|
Սպորտ
|
|
|
17/10/2008 |
Խոսքի ազատությունը լեզվին զոռ տալ չէ, ոչ էլ դիվանագիտությունը՝ տուրիզմ |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Մամուլի օրվա կապակցությամբ երեկ «Իրավունք de facto» ակումբում հատուկենտ լրագրողների շնորհավորելու առիթն ունեցանք ընդամենը: Ցավալի է, բայց փաստ, որ լրագրողական համքարության ներկայացուցիչներին լուրջ թեմաներով քննարկումները քիչ են հետաքրքրում, առավել ևս, երբ բանախոսներն օրումեջ մի ակումբից մյուսն աճապարող «կարկառուն» քաղաքական դեմքեր չեն: Ինչևէ: Երեկվա ասուլիսի թեման ներքին և արտաքին տեղեկատվական անվտանգության խնդիրներն էին, որոնց շուրջ իրենց դիտարկումներով լրագրողների հետ «կիսվելու» էինք հրավիրել Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամ, պրոֆեսոր ՀԵՆՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ և «Օգոստոս 23» հասարակական կազմակերպության նախագահ, իրավագետ ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ: Շեշտելով, որ քննարկվող թեման քաղաքական նպատակներ չի հետապնդում, այլ զուտ իրավական, իրավագետ բանախոսն աքսիոմատիկ ձևակերպումներով սկսեց իր խոսքը, փաստելով, որ եթե պետության ներսում մարդը պաշտպանված չէ, ազգը պաշտպանված լինել չի կարող: «Ցավոք սրտի, մենք այսօր աշխատում ենք հին մեթոդներով և չենք տեսնում ամենամեծ վտանգը` տեղեկատվական անվտանգության խնդիրը: Անվտանգություն, որի խափանման դեպքում կարող ենք կորցնել մեր պետականությունը»,- զգուշացրեց Պուշկին Սերոբյանը և անցավ բուն ասելիքին: Խոսքը հայկական օրաթերթերից մեկի սեպտեմբերի 10-ի համարում զետեղված տեղեկատվության մասին էր, որն արտատպվել էր ռուսական «PBK» ամսագրից: Հիշեցնենք, որ ռուսաստանյան բիզնես-քաղաքական վերնախավի որոշակի մի հատվածի շահերը սպասարկող այս պարբերականը դեռևս հուլիսին հրապարակել էր 100 բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ցանկը` լուսանկարներով, որոնք հասարակ մահկանացուներիս երևակայության մեջ չտեղավորվող «բեշենի» աշխատավարձեր են ստանում: Եվ ոչ անհայտ Չուբայսով սկսվող այդ ցանկի 16-րդ հորիզոնականում, «Գազպրոմբանկի» գործադիր տնօրեն Անդրեյ Ակիմովի լուսանկարի փոխարեն, հայտնվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Դարձյալ հիշեցնենք, որ նույն Ակիմովը հիշատակվում էր որպես ՊԱԿ-ի նախկին գնդապետ: «Թվում է` ոչ մի սարսափելի բան չկա, ամսագիր է՝ նյութ է տպագրվել, մերոնք էլ վերցրել արտատպել են,- շարունակեց «Օգոստոս 23» ՀԿ-ի նախագահը:- Բայց աչքաթող է արվում մի դետալ, որը կարող էր ոչ թե ներքին խմորում առաջացնել Հայաստանում, այլ պատճառ դառնալ մարտի 1-ի կրկնության: Ռուսական ամսագրում ՀՀ նախագահի լուսանկարով ոչ անհայտ գործարարի մասին գրված է, որ 2002-ից սկսած նա ստանում է տարեկան 9 մլն դոլար աշխատավարձ: Եթե վերծանում ենք սա, ստացվում է, որ այդ թվականներին ՀՀ պաշտպանության նախարար, իսկ այժմ նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը սովորական շարքային գործակալ է` հավաքագրված մեկ այլ պետության անվտանգության մարմինների կողմից: Հիշենք, որ այս հոդվածը տպագրվեց սեպտեմբերի 10-ին, իսկ երկու օր անց ընդդիմության հանրահավաքն էր լինելու: Սպասում էի, որ նույն օրը մեր հեռուստաալիքները