|
Հոգևոր |
|
|
|
20/07/2010 |
ՕԳՆԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՐԱ ՔԱՅԼԵՐՆ ՈՒՂՂԵԼ ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ |
Քահանա Դմիտրի ԴՈՒԴԿՈ (24 փետր. 1922 - 28 հունվ. 2004) Քրիստոնեության մեջ հարկավոր է տարբերել օրենքն ու շնորհը։ Մարդիկ սովոր են վկայակոչել օրենքը։ Իբր, եթե կատարում ես օրենքը, ապա ամեն ինչ կարգին է։ Օրենքը, սակայն, կարող է միայն ցույց տալ, թե որն է մեղքը, բայց ուժ չունի իր մեջ, որ հետ պահի մեղք գործելուց։ Իսկ ո՞վ կարող է կատարել օրենքը։ Բոլորս հաճախ օրենք խախտողներ ենք` և՛ նա, ով նրա պահապանն է, և՛ նա, ով կատարողը։ Դա, իհարկե, նշանակում է, որ պետք է արհամարհել օրենքը, բայց հարկավոր է հիշել, որ մենք փրկվում ենք ոչ օրենքով։ Դեռ ավելին, Առաքյալն ասում է` օրենքի գործերով չի փրկվի ոչ մի մարմին։ Բայց կյանքում, ինչպես մի ժամանակ, այնպես էլ հիմա, կան օրինամոլներ, ու նրանք հատկապես համառորեն պահանջում են կատարել օրենքները, նույնիսկ, ինչպես ասում են` օրենքի տառը։ Եվ ահա այդպիսի օրինամոլներից մեկը դիմում է Քրիստոսին. -ՈՒսուցի՛չ, ի՞նչ անեմ ես, որ ժառանգեմ հավիտենական կյանքը։ Ըստ երևույթին, նա վստահ չէր, որ օրենքի կատարումը բավական է հավերժ կյանք ժառանգելու համար, ուստի իր այդ հարցով դիմեց Քրիստոսին։ Քրիստոսը նրան պատասխանեց. «Ի՞նչ է գրված օրենքում»։ Օրինամոլը, թե. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով. և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը»։ Թվում է, էլ ի՞նչ կարելի է ավելացնել սրան, ամեն ինչ ճիշտ է։ Եվ Քրիստոսն ասաց նրան. «Դու ճիշտ պատասխանեցիր, վարվիր այդպես ու կապրես»։ Բայց մի բան է ասել, ուրիշ բան է` կատարել։ Եվ զանազան օրինամոլներ ձգտում են ինչ-որ ձևով խուսափել, ինչ-որ բանով արդարանալ։ Աստծո մասին, քանի դա հավատքի առարկա է, կարծես թե, անհամաձայնություն չկա։ Աստծուն հարկավոր է սիրել ամբողջ սրտով և ամբողջ հոգով, բայց ինչպե՞ս ստուգել դա։ Հավատքը, ինչպես հիմա ասում են, խղճի գործ է, ու Աստված անտեսանելի է։ Իսկ մեր մերձավորը տեսանելի է, ու այստեղ ոչ միայն պարզապես հավատք է պետք, անհրաժեշտ են և գործերը։ Ոչ վերացական, այլ կոնկրետ։ Ավելին, մերձավորին սիրելով ստուգվում է և սերը Աստծու նկատմամբ։ Քանի որ մենք ապրում ենք այս աշխարհում, ոչ միայն հոգևոր, այլև նյութական, ապա դա պետք է լինի ոչ միայն հոգեպես, այլև նյութապես շոշափելի։ Կասես` սիրում եմ Աստծուն, իսկ ինչպե՞ս ստուգել այդ սերը։ Մարդը հաճախում է տաճար, աղոթում է, թվում է, թե բարեպաշտ է, բայց այդպիսի քանի՜ բարեպաշտներ տանել չեն կարողանում իրենց մերձավորներին։ Ինչքա՜ն խարդավանք, կեղծիք, ատելություն կա։ Թվում է` Աստծուն սիրելով։ Հովհաննես Աստվածաբան առաքյալն ասում է. «Դու ասում ես, որ սիրում ես Աստծուն, ՈՒմ չես տեսնում, իսկ ինչո՞ւ ես ատում մերձավորիդ, ում տեսնում ես։ Եվ սերը քո, պարզվում է, սուտ է»։ Այդ իրողությունը լավ է ներկայացնում Քրիստոսը` ավազակի (այսինքն` մի մարդու, ով ընկել է փորձանքի մեջ) օրինակով։ Հաճախ մենք ևս հարցադրում ենք` իսկ ո՞վ է իմ մերձավորը։ Մի՞թե կարելի է սիրել այն հարևանուհուն, որն ամեն օր դավեր է նյութում իմ դեմ։ Մի՞թե կարելի է սիրել հարբեցողին, ով ամեն ինչ խմիչքին է տվել, բոլորի վզին բեռ դարձել։ Մի՞թե կարելի է սիրել մի մարդու, ով մեր կրոնից չէ։ Մի՞թե կարելի է սիրել մի մարդու, ով ընդհանրապես չի հավատում Աստծուն։ Ինչքա՜ն հաճախ ենք մենք թշնամություն անում։ Արդյոք կարո՞ղ են այդպիսի մարդիկ լինել մեր մերձավորները։ ՈՒրիշի մեղքերը թվարկելով մենք այնքան ենք հափշտակված, որ մոռանում ենք` մեզ հարկավոր է սիրել ոչ միայն մեր մերձավորներին, այլև մեր թշնամիներին։ Իսկ ո՞վ է իմ մերձավորը` ահա հարցը, որը մենք տալիս ենք մեր օրինամոլական բուռն ձգտումի մեջ։ Ինչպես ասված է Ավետարանում, այդպիսի հարց դնելով ցանկանում ենք արդարացնել ինքներս մեզ։ Իսկ ո՞վ է իմ մերձավորը։ Ես, իբր թե, մերձավորներին, որոնք լավն են, բոլորին սիրում եմ։ Կարելի է դնել և այդպիսի հարց. իսկ ո՞վ է իմ թշնամին։ Իբր, անձնական թշնամիներին ես բոլորին սիրում եմ։ Երբ ինձ նեղացնում են, ես ներում եմ, բայց, իբր թե, ուրիշ հավատքի մեկին, որն Աստծո թշնամին է, ինչպե՞ս ներել։ Խորամանկ խիղճը միշտ հարցեր կտա։ Նենգ խիղճը կհուշի, որ ոչ ամեն ոք կարող է լինել իմ մերձավորը։ Կարծես ո՛չ ամեն ոք է ստեղծված Աստծո պատկերով և նմանությամբ։ Այստեղից էլ նաև մեր ազգային խտրությունները։ Այս ազգության մարդուն ես կարող եմ սիրել, իսկ այն` ոչ։ Եվ կբերի մի կույտ արդարացում, մինչև իսկ իբր թե հիմնավորված։ Ըստ օրենքի, սկսում են ատել ուրիշին։ Այնինչ բոլոր օրենքներն ու նույնիսկ մարգարեները պահպանվում են սիրով։ Չկա սեր, ու օրենքը տառացիորեն կատարելու քո ամբողջ ճիգերը ոչինչ չեն տալիս։ Եթե դու չես սիրում մարդուն, ով քո կողքին է, ում դու տեսնում ես ամեն օր, ապա ինչքան էլ քեզ ջարդես, թե իբր սիրում ես Աստծուն և մարդկությանը, քո մեջ սեր չկա, սուտ է քո սերը, դու խորամանկում ես։ Քրիստոսը կոնկրետ օրինակով (կապված սամարացու հետ) ցույց տվեց, թե ինչ է նշանակում սերը մարդու նկատմամբ։ Հարկավոր է որոշակի տեղեկություն տալ հրեաների և սամարացիների մասին։ Հրեաներն ունեին ամբողջ օրենքը, ամբողջ Աստվածաշունչը, իսկ սամարացիք ընդունում էին միայն Հնգամատյանը` Մովսեսի օրենքը, և, բացի դրանից, հիմնականում բաղկացած էին հեթանոսներից։ Այդ պատճառով հրեաները սամարացիների հետ չէին շփվում հավատքի հողի վրա։ Դիմենք այն առակին, որը Քրիստոսը պատմեց օրինամոլին։ Մի մարդ գնում էր Երուսաղեմից Երիքով և ընկնում է ավազակների ձեռքը, որոնք նրա հագից հանում են զգեստը, վիրավորում, վերք հասցնում և հեռանում, թողնելով նրան հազիվ կենդանի։ Ահա եթե մենք պատկերացնենք, թե ինչ-որ տեղ պառկած է մի մարդ` ծեծված, հազիվ կենդանի, ապա պատրա՞ստ ենք օգնելու նրան։ Երբ, ենթադրենք, կարդում ենք մարդու տառապանքի մասին, մենք կարող ենք նույնիսկ արտասվել, խղճալ նրան, սիրտը մեր իբր թե նույնիսկ բարի է։ Բայց մեր այդ ամբողջ սերը գրքային է։ Դառնանք դեպի կյանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում իրականում։ Ահա գանահարված մարդու կողքով անցնում է քահանան ու, տեսնելով նրան, անցնում է, առանց կանգնելու։ ՈՒրիշներին, հնարավոր է, սովորեցնում է, որ չի կարելի անուշադրության մատնել տուժածին, իսկ ինքն անցնում-գնում է, իբր թե չնկատեց էլ։ Այո, իրոք, նկատելը դժվար է։ Կյանքը գեղարվեստական հնարովի պատմություն չէ կամ կինոնկար։ Կյանքն այն է, ինչն անհրաժեշտ է զննել ու հասկանալ։ Ավազակների կողմից ծեծվածն ախր միշտ գեղարվեստորեն պառկած չէ մեր աչքի առաջ և կարեկցանք է առաջացնում։ Ծեծվածը և հարբեցող է` իր շուրջը փսխոտած է։ Ինչպե՞ս մոտենալ։ Իսկ երևակայել, թե ինչն է դրդում մարդկանց գինեմոլության, հասկանալ պատճառը` ահա հենց այստեղ մենք կորցնում ենք տեսողությունը։ Չենք տեսնում, չենք ցանկանում տեսնել։ Իսկ գուցե մենք ինքներս ենք մեղավոր, որ նա սկսել է խմել։ Դատելը հեշտ է, հասկանալն է դժվար, իսկ հասկանալ հենց նշանակում է նկատել ծեծված մարդուն։ Իսկ լինում է և այնպես, որ ծեծվածը քայլում է ոտքերի վրա, արյուն չի թափվում նրա վերքերից, նույնիսկ կարող է` նա ժպտում է, իսկ իրականում տառապում է բոլորից շատ։ Պետք է մի քիչ ուշադիր նայել նրա ժպիտին` ինչքան դառնակսկիծ է այն, իսկ մենք դա չենք նկատում, այլ տեսնում ենք