյանը` Հայ հեղափոխական դաշնակցության լիազոր ներկայացուցիչ, Վահան Փափազյանը` (Կոմս) Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ` Օսմանյան Թուրքիայի մեջլիսի երեսփոխան (ընտրված Վանի վիլայեթից), Հաջի Հակոբ Կոտոյանը` Անդրանիկի և Գևորգ Չավուշի զինակից ընկերը Մուշ քաղաքից, տարոնցի և սասունցի մի շարք ճանաչված հայդուկներ` Գոմսի Կորյունը, Կառնեցի Մկրտիչը, Սեմալցի Մանուկը և այլք։ Հաջի Հակոբ Կոտոյանը և մի քանի հայդուկներ ներկայացնում են հետևյալ տեսակետը. ա) քանի որ թուրքական բանակի հիմնական ուժերը կաշկանդված են ռուսական ճակատում, հետևաբար, դաշտի գյուղերում և Մուշ քաղաքում քիչ զինվորներ կան, ուստի անհրաժեշտ է Սասունում կուտակված զենքի և զինամթերքի որոշ մասը մշեցի տղաների հետ դաշտ փոխադրել, նախապես որոշված գիշերը հարձակվել դաշտի գյուղերում տեղակայված փոքրաթիվ թուրք ասկյարների և չեչենների վրա, դրանց զինաթափել, ապա միանալ Մուշ քաղաքում նախապես տեղակայված զինված երիտասարդությանը, զինաթափել քաղաքի փոքրաթիվ կայազորը, առգրավված զենքով զինել, կազմավորել նոր ջոկատներ և Մուշ քաղաքի ու դաշտի բնակչության, Սասունի զինված ուժերի և ժողովրդի հետ միասին կռվելով անցնել ռուսական ճակատը, որը Մուշից հեռու էր (8-10 ժամվա ճանապարհ)։ Նշվում էին անցնելիք ճանապարհները և ժամանակացույցը։ բ) Դաշտի ամբողջ ժողովրդին իր սննդով հավաքել Սասնա լեռների լանջերի հայ գյուղերում և սասունցի ու դաշտերի քաջերի հետ հարձակվել թշնամու վրա, արդյունքը կլինի փրկվելը կամ պատվով նահատակվելը։ Ռուբեն Տեր-Մինասյանի, Վահան Փափազյանի և այլոց տեսակետը հետևյալն էր. քանի որ Սասնա բոլոր գյուղերում բավականին պարեն և ռազմամթերք ենք կուտակել վերջին մի քանի ամիսների ընթացքում, ապա պետք է հնարավորինս արագ դաշտի և քաղաքի մնացյալ զենքն ու զինամթերքը մարտական տղաների հետ բարձրացնել Սասուն, կառուցել պաշտպանական ամրություններ և անցնել խուլ պաշտպանության` սպասելով ռուսական զորքին։ Բոլորս էլ գիտեինք, որ թուրքերը միշտ սկզբում հարձակվել են Սասունի վրա, իսկ հետո` քաղաքի և դաշտի գյուղերի վրա։ Պաշտպանելով Սասունը` մենք կապահովենք նաև դաշտեցիների անվտանգությունը։ Մինչև առաջարկությունները քվեարկության դնելը, Հաջին ձայն է խնդրում. «Ախր այս պահին մարդ պետք է կույր կամ համր լինի, որ չտեսնի կամ չլսի, որ հեռավոր և մոտակա շրջանների ամբողջ հայությունը սրի է քաշված, մեզ ամենամոտ Բիթլիս քաղաքի և շրջակայքի ամբողջ հայությունը կոտորված է, չնայած այդ ժողովուրդը երբեք հեղափոխական չի եղել, ինչպես Տարոնի և Սասնա ժողովուրդը։ Դաշտը և քաղաքն անպաշտպան գտնելով` բարբարոս թուրքն անխնա կկոտորի բոլորին, Դուք անպաշտպան եք թողնում քաղաքի և դաշտի շուրջ 90 հազար բնակչությանը և փորձում փրկել Սասունում հավաքված 30 հազարի կյանքը, թեև նրանցից յուրաքանչյուրի կյանքն իմ կյանքից թանկ եմ համարում։ Ես կարծում եմ, որ ձեզնից մի քանիսը ոչ թե ազգի կամ Սասունի ժողովրդի շահն են գերադասում, այլ իրենց անձնական շահը։ Դաշտը և քաղաքը սրի քաշելուց հետո, սասունցիների արյան գնով կջանաք ձեր մի քանիսի կյանքը փրկել։ Որքան կարողացան կռվել այդ քարաժայռերի մեջ` լավ, դուք այդտեղ եք, իսկ չդիմանալու դեպքում, ձեզ հետ մի քանի զինյալ վերցնելով և սասունցիներին անտեր թողնելով, կփորձեք անցնել արտասահման»։ Այս խոսքերից հետո երկու առաջարկություններն էլ դրվում են քվեարկության։ Ձայների մեծամասնությամբ անցնում է Ռուբեն Տեր-Մինասյանի առաջարկությունը։ 1915 թ. հունիսի 28-ին` Վարդավառի օրը (թուրքերը ծանոթ էին տվյալ ռազմավարությանը և կարծես թե իրենց ցանկությամբ էր դա