կարձագանքեն՝ համապատասխան պարզաբանում ներկայացնելով նախագահի աշխատակազմի տրամադրած հերքման հիման վրա։ Զարմանալիորեն բոլոր ութ հեռուստաընկերությունները քար լռություն պահպանեցին։ Հաջորդ օրը սպասում էի, որ անասելի աղմուկ կբարձրացնեն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ թերթերը, յուրաքանչյուրն իր ձևով։ Մի մասը կփորձի, սովետական տերմինով ասած, անարգանքի սյունին գամել երկրի նախագահին, մյուս մասն էլ փաստերով կապացուցի, որ ապատեղեկատվություն է հրամցվում հանրությանը։ Ո՛չ մի տող չգրվեց։ Միայն հանրահավաքի օրը՝ սեպտեմբերի 12-ին, մենք փրկվեցինք մի նոր մարտի 1-ից։ Միակ թերթը, որն այդ օրն անդրադարձավ «PBK»-ի հոդվածին (այն, ի դեպ, նույն պարբերականի կողմից դեռ օգոստոս ամսին հերքվել էր արդեն)՝ տպագրելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի լրջմիտ ու փաստարկված լայնածավալ նյութը, «Իրավունքը de facto»-ն էր։ ՈՒ թեև «PBK»-ն իր հերքման մեջ նշել էր, թե տեղի ունեցածն ընդամենը թյուրիմացություն է, անժխտելի է մեկ բան. դա կանխամտածված պրովոկացիա էր, սադրանք, ինչը նպատակ ուներ ծայրահեղորեն սրել Հայաստանի առանց այդ էլ լարված ներքաղաքական իրավիճակը։ Իսկ ո՞ւր էին մեր արտաքին գործերի նախարարությունը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը»,- տարակուսեց իրավագետը, համոզմունք հայտնելով, թե ժամանակն է ստեղծել ծանրակշիռ մի կառույց, որն իր վրա կվերցնի երկրի ներքին և արտաքին տեղեկատվական անվտանգությունն ապահովելու խնդիրը։ «Կոչ եք անում վերականգնե՞լ խորհրդային ժամանակների տխրահռչակ «գլավլիտը»,- հարցրինք Պուշկին Սերոբյանին։ «Ամենևին,- ասաց։- «Գլավլիտը» չկա, «գլավլիտը» չպիտի լինի, և խոսքի ազատությունն էլ մեր քաղաքական նվաճումներից մեկն է։ Ես կոչ եմ անում, որ գործի ոչ թե խոսելու, լեզվին զոռ տալու ազատությունը, այլ ճշմարիտ խոսքի ազատությունը։ Առանց այդ էլ կուտակված չարությունից հասարակությունն արդեն պայթում է։ Մարտի 1-ը դրա ապացույցն էր»։ Արտաքին տեղեկատվական անվտանգության հրամայականին անդրադառնալուց առաջ պրոֆեսոր Հենրիկ Գրիգորյանը համաձայնեց Պուշկին Սերոբյանի հետ, որ անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ մի կառույց, որը կուսումնասիրի ու կհամակարգի ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով Հայաստանի դեմ ուղղված հակաքարոզչական նյութերի ողջ բազան։ «Սա ամփոփվում է շատ ավելի լայն մի հասկացության մեջ, որը կոչվում է տեղեկատվական պատերազմ,- ասաց Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամը։- Երբ Ադրբեջանը ռազմական պարտություն կրեց Հայաստանից ղարաբաղյան հարցում, այդուհանդերձ, կարողացավ ռևանշ վերցնել տեղեկատվական, դիվանագիտական, քարոզչական ճակատում, քանզի մենք դեռ պատրաստ չենք արտաքին ոլորտում ապահովելու համակարգված, կազմակերպված, նպատակասլաց քաղաքականություն։ Այս ճակատում պետք են լուրջ մասնագետներ։ ՈՒ թեև անցյալ տարի ընդունվեց ազգային անվտանգության հայեցակարգը, որը, պետք է ասել, լուրջ փաստաթուղթ է, բայց դրա մեջ գրեթե ոչինչ չկա տեղեկատվական անվտանգության մասին, ինչն այսօր կարևորագույն դոկտրինի կորիզը պետք է լիներ։ Ինչո՞ւ։ Որովհետև ազգային անվտանգությունը 70 տոկոսով հենց տեղեկատվական