միայն, որ նա ժպտում է։ Ասում են, իսկական վիշտը լռակյաց է, չի գոռում, բայց մեր խնդիրն է նկատել այդ վիշտը և օգնել այդ մարդուն, ում ծեծել են ավազակները։ Անցնում է ղևտացին, նույնպես հոգևորականների դասից, միայն թե նրանք զբաղեցնում էին տաճարում ամենացածր պաշտոնները։ Այդ ղևտացին ավելի ուշադիր էր, քան քահանան, ինչպես ասվում է այսօրվա Ավետարանում, նա մոտեցավ, նույնիսկ նայեց, տեսավ, իհարկե, ինչպես է հոսում արյունը, բայց և, ինչպես քահանան անցավ-գնաց։ Բայց ահա անցնում է սամարացին, ում հետ այդ քահանան և ղևտացին չէին շփվում։ Որովհետև սամարացին մեղավոր է, իսկ իրենք` արդար։ Այդպիսի փարիսեցի քահանա և այդպիսի փարիսեցի ղևտացի կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։ Ամեն մեկը, ով իրեն համարում է ինչ-որ առանձնահատուկ մեկը, այն էլ, երբ հենվում է օրենքների վրա։ Այդպիսի մարդիկ չեն սիրում կատարել օրենքը։ Խոսել օրենքի մասին կարող են, մինչև իսկ գեղեցիկ, իսկ կատարելու համար ուժը չի հերիքում։ Դա, իրոք, այդպես է, օրենքով չի արդարանա ոչ մի մարմին` շնորհ է պետք։ Իսկ շնորհը գալիս է միայն զղջալով։ Երբ գիտես սեփական մեղքերդ և չես դատում ուրիշին։ Սամարացին, մաքսավորը մարդիկ են, որոնց արհամարհում են։ Հարբեցողը կամ այն դժբախտ կինը, որն ինչ-որ բան է վերցրել ձեր ունեցվածքից, ի՜նչ մարդիկ են։ Այ, մենք ուրի՜շ բան ենք։ Գալիս ենք տաճար և վայրկենապես զբաղեցնում աչքի ընկնող տեղերը։ Մենք կարող ենք և ինչ-որ մարդկանց քշել տաճարից։ Իսկ երբ գործը հասնում է իսկական արարքին, մենք անցնում ենք կողքով։ Իսկ այն սամարացին, որևէ «աղանդավոր», կամ մինչև իսկ հարբեցողը, կարողանում են օգնել։ Մի կին, որն ուներ երկու տղա, պատմում էր ինձ։ Դրանցից մեկը հաջողակ էր, չէր ծխում, չէր խմում, կոպեկի վրա դողում էր, մյուսը խմում էր, ամեն ինչ հարբեցողությամբ վատնում։ Բայց երբ գալիս էր մոր անվանակոչության օրը, հարբեցողը միշտ շնորհավորում էր, իսկ մյուսը ժամանակ չուներ։ ՈՒ երբ մորը հարցնում էին` ո՞վ է քեզ ավելի մոտ` հարբեցո՞ղը, թե՞ այդ չխմողը, նա ախ քաշելով պատասխանում էր` հարբեցո՜ղը։ Եվ գուցե նա հաճախ ամենավատ բառերով նախատում էր այդ հարբեցողին։ Կյանքում դժվար է հասկանալ, որտեղ է իսկական մարդը։ Դա միայն սրտեր քննող Աստված գիտի։ Ահա Նա էլ երբեմն թույլ է տալիս այդպիսի դեպքեր, որոնք կարող են մեզ խելք սովորեցնել։ ՈՒրեմն, սամարացին, ինչ-որ մեկը, նույնիսկ անունը չի նշված, կանգնում է, տեսնում, խղճում, մոտենում է նրան, կապում վերքերը, դրանց վրա յուղ լցնելով և գինի, ու, նստեցնելով նրան սեփական էշի վրա, բերում հյուրանոց։ Եվ դա դեռ ամբողջը չէ։ Մյուս օրը նա գալիս է, տալիս երկու դինար հյուրանոցի տնօրենին և ասում. «Հոգ տար նրա մասին։ Եթե ավելի ծախսես, երբ վերադառնամ, կտամ մնացածը»։ Ավարտելով այս պատմությունը` Քրիստոսը հարցրեց. «Ո՞վ էր այս երեքից տուժածի հարազատը»։ Այս օրինակը փայլուն է, շատ տպավորիչ, որը դիմում է ուղիղ մեր խղճին։ Օրինամոլը հոգոց հանելով, ասաց. «Օգնություն ցույց տվողը»։ Եվ Հիսուսն ասաց. «Գնա՛ և դու էլ այդպես վարվիր»։ Քրիստոսը չդատապարտեց և այդ օրինապաշտին։ Քրիստոսը ոչ մեկին չի դատապարտում, Նա եկավ, որ փրկի կորածին։ Փրկե՛լ, օգնե՛լ` դա է մեր գործը։ ՈՒ երբ մենք տրամադրվենք այդպես, ապա, գնալով տաճարից ու տեսնելով թավալվող հարբեցողին, մոտենանք նրան, օգնենք և չփնտրենք օրինական ուղիներ` օրինակ, հանձնել նրան ոստիկանություն։ Եվ հանդիպելով աղանդավորին, չենք սկսի գլուխ գովել, որ ճշմարիտ հավատքի տեր ենք, այլ կասենք. եթե աղանդավորն օգնում է թշվառներին, ապա ես առավել ևս պարտավոր եմ օգնելու։ ՈՒ եթե մեկի հետ թշնամացած եմ, պիտի ջանք թափեմ հաշտվելու համար նրա հետ։ Թշնամություն անել մարդու հետ նշանակում է անցնել մերձավորի կողքով, ուրիշին համարել մեր սիրուն անարժան և թրև գալ` չափազանց տարված սեփական կարծիքով։ Ամեն ինչ ստուգվում է կյանքով։ Նայե՛նք մեր շուրջը. բոլոր մարդիկ, այսպես թե այնպես, նեղացած են, խաբված ու դժբախտ, ու մեր խնդիրն է օգնել` հաշվի չառնելով անձնավորությունը։ Չբաժանելով մարդկանց խմբերի, կուսակցությունների, դավանանքների` բոլորին հարկավոր է օգնել։ Մենք լույս աշխարհ ենք եկել, որպեսզի ողորմած լինենք, ինչպես ողորմած է մեր Երկնավոր Հայրը, Ով ուղարկում է անձրևը և՛ արդարներին, և՛ անարդարներին։ Եվ Քրիստոսը, ՈՒմ մենք հավատում ենք, եկավ ոչ թե դատելու, այլ փրկելու։ Օգնել մարդուն նշանակում է նրա քայլերն ուղղել դեպի փրկություն։ Եվ թող Աստված օգնի մեզ, որ մենք էլ կարողանանք օգնել բոլորին։ Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ
|
|
02/07/2010 |
ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ |
(սկիզբը` նախորդ համարում)
Երազներին հավատացողները բոլորովին անփորձ են, իսկ չհավատացողներն իրապես իմաստուն են։ Վստահիր միայն այն երազներին, որոնք քեզ զգուշացնում են գալիք տանջանքների ու դատաստանի (Աստծո, իհարկե) մասին, իսկ եթե դրանք քեզ հուսահատության են մղում, ապա այդ երազները չար ոգիներից են։ Օրինակ, Օգոստինոս Երանելու մայրը՝ Մոնիկան, անբացատրելի զգացողությամբ, որն անհնար է խոսքով բացատրել, կարողանում էր տարբերել Աստծո հայտնությունը սեփական երազական անուրջներից։ Նա այդպիսի երազներից մեկի միջոցով հասկացավ, որ դեռևս անհավատ, հեթանոսության մեջ թաթախված որդին, ի վերջո, պետք է ճշմարիտ Աստծուն դառնա։ ՈՒ տարիներ անց իսկապես այդպես էլ եղավ։ Քանի որ կարդացինք, որ սուրբ հայրերը գալիք վշտերի ու տառապանքների մասին երազային զգուշացումները դրական են համարում, քանի որ դրանք մեր միտքն ու սիրտն ուղղում են մեղքերի զղջման և խոստովանությամբ ապաշխարության, այժմ կարծում եմ, որ հոգեշահ է գրել արդեն ծերերի շարքը մտած այս հոդվածագրի տեսած մի երազի մասին, որը, կարծում եմ, ամենքիս է վերաբերում։ Անշուշտ, այն չհամարելով վերջնական մի հայտնություն, այլ, ինչպես նոր ասացինք` զգուշացում ապաշխարության համար։ Այս երազը տեսա 2005-ի ամռանը: Մի սովորական օր էր, երբ երեկոյան աղոթքից հետո պառկեցի քնելու: Չգիտեմ, ինչքան էր անցել, բայց գիշերվա մի պահ արթնացա ահասարսուռ տեսիլք-երազից: Ասում եմ տեսիլք, որովհետև այն շատ էր տարբերվում սովորական երազից, որ առավոտյան լույսի հետ հաճախ մոռացվում-գնում է: Իսկ այս մեկից հետո, դեռ աչքերս չբացած, բայց արդեն գիտակցության եկած, հասկացա, որ հենց նոր Արարիչ Տերն ինձ ցույց տվեց գալիք դեպքերը: Այնտեղ տեսածս մարդկանց գիտեմ և ճանաչում եմ, որոնք ապրում են ներկայումս, ինչը հուշում էր, որ այդ դեպքերը մոտ ժամանակներին են վերաբերում: ...