արվում) բազմահազար թուրք խուժանը և քուրդ անկանոն հեծելազորը, Մուսա, Խազմ և Նհո Բեգերի առաջնորդությամբ, հարձակվեցին լիովին անպաշտպան մնացած դաշտի գյուղերի վրա և գազանաբար` գոմերում և մարագներում այրեցին, սրախողխող արեցին տասնյակ հազարավոր կանանց, ծերերի և երեխաների, չնայած բազմաթիվ գյուղերի համառ դիմադրությանը։ Հաջորդ օրը` հունիսի 29-ին (Մեռելոցի օրը), թուրքական կանոնավոր բանակը մի քանի թնդանոթներով (որոնց նշանառուն գերմանացի էր) հարձակվեց Մուշ քաղաքի հայ պաշտպանների դիրքերի վրա։ Հաջի Հակոբ Կոտոյանն իր փոքրաթիվ ուժերով 5 օր շարունակ քաջաբար դիմադրեց թուրք խուժանին` նրանց պատճառելով զգալի կորուստներ, ինչպես վկայում է Մ. Բդեյանը` թուրքերը տվեցին հարյուրավոր զոհեր։ Սակայն մարտն անհավասար էր։ Հուլիսի 3-ին Հաջին դիմում է իր քաջերին. «Իմ սիրելիներ, ես շատ լավ գիտեմ և կատարելապես վստահ եմ, որ դուք բոլորդ էլ քաջ և անձնազոհ կռվողներ եք, մեր դիրքերը հարմար են և կարող ենք երկար ժամանակ դիմադրել անարգ թշնամու թնդանոթների կրակին և զորքի հարձակումներին, սակայն մեր ունեցած փամփուշտը սպառվելու վրա է, յուրաքանչյուրիս մոտ կա 15-20 փամփուշտ, որը կբավարարի մի քանի ժամ դիմանալու։ Սասունից սպասվելիք օգնությունը չկա, նրանք մեզ հուսախաբ արին, ստեղծված իրավիճակից ելքը կռվելով հեռանալն է, մի խումբը Մեղրագետով դեպի ներքև Տաշոյենց կամրջով դեպի Քան լեռը, մյուսը գետակով դեպի վեր` Կրե կամրջով դեպի Սասուն»։ «Իսկ դո՞ւք»,- գոչեցին մարտիկները։ «Ես տարիքով եմ (նա ընդամենը 47 տարեկան էր), ես կմնամ մինչև վերջ»։ Նա գիտակցաբար մնաց, կռվեց մինչև վերջ, մինչև անմահանալը։ Հունիսի 28-ի և հետագա օրերի Մշո դաշտի համատարած կոտորածներից փրկված հիմնականում սարատակի ստորոտի բնակչության մեծ մասը, կանայք և երեխաներ պատսպարվել էին Ալվառինչ, Խասգյուղ, Բերդակ և Հավատորիկ գյուղերի անտառներում և Քանում։ Ականատեսների վկայությամբ` այդ փախստականների թիվը հասնում էր շուրջ 25-30 հազարի, որոնք իրենց հետ բերել էին նաև իրենց անասունների մեծ մասը, մասնավորապես ոչխարների հոտը։ Հուլիսի 1-ին Սասունից Հավատորիկ է վերադառնում Վ. Փափազյանը մի քանի զինյալ դաշտեցիների հետ, մի քանի օր մնալով` խմբով անցնում է Քան` փախստականների ապահովության հարցերը լուծելու։ Նա կարգադրում է, որ այդ հոծ բազմությունն անցնի Սասուն` թուրքերի և քրդերի հավանական հարձակումներից խուսափելու համար։ Կազմվում է երկու հարյուրյակ (հիմնականում զառամյալ մարդկանցից), և մի քանի զինյալների հետ ճանապարհվում դեպի Հավատորիկ, ապա Սասուն, սակայն այդ խմբերը Սասուն չհասած գազանաբար ոչնչացվում են թուրքերի և քրդերի կողմից։ Այդ դեպքից հետո Փափազյանը հանձնարարում է փախստականներին մնալ իրենց տեղերում և դիմակայել թշնամուն։ Հավատորիկ և Մառնիկ գյուղերի բնակիչները դեռևս ապրում էին իրենց բնականոն կյանքով։ Հավատորիկ գյուղի բնակիչները, լինելով հավատացյալ բողոքականներ, հույս ունեին, որ թուրքական բանակի գերմանացիները թույլ չեն տա թուրքերին իրենց կոտորելու, սակայն նրանք չարաչար սխալվեցին։ Ահա այս վճռորոշ պահին Մուշ քաղաքի քաջամարտիկ Արամ Հակոբյանը` Պստիկ մականվամբ (1904 թ. Սասունի կռիվների մի քանի Արամների մեջ նա տարիքով ամենափոքրն էր, դրա համար նրան կոչեցին Պստիկ), հանդուգն առաջարկություն է անում։ Նա Փափազյանին ասում է, որ առկա 500 զինյալները բավարար չեն այս հոծ բազմության անվտանգությունը պահպանելու, ուստի անհրաժեշտ է այս բազմությունը բաժանել խմբերի, յուրաքանչյուր խմբին ամրացնել 40-50 զինյալ և հիմնականում գիշերը տարբեր ձորերով և կիրճերով ճանապարհվել դեպի