անվտանգությունն է, քանզի աշխարհը թևակոխել է տեղեկատվական անվտանգության փուլ, որը հաջորդել է ինդուստրիալ անվտանգության փուլին։ Եվ այսօր հարց է առաջանում. որքանո՞վ ենք մենք պատրաստ տեղեկատվական այդ պատերազմին, ինչպիսի՞ դերակատարությամբ, ի՞նչ մասնագետներով։ Այն, որ երկրի նախագահը դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասում է, թե նրանք պետք է լուրջ դպրոց անցնեն, ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ դիվանագիտությունը տուրիզմ չէ՝ պաշտոնական ընդունելություններով և արարողակարգային այլ մանրուքներով։ Մեր դիվանագետներն ամենից առաջ ինտելեկտուալ զինվորներ պետք է լինեն, քանի որ տեղեկատվական պատերազմի դաշտում նրանք առաջին գծի վրա են։ Այդպե՞ս է, արդյոք, մեր պարագայում։ Ցավոք, այդպես չէ։ Հիշում եմ 90-ականները, երբ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի էին ընդունում բոլորովին պատահական մարդկանց և ասում՝ դե, գնա լեզու սովորիր։ Եվ սրանք այն մարդիկ են, որոնք արտաքին աշխարհում պետք է պայքարեն Հայաստանի իմիջի ձևավորման համար։ Այդ պայքարի համար հատուկ տեխնոլոգիա գոյություն ունի, որին մենք չենք տիրապետում։ Այս ձևով չի կարելի Հայաստանը ներկայացնել արտաքին աշխարհին»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
10/10/2008 |
«Երբևէ թույլ չեմ տվել ինձ որպես գործիքծառայեցնել՝ ինչ-որ վերահսկելի կառույցի գործունեությունն ուղղորդելու համար» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ «Սևի և սպիտակի արանքում» կամ` ծայրահեղորեն բևեռացված քաղաքական դաշտի հետնապահները։ Այս առանցքի շուրջ երեկ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին իր դիտարկումները փոխանցեց տևական մի ընթացք հրապարակային ելույթներից հրաժարված ԱԺ նախկին փոխխոսնակ, Երևանի երբեմնի քաղաքապետ, դե յուրե այլևս գոյություն չունեցող «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ։ Ընդգծելով, որ Ռամկավար ազատական կուսակցությունը «Ազգային վերածնունդ», ինչպես նաև «Դաշինք» քաղաքական ուժերի իրավահաջորդն է, ակումբի հյուրը փաստեց Հայաստանում այս պահին դե յուրե գրանցված, սակայն դե ֆակտո որևէ գործունեություն չծավալող 70-ից ավելի քաղաքական կառույցների գոյությունը, որոնց մի մասը հանրությանը ծանոթ է միայն առաջնորդների մակարդակով, մյուսներն ընդհանրապես «անունը կա՝ ամանում չկա» հարթության մեջ են։ «Ժամանակն է, որ քայլեր ձեռնարկվեն Հայաստանում քաղաքական դաշտի կայացման և կուսակցությունների խոշորացման ուղղությամբ, բնականաբար, գաղափարական հենքի վրա»,- շեշտեց նախկին կուսակցապետը, հավելելով, թե այդ նպատակով են փորձում ազգային-ազատական դաշտում գործող ուժերին ու գործիչներին համախմբել մեկ խոշոր կուսակցության շուրջ։ Այլ խնդիր է՝ կհաջողվի՞ դա իրենց, թե՞ ոչ, քանզի գլխավոր գործոնն այս հարցում նորին մեծություն ժամանակն է։ Ինչ վերաբերում է ձևավորման ընթացքի մեջ գտնվող այդ նոր ուժի ներսում սեփական կարգավիճակին, Ալբերտ Բազեյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին ինքն անկուսակցական է, դեռևս չի անդամագրվել ՌԱԿ-ին, սակայն դիմել է իր հիմնադրած և այս պահին գործունեությունը դադարեցրած «Ազգային վերածննդի» նախկին կառույցներին, շարքային անդամներին՝ ռամկավարների շարքերը ստվարացնելու հորդորով։ «Մենք մեր օրինակով (նկատի ուներ իրեն և «Դաշինքի» հիմնադիր Սամվել Բաբայանին-Լ. Մ.) փորձում ենք ցույց տալ, որ քաղաքականության մեջ լինելու համար պարտադիր չէ որևէ կուսակցության լիդերի կարգավիճակ ունենալ։ Նման հավակնություններ ու ամբիցիաներ չունենք։ Ընդամենը մեր գործունեությամբ նպատակ ունենք ակտիվ քաղաքականության մեջ ներգրավել հատկապես երիտասարդությանը, որովհետև մտածում ենք ապագայի մասին, իսկ ապագան երիտասարդությանն է»,- հավաստիացրեց խորհրդարանի նախկին փոխխոսնակը, մեկ անգամ ևս շեշտելով, որ ՌԱԿ-ի շուրջ ծավալված «խոշորացման» այս գործընթացը հեռանկարային ծրագիր է և որևէ կապ չունի այսրոպեական ինչ-ինչ շահերի կամ առանձին անձանց քաղաքական հավակնությունների հետ (հիշեցնենք՝ ՌԱԿ-«Դաշինք»-«Ազգային վերածնունդ»- այլ ուժեր «ֆորմատը» շատերն են դիտարկում որպես քաղաքական բիզնես-ծրագիր՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու տեսլականով)։ «Դուք պասիվ քաղաքական կեցվածք եք ընդունել մի իրավիճակում, երբ ընթանում են ակտիվ քաղաքական գործընթացներ։ Եթե այս պահին չեք զբաղվելու ակտիվ քաղաքական գործունեությամբ, բա ե՞րբ եք զբաղվելու»։ «Lragir-am»-ի հարցին ի պատասխան՝ Ալբերտ Բազեյանը նկատեց, որ քաղաքական ակտիվ գործընթացներ մեզանում միշտ էլ ընթացել են՝ սկսած 95-ից։ «Այլ խնդիր է, որ մինչև 94-ը մենք գտնվում էինք պատերազմական իրավիճակում, երբ հայ հանրությունը խորապես գիտակցում էր նախ և առաջ արտաքին վտանգի չեզոքացման, պետության անվտանգության ապահովման, նոր միայն ներքաղաքական խնդիրների աստիճանական լուծման անհրաժեշտությունը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ սկսած 95-ից՝ բոլոր ընտրությունները կասկածի տեղիք են տվել, հասարակությունը չի հավատացել դրանց արդյունքներին (մի փոքր վերապահում կարելի է անել միայն 99-ի խորհրդարանական ընտրությունների առնչությամբ)։ Պատահական չէ, որ բոլոր ընտրություններից հետո էլ եղել են ընդվզումներ, բողոքի ակցիաներ, և ներքին պայքարը պետության ներսում շարունակական բնույթ է կրել։ Նույնը և` այսօր։ Մենք, իհարկե, հետևում ենք իրադարձությունների ընթացքին, սակայն հետևողի հայեցողական դիրքերում չենք, այլ մշակում ենք հայեցակարգային ծրագրեր, որոնք մեկ օրվա աշխատանքի արդյունք չեն կարող լինել։ Զուգահեռաբար անցկացնում ենք խորհրդատվություններ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ այսօր ի զորու չենք երկրում իրավիճակ փոխելու, և որպեսզի կարողանանք ազդել պետության ներքին քաղաքական կյանքի վրա, առավել ևս, ինչ-որ չափով դիմագրավել արտաքին մարտահրավերները, պետք է ձևավորել ազդեցիկ քաղաքական ուժ, որը հավատ ու վստահություն կներշնչի հանրությանը։ Մենք փորձում ենք ստեղծել այդ ուժը»։ Իրականությանը համապատասխանո՞ւմ են, արդյոք, լուրերը, թե այն բանից հետո, երբ ԵԿՄ հերթական համագումարը կառույցի ներկա նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին կազատի երկրապահներին առաջնորդելու «հոգսից», այդ «բեռը» կդրվի հասարակական այս կազմակերպության ակունքներում կանգնած նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանի ուսերին։ «Իրավունքը de facto»-ի այս հարցին վերջինս հետևյալ պատասխանը