Երազիս օրը լուսավորված էր ոչ սովորական, դեղնագորշ ու տհաճ լույսով: Երկրի վրա բնակվող ազգերը ահաբեկված միմյանց լուր էին տալիս, որ աշխարհում մի տարօրինակ, մինչ այսօր մարդկությանն անհայտ տեսակի կրակ է տարածվում Երուսաղեմից, ավելի ճիշտ՝ Սիոն լեռից (Հին Երուսաղեմի բարձունքն է, որտեղ մինչև 70 թ. կանգնած է եղել Սողոմոնի կառուցած Աստծո տաճարը): Եվ խուճապահար մարդիկ այս ու այն կողմ էին վազում և վերահաս կրակից պատսպարվելու թաքստոց փնտրում, թեև իրենք էլ գիտեին, որ դա անիմաստ է, քանի որ այդ կրակը թափանցում է ամենուր: Եվ լուր եկավ, որ կրակը մոտեցել է Հայաստանի սահմաններին, առաջինը կրակի զորությանը դիմակայելու համար դուրս եկավ մեր քահանաներից մեկը (որին շատերս ենք ճանաչում)՝ ձեռքին ինչ-որ բան: Եվ երբ մոտեցավ կրակին, հասկացավ, որ սա այլ տեսակի կրակ է, որի դեմ մեր իմացած նյութական կամ հոգևոր զորություններն անուժ են: Եվ նա վախեցած՝ կրակի մեջ ձգեց ձեռքի եղածն ու փախավ այդտեղից: Դրանից հետո կրակի դեմ ելավ ինձ ծանոթ մի նկարիչ: Նա էլ, տեսնելով մոտեցող կրակը, հետ-հետ գնաց ու սարսափահար փախավ, գոռալով, որ փրկեն իր նկարները ու կախեն ծառերից (այսինքն, նա վախից չէր հասկանում, թե ինչ է խոսում): Այնուհետև տեսա, որ Երևանի կենտրոնում եմ. ամենուր տագնապ ու սարսափ էր տիրում: Իմ տեսած քահանան մի սպիտակ մեքենա նստեց, որը, գլխավոր պողոտայից ձախ թեքվելով, ուզում էր մի բանուկ փողոց մտնել: Հանկարծ նրա դեմ ելավ Երուսաղեմի մեր վանքի միաբաններից մեկն ու զարմացած ասաց քահանային. «Էս ո՞ւր ես գնում, ա՜յ տեր հայր, չե՞ս տեսնում, որ արդեն վերջն է եկել»: Եվ մեքենան նորից պողոտա ելավ, որ ուղիղ գնա: Ես, չգիտեմ ինչու, բացեցի հետևի ձախ դռնակն ու նստեցի քահանայի կողքին, և մեքենան առաջ շարժվեց: Ոչինչ չէինք խոսում, այլ միայն նայում էինք պատուհանից դուրս. շատ մարդիկ գալիքի սարսափից սրտաճաք՝ ընկած էին մայթերին: Ես գլուխս շրջեցի վարորդի կողմը, որը, ի տարբերություն բոլորիս, զարմանալիորեն խաղաղ էր ու վստահաբար վարում էր մեքենան: Առաջինը, որ ինձ զարմացրեց, նրա պարուսինե կոշիկներն էին: (Եթե ընթերցողը երիտասարդ չէ, կհիշի, որ 60-ական թվերին տղամարդիկ երեսը պարուսինի (բրեզենտի) կտորից, իսկ ներբանները՝ կաուչուկից ոտնամաններ էին հագնում, որոնց ժողովուրդը «ռագոժի կոշիկ» էր անվանում): Սպիտակ վերնաշապիկը ևս այն ժամանակվա էր՝ «նեյլոնե», իսկ կապածը շատ բանեցնելուց փայլող կաշվե հասարակ գոտի էր: Մի խոսքով, այդ վարորդը հագել էր շատ պարզ ու հասարակ հագուստ, և մաքուր ու կոկիկ: Այնուհետև ես հայտնվեցի մի սենյակում, որտեղ բազմաթիվ քրիստոնյա հավատավոր մարդիկ էին հավաքվել իրենց կանանց ու երեխաների հետ: Սենյակում ոչինչ չկար, բացի մի փայտե դատարկ պահարանից, որի երկու փեղկերը բաց էին: Ներկաներից ամեն մեկն իր իմացած աղոթքն էր անում, բայց և խիստ տագնապահար էին գալիքի ահից: Մայրս էլ, պահարանի կողքին կանգնած, վախից լայն բացված աչքերով, թխսկան հավի նման ուզում էր ինչ-որ բանով օգնել հավաքվածներին, բայց ոչ մի ճար չէր գտնում: Մի պահ հանկարծ սսկվեցին, որովհետև անտեսանելի Մեկի կողմից հասկանալի հրահանգ եղավ. «Ամենքդ փառաբանե՛ք և օրհնե՛ք Բարձրյալ Աստծուն»: ՈՒ ձեռքերը վեր բարձրացնելով, միաբերան սկսեցին բարձրաձայն օրհնել ու փառաբանել Աստծուն: Եվ ինչքան աղոթում էին, այնքան վախը տեղի էր տալիս՝ վերածվելով անբացատրելի ուրախության: Այդ պահին նորից նույն Մեկի կողմից հրահանգվեց, որ մայրերն իրենց երեխաների բերանները դնեն նրանց մկրտության խաչերը: Նրանք էլ, երեխաների վզից հանելով խաչերը, դրեցին նրանց բերանները, ինչպես որ մի ժամանակ ծծակ էին տալիս: Խաչերը հրաշքով փոխակերպվել էին ինչ-որ անուշահամ բանի, որովհետև երեխաներն ուտում և ուրախությունից թռչկոտում էին ծնողների շուրջը, որոնք, տեսնելով այդ հրաշքը, ավելի ջերմեռանդորեն սկսեցին փառաբանել Աստծուն: Նորից աչքս ընկավ պահարանի կողքին կանգնած մորս վրա (ինչը, կարծում եմ, բոլոր մայրերի հավաքական կերպարի՝ Մարիամ Աստվածածնի խորհուրդն էր ներկայացնում), որի դեմքին արդեն մեր փրկության համար ապահովություն ու վստահություն էր դրոշմվել... Այստեղ էլ երազս ընդհատվեց: Տեսածիս հոգևոր ահագնությունն այնքան զգալի էր, որ չէի համարձակվում աչքերս բացել, այլ միայն հստակորեն գիտակցում էի, որ այս խորհրդավոր երազ-տեսիլքը անդրաշխարհային էր ու գալիք իրադարձություններին էր վերաբերում: Եվ երբ սկսեցի մանրամասն վերհիշել երազս, նույն Անտեսը ներսումս մեկնաբանում էր այն. «Կրակը, որ տեսար, Աստծո Արդարության ու Վրեժխնդրության է, որ գալու է աշխարհի վրա՝ մարդկության մեղքի չափը լցվելու պատճառով»: Իսկ երբ մտածեցի վարորդի մասին, ապա բացատրվեց, որ դա քրիստոնյայի հավատքն է: Եթե այն պարզ է ու անկեղծ, ապա մարդուն խաղաղության ու վստահության մեջ կպահի նույնիսկ այդ Կրակի օրը: Իսկ փայտե բաց պահարանը Քրիստոսի Եկեղեցու խորհուրդն է, որի դռները դեռևս բաց են ամեն հոգու փրկության համար պատրաստված սուրբ Հաղորդության Հացով (հնում եկեղեցիներում սուրբ Նշխարը պահում էին փայտյա փոքրիկ պահարաններում): Երազիս նախօրեին մի քանի հոգով պայմանավորվել էինք մի բարեպաշտ քրոջ այցելել: Դեռ դռնից ներս չմտած՝ նա առանց բարևելու ասաց. «Աստված այսօր ինձ հասկացրեց, որ Դանիելի մարգարեության 3-րդ գլուխը կարդանք»: Բացեցինք նշված տեղը։ Խոսքը վերաբերում էր Բաբելոնի արքայի հրամանին, երբ Միսակ, Սեդրակ, Աբեդնագով հրեա երեք երիտասարդներին, ոսկե կուռքին չերկրպագելու համար, կապել ու թեժացրած հնոցի կրակն էին գցել: Վառվող հնոցում, կրակի միջից նրանք օրհնում և գովում էին Տեր Աստծուն՝ ասելով. «Օրհնյալ ես, Տե՛ր, մեր հայրերի Աստված, հավիտյանս գովյալ և փառավորյալ է Քո անունը, որովհետև Դու արդար ես այն ամենի մեջ, որ բերեցիր մեզ վրա, Քո գործերը ճշմարիտ են, Քո ճանապարհները՝ ուղիղ, և Քո դատաստանները՝ արդար... Քո դեմ ապստամբելով՝ մեղք գործեցինք ու անօրենություն արեցինք. առավել մեղք գործեցինք նրանով, որ պատվիրաններդ չլսեցինք: Չպահեցինք Քո պատվիրանները և այնպես չարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ, որպեսզի լավ լիներ մեզ համար. այն ամենը, ինչ բերեցիր մեզ վրա, և այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր....»: Այս զղջման ու ապաշխարության աղոթքներն ու օրհնություններն այնքան զորավոր էին, որ Տերը Իր երեք ծառաներին կրակից հանում է անվնաս. նույնիսկ խանձահոտ չէր գալիս նրանց հանդերձներից: Այս հանդիպումից հետո, երեկոյան, երբ սովորաբար հոգևոր գրականություն եմ կարդում, ձեռքս վերցրի Վասուլա Ռիդեն անունով վերջին օրերի պատգամաբերներից մեկի «Ճշմարիտ կյանք Աստծո մեջ» գիրքը: Բացվեցին հետևյալ տողերը. «Արարա՛ծ: Ինչքա՜ն եմ խղճում ձեզ...: Եկե՛ք, եկե՛ք, վերադարձեք Ինձ մոտ՝ ձեր Հոր մոտ: Ես ձեզ սիրո՛վ կընդունեմ, «անառակ որդու հոր» սիրուց հազար անգամ գերազանցող սիրով: Վերադարձե՛ք Ինձ մոտ մինչ Իմ համբերության Բաժակը եզրերից թափվելը: Վերադարձե՛ք, քանի դեռ Իմ Արդարության Կրակը չի փչել ձեզ վրա՝ առաջացնելով բազում այրվածքներ: Դուք կուզենաք շնչել, բայց փոխարենը խորշակ կուլ կտաք՝ վերածվելով կենդանի ջահերի: Արարա՛ծ, հասկացե՛ք, թե ինչքան մոտ է և ինչքան ահավոր է այդ ժամը: Քանզի այսօր դուք տեսնում եք, որ ծառերը դեռ ծաղկում են, բայց վաղը ոչինչ չի մնա: Ձեզ կծածկեն սատանայի ծուխը և մահաբեր խավարը: Օ՜, հասկացե՛ք, որ այդ արհավիրքներն ու դժբախտությունները գալիս են ձեզ վրա ձեր իսկ չար գործերի և Իմ դեմ ապստամբելու պատճառով: Ապաշխարեք հիմա՛, քանի դեռ ժամանակ կա: Դարձի եկեք հիմա՛. և Ես պատրաստ եմ ներելու ձեզ» (3 հուլիսի 1988): Եթե ուշադրություն դարձրիք տարեթվին, ապա հիմա այդ Օրը է՛լ ավելի մոտ է, քան կարծում ենք: Դրանից հետո Աստվածաշնչից դուրս գրեցի Աստծո Կրակի մասին մարգարեություններից մի քանիսը, որոնք մեկ անգամ ևս հաստատեցին տեսածս երազի ճշմարտացիությունը: Ինչում դուք էլ կհամոզվեք, երբ ինքներդ կարդաք. «Աստված երկայնամիտ է, ու Նրա զորությունը մեծ է, բայց մեղավորին ամենևին անպարտ չի թողնում...: Լեռները Նրանից դողում են, և երկիրը Նրա առաջ խախտվում է...: Նրա ցասումի առաջ ո՞վ կարող է կանգնել: Նրա սրտմտությունը կրակի պես պիտի թափվի» (Նավում 1.3-6)։ «Ահա պիտի գա Տիրոջ Օրը` հնոցի նման վառված, և պիտի այրի բոլոր անօրենություն գործողներին: Եղեգի նման պիտի վառվեն նրանք այն Օրը, որը պիտի գա,- ասում է ԱՄԵՆԱԿԱԼ ՏԵՐԸ,- և նրանցից ոչ մի արմատ և ոչ մի ճյուղ չի մնալու: Բայց ձեզ՝ Իմ անունից երկյուղ կրողներիդ համար արդարության Արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի Նրա շողերի մեջ, և դուք պիտի ելնեք ու խայտաք, ինչպես կապից արձակված հորթեր: Պիտի տրորեք անօրեններին, ու նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես եմ պատրաստելու,- ասում է ԱՄԵՆԱԿԱԼ ՏԵՐԸ:- Այն օրը, երբ Իմ սեփական գանձը հավաքեմ, նրանց պիտի խնայեմ, ինչպես մի մարդ խնայում է իր որդուն, որն իրեն ծառայություն է անում: Եվ պիտի դառնաք ու տեսնեք արդարի և ամբարշտի, Աստծուն ծառայություն անողի և Նրան ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 4.1-3, 3.17,18)։ «Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, և հազար տարին՝ ինչպես մեկ օր: Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես ոմանք են կարծում, թե ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդեպ, քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն: Սակայն Տիրոջ Օրը գիշերվա գողի պես պիտի գա. այն ժամանակ երկինքը սաստիկ շառաչյունով պիտի անցնի, ու տարերքը, հրով կիզված, պիտի հալվի, և երկիրը ու նրա մեջ եղած ամեն բան պիտի կրակով այրվեն» (Բ Պետրոս 3. 8-10)։ «Տեր Հիսուսը կհայտնվի երկնքից Իր հրեշտակների զորքով՝ կրակի վրեժ լուծելու համար նրանցից, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին» (Բ Թես. 1.7-8)։ Ինչպես համոզվեցինք, հիմա Աստծո ողորմության վերջին ժամանակներն են, և ամեն հոգու հնարավորություն է տրված դարձի գալու և Հիսուս Քրիստոսի անունով՝ ապաշխարությամբ ու սուրբ Հաղորդությամբ փրկվելու: Փրկության տապանը այժմ Քրիստոսի եկեղեցին է, որի գլուխն Ինքը՝ Տեր Հիսուսն է, իսկ եկեղեցու ամեն մի «քարը» մկրտության ավազանով վերստին ծնված անձն է, ով սուրբ երկյուղով, պատվիրանները պահելով ու բարի գործերի մեջ հարատևելով, իր խաչը վերցրած՝ Հիսուսին է հետևում: ՈՒ ոչ թե նրանք պիտի փրկվեն, ովքեր «Տե՜ր Աստված, Տե՜ր Աստված» են կանչում, բայց իրենց ապրած կյանքով չեն տարբերվում Աստծուն մերժողներից, այլ նրանք, ովքեր լսում են Աստծո խոսքը և կյանքով ու գործով կատարում դրանք: Այդպիսիներին Տերը խոստացել է. «Մի՛ վախեցիր, քանզի Ես քեզ փրկեցի, քեզ քո անունով կանչեցի. դու Իմն ես... եթե կրակի միջով քայլես, պիտի չայրվես» (Եսայի 43.1-2)։ Տիրոջ մի վերջին պատգամով ավարտենք գրվածը. «Անսպասելիորեն եմ այցելելու կղզիներին, ծովերին ու մայր ցամաքներին, որոտով ու բոցով: ՈՒշադի՛ր լսեք զգուշացման Իմ վերջին խոսքը, լսե՛ք այժմ, քանի դեռ ժամանակ կա»: Իսկ եթե այսչափ վկայություններից հետո լինեն մարդիկ, որ նորից կարհամարհեն Աստծո ողորմության այս վերջին զգուշացումները, ապա նրանց արյունն իրենց գլխին. Տերը անպարտ է: ՈՒրեմն անմիտ չլինենք, այլ օգտվենք ողորմությամբ լի ու շնորհի այս հոգենպաստ ժամանակներից, քանզի ամեն սրբություն ուրացած այս աշխարհի բազում մեղքերի պատճառով Աստծո համբերության բաժակն արդեն պռնկեպռունկ լիքն է, իսկ վրեժխնդրության կրակը՝ բորբոքված՝ թեժ հնոցի նման»: Սիրելի հոգի՛, այս ամենը, ինչ գրվեց, կարդացի՞ր. հիմա ես անպարտ եմ, քանի որ դու էլ զգուշացվեցիր: Մնացածը քո հավատի գործն է. վարվիր կամքիդ համաձայն: Բայց մի բան հաստատ իմացի՛ր. ինչ գրված է, անշուշտ, պիտի կատարվի և շուտով պիտի կատարվի, քանզի զգուշացման Խոսքն Աստվածաշունչ սրբասուրբ Գրքից է մեջբերված. և ով ականջ ունի, կլսի ու կփրկվի... Իսկ եթե ինձ հարցնեն, թե ինչո՞ւ ես գրել այս գիրը, կպատասխանեմ ԱՍՏԾՈ խոսքով. «Քանզի գալիս է ժամանակը, և ամեն սիրտ պիտի հալվի, և ամեն ձեռք պիտի թուլանա, և ամեն հոգի պիտի մարի, և ամեն ծունկ ջրի պես պիտի լինի. քանզի ահա գալիս է (կրակի պես վառված) այդ ԱՀԵՂ ՕՐԸ. ու պիտի կատարվի՛ այս ամենը» (Եզեկիել 21.5-7)։ ՈՒրեմն՝ քանի դեռ այդ ահեղ Օրը չի հասել, մենք էլ աղոթենք ու ասենք. ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ, ՏԵՐ, ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ, ԳՈՎՅԱԼ ՈՒ ՓԱՌԱՎՈՐՅԱԼ Է ՔՈ ԱՆՈՒՆԸ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ։ ԱՄԵՆ։ Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
29/06/2010 |
ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ |
Մինչև հիմա գիտությունն իր բոլոր հնարավորություններով դեռևս չի պարզել, թե ինչն է պատճառը, որ մարդիկ ու կենդանիները քնում են, առավել ևս, անհայտ է երազների ծագման բուն պատճառը, ավելին՝ դրանց նպատակը։ Այո՛, նպատակը, որովհետև չկա հետևանք առանց պատճառի։ Գրիգոր Լուսավորիչն իր «Հաճախապատում» աշխատության մեջ անդրադարձել է գիշերային քնին. «Եվ գիշերը (Աստված) տվեց քնով հանգստի համար՝ փարատելու հոգնությունը, որ տկարությունը զորանա, և հանգստով ուժ գտնելով՝ ցերեկը նորից դառնա իր գործին, որ օգուտ ու շահ ստանա (որովհետև հանգիստն ու աշխատանքը միմյանց կարիքն են զգում)»։ Իսկ Գրիգոր Տաթևացի եռամեծ վարդապետը քունը դասակարգում է չորս տեսակի. երկուսը` բարի, երկուսը՝ չար. «Նախ` բնական քունը բարի է, իսկ երկրորդը՝ հավիտենականը, բարեգույն է։ Երրորդը՝ չար է մեղավորների քունը, իսկ չորրորդը՝ տանջանքների քունը, չարագույն է։ Բնական քունը բարի է, քանի որ հանգստանալով, մարդը կարող է շարունակել բարիք ստեղծել ու գործել։ Իսկ հավիտենական քունը, ըստ Հոբ Երանելու` մահը, մարդկանց հանգիստն է, քանզի զերծ է աշխարհի չարչարանքներից ու մեղքից, իսկ հարության օրը կարթնանան մեռելությունից։ Իսկ չարէ քունը, երբ մարդը մեղքերով է իջնում անրջական երազների աշխարհ, իսկ առավել չարագույն է, երբ մեղքերի բեռով, թմրած հոգով, հավիտենական քուն է մտնում ու հայտնվում դժոխքի տանջանքների մեջ»։ Մինչև այսօր պարզված չէ` Աստծո մյուս կենդանի արարածները երազներ տեսնո՞ւմ են, թե՞ ոչ, բայց որ մենք՝ մարդիկս, անընդհատ գտնվում ենք դրանց անտեսանելի ոլորտում կամ էլ իշխանության տակ, փաստ է։ Սուրբ հայրերը, որ մեզնից լավ գիտեն մարդու ներաշխարհի գաղտնիքները, երազի գոյությունը բացատրում են որպես հոգու կենդանության ամենավառ ապացույց, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը քնած է, ու այլևս չեն գործում հինգ զգայարանները, որոնցով մարդը կապվում է արտաքին՝ նյութական աշխարհի հետ, իսկ հոգին մեզ համար դեռևս անհասկանալի իմացականությամբ անհայտ աղբյուրներից գալիքի մասին տեղեկություններ է ստանում, որոնցից եզակիներն էլ մարգարեական արժեք են ստանում։ Սիմեոն Նոր Աստվածաբանը երազի խորհուրդը մեկնաբանում է այսպես. «Ինչի մասին որ մարդու հոգին զբաղված է ու խոսում է արթուն ժամանակ, այդ մասին էլ փափագում կամ փիլիսոփայում է երազում։ Եթե ամբողջ օրն անցկացնում է մարդկային հոգսերի ու գործերի մեջ, դես ու դեն ընկնում, երազում էլ է աճապարում դրանց հասնել»։ Մեր ժողովուրդն այս հոգեվիճակը բացատրել է ավելի կարճ. «Հավը երազում կորեկ է տեսնում»։ Նուրբ հոգեբան և քահանա Ալեքսանդր Ելչանինը երազի մասին այսպես է գրում. «Երազում, երբ մարում է մեր նորմալ գիտակցությունը, վերանում է մեր իսկ վրա ունեցած անձի սեփական հսկողությունը, երբ մենք լիովին անկեղծ ու շիտակ ենք դառնում, ու կեղծ ամոթխածությունը մեզ չի խանգարում, այդ ժամանակ մեր սկզբնական