հյուսիս, Քոսուբի լեռների կիրճերը, մինչև ռուսական զորքին հասնելը։ Ծրագիրը, իրոք, հանդուգն էր, անկասկած, այդ խմբերը հարյուրավոր զոհեր կտային, սակայն շատ շատերը կփրկվեին մահվան ճիրաններից։ Ի՞նչ է պատասխանում Վ. Փափազյանը. «Դուք գիտեք, որ երեք անգամ սուրհանդակ եմ ուղարկել ռուսական բանակ, սակայն նրանցից ոչ մեկը չի վերադարձել, այսինքն, նրանք բոլորն էլ նահատակվել են, այսինքն` այս հոծ բազմության գնալը լի է անկանխատեսելի հետևանքներով, այսպիսի հանդուգն գործ ձեռնարկելը վեր է իմ ուժերից։ Ցանկացողները կարող են գնալ։ Մինչև Ռուբենն իր խմբով այստեղ չգա, ես այստեղից չեմ մեկնի»։ Այս պատասխանը լսելով` Պստիկ Արամն իրեն համակիր 80 զինված և անզեն մարդկանցով առանց զոհերի անցնում է ռուսական ճակատը։ Հուլիսի 11-ին դաշտը լցվում է մեծ բազմությամբ, մարդիկ իրենց ընտանիքներով, սայլերով, անասուններով Չխուրի և Քոսուրի լեռների կողմից գալով Մուշ քաղաքով և դաշտով` գնում էին դեպի Գենչ և Ճապաբյուր։ Բոլորը հասկանում են, որ թուրքերն ու քրդերը նահանջում են ռուսական զորքի առջև, ուր որ է ռուսական զորքը պետք է երևա, սակայն երկու օր անցնելուց հետո ռուս զորքը չի երևում։ Խմբապետ Արո Շահիկյանը, Հաջի Հակոբի զինակիցը լինելով, դիմում է Փափազյանին` առաջարկելով փախստականների հետ անցնել ռուսական բանակ, սակայն Փափազյանն ընդդիմանում է, թե արդեն չորս օր է, որ պարոն Ավետիսը 10-հոգանոց խմբով ուղարկված է ռուսական բանակ, եթե ռուսական բանակը մոտ լիներ, ապա նա հիմա վերադարձած կլիներ, և երկրորդ` առանց Սասունի ուժերի և Ռուբենի հավանության ես չեմ կարող ստանձնել այդպիսի պատասխանատվություն։ Պետք է որ Սասունի կռվող ուժերը և ժողովուրդը ևս գան այստեղ և բոլորս միասին գնանք ռուսական բանակ։ Ձեր առաջարկության մասին ես տեղյակ կպահեմ Ռուբենին։ Որոշվեց նորից մարդ ուղարկել ռուսական բանակ։ Այս անգամ ճանապարհ է ընկնում Վարդենիս գյուղի վարժապետ Հարությունն իր երկու ընկերներով։ Ժողովուրդը երեք օր սպասում է Հարությունի վերադարձին, սակայն, իզուր, երեք օր անց Մշո դաշտը կրկին լցվում է մարդկանցով, սայլերով, անասուններով և զորքով։ Դա նշանակում էր, որ ռուսական զորքը նահանջել է։ Սասունի հերոսական ինքնապաշտպանությունից և ջարդերից հետո 24 հոգով Ռուբեն Տեր-Մինասյանը, փոքրաթիվ զինված խմբով, Սասունից ճողոպրել էր։ Այստեղ այդ խումբը, համալրվելով Վ. Փափազյանով և մի քանի զինյալներով, սեպտեմբերի 6-ին, այդ բազմահազար փախստականներին անտեր թողնելով` 36-հոգանոց զինված խմբով տալով երեք զոհ, անցնում է ռուսական ճակատը։ Այս հոծ բազմությունն անհավասար կռիվներում, թուրքական ու քրդական անընդմեջ հարձակումների, սովի և հիվանդությունների ճիրաններում շարունակեց գոյատևել մինչև սեպտեմբերի վերջը, և համարյա բոլորը Քանում կնքեցին իրենց մահկանացուն` Ռ. Տեր-Մինասյանի և Վ. Փափազյանի կամակորության, վախկոտության և անպատասխանատվության պատճառով։ Երիցս իրավացի էր Մշո Ալիջան գյուղի գյուղապետ հերոս Հարություն Սարուխանյանը, որը, դիմելով Փափազյանին, ասում էր. -Պարոն, մենք` դաշտի և քաղաքի հայերս, տևական ժամանակ մեր կյանքը, հարստությունը և պատիվը ի սպաս ենք դրել ազգի և ձեր նմանների ազատության համար։ Մենք անցյալում շատ պատասխանատու գործիչներ ենք տեսել, բայց քեզ նման տմարդի և ստոր արարածի բնավ չէինք հանդիպել։ Մենք կփափագենք, որ դուք ողջ մնաք և ազգի առջև անարգանքի սյունին գամվեք։ Ռուբեն Տեր-Մինասյանը, Իգդիր հասնելուն պես, սեղան է պատրաստել տալիս իր և իր ընկերների ողջ մնալը նշելու համար։ Ահա թե ինչ է ասում Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից մեկը` ազնվագույն և իսկական հայրենասեր Ռոստոմը` Ստեփան Զորյանը. -Ես գավաթ չեմ կարող բարձրացնել և դասալիք հեղափոխականի կենաց խմել, ես նրա կենացը կխմեի, եթե նա իր ժողովրդի հետ լիներ, Ռուբե՛ն, դու ինչո՞ւ եկար, ո՞ւր է քո պաշտպանությանը հանձնված Տարոնի և Սասունի ժողովուրդը։ Ռուբեն, չկրցա՞ր հոն նահատակվել։ Ահա այսպիսի ողբերգական վախճան ունեցավ Տարոնի շուրջ 150 գյուղերի և Մուշ քաղաքի շուրջ 90 հազար բնակչությունը։ Մեր տվյալներով` Տարոն աշխարհից փրկվեց 5-6 հազար մարդ, որոնց մի մասը գաղթեց ԱՄՆ, Հունաստան, Ֆրանսիա և այլուր։ Արևելյան Հայաստան գաղթածները հիմնականում բնակություն հաստատեցին Ախուրյանի, Թալինի, Աշտարակի, Անիի, Ապարանի շրջանների գյուղերում, ինչպես նաև Երևանում և Գյումրիում։ Գուրգեն ՂԱԶԱՐՅԱՆ «Տարոն-Տուրուբերան հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության վարչության նախագահ
|
|
29/06/2010 |
ԹՆԴԱՆՈԹԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻ ԵՐԱՄԻ ՎՐԱ |
Հայկական եթերը հեռուստաէկրանը վաղուց սիրելի զբաղմունքի է վերածել արևմտյան և ռուսական էկրաններում շփոթ և ավերածություններ առաջացրած տարաբնույթ և «բազմաբույր» հեռուստանախագծերի վերարտադրումը: Եվ, պետք է խոստովանել, անվրեպ հաջողակ են այս ոլորտում: Ինչպես որ գերուշիմ-գերնպատակային են, թող ներվի որակումը, բացահայտ բանագողության դիմելիս: Հաղորդաշարը (կամ նախագիծը) բարեհաջող փորձարկում անցա՞վ ռուսական ալիքներով, ապահովե՞ց պահանջվող վարկանիշը, ուրեմն` առա՜ջ, «բռնագրավում ենք» ու հրամցնում հայ հեռուստադիտողին, մշակում նրա քիմքը, միաժամանակ մաշկում արժանապատվության վերջին «զրահները»։ Գարնանը հայկական հեռուստաէկրանի ընդհանրական խառնիճաղանջ վիճակից հոգեհան եղած հասարակական աջթևայինները, քաղաքական ակտիվն ու պաշտոնական ատյանները քշտեցին թևերն ու անցան գրոհի: Հանկարծ «հայտնաբերեցին», որ հեռուստաէկրանը բռնագրաված սերիալներում գերիշխող դաժանության, բռնության, ամբարտավանության հետևողական քարոզը վտանգում է աճող սերնդի բնականոն աճը, էկրանից հորդում է արյան վրեժի, անառողջ կրքերի, սեռական կռապաշտության քարոզը, և այս ամենի ազդեցության ներքո կրթված սերունդը կրտվում է հոգեպես, նաև մարմնապես: Մի խոսքով, հուզախռով աղմկեցին բանախոս-փրկիչները, «անարգանքի սյունին գամեցին» հեռուստաընկերություններն ու վերջիններիս սեփականատերերին և, ինչ-ինչ մասնավոր փոփոխությունների հասնելով ոլորտը կարգավորող օրենքում, անսքող բավարարվածությամբ լռեցին։ Եվ... «բարեկրթվեց» հայկական սերիալային բոմժապատումը։ Հարավամերիկյան սերիալային մշակույթի հակառակորդն օվկիանոսից անդին կա՛ ու կարո՛ղ է տեսանելի ապագայում ծնկի բերել ձե՛զ, բոլորի՛դ` կանադական հյուսիսից մինչև Պատագոնիա, Բուրկինա Ֆասոյից էլ` Նոր Գվինեա: Եվ սա միանգամայն օրինաչափ է, զի ժողովրդավարական-հետնախորշային մշակույթ կերտելիս մենք անվերապահորեն առաջատար ենք Երկիր մոլորակում, ինչ ասես, որ արժե «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք» հաղորդաշար-ռմբահարումը: ՈՒ կարևոր չէ, թե ի՞նչը կամ ո՞վ է սույն պարագայում «մեծ հայկականում» չաղ` մսացու ե՞զը (կովը, հորթը, խոզը, հնդկահավը), քավորկի՞նը, թե՞ հաղորդաշարի հեղինակի դարակազմիկ երևակայությունը: Հավանաբար, վերջինս, քանզի սույն «գրպանահատային խրախճանքի» տիրուհին «ազգափրկիչ-պետականաշեն» հույժ նշանակալից ծրագիր է իրականացնում` Երկիր-Արմենիայի բոլոր գյուղաբնակ, գործազուրկ, լյումպեն-պրոլետարիական խավերին հեռուստասերիալի հերոսներ դարձնելով: Սակայն, ըստ որոշ տիտղոսակիր տեսաբանների, սա հայկական իրականության հայելադարձումն է։ Այս ամենը հասարակական և ազգային-պետական ցավքաշների մտապատկերում է ամրագրված, շուկայական ազատականություն է, ազատ բարքեր ու կրքեր: Եվ ահա սկսվում է նողկանքի հետևողական (և ցավալիորեն հեռանկարային) քարոզարշավը, հիգիենիկ փաթեթն է էկրանին իր բոլոր կենսաբանական գրգռիչ մանրամասներով: Ի դեպ, Լոնդոնում` նախորդ դարի յոթանասունականներին, հանրային երթեր կազմակերպեցին պահպանողական անգլուհիները` պահանջելով հեռուստաէկրանն ազատել սույն տեսականու հանրահռչակումից: Մեր իրականությունում, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում է՛լ ավելի կաթոլիկ ենք, քան Վատիկանի վսեմաշուք տիրակալը: Բարոյականությունը ոտքի կոխան դարձնելը պետական իշխանության (այս պարագայում` խորհրդարանի) նախընտրած զբաղմունքն է: Անվերջ-անսկիզբ ինչ-որ «բարձր ու վերասլաց հովանիներ», ինչ-որ հարսանքախնջույքային քավորաբույր կենացներ` ամրագրված օրենքով, գովազդային խառնաշփոթ, վարկանիշային մակընթացություններ` օրնիբուն: Դարձյալ` օրենքի սահմաններում: «Աշխարհը պտտվո՜ւմ է, քամակը դեմ է անում...»։ Ի՜նչ միամիտ էին անկրկնելի Մաթևոսյանի հրաշալի հերոսները, ի՜նչ անաղարտ էին մեր սարերն ու մենք: ՈՒ ի՞նչ իմանային, որ աշխարհը պտտվելու-պտտվելու է, անկախ ու ազատ Հայաստանը դեմ է առնելու պատնեշված բարոյազրկությանը: Շուկա է, ազատականություն, բարքերի ու կրքերի հույժ արդիական խառնակություն: Անընդգրկելի են հայկական նորանկախ իրականության ծավալներն ու հարթությունները, որ հրեշավոր սպունգի նման ներծծելով արևմտյան բազմաբույր թափոնը, մարսում են ու «քամակը դեմ անում»` նորանոր զոհեր պահանջելով։ Երկու հանգամանք կարող է հայոց խորհրդարանին «պարտադրել» հետևողական անտերության մատնելու վերոնշյալը. կա արևմտյան հեռուներից իջած որոշակի պարտադրանք և... սեփական անտարբերությունը: Հավանաբար` երկրորդը: Ամենայն հավանականությամբ, ներքաղաքական, թող ներվի ասել, գզվռտոցից զատ, մեր խորհրդարանն այլ նշանակալից զբաղմունք այսօր չունի: ՈՒ եթե ունի, ապա, «քաղաքակրթման հույժ նշանակալից» ելևէջներով, մերթ դպրոցականներն են հյուրընկալվում օրենսդիրում, մերթ «անկաշառ ու անկախ» պատգամախոսն է օլիգարխին վայել հարսանիք կազմակերպում, մերթ էլ պարզվում է, որ պատգամավորների բարոյականն է վիրավորվել խիստ, մարդիկ ժամանակավորապես տեղափոխվել են կառավարության շենք, և խաթարվել է նրանց բնականոն աշխատանքը` վասն հայրենյաց: Մի խոսքով, հայոց խորհրդարանը «լրջագույն քայլեր» է ձեռնարկում` քաղաքակիրթ աշխարհին համահունչ քայլելու: Օրեր անց կսկսվի հայկական հեռուստաեթերի թվայնացումը, և բարոյականն ու բանականն այսուհետ ոտքի կոխան կդառնան տեխնիկապես վերազինված-արդիականացած: Իսկ պատգամավորական գզրոցներում փառակալում են թանգարանների, գրադարանների և ստեղծագործական միությունների մասին օրենքները: Եվ` որպես վերջաբան: Հրաշալի մի առաջարկ` «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» կազմակերպել խորհրդարանում: Պատգամավորների մասնակցությամբ: Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
29/06/2010 |
«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ՈՐ ՀԱՂԹԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» |
«Գրական միջավայրում որպես կանոն անուններն են մրցանակ ստանում, այս անգամ ամեն ինչ արեցինք, որ հաղթի գրականությունը»։ Արդեն երրորդ տարին է Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության (նախագահ` Արա Աբրահամյան) նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Հայաստանի գրողների միությունը և սփյուռքի նախարարությունն անցկացնում են «Հայը 21-րդ դարասկզբին» խորագրով գրական մրցանակաբաշխությունը` արձակի ժանրում: Այս տարի ներկայացվել էր 20 աշխատանք` վեպ, վիպակ, պատմվածաշար անվանակարգերում: Մրցանակը շնորհվում է անտիպ գործերին, հաղթող ստեղծագործությունները տպագրվում են կազմակերպիչների կողմից: Մրցանակային ֆոնդը ՌՀՄ-ն սահմանել է 16000 դոլարին համարժեք դրամ: Մրցանակները կհանձնվեն Ծաղկաձորում հուլիսի 1-ին նախատեսված գրողների համահայկական համաժողովում: Մինչ այդ գրողների միությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացվեցին մրցանակաբաշխության արդյունքները: «Նման մրցույթները հաստատում են, որ, ի վերջո, Հայաստանում կարող է և պետք է առաջնային դառնա հոգևոր, մշակութային իշխանությունը, ինչով էլ դարեր ի վեր ներկայանում ենք աշխարհին, մեր ժողովրդի կերպարը ճանաչելի դարձնում ըստ արժանվույն»,- բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և ընդգծեց, որ ընտրությունն անցել է անաչառ, բացառիկ ակտիվության պայմաններում։ Եղել է ոչ թե անունների (մանավանդ որ ծածկանուններով են ներկայացված հեղինակները), այլ արժեքների ընտրություն: Երբ ծրարները բացվեցին, պարզվեց, որ մրցանակակիրների հիմնական մասը մեր լավագույն արձակագիրներն են: Կասկած չկա, որ կլինեն խոսակցություններ, քանի որ մյուսները մտածում են, որ իրենք էլ են արժեքավոր գործեր ստեղծել: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանն ընդգծեց, որ տարեցտարի ընդլայնվել են մրցանակաբաշխության շրջանակները, մրցույթներ են անցկացվել գիտության, կերպարվեստի, երաժշտության և այլ բնագավառներում, իսկ տարբեր ստեղծագործական միությունների հետ անցկացվող այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է Ռուսաստանի հայերի միության 10-ամյակին: ՀԳՄ աշխատանքային հանձնաժողովը կազմված է տարբեր սերունդների ներկայացուցիչներից` երեք արձակագիր (Վարուժան Այվազյան, Գրիգոր Ջանիկյան, Գուրգեն Խանջյան) և երեք գրականագետ (Սուրեն Աբրահամյան, Արքմենիկ Նիկողոսյան, Աելիտա Դոլուխանյան): Հանձնաժողովի նախագահ, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանն իր խոսքն սկսեց պատմական ակնարկով և ասաց, որ եթե 5-րդ դարում Սահակ Բագրատունին չհովանավորեր Մովսես Խորենացուն, մենք այսօր աշխարհում հայտնի չէինք լինի «Հայոց պատմությամբ» (աշխարհի հանրագիտարաններում հիմնականում ներկայացված ենք նրա անունով): Իսկ հանձնաժողովի անդամներին նա խնդրել է լինել ուշադիր և օբյեկտիվ, որովհետև սխալվելու իրավունք չունեն: Ընտրվողների մեջ երկուսը կին են, ինչն ուրախացնում է Աելիտա Դոլուխանյանին. նա վստահեցնում է, որ շահած գործերը մրցունակ են համաշխարհային գրականության հատկապես այն տեսակի հետ, որ կոչվում է բեսթսելլեր: «Վեպ» անվանակարգում մրցանակ են ստացել Անահիտ Թոփչյանի «Անհետացում» և Հովհաննես Երանյանի «Ամենագեղեցիկ հարված» գործերը: «Վիպակ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սուսաննա Հարությունյանը («Քարտեզ առանց ցամաքի և ջրի»), լավագույն պատմվածքների համար` Սամվել Կոսյանը: Խրախուսական մրցանակը տրվել է Նորայր Ադալյանի «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպին: «Նորայր Ադալյանի վեպն անցած ճանապարհի հանրագումարն էր, եթե չասենք` գլուխգործոցը,- ասաց գրականագետ Սուրեն Աբրահամյանը` անդրադառնալով վեպի ժանրին,- Հովհաննես Երանյանի վեպը օրագրային է, անկեղծ ու ապրված: Հետաքրքիր է նաև Անահիտ Թոփչյանի վեպը. մեր գրականության մեջ կնոջ այդ տիպը պակասում էր, ինչը և ներմուծվեց նրա շնորհիվ»: Գրականագետը նշեց նաև, որ վեպի անվանակարգում ներկայացված մյուս գործերը միավոր չեն հավաքել: Մրցույթի դափնեկիրները շնորհակալության խոսքեր հղեցին: Արձակագիր Սուսաննա Հարությունյանն առաջ քաշեց թարգմանության խնդիրը: Այս մրցույթն աննախադեպ էր իր տեսակի մեջ, համոզված է Հովհաննես Երանյանը: Նա շնորհակալություն հայտնեց հանձնաժողովին արդարության սկզբունքը պահպանելու համար: «Ես դա չեմ ասում այն բանի համար, որ ինքս էլ մրցանակի եմ արժանացել, վերջին քսան տարում նախագահի, պետական մրցանակների ժամանակ ում անունը նախապես առանձնացվել է, նա էլ ստացել է մրցանակը»,- ասաց նա` շնորհակալություն հայտնելով նաև մրցույթի կազմակերպիչներին։- Մեր կյանքն այսօր ամեն ինչ անում է, որ չգրես, արվեստից, գրականությունից հեռանաս, ամեն քայլի քեզ կարող են ասել` հեռացիր էս երկրից: Հոդված, ռեպորտաժ, սցենար, այս ամենի մեջ, որ համբավ է բերում և կարողանում ես ընտանիք պահել, անկեղծորեն ասում եմ, եթե չլիներ մրցանակաբաշխությունը, վեպը դեռ վերջացրած չէի լինի»: Իսկ մրցանակային գումարի չափը նույնպես աննախադեպ է, այդ առումով զիջում են և՛ պետական, և՛ նախագահի մրցանակները: Իսկ երբ խոսքը մեծ գումարների մասին է, տարաձայնություններն ու կեղծիքները, թվում է, պիտի որ չբացառվեն: Մրցույթից առաջ և հետո անպակաս են տարաբնույթ խոսակցությունները: Սուսաննա Հարությունյանի կարծիքով` այդ խոսակցությունները կարող ես հերքել ու հաստատել, երբ կարդաս գործերը: «Հիմա, բացի իմ գործից, ոչ մեկի գործին ծանոթ չեմ, որ կարծիք ասեմ` թեկուզ նախկին վաստակը հաշվի առնելով, -ասաց նա,- դժվար է օդի մեջ խոսել, ամենաթույլ գրողն էլ հանճարեղացման պահեր է ունենում, և հակառակը, դասականներն էլ թույլ տողեր ունեն»: Հանձնաժողովի անդամների կազմը նրան դուր է գալիս թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ ժամանակակից գրականության իմացության առումով: Նախորդ տարիներին նույնպես մասնակցել է մրցույթին և չի շահել, հետո արդեն, ծանոթանալով գործերին, համոզվել է, որ անազնիվ են եղել իր հանդեպ: Հիմա ոչինչ ասել չի կարող, որովհետև չգիտի, ում գործերից են գերադասել իր վիպակը: «Ցանկացած հեղինակի մեջ նստած է այն միտքը, որ ամենաարժանին ինքն է,- ասում է արձակագիրը,- որովհետև եթե չմտածես, որ լուրջ գործ ես անում, երեխայից, կենցաղից, կյանքից այդ ժամանակը չես գողանա ու գիրք գրի: Բացի այն, որ քեզ համար խիստ հոգեկան անհրաժեշտություն է գրելը, պիտի համոզված լինես, որ տողդ, չարչարանքդ արժանի են գնահատման»: Երիտասարդ գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն աչքի է ընկնում համարձակ ու սուր դիտողություններով: «Հայը 21-րդ դարասկզբին» մրցույթի շուրջ խմորվող խոսակցությունների մասին հետաքրքիր էր նրա կարծիքը: «Եթե այս ընտրությունների մասին քննադատություններ հնչեն, ես պարզ ճակատով կարող եմ պաշտպանել,- ասաց նա։- Այս տարի երեք ժանր էր ներկայացված մրցույթին, հանձնաժողովն էլ բաղկացած էր համեմատաբար սկզբունքային մարդկանցից, ինչը տվեց իր արդյունքը»: Ինչո՞ւ համեմատաբար: «Մեր գրական կյանքը պիտի մաքրվի,- պարզեցրեց իր խոսքը գրաքննադատը,- ես այն մարդկանցից չեմ, որ ուզում են ամեն ինչ միանգամից փոխել: Այս հանձնաժողովի աշխատանքը համարում եմ «մաքրում»: Անդրադարձավ նաև անցած տարիների աղմկահարույց քննարկումներին: «Առաջին տարին մրցանակ էր տրվում վեպի համար, իսկ հաղթել էր ակնարկների գիրքը, ինչը ժանրային շփոթ էր առաջացրել: Անցյալ տարի մրցանակը հավասարաչափ տրվել էր երեք գործերի, և խոսակցություններ կային, որ մրցանակն ուղղակի կիսել են երեք գործերի մեջ, անգամ ասում էին, որ մրցանակ է տրվել չգրված վեպերի համար: Մեր գրական միջավայրում, որպես կանոն, անուններն են մրցանակ ստանում: Այս անգամ ամեն ինչ արեցինք, որ հաղթի գրականությունը: Բոլորս էլ գիտենք` ինչ աղմուկ է բարձրանում տարբեր գրական մրցույթներից հետո, և ներկայացված գրքերը ի սկզբանե արժեզրկվում են: Այնպիսի գրքեր պետք է մրցանակ ստանան, որ մրցանակներն արժևորվեն, դառնան չափանիշ»։ Արքմենիկ Նիկողոսյանը հստակեցրեց նաև, որ Նորայր Ադալյանին շնորհվել է ոչ թե հատուկ, ինչպես նշվում է մամուլում և այլուր, այլ խրախուսական մրցանակ: Գրաքննադատն ափսոսանք հայտնեց, որ մրցանակ չշահեց Համբարձում Համբարձումյանի պատմվածաշարը, թեև Սամվելի Կոսյանի ներկայացրած պատմվածքները նույնպես հավանել էր: Նշեց, որ «Հրապարակ» օրաթերթի այն տեղեկությունը, թե Համբարձում Համբարձումյանը զրո միավոր է շահել, չի համապատասխանում իրականությանը: Ինչևէ: «Բայց»-երը, տարաձայնությունները, բողոքները կհարթի ժամանակը, մինչև հաջորդ մրցույթ խոսակցությունները կլռեն: Լավ թե վատ, աղմկոտ թե միապաղաղ` գրական կյանքն առաջ է ընթանում: Ի վերջո, ամենակարևորն ընթերցողի արձագանքն ու գնահատականն է: Եվ հենց այս հարցն էլ անպատասխան է մնում` իսկ ե՞րբ է գալու ընթերցողի ժամանակը։ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
29/06/2010 |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՔԱՐ |
Հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայի քննությամբ ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը։ Այս տարի քննությունների միջին միավորները տատանվում են 10-14-ի սահմաններում։ Այսպես՝ ամենացածր առաջադիմությունը մաթեմատիկայից է. միջին միավորն այս առարկայից 10,3 է։ Մեր դիմորդ-շրջանավարտները գիտելիքներով չեն փայլում նաև «Ֆիզիկա» առարկայից, որի միջին գնահատականը 10,5 է։ Այս առարկայից են նաև ամենաշատ բացասական միավորները (27,49 տոկոս)։ Մաթեմատիկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություն հանձնածների 25,51 տոկոսը։ «Կենսաբանություն» առարկայից նույնպես առաջադիմությունը բավականին ցածր է. միջին միավորը՝ 10,8, բացասական՝ 23,6 տոկոս։ Այս ցուցանիշները խիստ մտահոգիչ են և խոսում են մեր կրթական որակի մասին։ Եվ այս ֆոնին «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շուրջ ստեղծված աղմուկը փոքր-ինչ տարօրինակ է։ Հունիսի 24-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2009-2010 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու, հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը: Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները: Այն շրջանավարտները, ովքեր չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով: Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները: Միասնական լրացուցիչ քննությանը (2010 թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները: Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ, ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» 160481037341 հաշվեհամարին փոխանցած 1500 (հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 3X4 սմ չափսի լուսանկար: Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք: Այս խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական, հաշմանդամության գրքույկների պատճենները, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների տված տեղեկանքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը` ժամը 18:00, ամեն օր` ժամը 10:00-17:30: Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 |