տվեց. «Երևի հինգ-վեց տարի է արդեն՝ ես «Երկրապահում» որևէ գործունեություն չեմ ծավալել։ Չեմ մասնակցել նաև ԵԿՄ վերջին երկու համագումարներին՝ որպես պատվիրակ, թեև դե յուրե այս կազմակերպության վարչության անդամ եմ դեռ։ Այն մթնոլորտը, այն հարաբերությունները, որոնք այսօր ձևավորվել են ԵԿՄ-ում, իմ միջավայրը չեն։ Ես ընդհանուր ոչինչ չունեմ զինվորական այդ վերնախավի հետ՝ Մանվել Գրիգորյան, Հայկազ Բաղմանյան, Արշալույս Փայտյան և այլք, որոնց հանդեպ սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ։ Մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն արցախյան ազատամարտում, բայց ովքեր այս իրողությունը շահարկելով շատ ավելին են ստացել, քան իրենց հասնում էր իրականում։ Սա՝ առաջինը։ Երկրորդը. ես միշտ դեմ եմ եղել (և այս հարցում մշտապես տարակարծություններ եմ ունեցել Վազգեն Սարգսյանի հետ) ԵԿՄ-ի ստվերային քաղաքական գործունեությանը։ Ինձ համար հստակ է մեկ բան՝ այդ գործունեությունը պետք է լինի հրապարակային, քաղաքական կուսակցության միջոցով։ Նման քննարկումներ միշտ էլ եղել են. եթե զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ, եկեք հիմնադրենք մեր կուսակցությունը, եթե չենք զբաղվում, ստվերային խաղեր տալն ինձ համար գոնե անընդունելի է։ Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իշխանությունները ցանկանում են իմ ղեկավարությամբ երկրապահների վերահսկելի կառույց ստեղծել և այլն, ամենայն լրջությամբ հայտարարում եմ` երբեք թույլ չեմ տվել, հիմա էլ թույլ չեմ տա, որպեսզի որևէ մեկն ինձ որպես գործիք ծառայեցնի՝ ինչ-որ վերահսկելի գործընթացներ ուղղորդելու համար»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
03/10/2008 |
«Ճաղավանդակի հետևում «գիքորների» մի ստվար բազմություն է» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Ի՞նչ է կատարվում այսօր երկրի խորհրդարանում ու նրա պատերից դուրս։ Ի՞նչ շահեր են բախվում ներքաղաքական և արտաքին քաղաքական քարտեզի վրա։ Արդյո՞ք Ազգային ժողովի միակ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն իրոք մտադիր են հրաժարվել պատգամավորական մանդատներից՝ որպես քաղաքական ընդվզումի ծայրահեղ դրսևորում։ Երեկ այս հարցերի շուրջ «Իրավունք de facto» ակումբում լրագրողներին իր դիտարկումները փոխանցեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Շեշտելով, որ Հայաստանում ներքաղաքական կյանքը տևական ժամանակ բավականին լարված է, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում իշխանափոխության թիվ մեկ բանաձևը, ինչը պոստուլատային ձևակերպում ունի։ Այն է՝ իշխանության միակ կրողն ու կառավարման համակարգում փոփոխությունների միակ անվերապահ ուղղորդողը ժողովուրդն է։ «Հայաստանում լարվածության աստիճանը բավականին բարձր է, և տեղի ունեցած փոփոխություններն էլ, ըստ էության, ստեղծել են համակշռելիության մի վիճակ, որը դժվար է ասել, թե հատկապես ինչ ուղղությամբ կխախտվի»,- նշեց «Ժառանգության» քաղաքական քարտուղարը, ընդգծելով, որ համակշռելիության առկա վիճակը կարող է խախտվել մի շարք զարգացումների արդյունքում, եթե նկատի ունենանք, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից որոշակի ճնշումներ են գործադրվում թե՛ առանձին վերցրած մեր