էության ենթագիտակցական խորքերում բացվում, մերկանում են հոգու ամենախոր շերտերը, և մենք, ավելի, քան երբևէ, դառնում ենք ինչպիսին կանք։ Մեր երազների տիպիկ պատկերները, տեսիլքներն ու հոգեվիճակը ամենաիրական, մեր անձի ոչ մի բանով չքողարկված երևակումն են»։ Իսկ երբ քրիստոնյան իր կատարելիք պարտականություններն ու գործերը կարգավորում է ըստ Աստծո պատվիրանների, ապա երազում նա առավել իմաստնանում է տեսիլքներով, իսկ արթնանալուց հետո համեմատելով դրանք Աստծո խոսքի հետ, առավել մեծ հմտությամբ ու հաջողությամբ է առաջնորդվում։ Այդպիսին են եղել Հինկտակարանային շատ ընտրյալներ` Աբրահամը, Իսահակը, Հակոբը, մանավանդ նրա որդի Հովսեփ Գեղեցիկը, որը երազներով առաջնորդվելով և Աստծո երկյուղով ու ողջախոհությամբ գայթակղիչ կնոջից իրեն հետ պահելով, ի վերջո դառնում է Եգիպտոսի ամենահարգված մարդը փարավոնից հետո։ Իսկ այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են սեփական մեղսալից ցանկություններով, միայն երկրայինն ու անցողիկը փափագելով, դրանց հասնելու համար կանգ չառնելով ոչ մի մեղքի առաջ, ընդհուպ մարդասպանության հասնելով, ի սկզբանե առաջնորդվելով չարի խորհուրդներով, ի վերջո, դառնում են սատանայի կամակատարներ ու ընկնում նրա գերության կապանքների մեջ։ Այո՛, երբեմն էլ բառիս բուն իմաստով նրա իշխանության տակ, քանի որ նման մարդիկ օրնիբուն հալածվում, տագնապում, երբեմն անելանելի վիճակներում են հայտնվում սեփական մեղավոր ձգտումների պատճառով։ Իսկ այդ ամենի իներցիան արտացոլվում և շարունակվում է նաև իրենց երազներում. իսկ նման երազները կոչվում են մղձավանջային տեսակներ, որոնք անտեսանելի կերպով ապացուցում են, որ տվյալ անձնավորությունը ներքնապես գտնվում է դիվային զորությունների կապանքների մեջ։ Եթե նման մարդիկ արթմնի վիճակում չհրաժարվեն իրենց մեղավոր ցանկություններից ու զղջումով չապաշխարեն արդեն կատարածների համար, ապա նրանք առավել դաժան գերության են տարվելու չար ուժերի կողմից, ընդհուպ դիվահարության ու նույնիսկ ինքնասպանության հասնելով։ Դրա ամենավառ ապացույցը Հիսուսի առաքյալներից մեկն է՝ Հուդան, որն իր սրտում փայփայեց երեսուն արծաթի համար իր Տիրոջը և ՈՒսուցչին՝ Հիսուսին, մատնելու ցանկությունը և վերջնականապես որոշեց կատարել մատնությունը։ Հովհաննու Ավետարանն ասում է. «Սատանան նրա ներսը մտավ» (Հովհ. 13.27)։ Իսկ այդ ամենի հետևանքը շատերս արդեն գիտենք, քանի որ Հուդան գնաց ու իրեն կախեց։ Այսպիսով, երբ մարդն իրեն չի հանձնել Աստծո Սուրբ Հոգուն (որը սկսվում է մկրտությամբ), այդ ժամանակ նման մարդկանց հեշտությամբ իշխում և երազներում հալածում են չար ոգիները, քանի որ քնած ու անպաշտպան հոգիներին հեշտությամբ են տիրում պիղծ ոգիները։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ դրանք մղձավանջային երազներով վախեցնում են մանկահասակ երեխաներին (ընտանիքի մեծերի մեղավոր արարքների պատճառով), որոնք մկրտությամբ դեռ չեն հանձնվել Աստծու խնամքին ու պաշտպանությանը։ ՈՒ բազում են օրինակները, երբ անհանգիստ ու միշտ երազներում վախից վեր թռչող երեխաներին տանում են եկեղեցի ու մկրտում Սուրբ ավազանում, դրանից հետո երեխաները հանգիստ ու անխռով քնում են մինչև առավոտ։ Լինում է, որ մարդիկ իրական կյանքում կարծես թե ողջախոհ են, իրենց հետ են պահում զանազան գայթակղություններից, բայց, արի ու տես, իրենց երազներում շնանում կամ անցանկալի արարքներ են թույլ տալիս։ Այս մասին եկեղեցու հայրերն ասում են, որ նման մարդիկ դեռևս ամբողջովին չեն մաքրել իրենց հոգիները խոր զղջումով ու խոստովանությամբ, այդ պատճառով հոգու խորքերում դեռ թաքնված են մեղքի արմատները։ Այսպիսով, մեր երազները, կարող ենք ասել, մեր հոգու հայելին են, որոնք արտացոլում են մեր իրական հոգեվիճակը։ Սուրբ Նիկիտա Ստիֆատը երազները բաժանում է երեք խմբի. ա) պարզ, բ) դիտողական, գ) հայտնութենական։ Պարզ երազները դասվում են վերը նկարագրված այն երազների շարքին, երբ մեղավոր ու ցանկասեր, միայն երկրային արժեքները փնտրող հոգին խաբվում է չար ոգիներից և ունայն բաներով է հրապուրվում նույնիսկ երազներում, դրանով իսկ իր հոգու դատարկությունն է արտացոլվում։ Դիտողական երազները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ձգտում են իրենց հոգևոր աշխարհը մաքրել կատարած մեղքերից ու անօրենություններից։ Այդպիսի մարդկանց մարդասեր Տերն ուղարկում է դիտողական երազներ, որոնց միջոցով մարդը Աստծո կամքի գիտությամբ հոգևոր ավելի մեծ բարձունքների է հասնում։ Օրինակ, Մենդելեևն իր հայտնագործած քիմիական տարրերի աղյուսակի մի մասը ստացել է երազների միջոցով։ Իսկ որպես ժամանակակից օրինակ, պատմեմ մի դեպք քրիստոնյա եղբոր կյանքից։ Նա իր երազներում հաճախ էր ընկնում շնության մեղքերի մեջ, նույնիսկ երազախաբության ախտի մեջ, չնայած նա վաղուց էր դադարել իրականում նման բան կատարել։ ՈՒ երբ հոգևոր գրականության միջոցով նա իմանում է, որ իր կատարած նախկին շնության և այլ մեղքերը դեռևս իր հոգում քավություն չեն գտել, այսինքն` խոստովանությամբ քահանայից մեղքերի արձակում չեն ստացել, այդ պատճառով սատանան դրանց միջոցով որպես ոտնահետքի տեղ ունենալով սողոսկում է իր հոգևոր ներաշխարհն ու երազում զանազան ձևերով գցում մեղքի մեջ, այդ եղբայրը գնում է և մնացած մեղքերի հետ քահանային շնության մեղքերն էլ է խոստովանում։ Երբ թեթևացած սրտով ու մաքրված հոգով նա այդ գիշեր պառկում է քնելու, երազում իրեն տեսնում է մի կամարաձև դռան առջև, որի մոտ մի պահակ կար կանգնած։ Երբ նա (խոստովանված հոգին) ուզում էր մտնել ներս, անարգել թույլ են տալիս, բայց մինչ մտնելը մի աննշան թվացող բան է կատարվում. երբ նա ուզում էր ներս մտնել դռնից, միաժամանակ մի փոքրիկ, գեղեցիկ շնիկ էլ էր ուզում ներս մտնել իր հետ, բայց պահակը ոտքով արգելում էր նրան։ Շնիկը գնում, պտտվում էր ու նորից էր ուզում ներս մտնել, բայց պահակը նորից թույլ չէր տալիս։ Այդ ժամանակ այդ քրիստոնյան, որն արդեն ներս մտնելու թույլտվություն էր ստացել, ասում է պահակին. «Ինչո՞ւ չես թույլ տալիս, որ այս գեղեցիկ ու փոքրիկ շունը ներս մտնի»։ Պահակը պատասխանի փոխարեն ոտքը հետ է քաշում, և շունն իսկույն դռնից ներս է մտնում։ Դրանից հետո այդ եղբայրն է մտնում, ու տեսնում է մի հիասքանչ ու անծայրածիր կանաչ խոտով ծածկված դաշտ, որտեղ ոչ մի փուշ ու տատասկ չկար, այլ համատարած թավշանման սարի սմբուլի նման քամուց մեղմ օրորվող հոգեզմայլ զմրուխտե կանաչություն էր տիրում։ Մինչ այդ եղբայրը հիանում էր բացված տեսարանով, հանկարծ այդ պստլիկ շունը վազում, մտնում է բարձր խոտերի մեջ ու անհետանում աչքից։ Այս ու այն կողմ նայելուց ու փնտրելուց հետո նա արթնանում է, ու առաջին միտքը իսկույն սա է լինում. «Ի՞նչ էր նշանակում այդ շնիկը, և ի՜նչ գեղեցիկ էր այդ կանաչ զմրուխտե դաշտը»։ ՈՒ քանի որ Աստված երազների միջոցով ուղղորդում է Իրեն հավատացող հոգիներին, ներքին պատասխանն այս է լինում. «Կանաչ ու անփուշ, անտատասկ դաշտը քո հոգին է, որ մաքրեցիր զղջումով ու խոստովանությամբ, իսկ այդ փոքրիկ շնիկը աննշան ու հաճելի թվացող մեղքերն է, որ քո կամքով թույլ ես տալիս քո հոգու ներաշխարհը, որոնք կարծես թե չեն երևում, բայց իրականում դրանք կան, որոնք և կխանգարեն քո հոգևոր աճին»։ Դրանից հետո այդ քրիստոնյան աղոթում և խնդրում է, որ Տերն իրեն հասկացնի, թե այդ որ մեղքն է, որ աննշան է թվում, միաժամանակ և ցանկալի, ու շուտով ստանում է պատասխանը, ու հրաժարվում է դրանից ևս։ Այդ օրվանից նրա երազները դառնում են «անմեղ ու մաքուր», և առավոտյան արթնանում է հանգիստ և ուրախ սրտով։ Թող ընթերցողն այս օրինակից ինքն էլ դաս առնի և խոստովանությամբ մաքրվի իր աննշան ու անմեղ թվացող ցանկություններից, որ երբ գա պատասխան տալու օրը, խաբված չլինենք պիղծ դևերի հնարքներից։ Երրորդ երազատեսակը, ըստ սրբի բնորոշման, ասացինք, հայտնութենականն է, ինչը լինում է Սուրբ Հոգով լցված մարդկանց հետ, ովքեր հարատև աղոթքներով, մեծ ժուժկալությամբ ու մաքուր քրիստոնեական կյանքով արժանանում են Տիրոջ հայտնությունների փոխանցողները լինելուն։ Սրա կատարյալ տեսակը տեսիլային հայտնություններն են, որոնք ոչ թե խոնջանքի ու հանգիստ քնի ժամանակ են տրվում, այլ արթմնի։ Դրա ամենավառ օրինակը Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հովհաննես առաքյալի Հայտնությունն է, որտեղ գրված է. «Ես՝ Հովհաննեսը, ձեր եղբայրը և վիճակակիցը նեղության, թագավորության և համբերության, որ են Քրիստոս Հիսուս, եղա այն կղզում, որ կոչվում է Պատմոս՝ Աստծո խոսքի և Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, ու իմ հետևից լսեցի փողի ձայնի նման բարձր ձայն…» (Հայտն. 1.9)։ Գալիքի մասին երազը մարդուն տրվում է Նուրբ կոչվող քնի ժամանակ, երբ հոգին խիստ զգայուն է երկնքի հանդեպ։ Ընդհանրապես երազների խորհուրդը դարերով արծարծվել է թագավորից սկսած, մինչև վերջին ռամիկը, ինչի մասին դարձյալ մեզ պատմում են աստվածաշնչային բազմաթիվ վկայությունները։ Նախկինում թագավորներն իրենց արքունիքում հատուկ երազահան իմաստուններ էին պահում, որոնք պետք է թագավորին օգնեին ճիշտ կառավարելու իր երկիրը. Նաբուգոդոնոսոր արքայի երազներն ու Դանիել մարգարեի մեկնությունները դրա ամենալավ ապացույցն են։ Իսկ այս վերջին ժամանակների համար երազների վերաբերյալ նույնպես մարգարեություն կա, քանի որ դրա միջոցով Աստված Իր կամքն է հայտնում Իրեն հավատացողներին։ Ինչպես, օրինակ, Պետրոս առաքյալն է ասում Հոգեգալստյան օրը. «Այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին,- ասում է Աստված,- որ Իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ պիտի տեսնեն, և ձեր ծերերը երազներ երազեն, և Իմ ծառաների ու Իմ աղախինների վրա այն օրերին Իմ Հոգուց պիտի թափեմ, և նրանք պիտի մարգարեանան։ Եվ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում, երկրի վրա՝ նշաններ, արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա և լուսինը՝ արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։ Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2.16)։ Ահա ուրեմն երազների կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծվեց Պետրոս առաքյալի բերանով։ Բայց արի ու տես, սատանան մարդկանց մոլորեցնելու համար, օգտվելով նրանց տգիտությունից, զանազան հնարքներ է բանեցնում, որ մարդը իր երազներին սեփական մեկնաբանություններ տալով խաբվի ու ավելի մեծ մեղքի մեջ հայտնվի։ Դրա համար սուրբ հայրերը խորհուրդ են տալիս բոլոր երազներին չտրվել, այլ եղածն էլ աղոթքով Տիրոջ առջև հանել, և ասել. «Տե՛ր, այս երազը որ տեսա, եթե Քեզնից էր, ապա Դու ողորմիր և օգնիր ինձ, իսկ եթե չարից է ու մեղքերիս պատճառով, Դո՛ւ խափանիր»։ Օրինակ, Գրիգոր Լուսավորչի համար Տրդատ թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, երբ տեսնում է երազն ու պատգամ ստանում, որ գնան Գրիգորին մահվան գուբից դուրս հանեն, շատերի համար դա ցնդաբանություն թվաց, քանի որ տասնչորս տարի էր անցել։ Բայց երբ երազը կրկնվեց, ու մինչև իսկ հինգ անգամ, այդ ժամանակ մարդիկ հավատացին ու գնացին, ու մահվան գուբից կենդանի նահատակ Գրիգորին հանեցին։ Այնպես որ, Տերն Իր կամքը երազների քանակական ձևով էլ կարող է հաստատել, միայն թե մաքուր անոթներ գտնվեն։ Բայց չարի խաբկանքներից են տարբեր երազահանները, որտեղ հատորներով մանրամասնորեն նկարագրում են, թե այսինչ բանը երազում տեսնելուց այսինչ բանը կպատահի։ Սա արդեն կախարդության ոլորտին է վերաբերում, ինչից պետք է շատ զգույշ լինել ու տեղի չտալ, այլապես սատանան քո իսկ տեսած երազից օղ սարքած, քթիցդ բռնած քեզ կտանի փորձանքի։ Այդ պատճառով երանելի Հովհաննես Սանդուխքը երազների մասին գրում է. «Երազներին հավատացողը նման է այն մեկին, որ ստվերի հետևից է վազում ու ցանկանում է բռնել այն։ Փառասիրության դևերը նմանների երազներում վերափոխվում են մարգարեների ու գուշակների։ Նա, ոգի լինելով, տեսնում է շուրջը կատարվողները, և հասկանալով, որ մեկը մահանում է, տեղեկացնում է թեթևամիտներին, որ իբր տեսանող է դարձել։ Դևերը լուսո հրեշտակների կերպարանքի վերափոխվելով, երբեմն մի նահատակի կերպարանքով, գալիս են երազում ու, մեզ հետ կապի մեջ մտնելով, կեղծ ուրախության ու փառասիրության մեջ են գցում։ Մինչդեռ սուրբ հրեշտակները ցույց են տալիս տանջանքներ, մահվան վտանգ, ինչից մենք արթնանալով ահով ենք լցվում, որը մեզ ապաշխարության է տանում։ Եթե սկսենք հնազանդվել դևերին երազներում, ապա նրանք կսկսեն նաև արթուն ժամանակ մեզ ծաղրել։ Երազներին հավատացողները բոլորովին անփորձ են, իսկ չհավատացողներն իրապես իմաստուն են։ Վստահիր միայն այն երազներին, որոնք քեզ զգուշացնում են գալիք տանջանքների ու դատաստանի (Աստծո, իհարկե) մասին, իսկ եթե դրանք քեզ հուսահատության են մղում, ապա այդ երազները չար ոգիներից են»։ (շարունակելի) Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
|
|
29/06/2010 |
«ՄԵՐ ԽԱՉՎԱԾ ՓՐԿՉԻ ՅՈԹ ԽՈՍՔԵՐԸ» |
Երաժշտական արվեստն իր բարձունքներին հասավ, երբ «փարվեց» ու շաղախվեց Աստվածաշնչի կենարար խոսքերին` ի դեմս Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Կոմիտասի և այլ մեծերի գլուխգործոցների։ Միևնույն սաղմոսը կամ ավետարանական դրվագը յուրովի է արտացոլվել տարբեր ժամանակների կոմպոզիտորների գործերում։ Օրինակ, «Մեր խաչված Փրկչի յոթ խոսքերը» վերնագրով երկեր են հորինել Հայնրիխ Շյուտցը` 17-րդ, Յոզեֆ Հայդնը` 18-րդ, Սոֆյա Գուբայդուլինան` 20-րդ դարում։ Ընդ որում, ինչպես նշում է Վալենտինա Խոլոպովան, որպես հանգերգ, Գուբայդուլինան իր հորինվածքում մեջբերում է Շյուտցի համանուն օրատորիայից մի դարձված, որ պարբերաբար հնչում է 1-ին, 3-րդ և 5-րդ մասերում։ Այն մեջբերել է նաև Թոմաս Բուխհոլցը` իր 7-րդ սիմֆոնիայում («Exequi»)։ Ահա չորս ավետարաններից քաղված Հիսուսի վերջին յոթ խոսքերը. 1. Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին, և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին։ Եվ Հիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկաս, գլ. 23, 34)։ 2. Իսկ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը և նրա մորաքույրը` Կղեովպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուս տեսավ մորը և այն աշակերտին, որ մոտ էր կանգնած, որին նա սիրում էր, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհաննես, գլ. 19, 26-27)։ 3. Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։ Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո արքայությամբ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկաս, գլ. 23, 39-43)։ 4. Եվ վեցերորդ ժամից սկսած ամբողջ երկրի վրա խավար եղավ մինչև իններորդ ժամը։ Իններորդ ժամի մոտ Հիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՛, էլի՛ լա՞մա սաբաքթանի», այսինքն` «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթեոս, գլ. 27, 45-47)։ 5. Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամեն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց. «Ծարավ եմ» (Հովհաննես, գլ. 19, 28-29)։ 6. Եվ այնտեղ քացախով լի աման կար. նրանք լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին և այն դրին եղեգի ծայրին ու մոտեցրին նրա բերանին։ Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ կատարված է» (Հովհաննես, գլ. 19, 29-30)։ 7. Եվ շուրջ վեցերորդ ժամն էր. և խավար եղավ ամբողջ երկրի վրա մինչև իններորդ ժամը, արեգակը խավարեց։ Եվ տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց։ Եվ Հիսուս բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղուկաս, գլ. 44-46)։ Բազում կոթողների շարքում վեր է խոյանում Միքելանջելոյի «Պիետա» քանդակը։ Անշուշտ, սքանչելի սրբապատկերներ կան նաև բյուզանդական, ռուսական և հայկական արվեստում։ Անդրադառնալով վերջինիս, Ավետ Ավետիսյանը նշում է. «Դրա լավագույն օրինակը... Մոմիկի գործն է» (14-րդ դ.)։ Իսկ 17-18-րդ դդ. անանուն մի նմուշի մասին գրում է. «Աստվածամոր այս պատկերը Հովսեփ վարդապետ Աստապատցու նվերն է Սուրբ Էջմիածնին»։ Ղուկաս ավետարանչին վերագրվող «Յօթվիրաց» սրբապատկերի հրաշագործ ուժի մասին վկայում է Արտակ եպիսկոպոս Սմբատյանը. «1851 թվին Ներսես Ե կաթողիկոսը հիվանդ լինելով, տանել է տալիս պատկերը Էջմիածին` աղոթելու համար, ապա Աղեքսանդրապոլի ժողովրդի դիմումներին զիջելով, 1852 թվին վերադարձնում են պատկերը և դնում Ս. Աստվածածին եկեղեցում» (Յոթվերք)։ Նկարում պատկերված Մարիամի սիրտը խոցված է յոթ սրերով, որոնք խորհրդանշում են Հիսուսի հիշյալ յոթ խոսքերը։ Այս կերպարը հարստացրել է նաև պոեզիան։ Օրինակ, Վահան Տերյանը բազմաչարչար Հայաստանը բնորոշում է որպես «Յոթնապատիկ խոցված Տիրամայր»... Հիշենք նաև, որ 7 թիվը նախ և առաջ խորհրդանշում է հենց Արարչին։ Փրկչի յոթ խոսքերի հիման վրա իր «յոթնապատումը» Հայդնը կերտել է 1785 թվականին։ Այն հասցեագրված է լարայինների, փողայինների, լիտավրների նվագախմբին և բաս ձայնի ռեչիտատիվին։ Գործը պատվիրել էր Քադիքսի եկեղեցին։ Հայդնն այնքան էր սիրում այս ստեղծագործությունը, որ այն փոխադրեց լարային քառյակի, ինչպես նաև դաշնամուրի համար։ Իսկ Անգլիա կատարած իր երկրորդ այցելությունից հետո այս գործը վերափոխեց օրատորիայի։ Երկու երգչախմբի և նվագախմբի համար գրված օրատորիան բաղկացած է երկու խոշոր բաժիններից, որոնք սկսվում են ինտրոդուկցիաներով։ Ընդ որում, առաջին բաժինն ընդգրկում է չորս, իսկ երկրորդը` երեք համար։ Ստեղծագործությունը եզրափակվում է վերջաբանով, որը պատկերում է երկրաշարժի տեսարանը, արևի խավարումը։ Նվագախմբային տարբերակում յուրաքանչյուր համարից առաջ, որպես բնաբան, ասմունքողն ընթերցում է Ավետարանի համապատասխան համարը, որը և պարունակում է Փրկչի խոսքը։ Երաժշտագետ Յուլի Կրեմլյովը նշում է Հայդնի աշակերտ Մոցարտի ազդեցությունն այս երկի վրա, մասնավորապես, մեղեդայնությունը և գորովանքը։ Սրան ավելացնենք նաև «ռե-մինոր» տոնայնությունը, որից Մոցարտը պիտի սկսեր իր անմահ «Ռեքվիեմը»։ Նշենք նաև նմանությունը նույն Մոցարտի «դո-մինոր» դաշնամուրային մեծ կոնցերտի 1-ին թեմայի պաթետիկ պոռթկումին, որն արտահայտված է փոքրացրած սեպտիմա առանցքային ինտերվալի թռիչքով։ Վառ կերպարներով առլեցուն Հայդնի այս գլուխգործոցում կարելի է լսել դեպի Գողգոթա տանող ծանր քայլերը, Հիսուսի ձեռքերն ու ոտքերը խաչին գամող մուրճի հարվածները, Տիրամոր ողբը, տաճարի վարագույրի պատռվելը և Գողգոթայում կատարվածի այլ արձագանքներ։ Այս տեսարանները կատարելապես պատկերված են նաև Յոհան Սեբաստիան Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» պասիոնում։ Ահավասիկ, տենորի (թիվ 32) արիայի մասին Ալբերտ Շվայցերը գրել է. «Ժպիտ` արցունքի միջով։ Թվում է, թե տեղափոխված ես մի դաշտ, ուր ծաղկում են զանգակածաղիկներ։ Արիայի նվագարանային ձայնագծերի կամարներում երևում է մի ծիածան, որը սփռվում է մեղքերից սրբված աշխարհի վրա»։ Հատկանշական է, որ Սոֆյա Գուբայդուլինայի հիշյալ գործը վերլուծելիս Վալենտինա Խոլոպովան նույնպես համեմատություններ է անում ծիածանի հետ։ Մարդուն Արարչի հետ հաշտեցնող այդ խաղաղարար ծիածանը, հանց լուսապսակ, շողշողում է ու թրթռում նաև Յոզեֆ Հայդնի այս բիբլիական ստեղծագործության հնչյունային տիեզերքում։ Դանիել ԵՐԱԺԻՇՏ Հ. Գ.- Յոզեֆ Հայդնի «Մեր խաչված Փրկչի յոթ խոսքերը» ստեղծագործությունը «Շարականի» կատարմամբ տեղի կունենա 2010 թ. հունիսի 30-ին, ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
|
|
22/06/2010 |
«ԵԹԵ ԿԻՆԸ ՀՂԻ Է, ԹՈՂ ՉԿԵՆԱԿՑԻ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼԸ» |
ԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ Տերը Հին կտակարանում ասում է. «Իմ ժողովուրդը կորչում է գիտություն չունենալու պատճառով, որովհետև նրան սուտ հովիվները մոլորեցրին»: Այս տեսակետից Դավիթ Ալավկա որդու (12-րդ դար) կանոնները սրտամոտ մտերմությամբ ընտանիքն ու անհատին, ազգը և ողջ մարդկությունն առողջացնող կենդանի կյանքի գործնականություն ունեն` գիտությանը օժանդակող իմաստություններով. «Եթե կինը հղի է, թող չկենակցի մինչև երեխայի ծնվելը, քանի որ շատ ու շատ խեղումներ, որ լինում են երեխայի մարմնի վրա, հետևանք են հղիության և դաշտանի ժամանակամիջոցում ունեցած զուգավորության» (գլուխ 51): Իսկ երբ մենք` մարդու որդիներս, կուռք ենք դարձնում մեր ցանկությունը վայրենի սանձարձակությամբ կատարել, հաշվի չառնելով, որ մեր զավակ պտուղը վաղվա մեր սերունդն է լինելու, վաղվա մեր փառքն ու պատիվը, վաղվա տերը երկիր մոլորակի, պատճառ ենք դառնում բազում ցավերի, խեղումների և հիվանդությունների, որոնցով անխղճորեն տառապեցնում ենք մեր երեխաներին, դժոխային դարձնելով նրանց ճակատագրերը: Ապա և հետո քաղում ենք մեր ցանկությունը և տգիտությունը աստվածացնելու դառն ու անհանդուրժելի պտուղները, և այդ մանկանց մեծ մասը, լույս աշխարհ գալով, հանիրավի չարչարվելու խնդիրներ է ունենում ու տարաբախտ, անհաջողակ կյանք: Եթե խախտվում է հղիության ժամանակ չկենակցելու պատվիրանը, Ալավկա որդու միջոցով Աստծուց ապաշխարանք է սահմանվում լսող մարդկանց` մեկ շաբաթից սկսյալ մինչև քառասուն օր: Իսկ եթե սովորույթ դարձնեն այս պատվիրանը ոտնակոխել, մանավանդ քահանաները, ենթակա են լինում արդեն Աստծո դատապարտող նզովք-պատժին, հավելյալ նաև` պտղի նկատելի թե աննկատ խեղությունն է մնում, որպես խրատ ոտնելու վարձ: Ընտանեկան խնդիրներում ճշմարտությունը ճանաչելու մեկ լայն քայլ է Դավթի առաքելությունը: Կնոջ դաշտանի պատճառի ու նպատակի մասին քչերս կլինենք, որ լիարժեք, Տիրոջից հօգուտ սահմանված տեղեկություններ ունենանք, և մեր իմացությունը կնոջ դաշտանի մասին խեղ ու թերի է եղել, որպես թե միայն կնոջ մարմնից աղտեղի արյուն է դուրս գալիս: «Սակայն,- ճանաչելու միտք ունեցող ժողովրդին հետևյալ իմաստությունը ճանաչեցնում է Դավիթը,- դաշտանը չպետք է պիղծ բան համարել, քանի որ բնությունից է, իսկ քանի որ բնությունն ամբողջովին Աստծու ստեղծածն է, ուրեմն և նրա ստեղծածների մեջ արատավորություն չկա: Եվ այսպես, սրանով է սնվում մանուկը մոր արգանդի մեջ և սրանով է ապրում նաև ծնվելուց հետո, մինչև կրծքից կտրվելը: Կանացի բնությունից է, որ ամսեամիս նրա մեջ ավելացած այս արյունը