երկրի, թե՛ տարածաշրջանի երկրների վրա։ «Փաստորեն, գոյություն ունի մի կողմից շարժման շիկացած կենտրոն, մյուս կողմից՝ անկումային տրամադրության որոշակի տարրեր հանրության այն զանգվածի շրջանում, որը համաժողովրդական շարժման ալիքի շարժիչ ուժն էր։ Դժվար է ասել՝ առկա միտումներն ավելի խորանալով ի՞նչ ազդեցություն կունենան շարժման վրա, կրկնում եմ, դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով»,- հավելեց «Իրավունք de facto» ակումբի հյուրը։ Բնականաբար, չշրջանցվեց նաև ԱԺ խոսնակի փոփոխության թեման, ինչի առիթով Վարդան Խաչատրյանն ասաց, թե Հովիկ Աբրահամյանի հետ երբևէ չի աշխատել, որպեսզի ժամանակից շուտ կարծիք հայտնի նրա մասնագիտական ու մարդկային որակների մասին, իսկ Տիգրան Թորոսյանին էլ բնութագրեց որպես «պառլամենտական պրոֆեսիոնալներից մեկը»։ Ինչո՞ւ «Ժառանգությունը» ԱԺ խոսնակի թեկնածու առաջադրեց ոչ թե կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ Լարիսա Ալավերդյանին, և, ընդհանրապես, որքանո՞վ էր խելամիտ այս քաղաքական որոշումը, եթե ընտրությունների ելքը վաղուց կանխորոշված էր, իսկ բուն ընտրական գործընթացին խորհրդարանական ընդդիմության մասնակցությունն էլ ընդամենն այլընտրանքային քվեարկության պատրանք ստեղծեց ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրության աչքում, փաստորեն, լեգիտիմացնելով դրանք։ Լրագրողների այս հարցին հետևեց Վարդան Խաչատրյանի բավականին հիմնավոր պատասխանը. «Ոչ այլընտրանքային ցանկացած ընտրություն նպաստում է երկրում բացարձակ անհուսության մթնոլորտի խորացմանը։ Այսինքն, երբ դու ասում ես, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ուստի իմաստ էլ չունի խառնվել ընտրական այս կամ այն գործընթացին, հասարակության մեջ խորանում է այն համոզմունքը, որ վերևներում ինչ ուզում, էն էլ անում են։ Եթե ժողովուրդն այլընտրանք չտեսնի, ինչի՞ է ձգտելու։ Այլընտրանքի բացակայության պայմաններում, փաստորեն, հարթակ ենք ստեղծում ներկայիս իշխանությունների ապագան ապահովելու համար, և ժողովրդի համար պատկերացնելի է դառնում, որ այսպես ավանդաբար եղել է, այսպես էլ շարունակվելու է։ Ինչ վերաբերում է հարցին՝ ինչո՞ւ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունն առաջ քաշեցինք, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի, պատասխանը շատ պարզ է. որպեսզի ապակուսակցական թեկնածություն լինի, քանի որ Լարիսա Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ, և այդ առումով էլ խորհրդարանում սոցիալական ավելի մեծ սատարում կարող էր ունենալ, քան «Ժառանգությունն» առանձին վերցրած»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանն այսօր (հոկտեմբերի 2-ին -Լ. Մ.) համաներման հրամանագիր է ստորագրելու՝ մարտի 1-ից հետո տարբեր հիմքերով կալանավորվածներին ազատ արձակելու վերաբերյալ։ Արդյո՞ք համաներումը լուծում կտա հանրության շրջանում կուտակված բազմաթիվ անպատասխան հարցերի։ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին ի պատասխան բանախոսն ասաց, թե նման հրամանագրից ինքը տեղեկություն չունի, թեև քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրն անձամբ իր համար չափազանց կարևոր է։ «Այսօր ճաղավանդակի հետևում գտնվում է, պայմանականորեն ասած, «գիքորների» մի ստվար բազմություն։ Մարդիկ, ովքեր առանձնապես ոչինչ չեն արել, քաղաքական պայքարն իրենց ուսերին կրող առանցքային դեմքեր չեն, սակայն ընկել են համահարթեցնող բուլդոզերի տակ։ Իհարկե, համաներումից հետո այս մարդկանց վիճակը կբարելավվի, իսկ նրանց համար, ովքեր, ռուսերեն ասած, «попали под грeбенку», դա շատ կարևոր նշանակություն կունենա, որովհետև այս պարագայում գործ ունենք ճակատագրերի հետ, որոնցից յուրաքանչյուրի հետևում մարդկային ողբերգություններ են»։ Անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից մանդատները վայր դնելու հավանականությանը՝ Վարդան Խաչատրյանը պարզաբանեց. «Այդ հարցը, ինչպես և հայտարարել ենք, կքննարկվի տարեվերջին՝ կուսակցության վարչության, չի բացառվում նաև՝ խորհրդի նիստում, բայց այստեղ գոյություն ունեն որոշ խնդիրներ՝ կապված Համաժողովրդական շարժման աջակցության, քաղաքական ամբիոն ունենալու, հասարակությանն անմիջականորեն դիմելու հնարավորությունը չկորցնելու և այլ հարցերի հետ»։ Ընդդիմադիր պատգամավորը հավաստիացրեց լրագրողներին, որ Շարժման գործընկերների կողմից մանդատները ցած դնելու պահանջ չի ներկայացվել «Ժառանգությանը», ավելին, իրենց բազմիցս հորդորել են նման քայլի չդիմել։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
26/09/2008 |
«Նորնորքցիներն ավելի նախանձախնդիր են դարձել» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Սեպտեմբերի 28-ին մայրաքաղաքի Նոր Նորք համայնքում թաղապետի ընտրություններ են։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող թաղապետ, հանրապետական կուսակցության անդամ ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ում սատարելու որոշման մասին ՀՀԿ-ն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, և թաղապետարանի նախկին աշխատակից, ինքնառաջադրված Մելիք Գասպարյանը (չշփոթել ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ), ով ևս հանրապետական է, սակայն իր նախընտրական հանդիպումների ժամանակ գերադասում է այդ մասին լռել (թերևս այն պարզ պատճառով, որ վիրավորված է հարազատ կուսակցությունից՝ իր թեկնածությունը չպաշտպանելու համար)։ Երեկ «Իրավունք de facto» ակումբը հյուրընկալել էր 2002-ից Նոր Նորքի գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանին, ով նախընտրական քարոզարշավի այս փուլում, բնականաբար, արձակուրդի մեջ է։ Վերջինից ասուլիսին ներկա լրագրողները հետաքրքրվեցին, թե անցած վեց տարիներին ինչ է արել համայնքի համար, որ այսօր կրկին հավակնում է ստանձնելու Նոր Նորքի ղեկավարի պարտավորեցնող պաշտոնը։ «Նախ ասեմ, որ երբ 2002 թ. դեկտեմբերի 8-ի ընտրություններում Նոր Նորք համայնքի բնակչությունն ինձ վստահության քվե տվեց, առաջին խնդիրը, որ հրատապ լուծման կարիք ուներ, թաղապետարանի արդեն իսկ հաստատված նախնական բյուջեի (680 մլն դրամ) ընդլայնումն էր, քանի որ նախատեսված գումարը բավարար չէր համայնքի մասշտաբով լուրջ ծրագրեր իրականացնելու համար,- ասաց գործող թաղապետը։- Այսինքն, հիմնական խնդիրը սեփական եկամուտների արդյունավետ հավաքագրման գործընթացն էր, ինչն էլ առաջին իսկ տարում կարողացանք իրականացնել՝ ծրագրվածից դուրս ապահովելով 30 տոկոս աճ։ Ընդ որում, հավելյալ աշխատանքներ իրականացվեցին