մարմնից դուրս է հոսում 7 օրվա ընթացքում: Երբ կինը հղիանում է, և մանուկը մոր արգանդում կենդանություն է ստանում, մանկամայրը դրա` ամսեամիս արյան դուրս հոսելու կարիքը չունի, քանի որ նրանով է սնվում մանուկը մոր որովայնի մեջ: Այս պատճառով է հղիության ժամանակ դադարում արյունը: Նույնպես և ծննդաբերելուց հետո, քանի դեռ մանուկը ծծկեր է` մայրը դաշտան չի ունենում, որովհետև արյունը ինչպես փողի միջով իջնում է մոր ստինքների մեջ և փոխվում սպիտակ կաթի, որով սնվում է մանուկը: Երբ մանկանը կրծքից կտրում են` արյունը դառնում է իր նախկին բնույթին: Երբ հարուստ տան կանայք նորածիններին տալիս են ստնտուի և իրենք մանկանց կաթ չեն տալիս, ապա արյունը, ըստ բնության, շուտափույթ դուրս է հոսում»: «Ինչո՞ւ է ամսեամիս լինում և տևում 7 օր: Քանի որ, ըստ լուսնային ամսի, բնության մեջ չորս անգամ յոթ օրով աճում է ավիշը. նույնպես և մարմնի բնության կարգն է նրա հետ աճել և նրա հետ նվազել, և այսպես` մարմնի նվազումը մեկ յոթնօրյակում ավարտվում և բնությունը պարզվում է: Օրենքը արգելում է այդ օրերին կնոջը մերձենալ, և ահա թե ինչու, օրինակի համար, հողագործը սերմը չի ցանում ջրաբուխ կամ տղմոտ և ցեխոտ հողի մեջ, որպեսզի ջրերի առատությունը չողողի և դուրս չհանի արտից սերմերը` դրանք անբույս դարձնելով: Այս օրինակում արտը կինն է և մշակը` տղամարդը, որ սերմում է: Իսկ եթե սաղմը բռնի աղտոտ, վնասակար արյան մեջ, բեղմնավորված զանգվածի բնությունը կավերվի և չարաչար փորձանքներ առաջ կբերի, այն է` պիսակություն (սեռական վարակ), բորոտություն, շլություն, բնածին կուրություն, խեղումներ, ականջի ծռություն, ոտքի և ձեռքի հաշմություն, ավելորդ անդամներ ու գոյացումներ, որ հանդիպում են մարմնի վրա, ինչպես և ընկնավորություն ու անբուժելի այլ հիվանդություններ: Այս բոլոր չարիքների պատճառով աստվածախոս օրենքները, մարգարեները, առաքյալները և վարդապետները տղամարդկանց արգելում են այդ ժամանակ մերձենալ կանանց: ՈՒստի, ով որ անկարգ ցանկությամբ մերձենա, պատասխանատու է այսպիսի չարիքների և իր երեխաներին սպանելու համար: ՈՒրեմն, եթե մեկն արհամարհի աստվածային այս պատվիրանը և այն ժամանակ մերձենա կնոջը, մահապարտ է և պոռնիկների շարքին է դասվում, լինի կին, թե տղամարդ» (գլուխ 67): Այնքան հստակ են Դավթի բացատրությունները, որ միայն այս հստակ ու պարզ գիտելիքներն ունենալով էլ կարելի է թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական բազմաթիվ դժբախտություններից փրկվել-ազատվել, եթե հսկենք մենք մեզ և մեր ցանկության կամակատարը դառնալուց հետ կանգնենք, ըստ աստվածային հստակ պատճառաբանված այն գիտությունների, որոնցով Դավիթն է խոսում: Իսկ «Մահապարտ է» ասելով, Դավիթը նկատի ունի մահապարտներին հասանելիք ծանր ապաշխարությունը, որպես հանցանքի կրճատման միջոց: Իսկ երբ Դավիթ Լուսավորչի հիշատակած ծանր հիվանդություններն են հետևանք պատվիրանի խախտման և նույն այդ հիվանդները, փոխանակ Քրիստոսին դառնան, ինչպես Ավետարանում է պատմվում, թե նման հիվանդներին տանում էին Քրիստոսի մոտ և Նա բժշկում էր նրանց, ապա եթե այդ հիվանդներն են իրենց հերթին սրբորեն մերձեցման պատվիրանը շարունակում անարգել, ապա հիվանդի ժառանգներն առավել հիվանդ չե՞ն լինի: Բնականաբար: Սակայն Աստված մարդուն կամք է տվել ինքն իր ցանկության վրա հսկելով պատվիրան պահելու` հանուն թե՛ իր անդատապարտության, թե՛ վաղվա առողջ ժառանգների: Նույն գլխում խնդիրն ավելի է մեկնում Դավիթը, թե ինչու է կնոջ արնահոսելու փուլը երեսուն օրով, թե երբ է ամուսնության հասակը և նպատակը, և թե ինչու վաթսուն տարեկանից վեր վայրենություն է դիտվում և վնասակար է ամուսնանալը, որովհետև կնոջ մոտ դաշտանադադար է սկսվում, իսկ տղամարդու սերմը պտղաբեր լինելուց սկսում է հանգչել: Նաև ընտանեկան կյանքն առավել առողջ ու զգուշությամբ բարին պահելու կարգ է, որ քրիստոնյան «տասը տարեկանից մեծ մանուկներին չպետք է քնեցնի իր անկողնում, այլ տեղավորի իրենից հեռու, մի առանձին տեղ: Այդպես և եղբայրներին և քույրերին, որպեսզի պղծություն չսովորեն»: Այսպես, գլուխ յոթանասուներկուսում հանձնարարում է Աստծո Հոգին` Դավիթ Լուսավորիչ վարդապետի միջոցով: Բնականաբար, ընտանեկան խնդիրները բազմաթիվ են. Դավիթն անդրադառնում է այն խնդիրներին, որոնք առավել արմատական են և համաժողովրդական ճանաչողության սուր կարիք ունեն: Կանոն յոթանասունյոթը` ծննդաբերելու ժամանակ մահացող կանանց մասին է. «...Իսկ եթե մանուկը կենդանի է` թող ոչ ոք չհանդգնի նրան սպանել մոր կյանքի համար, թող մեռնի մայրը և ոչ` մանուկը: Եթե մոր համար մեկը սպանի մանկանը` թող ապաշխարի 10 տարի»: Այսպես, կանոններում շատ հարցեր ամուսինների հոգևոր և մարմնավոր բժշկությանն են վերաբերում: Ինձ` հիշյալ նյութի հեղինակին էլ է մտահոգել այն հարցը, թե երբ քրիստոնյա ծնողներ ունեցող մանուկն անմկրտել է մահանում, ի՞նչ վիճակի է արժանանում։ Այդ մասին լիովին բավարարող բացատրություն է տալիս Դավիթ Ալավկա որդին, թե` մանկանը որպես քրիստոնյայի են թաղում: Քչերս գիտենք, որ «արու զավակը արգանդում կենդանություն է ստանում քառասուն օրից, իսկ էգ զավակը` ութսուն օրից», այս խնդիրների մասին բացատրական բավարար գիտելիք ենք ստանում Դավիթ Իմաստունի քառասունչորսերորդ կանոնից. «Իսկ երեխայի չկնքված մեռնելու մասին (պատասխանը) այս է. թեպետ և անկատար է մեռնում, քանի որ լույսի ծնունդ չէ` ըստ Սուրբ Ավազանի, որով կատարվում է (մարդու) աստվածային ծնունդը, սակայն Աստծով ծնված քրիստոնյաների հոգուց և մարմնից ծնված երեխա է. այդ իսկ պատճառով նա մասամբ կնքված է և պետք է այդ բանի և նրա անմեղ հոգու համար խաչով և օրհնությամբ թաղել այս քրիստոնյային` մահացած քրիստոնյաների մոտ: Իսկ եթե մայրը երեխային մեռած ծնի և լինի արական սեռի, ինքն էլ` երկու-երեք ամսական, քանի որ երեխան շնչավորվում և կենդանություն է ստանում 40 օրից, ապա այդքան օրական լինելու մասին իմանալով մորից, երեխային պետք է թաղել գերեզմանի մեջ և գերեզմանը կնքել խաչով ու մի աղոթքով: Իսկ եթե որովայնում ձևավորված սաղմը մոտ մի ամսական լինի և պատահարից վիժի` արյունամած դոնդող է, թող հողը փորեն, տան վրան: Եթե երեխան իգական սեռի է և վիժում է 80 օրից առաջ` նույն կերպ թող հողի տակ տան, ծածկեն: Իսկ եթե մեռած ծնված երեխան երկու կամ երեք քառասուն օրից ավելի լինի, և քանի որ էգը շնչավորվում և կենդանություն է ստանում 80 օրից, ապա պետք է քրիստոնյային վայել գերեզման դնել և կնքել գերեզմանը խաչով և օրհնությամբ»: Հայ ընտանիքի առողջ, բարեպաշտ գոյատևման և սրբության համար վիթխարի մի դեղատոմս է Դավթի կանոնագիրքը: Բնականաբար, շատերիս մեջ հարց է առաջանում, թե` չգիտեինք և մեր տգիտության պատճառով գուցե արդեն աններելի նման ախտ ու հանցանքների տեր ենք Աստծո և միմյանց առաջ, հապա ի՞նչ պիտի անենք: Այդժամ հարկ է մեզ դառնալ Քրիստոսին, որ ապաշխարություններով բժշկություն և մխիթարություն է մարդասիրում: Քրիստոսը Փրկիչն է Իրեն հավատացողների, այն ժամանակ, երբ խոստովանությամբ և ապաշխարություններով դիմում ենք Նրան: Եվ մարդն իրեն ուղեկից դարձնելով սուրբ Ավետարանի խրատ պատվիրանները և ավելացնելով լույսի բոլոր որդիների, նաև Դավիթ Իմաստունի հանձնարարած ապաշխարության բազմաթիվ զգուշություններ` գտնում է քավություն և բժշկություն, դարձի ճանապարհը` Իր Աստծուն: Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 |
|
|
|