գերազանցապես սոցիալ-մշակութային հաստատություններում, որոնց թիվը մեր համայնքում բավականին շատ է (30 օբյեկտներ, որոնցից 23-ը՝ միայն մանկապարտեզներ)։ Համայնքն ունի երաժշտական դպրոց, երկու մարզադպրոց, գրադարան, պատանի տեխնիկների կայան, մարզաառողջարանային համալիր, որոնք գործում էին շենքային անմխիթար պայմաններում, և անհրաժեշտ էր որոշակի ծրագրեր իրականացնել դրանք բարելավելու ուղղությամբ»։ Խոսելով համայնքի կանաչապատման խնդիրների մասին՝ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ եթե 2002-ին համայնքի բյուջեով այդ նպատակի համար նախատեսված էր ընդամենը 21 մլն դրամ, այժմ այդ գումարները հասել են մոտ 140 մլն դրամի։ «Այս աշխատանքները շարունակական են լինելու,- հավաստիացրեց Նոր Նորքի գործող թաղապետը։- Եվ եթե ոչ վաղ անցյալում համայնքի բնակիչները թաղապետարանի առջև մանկական խաղահրապարակներ տեղադրելու պահանջ չէին դնում, այսօր ճիշտ հակառակ պատկերն է։ Մարդիկ բավականին նախանձախնդիր են դարձել իրենց ու իրենց երեխաների ամենօրյա հանգիստն ապահովող տարրական պայմանների ստեղծման հարցում»։ Նոր Նորքի ղեկավարի թեկնածու Դավիթ Պետրոսյանին լրագրողները տարաբնույթ հարցեր ուղղեցին, որոնք մեր ընթերցողին ենք ներկայացնում առանձին հարցազրույցի տեսքով։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
19/09/2008 |
Ինքնամաքրումը կփրկի |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Թեև երեկվա ասուլիսի թեման ներքաղաքական գործընթացներն էին ու դրանցում արտախորհրդարանական ուժերի մասնակցության չափը, սակայն ակումբ հրավիրված «Հայ արիական միաբանության» առաջնորդ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ով ժամանակին քաղաքական ու լրագրողական դաշտը փոթորկել էր իշխանության վերին օղակներում ներգրավված հայտնի կողմնորոշում ունեցող պաշտոնյաների ցուցակով, այս անգամ էլ չխուսափեց արտաթեմատիկ հարցադրումից։ «Այդ չարաբաստիկ ցուցակի համար մի քանի տարի առաջ Ձեր դեմ քրեական գործ հարուցվեց, ճիշտ է, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թշնամանք հրահրելու հիմքով, և Ձեզ մեծ դժվարությամբ հաջողվեց խուսափել դատական պատասխանատվությունից։ Այսօր Դուք էլ, ցուցակն էլ, մի տեսակ անուշադրության եք մատնվել»,- փաստեցին լրագրողները։ «Չէ, խնդիրն անուշադրության չի մատնվել,- հետևեց Արմեն Ավետիսյանի պարզաբանումը։- Մամուլում մենք մի քանի անգամ էլ ենք անդրադարձել տվյալ թեմային, և հիմա չգիտեմ՝ ուրիշ էլ ի՞նչ ավելացնել ասվածին, եթե ամեն ինչ ավելի քան բացահայտ է։ Մեր խնդիրն ամենևին էլ մասնավոր անձանց «սպիտակեղենը» քրքրելը չէ, անձամբ ինձ բացարձակապես հետաքրքիր չէ։ Մեզ և մեզ պես մտածողներին մտահոգում է լոկ այն, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ տեղ չունենան հասարակության մեջ և չփչացնեն հանրությունը։ Հետո՞ ինչ, որ ձգտում ենք դեպի Եվրոպա։ Անտարկտիդա էլ ձգտելու լինենք, որտեղ մարդ չկա, նման կողմնորոշումը պարսավելի է։ Ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ բացահայտ է, իշխանությունը կենտրոնացած է այդ մարդկանց ձեռքում։ ՈՒղղակի պետք է իշխանափոխություն կազմակերպել և գնալ ազգային ինքնամաքրման ճանապարհով»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |