|
Սպորտ
|
|
|
12/09/2008 |
«Ցանկացած կուսակցություն, որի ներսում լիդերին հավասար երկրորդ դեմք է հայտնվում, այդ ուժը տրոհվում է» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Հայ քաղաքական բեմահարթակում այսօր որոշակի դերակատարություն են փորձում ստանձնել արտախորհրդարանական ուժերը` «սև» ու «սպիտակ» բևեռների դաշտին նոր գուներանգ «ծեփելու» ու «երրորդ բևեռ» ձևավորելու արտաքուստ առողջ և կառուցողական միտումով: Իրականում կա՞, թե՞ չկա այդ նոր բևեռի անհրաժեշտությունը, և արդյո՞ք սա հենց այն հայտնի իրադրությունը չէ, որտեղ երրորդը միշտ ավելորդ է: Երեկ այս օրախնդիր դարձած թեմայի շուրջ «Իրավունք de facto» ակումբում բանավեճի էին հրավիրվել «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու ՀԺԱՄ կուսակցության փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Ասուլիսի թեմային անցնելուց առաջ ՆԺԿ վարչության անդամը հանդես եկավ բավականին անսպասելի հայտարարությամբ, ինչն էլ լրագրողներին տեղնուտեղն առիթ տվեց հեռուն գնացող եզրակացություններ անելու և հանգելու այն մտքին, թե «Նոր ժամանակների» տունը կռիվ է ընկել: Ճիշտ է, առայժմ` տան պատերի ներսում: Ահավասիկ` հայտարարության վերջին հատվածը: «Հետընտրական ողջ ժամանակահատվածում Համաժողովրդական շարժմանն անմնացորդ մասնակցության արդյունքում, որպես քաղաքական գործիչ, ես ինձ դրել եմ շատ ավելի պարտավորված կարգավիճակի մեջ: Եվ դա մեծապես պայմանավորված է Համաժողովրդական շարժման ողջ ծանրությունն իր ուսերին հավատարմորեն տանող հասարակության առավել ակտիվ հատվածի կողմից իմ հանդեպ դրսևորված անկեղծ վստահությամբ: Եվ քանի որ հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում է նրա իղձերին ու նպատակներին անվերապահորեն հավատարիմ մնալուն որևէ այլընտրանքի բացառում, իսկ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն այսօր հանդես է գալիս Հայ ազգային կոնգրեսի կողմից ստանձնած առաքելությանը սատարելու ճանապարհով հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման, ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման և լիարժեք քաղաքացիական հասարակության ձևավորման, ես հայտարարում եմ. -հավատարիմ մնալով «Նոր ժամանակներ» կուսակցության գաղափարաբանության հիմքում դրված հիմնարար սկզբունքների արժեքային համակարգի և գիտակրթական հայեցակարգի ողջ տրամաբանությանը, -որպես քաղաքական գործիչ համոզված լինելով, որ Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները մեր հասարակության և պետության համար ցանկալի ելքեր կունենան բացառապես Հայ ազգային կոնգրեսի կայացման և հզորացման պարագայում, -այս պահից ինձ հայտարարում եմ Հայ ազգային կոնգրեսի անդամ»: «Ձեր հայտարարությունից կարո՞ղ ենք եզրակացնել, որ «Նոր ժամանակները» չի միանում Հայ ազգային կոնգրեսին, միայն Դուք եք դառնում կոնգրեսի անդամ»,- անմիջապես հետևեց «Արմինֆոյի» թղթակցի հարցը: «Դա նշանակում է, որ Հրաչյա Սարգսյանն այս պահից Հայ ազգային կոնգրեսի անդամ է,- չուշացավ պատասխանը:- Կուսակցությունն այս առիթով պաշտոնապես ոչինչ չի ասել, և ես բարոյական իրավունք չունեմ ՆԺԿ-ի անունից այդ մասով հայտարարություն անելու»: Հարցին էլ` հնարավո՞ր է այս միանձնյա որոշումից հետո կուսակցությունը պատժի իր վարչության անդամին, Հրաչյա Սարգսյանը շատ հանգիստ արձագանքեց, շեշտելով, թե դա արդեն իր և կուսակցության խնդիրն է: «Կարո՞ղ ենք Ձեր կեցվածքը որակել որպես քաղաքական ընդվզման դրսևորում»,- «Իրավունքը de facto»-ի հարցին էլ հաջորդեց հետևյալ պարզաբանումը: «Ո՛չ: Սա նշանակում է, որ Հրաչյա Սարգսյանը, անմնացորդ նվիրվելով Համաժողովրդական շարժմանը, համոզվեց, որ հայ ժողովուրդն իրապես նոր որակի մեջ է` իր արժեքային համակարգով, իր ձգտումներով, իր պահանջներով։ Ես չեմ կարող անմասն մնալ դրանից և համոզված եմ, որ ժողովրդին պետք է առաջնորդեն պարտավորվածության բարձր գիտակցություն ունեցող անձինք: Ես նախկինում էլ բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, այո, քաղաքական կուսակցություններն իրենց դիմագիծը պետք է պահպանեն, բայց շատ ավելի կարևոր է միասնության գաղափարը, որպեսզի վերականգնվեն հասարակության հույսն ու հավատը, ինչը 2004-ին ոչնչացվեց, 2007-ին փորձ արեցին կոտրել, 2008-ի փետրվարի 19-ին ցանկացան իսպառ մեռցնել, բայց, ի փառս մեր ժողովրդի, վերահաստատվեց աստվածաշնչյան հայտնի ճշմարտությունը. «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Եթե սա Աստծո կամքն է, եթե հասարակությունն իր մեջ ուժ է գտնում համախմբվելու և վերափոխվելու, դա միմիայն պետք է ողջունել»: ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը տեղյա՞կ է Ձեր հայտարարությանը»,- կրկին հետաքրքրվեց «Իրավունքը de facto»-ն և ստացավ առնվազն տարօրինակ պատասխան: «Հայտարարության բովանդակությանն ինքը տեղյակ չէ: Մենք իր հետ հետո կհանդիպենք»: Լրագրողների և Հրաչյա Սարգսյանի այս երկխոսությանն անդրադառնալով` ՀԺԱՄ-ի փոխնախագահ Վահրամ Մկրտչյանն ասաց, թե ՆԺԿ վարչության անդամի խոսքը մի տեսակ կտրված էր ասուլիսի հիմնական թեմայից, քանի որ իրենք «Իրավունք de facto» ակումբ էին եկել քննարկելու «երրորդ բևեռի» ձևավորման, ինչպես նաև այդ ուղղությամբ որոշ քաղաքական ուժերի ձեռնարկած քայլերի անհրաժեշտության հարցը, մինչդեռ տպավորություն ստեղծվեց, թե եկել են պրն Սարգսյանի բրիֆինգին: Ինչևէ: Խոսելով արդեն ըստ էության, Վահրամ Մկրտչյանը հետևյալ դիտարկումները ներկայացրեց լրագրողներին: «Ցանկացած հասարակություն, որը բևեռացված է, չարիք է հենց պետության համար: Այս առումով, երբ խոսում են երրորդ, չորրորդ կամ հինգերորդ ուժերի ձևավորման հրամայականից, ինձ մոտ հարցեր են առաջանում: Ի՞նչ է նշանակում «երրորդ ուժ» ասվածն ընդհանրապես: Այսինքն, ժողովրդի վստահության քվեի հա՞րցն է դրված, գոյություն ունեն առաջին և երկրորդ ուժեր ու հիմա երրո՞րդը պետք է ստեղծել: «Երրորդ ուժ»` զուտ ուժի՞ առումով, թե՞ կոնկրետ գաղափարախոսության: Այն է` հասարակությունը բևեռացված է «սև» ու «սպիտակ» գաղափարախոսությունների շուրջ և պետք է քաղաքական դաշտ բերել երրո՞րդ գաղափարախոսությունը: Սրանք հարցեր են, որոնք պահանջում են նախևառաջ սկզբնական ելակետային պայմանները ֆիքսել, հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքական հարթության մեջ գոյություն ունի Հայ ազգային կոնգրես, որին այսօր միացավ նաև իմ գործընկերը, և կա իշխանություն: ՈՒրիշ ոչ մի ուժ գոյություն չունի: Իսկ այն մի քանի տասնյակ քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում չեն այսօր, որևէ գործունեություն պետք է ծավալե՞ն, թե՞ պետք է նստեն ու սպասեն հերթական խորհրդարանական ընտրություններին, մտածելով` կմտնե՞նք Ազգային ժողով, թե՞ չենք մտնի: Այս համատեքստում, բնականաբար, քաղաքական գործընթացներ պետք է ծավալվեն, փոքր կուսակցություններն էլ խոշորացման ծրագրեր պետք է նախաձեռնեն»։ Իր տեսակետը շարադրելով Հայ ազգային կոնգրեսի որդեգրած նպատակների առնչությամբ՝ ՀԺԱՄ-ի փոխնախագահը համոզմունք հայտնեց, թե շարժումներն իրենց առաքելության մեխը չպետք է դարձնեն ռեժիմներ փոխելն ու քաղբանտարկյալներ (եթե այդպիսիք կան) ազատելը, այլ ավելի գլոբալ նպատակներ պետք է հետապնդեն, որոնցից հիմնարարը հայության հարատևումն է։ Ցավով արձանագրելով, որ վերջին 17-18 տարիներին մեր պետության ղեկավարների գործունեությունը մշտապես իրավիճակային է եղել, Վահրամ Մկրտչյանը հետևյալ եզրահանգումն արեց. «Ասես չկան ռազմավարական լուրջ ծրագրեր, որոնց պետք է ձգտեին պետությունն ու հասարակությունը։ Այս առումով իրոք անհրաժեշտություն կա ձևավորելու քաղաքական, հասարակական, մշակութային հեղինակավոր մի շարժում (երրո՞րդ ուժ կդնենք անունը, չորրորդ, թե հինգերորդ, կարևոր չէ), որն իր մեջ կներառի հայության բոլոր կարող ուժերը։ Այս տիպի շարժում եթե ձևավորվի Հայաստանում, ՀԺԱՄ-ն անպատճառ կմիանա դրան»։ «Իրավունքը de facto»-ին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք լիդերամանիան չէ այն գարշապարը, որը քաղաքական ուժերին ի վերջո բերում-կանգնեցնում է պառակտման, տրոհումների, գաղափարական տարաձայնությունների փաստին դեմ-հանդիման։ Եվ արդյո՞ք այդ նույն իրողությունը չի սպառնում ՀԺԱՄ-ին ու ՆԺԿ-ին։ «Եթե անկեղծ լինենք ու նայենք Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական ուժերի ու անհատ գործիչների անցած ճանապարհին, կտեսնենք, որ ցանկացած կուսակցություն, որի ներսում լիդերին հավասար երկրորդ դեմք է հայտնվում, այդ ուժը տրոհվում է,- իր տեսակետը շարադրեց ՀԺԱՄ-ի ներկայացուցիչը։- Ցավագին երևո՞ւյթ որակեմ սա, թե՞ հայկական հիվանդություն, փաստը մնում է փաստ, որ մեր քաղաքական իրականության մեջ երկու գլուխ մի ամանի մեջ չի եփվում։ Ապագայում այսպիսի զարգացումներից խուսափելու համար ՀԺԱՄ-ն ընտրել է կոլեգիալ կառավարման ճանապարհը և կոչ է անում, որ լուրջ կշիռ ու փորձառություն ունեցող մյուս կուսակցությունները ևս գնան այս ուղիով։ ՀԺԱՄ-ը, մասնավորապես, իր վարչության նիստում որոշում է կայացրել, համաձայն որի կուսակցության նախագահի ինստիտուտը պետք է վերացնել։ Կարծում ենք, որ մեկ լիդերի վրա հիմնված քաղաքական կառույցներն արդեն անցած դարի «մոդելներ» են, և նոր դարը կառուցվածքային նոր միավորների պահանջարկ է ներկայացնում բոլոր քաղաքական ուժերին։ Համոզված ենք, որ սա կառավարման ավելի արդյունավետ ձև է»։ Լիդերամանիայի նույն հարցին անդրադառնալով՝ ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանն էլ հետևյալ հավաստիացումով հանդես եկավ. «Հրաչյա Սարգսյան քաղաքական գործիչը երբևէ առաջինը լինելու մարմաջով չի տառապել, և իմ ողջ քաղաքական կենսագրությունը դրա վկայությունն է։ Մտքիս ծայրով անգամ չի անցնում որևէ խժդժություն կամ պառակտում մտցնել ներկուսակցական մեր խոհանոցում, բայց, որպես գործիչ, ես իմ կերպարը պահպանելու բարոյական իրավունք ունեմ։ Դրա համար էլ իմ մասնավոր որոշումն եմ կայացրել, և, ինչպես ասում են, Աստված դատավոր»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
09/09/2008 |
«Ֆլեշ» ընկերությունն այսօրվանից իջեցնում է բենզինի և դիզվառելիքի գները |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Երեկ այս մասին «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Ֆլեշ» ընկերության նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ Ամենից առաջ «Ֆլեշ» ընկերության նախագահը հարկ համարեց պարզաբանումներ տալ վրաց-ռուսական հակամարտության պատճառով օգոստոս ամսին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Որոշ լրատվամիջոցներ անտեղի շահարկեցին այդ իրավիճակը, երբ վրաց-օսական հակամարտության պատճառով մեր ճանապարհները ժամանակավորապես փակվեցին։ Ճիշտ է, մեր վառելիքի 90 տոկոսը գալիս է Վրաստանով, և այդ իրավիճակում բնական էր, որ պետք է լինեին դժվարություններ։ Բայց վստահ կարող եմ ասել, որ մենք պատվով դուրս եկանք այդ իրադրությունից. պետական մեխանիզմներ կիրառվեցին, և հաջողվեց Իրանի ճանապարհով համապատասխան քանակությամբ վառելիք ներկրել։ Վերջին 10-15 տարիներին մեր գործունեության փորձից ելնելով և համապատասխան կապերի շնորհիվ, նաև մեր վրաց գործընկերների աջակցությամբ կարողացանք բենզինի և դիզվառելիքի մատակարարում, բավարար մակարդակով ապահովել»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը։ «Ֆլեշ» ընկերության նախագահի կարծիքով, անցած ամսվա ընթացքում ժողովրդի մեջ տարածված լուրերը՝ վառելիքի և հատկապես բենզինի ճգնաժամի հետ կապված, չափազանցված էին։ Ըստ նրա, «իսկապես կային ինչ-որ խուճապային տրամադրություններ։ Ես անգամ կատակով ասել էի, որ երևի նույնիսկ ջակուզիներ կան պատրաստված՝ բենզինի պաշարներ հավաքելու համար։ Բայց մարդիկ ավելի շատ փորձում էին ապահովագրվել, քան դրա կարիքը կար։ Ես, իհարկե, մեր ժողովրդին չեմ մեղադրում։ Մարդիկ 1992-94 թվականներ են տեսել»։ ԱՅՍՕՐՎԱ ՕՐԸ Ներկա վիճակին անդրադառնալով՝ «Ֆլեշ» ընկերության նախագահը հայտարարեց, որ ինչպես օգոստոսին իրենք չեն շահարկել ստեղծված իրավիճակը և չեն ձգտել գերշահույթներ ստանալ, այնպես էլ այսօր, կատարելով նախօրոք տված խոստումը, գնում են բենզինի և դիզվառելիքի գների իջեցման։ «Տասն օր առաջ մենք խոստացանք, որ մեր կողմից կլինի բենզինի և դիզվառելիքի գների իջեցում։ Այս մամուլի ասուլիսն էլ այդ նպատակով է հրավիրվել՝ հայտարարելու, որ վաղվանից մեր ընկերության բենզալցակայաններում տեղի է ունենալու բենզինի գների լուրջ իջեցում՝ 20 դրամի չափով, որը կազմում է մեկ լիտրի դիմաց ընդհանուր արժեքի 5 տոկոսը։ Նույնպիսի իջեցում վերջին ամսվա ընթացքում տեղի է ունեցել նաև միջազգային շուկայում։ Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, մեկ շաբաթից նույնպես 2-5 տոկոսով կիջեցնենք գները»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը։ Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը բենզինի մեծ պաշարներ է ունեցել Բաթումում, օգոստոսին, Վրաստանում ռազմական դրության հաստատման բերումով, վրացական կողմն այդ պաշարների մի մասը վերցրել է։ Բարսեղ Բեգլարյանն ընդունեց, որ այսօր բենզինի սղություն կա հանրապետությունում, և այդ խորապատկերի վրա գների իջեցման իրենց նախաձեռնությունն ինչ-որ տեղ պարադոքս է։ Սակայն միաժամանակ պարզաբանեց, որ վրացական Սամտրեդիայում կանգնած է ընկերության վառելիքով բեռնված 28 վագոն, որոնք վաղը կամ մյուս օրը կմտնեն Երևան։ Բացի այդ, Իրանի ճանապարհով շարունակվում է վառելանյութի ներկրումը, և այս ընթացքում Թուրքմենստանից Իրանով 1000-2000 տոննա դիզվառելիք է ներկրվել։ Մասնավոր ընկերությունների համար դժվար է բենզինի ներկրումը։ Այս կապակցությամբ ուղղված հարցին «Ֆլեշ» ընկերության նախագահը տվեց հետևյալ պարզաբանումը. «Իրանն իսկապես խոշոր նավթարդյունահանող երկրներից մեկն է աշխարհում։ Սակայն, ցավոք, նրանց մոտ բարձր մակարդակում չեն զտման տեխնոլոգիաները։ Արդյունքում՝ իրենք նավթ ունենալով, չեն կարողանում ապահովել սեփական բենզինի պահանջարկի 40 տոկոսը և այն բերում են դրսից։ Բայց, ի պատիվ իրենց, անցած ամսվա ընթացքում իրենց պաշարներից պետական խողովակներով մեզ բենզին տրամադրեցին, թեպետ մեր ընկերությունը դրանից չի օգտվել։ Որովհետև Իրանի կառավարությունն է արգելում բենզինի և դիզվառելիքի արտահանումը, քանզի իրենց պահանջարկը չեն կարողանում բավարարել։ Բայց իրենք պատրաստ են աջակցելու, որ մենք իրենց տարածքով տեղափոխենք մեզ անհրաժեշտ վառելանյութը, ինչպես բերում էինք Թուրքմենստանից»։ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇԵՄԻՆ Է Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանում այլևս չի թողարկվում 91-տոկոսանոց բենզին, «Ֆլեշ» ընկերության նախագահը լրագրողների հարցադրմանն ի պատասխան նշեց, որ իրեն նման բան հայտնի չէ։ Ըստ նրա, Հայաստանում սահմանված են 92 ռեգուլյար, 95 պրեմիում և 97-98- տոկոսանոց սուպեր կոչվող բենզինի ներկրման չափորոշիչները՝ ըստ եվրոպական ստանդարտների, և «Ֆլեշ» ընկերությունն առաջնորդվելու է դրանցով։ «Մեր հիմնական պաշարները մենք ձեռք ենք բերում Սևծովյան ավազանի երկրներից, Ռուսաստանից ներկրում ենք շատ քիչ քանակությամբ։ Որոշ քանակի դիզվառելիք բերում էինք Նովոռոսիյսկից և Տուապսեից, բայց վերջին շրջանում այդ ներկրումն ընդհատվել է։ Որովհետև վրացական կողմն արհեստական արգելքներ է ստեղծում Ռուսաստանից նավերն ընդունելու հարցում»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը։ Այնուհանդերձ, «Ֆլեշ» ընկերության նախագահի կարծիքով, վառելիքի ներմուծումը հանրապետություն հնարավոր է կանոնավորել, եթե համակարգված աշխատանք տարվի Վրաստանից և Իրանի տարածքով կանոնավոր ներկրում ապահովելու ուղղությամբ։ Ըստ նրա, համակարգված աշխատելու դեպքում, նույնիսկ դեպի Իրան երկաթգծի բացակայության պայմաններում, հնարավոր է այնպես անել, որ այս ուղղությամբ ներկրված վառելիքն ավելի թանկ չնստի, քան վրացական երկաթգծով բերվող բենզինը կամ դիզվառելանյութը։ Այն հարցին, թե ինչ անել օգոստոսյան իրավիճակը չկրկնելու համար, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատասխանեց. «Բարդ հարց է։ Դրա համար էլ մենք այս պահին մեր բոլոր կապերն ուղղում ենք դեպի Իրան և Թուրքմենստան։ Հնարավոր է նաև Ռուսաստանից Աստրախանի նավահանգստով փորձել վառելիք ներկրել մինչև իրանական Էնզելի նավահանգիստը։ Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, Իրանի հետ երկաթուղի պետք է կառուցվի։ Չուզենալով քաղաքականացնել՝ դրական կհամարեի, եթե Թուրքիայի հետ ճանապարհներն էլ բացվեին, այդ դեպքում բազմաթիվ հարցեր կլուծվեին»։ Բարսեղ Բեգլարյանի պարզաբանմամբ, Հայաստանի վառելիքի հիմնական ներկրող «Ֆլեշ» և SPS ֆիրմաները կարող էին օգոստոսյան ճգնաժամի ժամանակ օգտվել իրավիճակից և աննախադեպ բարձրացնել վառելիքի գները։ «Սակայն մենք, մեր շահերի վրա զսպաշապիկ հագցնելով, չդիմեցինք այդ քայլին, լավ հասկանալով, որ բենզինն ու դիզվառելիքը ռազմավարական նշանակության ապրանքներ են, և գների բարձրացումը հարվածելու է մեր ամբողջ տնտեսությանը»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը՝ մի անգամ ևս հավաստելով, որ իրենք հակված են հետագայում էլ հնարավորինս էժանացնել գները։ Ինչ վերաբերում է ներկրված վառելիքի հետ այլ նյութեր խառնելուն և, փաստորեն, սպառողին անորակ ապրանք մատակարարելուն, ապա, ըստ Բարսեղ Բեգլարյանի, «Ֆլեշ» ընկերության լցակայաններում դա բացառված է։ Թեպետ նա չբացառեց, որ անցած ժամանակահատվածում այլ բենզալցակայաններում նման բաներ կարող են տեղի ունեցած լինել. «Ինչ-որ բան խառնելու հազար ու մի ձևեր կան, բայց դա արդեն մարդկային որակի հարց է։ Մենք աշխատում ենք պետության կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան, իսկ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան պետական կոմիտեն, որը գտնվում է էկոնոմիկայի նախարարության հետ նույն մասնաշենքում։ Հավատացած եղեք, որ հնարավորության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում էլի կաշխատենք իջեցնել գները։ Վաղվանից բենզինի բոլոր տեսակների և դիզվառելիքի գները 20 դրամով իջնելու են, հետո արդեն կտեսնենք»։ Աննա ԲԱՐՖՅԱՆ
|
|
05/09/2008 |
«Աշխարհի ժողովրդավարական բառամթերքն այսօր ամբողջովին աղտոտված է» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ «Այսօրվա իրավիճակն ինձ հիշեցնում է 88-90-ական թվականները, երբ Հայաստանը բարձրաձայնում էր զոհի իր կարգավիճակի մասին, սակայն աշխարհը, այդ թվում` ԽՍՀՄ-ի անվան տակ հանդես եկող Ռուսաստանը, չէին տեսնում, ավելի ստույգ, չէին ցանկանում տեսնել այդ իրողությունը»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում «Տարածաշրջանը և մենք» թեմայի շուրջ այսպես սկսեց իր դիտարկումները ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ, հավելելով, թե այս պահին աշխատում է մի գրքի վրա, որում ընդգրկված են լինելու 1990-ին Բաքվում տեղի ունեցած հունվարյան արյունոտ իրադարձություններին, ինչպես նաև Ղարաբաղի մի շարք գյուղեր փաստացիորեն հայաթափ անելու «Կոլցո» օպերացիային առնչվող մանրամասներ՝ համարժեք գնահատականներով ու ընդհանրացումներով։ «Այն ժամանակ աշխարհի աչքում զոհը Հայաստանը կամ Ղարաբաղը չէին, ընդհանրապես, խոսք անգամ չկար զոհի կարգավիճակի մասին, իսկ այսօր, երբ Ռուսաստանը գործնականում բարձրաձայն մենախոսում է այն մասին, որ Հարավային Օսիայում ապրող ռուսներն ու օսերը զոհի կարգավիճակում են, դա, իհարկե, այդպես է, միայն թե 18 տարի առաջ մեր դեպքում դա չդարձավ փաստարկ՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, հիմա դարձավ փաստարկ։ Որերորդ անգամ սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանը նախ և առաջ պետք է ամենայն լրջությամբ մտածի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու մասին և, հարևանների հետ բանակցելով, ջանա նույնը համոզել նաև վերջիններիս՝ տարածաշրջանում կայուն ու հանգիստ զարգացում ապահովելու հեռանկարով»,- ընդգծեց ազգագրագետը՝ համոզմունք հայտնելով, թե հերթական անգամ ականատես ենք լինում իրական բռնությունները կեղծ հայտարարություններով կոծկելու փաստին, և որ, ընդհանրապես, աշխարհի ժողովրդավարական բառամթերքն այսօր ամբողջովին աղտոտված է։ Փաստելով, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են ժողովրդավարության ու մարդասիրության քողի տակ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու համար (Իրաք, Չեչնիա, Վրաստան և այլն)՝ առանձին-առանձին աշխարհին ներկայանալով որպես ժողովրդավարական արժեքներին հետամուտ գերտերություններ, Հրանուշ Խառատյանը շեշտեց, թե իրականում երկուսն էլ ակնհայտորեն ռեսուրսային պատերազմ են մղում՝ հետապնդելով բացառապես սեփական պետությունների գլոբալ շահերից բխող աշխարհաքաղաքական նպատակներ։ «Մենք էլ՝ երկիր մոլորակի պարզ քաղաքացիներս, մի տեսակ անտարբեր հանդուրժողականությամբ սկսել ենք կուլ տալ այն, ինչը մեզ մատուցվում է, շատ լավ հասկանալով, որ ամեն օր մեզ բոլորիս պատերազմ է սպասում»,- ցավով ընդհանրացրեց «Իրավունք de facto» ակումբի հյուրը՝ հիշեցնելով անհերքելի ճշմարտությունը, թե «ամենավատ խաղաղությունն ամենալավ պատերազմից գերադասելի է»։ «Իմ կարծիքն այն է, որ մենք այս տարածաշրջանում դատավոր չենք։ Մենք պետք է փորձենք ընդամենն արդարամիտ լինել, թեև մեր հանդեպ շա՜տ անարդար են եղել։ Իսկ արդարամտության դրսևորումը մեր կողմից այն կլինի, որ, ինչպես երեկ երկրի նախագահն ասաց, ուղղակի ընտրենք բոլոր կնճռոտ հարցերը խաղաղ բանակցություններով հարթելու ճանապարհը։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ ցանկացած բանակցություն անմիտ ու անպտուղ է, եթե տվյալ երկրներում չկան սեփական քաղաքացիների պաշտպանված իրավունքներ»,- ասաց տիկին Խառատյանը։ Անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ արդյոք Հայաստանը պե՞տք է հետևի Ռուսաստանի օրինակին և ճանաչի Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բանախոսը հետևյալ դիտարկումն արեց. «Կարծում եմ՝ Հայաստանն այդ ուղղությամբ որևէ քաղաքական հայտարարություն, առավել ևս որևէ պաշտոնական քայլ չպետք է անի, և դա ոչ միայն այն հիմնավորմամբ, թե 18 տարուց ի վեր աշխարհի որևէ երկիր պաշտոնապես դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Վերջին հաշվով, Անկախ Պետությունների Համագործակցության և ոչ մի երկրի հետ Ռուսաստանը Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման հարցը պաշտոնապես չի քննարկել, ճի՞շտ է։ Ինքը միանձնյա որոշում է կայացրել, ինքն էլ ճանաչել է, և ԱՊՀ երկրների ընդունած կոլեկտիվ պայմանագիրն էլ նման պարտադրանք չի ամրագրում, ըստ որի, եթե անդամ պետություններից մեկը սուվերեն որոշում է կայացնում, մյուսները հարկադրված են միանալու դրան։ Կարծում եմ՝ բոլորն էլ պարտավոր են հասկանալ Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այս կնճռոտ խնդրում, իսկ եթե չհասկանան կամ հարցը դիտարկեն իրենց շահերի տեսանկյունից, դրա նախադեպն էլ կա. շուրջ 20 տարի Ղարաբաղի անկախությունը ճանաչելու խնդրում ԱՊՀ պետություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով։ Այս պարագայում Հայաստանի պետական շահերը պահանջում են չմիանալ Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հայտարարություններին։ Վրաստանը մեր մերձավորագույն հարևանն է, ստրատեգիական դաշնակիցը, և մեզ համար շատ շահեկան է, որ մեր դաշնակից պետության ներսում և նրա շուրջը նորմալ իրավիճակ լինի։ Այն առումով նորմալ, որ իրականում պաշտպանված լինեն այդ երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների իրավունքները»։ Եթե չմոռանանք, որ Վրաստանում ազգային փոքրամասնության կարգավիճակ ունի նաև ջավախահայությունը, արդյոք ներկա ոչ կայուն իրավիճակում վիրահայերին չի՞ սպառնում նույն օսերի կամ աբխազների ճակատագիրը։ Լրագրողի այս հարցին Հրանուշ Խառատյանն այսպես արձագանքեց. «Եթե շատ անկեղծ լինենք՝ ստիպված ենք փաստել, որ բազմաթիվ փորձեր են եղել ջավախահայերին ուղղակիորեն տանելու բախումների և հակադրության։ Կարծում եմ՝ բարեբախտություն է, որ այդ հակադրությունը երբևէ չհասավ զինված կոնֆլիկտի, սակայն վաղուց ժամանակն է, որ Վրաստանի իշխանությունները թե՛ Ջավախքի հայությանը, թե՛ Մառնեուլի ադրբեջանցիներին վերաբերվեն ոչ միայն որպես էթնիկ փոքրամասնությունների՝ իրենց ազգային առանձնահատկություններով, այլև որպես իր պետության լիարժեք քաղաքացիների՝ սահմանադրությամբ ամրագրված հավասար իրավունքներով։ Եթե աբխազաօսական և ռուսական վերջին ռազմական բախումներից հետո Վրաստանը համապատասխան հետևություններ չանի, համարժեք բարդություններ միշտ կարող են լինել»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
29/08/2008 |
«Մենք ընտրում ենք համայնքի ղեկավար, որը պետք է ունենա փորձ, թիմ և անցած ճանապարհ» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Սեպտեմբերի 7-ին Երևանի մի քանի համայնքներում անցկացվելու են թաղապետական ընտրություններ, որոնք տեղ-տեղ բավականին դրամատիկ նախընտրական գործընթացներ են խոստանում: Արաբկիր համայնքի գործող ղեկավար, թաղապետի թեկնածու ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԸ «Իրավունք de facto» ակումբում երեկ հանդիպեց ասուլիսի հրավիրված լրագրողների հետ: «ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԿԱՅԱՆԱ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ» «Ո՞րն էր Արաբկիր համայնքի ամենապրոբլեմատիկ, ամենացավոտ խնդիրը, երբ դարձաք համայնքի ղեկավար, և կարողացա՞ք լուծում տալ դրան պաշտոնավարման այս տարիներին»,- հարցրինք գործող թաղապետին, ով քարոզարշավից առաջ, բնականաբար, արձակուրդ է վերցրել, վարչական լծակներն ու պաշտոնական դիրքը, ինչպես ասում են, ի չարս գործի չդնելու համար։ «Թիվ մեկ պրոբլեմ, որպես այդպիսին, չեմ կարող առանձնացնել, որովհետև բոլոր այն գործառույթները, որոնք վերապահված են համայնքի ղեկավարին, եղել են պրոբլեմատիկ, և իմ պաշտոնավարման տարիներին ստիպված ենք եղել իրավիճակային հարցերին լուծում տալ, որոնց բազայի վրա էլ հետագայում ձևավորեցինք համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող գործուն համակարգ»,- ասաց պարոն Շահինյանը, հավելելով, թե նախկինում կուտակված պրոբլեմների հիմնապատճառը, թերևս, այն է, որ ՏԻՄ յուրաքանչյուր ընտրությունից հետո փոխվել են համայնքի ղեկավարները, բնականաբար, նաև թիմեր են փոխվել, ծրագրեր և մոտեցումներ, պրոբլեմներն էլ, որոշակի լուծում դեռ չստացած, մի թաղապետից «ժառանգաբար» անցել են մյուսին։ «Կարո՞ղ եք Ձեր գործունեության ամփոփ պատկերը շատ հակիրճ ներկայացնել ԶԼՄ-ներին»,- «Իրավունք de facto»-ի այս հարցին էլ ի պատասխան Արաբկիր համայնքի գործող թաղապետը հակադարձեց, թե, բնականաբար, կարող է, սակայն քանի որ իրենք գունավոր բրոշյուրի տեսքով թողարկել են 2005-2008 թվականներին Արաբկիր համայնքի թաղապետարանի գործունեության հրապարակային հաշվետվությունը, ինչը կտրամադրեն ԶԼՄ-ներին, ուստի ինքը զերծ կմնա նույնիսկ հակիրճ բանավոր հաշվետվությունից։ Ի դեպ, առաջին անգամն է, որ Երևանի որևէ թաղապետ հրապարակավ ընտրողներին է ներկայացնում իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների ֆինանսական հաշվետվությունը: Հաշվետվությունը ավագանիների միջոցով բաժանվում է բոլոր արաբկիրցիներին: Ընտրողները մանրամասն կարող են ծանոթանալ Արաբկիրի թաղապետարանի կողմից 2005-2008թթ. կատարված աշխատանքներին, թե որքան փողոցներ են ասֆալտապատվել, որքան փողոցներ են լուսավորվել, որքան բակեր, շենքերի տանիքներ, վերելակներ, այգիներ, կանաչ տարածքներ, սպորտդպրոցներ, մշակութային օջախներ են բարեկարգվել-վերակառուցվել: «Ինչո՞ւ ենք հաղորդակցման այս (տպագիր հաշվետվության,-Լ. Մ.) ճանապարհն ընտրել։ Քանի որ համայնքը մեծ է, ունենք 130 հազարից ավելի բնակչություն, որից 87 հազարն ընտրող է, ուստի նախընտրական քարոզչության համար սահմանված 20 օրերի ընթացքում ոչ մի թեկնածու համապարփակ ձևով չի կարող ներկայացնել իր ծրագրերն ու առանցքային մոտեցումները համայնքի խնդիրների վերաբերյալ։ Եվ դա, առաջին հերթին, վերաբերում է այն թեկնածուին (իրեն, այսինքն.-Լ. Մ.), ով մինչ այդ պաշտոնավարել է»,- պարզաբանեց թաղապետի թեկնածուն։ «Ո՞Ւմ եք համարում Ձեր հիմնական մրցակիցը, եթե չմոռանանք, որ նրանք մի քանիսն են (մեր հերթին հիշեցնենք՝ երեքը. Զոյա Թադևոսյան, Աշոտ Մնացականյան, Ալբերտ Երիցյան. - Լ. Մ.)։ Եվ երկրորդ հարցը. վերընտրվելու դեպքում ի՞նչն եք փոխելու Ձեր աշխատանքում և ի՞նչն եք շարունակելու»,- հետաքրքրվեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբանը։ Ընդգծելով, որ թաղապետի ընտրություններում ինքը հանդես է գալիս որպես իշխանության մաս կազմող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավար Շահինյանը շեշտեց, որ թիվ մեկ մրցակից է տեսնում «Ժառանգություն» կուսակցության կողմից հովանավորվող թեկնածու Զոյա Թադևոսյանին։ «Արաբկիր համայնքում նախընտրական պայքարը միշտ էլ ծավալվել է իշխանության և ընդդիմության թեկնածուների միջև,- ասաց «Իրավունք de facto»-ի հյուրը։- Եթե հետադարձ հայացք նետենք խորհրդարանական և նախագահական վերջին ընտրություններին, պիտի փաստենք, որ եթե առաջին դեպքում համամասնական ընտրակարգով ընդդիմությունը ձայների որոշ առավելություն ուներ մեր համայնքում, ապա նախագահական ընտրություններում պատկերը ճիշտ հակառակն էր։ Բնական է, որ այս պայքարը շարունակվելու է նաև թաղապետի ընտրությունների քարոզչական փուլում։ Սա չի նշանակում, թե նախընտրական պայքար կոչվածը մենք դիտարկում ենք միայն իշխանություն-ընդդիմություն հարթության մեջ։ Ամենևին։ Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի կայանա նաև ծրագրային բանավեճի ինստիտուտը, եթե կարելի է այդպես ասել։ Այս հնարավորությունն ամենից առաջ մեզ պիտի ընձեռեն զանգվածային լրատվության միջոցները, և ես ուրախ եմ, որ վաղվանից (օգոստոսի 29-ից -Լ. Մ.) «Երևան», «Երկիր-Մեդիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների կողմից նման հնարավորություն ընձեռվել է (հիշյալ հեռուստաընկերությունների եթերում առաջիկա օրերին կբանավիճեն Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածուներ Հովհաննես Շահինյանն ու Զոյա Թադևոսյանը. - Լ. Մ.)։ Եթերը շատ լավ առիթ է մեր քաղաքացիներին, ընտրական իրավունքից օգտվող արաբկիրցիներին ներկայացնելու այն ծրագրերը, որոնցով ցանկանում ենք հանդես գալ։ Անկախ այն բանից՝ մե՞կ ամիս ժամանակ կունենանք այդ ծրագրերն իրագործելու համար, թե՞ մեկ տարի»։ Վերընտրվելու դեպքում ծրագրային փոփոխությունների հարցին անդրադառնալով՝ Արաբկիր համայնքի գործող թաղապետը հավաստիացրեց, որ շարունակելու է կյանքի կոչել 2005-2008 թվականների ծրագիրը, փորձելով առաջիկա մեկ տարում ավարտին հասցնել կիսատ թողածը։ Դիցուք, համայնքի արտաքին լուսավորության խնդիրը, որն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2009-ին, ի դեպ, նաև միջբակային ու ներբակային հատվածներում։ «Ձեր եռամյա աշխատանքի արդյունքն ինքներդ ինչպե՞ս կգնահատեիք, եթե, իհարկե, հնարավոր է այս պարագայում օբյեկտիվ լինել»,- հարցրեցինք մեր հյուրին։ «Գնահատականը կտան արաբկիրցիները՝ սեպտեմբերի 7-ին։ Ես էլ եմ արաբկիրցի, բնականաբար, ինքս էլ մասնակցելու եմ ընտրություններին,- եղավ պատասխանը։- Ընդամենը կարող եմ ասել, որ եթե թեկնածուն համարձակվում է նույն տարածքում հինգերորդ անգամ առաջադրվել և համարվում է մրցակից, հետևությունները թողնում եմ մյուս թեկնածուներին»։ «ՀՀԿ-Ն «ԴԱԲՐՈՆԵՐԻ» ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ» «Դուք նախապես ընտրել էիք «Հաղթելու եմ…» կարգախոսը (այսօր դրան ավելացել է «Մենք խոսում ենք փաստերով, մենք գործում ենք ծրագրերով» կարգախոսը), որը նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կարգախոսի կրկնակն է, կարծես։ Ինչո՞վ բացատրել այս նմանությունը»։ «Հայկական ժամանակ» օրաթերթի այս հարցին պատասխանելով՝ թաղապետի թեկնածուն նշեց, որ իրենք շատ տրամաբանական կարգախոս են ընտրել, որովհետև, եթե հաղթելու է (իսկ որ հաղթելու է՝ կասկածից վեր է), ինչո՞ւ չընդգծել, որ հաղթելու է։ «Այստեղ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ էլ կառչում եմ այն բառերից, թե քարոզարշավի ժամանակ ով՝ ինչպիսի հայտարարություններ է անում»,- հավելեց բանախոսը։ Անդրադառնալով «ՀԺ»-ի մյուս հարցին՝ «Ի՞նչ իմաստ ուներ ՀՀԿ գործկոմի նիստ հրավիրել, հայտարարելու համար, թե այս ընտրություններում կուսակցությունը չի սատարելու ո՛չ Հովհաննես Շահինյանին, ո՛չ Ալբերտ Երիցյանին, երբ վերջինս իր հերթին հայտարարում է, թե ինքն արդեն իսկ ընտրված թաղապետ է», Հանրապետական կուսակցության խորհրդի անդամը հետևյալ դիտարկումն արեց. «Նորմալ գործընթաց է գնում։ Կուսակցության նախագահը երկրի նախագահն է, թիվ մեկ երաշխավորը բոլոր այն գործընթացների, որոնք տեղի են ունենում թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, և Հանրապետական կուսակցությունն էլ ոչ թե «դաբրոների» մակարդակով է որոշումներ ընդունում, այլ՝ իր իսկ որդեգրած ծրագրարային հիմնադրույթների։ Դրանց մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում արդար ընտրությունների ապահովումը, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական բոլոր ընտրությունները կազմակերպվեն ու անցկացվեն ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան։ Կուսակցության պահանջը, մասնավորապես, թաղապետական ընտրությունների առնչությամբ, մեկն է՝ անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ, և նման ընտրություններ ապահովելու գործում պատասխանատվության իր բաժինը պետք է ունենա յուրաքանչյուր հանրապետական։ Թիվ մեկ պատասխանատուներից մեկն էլ ես եմ, որպես համայնքի ղեկավար»։ Իսկ այն հարցին, թե ի՞նչ հիմքեր ունի թաղապետի չորս թեկնածուներից մեկը, քարոզարշավը դեռ չսկսված, ինքնահռչակվելու Արաբկիր համայնքի ընտրված ղեկավար, գործող թաղապետ Շահինյանը լրագրողներին խորհուրդ տվեց հարցնել հենց իրեն՝ Ալբերտ Երիցյանին։ «ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԷԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ԵՆ» «Չորրորդ իշխանություն» թերթի ֆոտոթղթակցին «հանգիստ չտվող» հարցը «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության կողմից հարկային պարտավորությունների թերացումն էր, և ի տարբերություն շարքային արաբկիրցիների՝ աղբահանության վճարումների չկատարումը։ Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ընկերության համասեփականատեր Ալբերտ Երիցյանը տարիներ շարունակ «քոռ գրոշ» անգամ չի մուծել համայնքի աղբահանության բեռն իր ուսերին առած «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ին, որի ղեկավարը թաղապետ Հովհաննես Շահինյանի հարազատ հայրն է՝ Երջանիկ Շահինյանը։ Այն դեպքում, երբ ի տարբերություն շարքային արաբկիրցիների՝ Ա. Երիցյանի ընկերությունները (հացի փուռ, սալաթների արտադրամասեր, սուպերմարկետ) ոչ թե կենցաղային, այլ մեծ ծավալի արտադրական աղբ են արտադրում, ինչի կապակցությամ բազմիցս բողոքներ են ստացվել «Երիցյան և որդիներ» սուպերմարկետի բակի բնակիչներից: «Արդյո՞ք սա քրեորեն պատժելի արարք չէ և՛ Ձեր հիմնական մրցակից Երիցյանի կողմից, որը մուծումներ չի կատարել, և՛ թաղապետարանի կողմից, որը չի բարձրաձայնել այդ մասին»,- դիմահար հարց ուղղեց «ՉԻ»-ի թղթակիցը։ «Կարծում եմ՝ հարցի ձևակերպումը կոռեկտ չէ, և ես ստիպված եմ որոշ «բացվածքներով» խոսել,- ասաց Արաբկիրի թաղապետը։- Նախ, եկեք հարգենք մյուս երկու մրցակիցներին և այդ «հիմնական» բառը չօգտագործենք, որովհետև ինձ համար բոլոր երեքն էլ հիմնական մրցակիցներ են, թեև, կրկնում եմ, նախընտրական պայքարն ընթանալու է ընդդիմության և իշխանության միջև՝ ծրագրային հարթության վրա։ Ո՛չ քաղաքական։ Մենք պետք է ապաքաղաքականացնենք այս գործընթացը, որովհետև սա տեղական բնույթի ընտրություն է, և մենք կուսակցական գործիչ չենք ընտրում, նրան վերապահելով համայնքի քաղաքական մենեջերի գործառույթները։ Մենք ընտրում ենք համայնքի ղեկավար, որը պետք է ունենա փորձ, պետք է ունենա թիմ և անցած ճանապարհ։ Ինչ վերաբերում է հարցին՝ թե ո՞վ է վճարում աղբահանության դիմաց, և ո՞վ չի վճարում, ասեմ, որ դրա պատասխանատուն թաղապետարանը չէ։ Թաղապետարանները սանմաքրման և աղբահանության հարցերով չեն զբաղվում, ընդամենը վերահսկում, կոորդինացնում են այդ աշխատանքները՝ կազմակերպելով մրցույթներ այն կազմակերպությունների միջև, որոնք այդ գործով զբաղվելու համար անհրաժեշտ միջոցներ, տեխնիկա և աշխատողներ ունեն։ Ժամանակն է, որպեսզի տարանջատենք սովետական ռայկոմների ղեկավարների լիազորություններն այսօրվա համայնքապետերի լիազորություններից։ Աղբահանությանն առնչվող հարցը ես կարևորում եմ բոլորովին այլ կտրվածքով։ Այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, չկա աղբավերամշակման գործարան, փոխարենը տեխնիկայի խնդիր կա: Տասնհինգ օր հետո մենք կունենանք փոշեկուլ, աղբահավաք ևս 10 մեքենաներ, որոնք կենտրոնական փողոցներում փոխարինելու կգան գիշերային հավաքարարներին։ Խոսքն առայժմ գերմանական արտադրության «Մերսեդես» մակնիշի տասը մեքենաների մասին է, որոնց թիվը շատ մոտ ապագայում կավելանա, որովհետև մեր համայնքում աղբահանության և ձնահեռացման աշխատանքները լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ է ձեռք բերել 120 միավոր տեխնիկա։ Ասեմ նաև, որ արդեն 2009 թվականին մենք նախատեսում ենք յուրաքանչյուր բակում տեղադրել ժամանակակից աղբամաններ, ինչը սովորական բան է յուրաքանչյուր զարգացած երկրի համար»։ «ԵՐԲԵՎԻՑԵ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՉԵՄ ԲԱԺԱՆԵԼ» «Հայոց աշխարհի» հարցը մեր իրականության մեջ սովորական դարձած ընտրակաշառքին էր վերաբերում։ Մասնավորապես, մամուլում արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են եղել, որ թեկնածուներից մեկն ընտրակաշառք բաժանելու նոր «մեթոդ» է հորինել և կենսաթոշակներն ու նպաստները բնակիչներին բաժանող փոստային աշխատակիցների «ձեռամբ» 5-հազարական դրամներ է բաշխում վաղվա ընտրողներին։ «Դուք, որպես համայնքի գործող ղեկավար, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս երևույթը կանխելու համար»,- հետաքրքրվեց թերթի լրագրողուհին։ «Նախ ասեմ, որ երբևիցե ընտրակաշառք չեմ բաժանել՝ ո՛չ ինձ համար, ո՛չ որևէ մեկի,- հավաստիացրեց Հովհաննես Շահինյանը։- Ինչ վերաբերում է այն թեկնածուին, ով իր ձեռքի տակ նման փաստեր ունի, այդ հարցով պետք է դիմի ոչ թե համայնքի ղեկավարին, այլ՝ իրավապահ մարմիններին։ Կա ընտրական օրենսգիրք, և յուրաքանչյուր թեկնածու իր քարոզարշավը պետք է կազմակերպի այդ օրենսգրքի շրջանակներում։ Նա, ով կխախտի սահմանագիծը, համոզված եղեք, կենթարկվի համարժեք պատասխանատվության»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
22/08/2008 |
«Այն, ինչ կատարվեց մեր տարածաշրջանում, առաջին հերթին մարդկային մեծ ողբերգություն էր» |
«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ Վրաստանում ծավալված դրամատիկ իրադարձություններն այսպես ընդհանրացրեց ՀՅԴ բյուրոյի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «Վրացական դասեր» թեմայի շրջանակներում լրագրողներին իր դիտարկումները ներկայացնելով։ «Կարծում եմ, և դաշնակցության բյուրոյի մեկ շաբաթ առաջ հրապարակած հայտարարության մեջ էլ այդ մասին հստակ ասված է, թե այս իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին, որ մեր նուրբ տարածաշրջանում ազգամիջյան հարցերն ուժի կիրառմամբ լուծելու փորձերը հեռանկար չունեն։ Սա պիտի դաս լինի նաև ռազմատենչ հայտարարություններով պարբերաբար հանդես եկող Ադրբեջանի համար։ Ի վերջո, հին խոսք կա. «Սուր վերցնողը սրից էլ կընկնի»,- շեշտեց դաշնակցական գործիչը, հավելելով, թե վրաստանյան իրադարձությունները բացառիկ դաս պիտի լինեն նաև հայոց իշխանությունների և ընդդիմության, ողջ հայության համար, քանզի այդ հարթության մեջ է տեղավորվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չկարգավորված հակամարտության խնդիրը։ Բանախոսը մեկ անգամ ևս կարևորեց Արցախի ժողովրդի՝ ազատ ապրելու, սեփական կամքով իր ճակատագիրը տնօրինելու միջազգայնորեն ամրագրված իրավունքը, ինչն այլընտրանք չունի։ Եվ որպեսզի դե ֆակտո նվաճված այդ իրավունքը նույն միջազգային հանրությանը կարողանանք ճանաչել տալ նաև դե յուրե, ապա վրաստանյան իրադարձությունները հենց այն առիթն են, որոնք Հայաստանում հիմք պիտի ծառայեն Արցախի հարցում մեր միասնականությունն ապացուցելու համար։ «Ես խորապես համոզված եմ՝ ԼՂՀ սահմանները պաշտպանող զինվորները ոչ միայն Արցախն են պաշտպանում, այլև Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանում են մեր ազգային, պետական շահերը, և առանց Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքի Հայաստանն այս տարածաշրջանում և աշխարհում մեծ հեռանկարներ չի կարող ունենալ»,- փաստեց Աղվան Վարդանյանը։ Հիշեցնելով, որ ամբողջ աշխարհը խոսում է հարավկովկասյան տարածաշրջանում համագործակցության, կայուն զարգացման միջավայր ստեղծելու անհրաժեշտության մասին` ՀՅԴ բյուրոյի անդամը համոզմունք հայտնեց, որ այս համատեքստում էլ առանց Արցախի (Հայաստանի կազմում, թե որպես ինքնիշխան պետական սուբյեկտ) այդ համագործակցության հիմքերը չեն կարող ստեղծվել։ «Մանավանդ որ թե՛ իր պատմական, թե՛ իրավական, թե՛ այս պահի կարգավիճակով Արցախը համեմատելի չէ ո՛չ Հարավային Օսիայի, ո՛չ Աբխազիայի հետ և, բոլոր առումներով, շատ ավելի կազմակերպված, կայացած, ինքնուրույն պետություն է, որից օրինակ կարող են վերցնել նույնիսկ տարածաշրջանի ճանաչված պետությունները։ Արցախում, հատկապես նոր նախագահ Բակո Սահակյանի օրոք, ստեղծվել է լրջագույն բարեփոխումների մթնոլորտ, ձևավորվում է պետության որակական նոր մոդել և, ի տարբերություն Հայաստանի, իսկապես կա փոխվստահության, միասնության, բարոյահոգեբանական շատ առողջ մթնոլորտ»,- հավաստեց նախկին նախարարը, շեշտելով, թե Հայաստանն այս առումով կարող է նույնիսկ սովորել ԼՂՀ-ից։ ՈՒ թեև չմասնավորեցրեց՝ ՀՀ նոր նախագահ Սերժ Սարգսյա՞նը սովորելու բան ունի ԼՂՀ նոր նախագահ Բակո Սահակյանից, թե՞ Հայաստանի ընդդիմությունն ու հանրությունը՝ արցախյան նույնատիպ «սուբյեկտներից», սակայն խոսքի ենթատեքստում և՛ այն կար, և՛ այն։ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի համար տարօրինակ կլիներ վրացական դեպքերի խորապատկերում շրջանցել ջավախահայության խնդիրը, և նա, բնականաբար, չշրջանցեց։ «Կարծում եմ՝ եվրոպական ազգային փոքրամասնությունների խարտիային համապատասխան Վրաստանի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ պիտի անեն ջավախահայերի իրավունքների պաշտպանության համար՝ որպես Վրաստանի կազմում ապրող ազգային փոքրամասնության։ Այս հարցում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի ջավախահայության գործոնը երրորդ ուժերի ձեռքին հանկարծ չդառնա գործիք, չդառնա միջոց՝ տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու հարցում։ Վրաստանը մեզ համար ոչ միայն հարևան, այլև բարեկամ երկիր է, նրա կայունությունը բոլոր առումներով մեզ համար շատ կարևոր է։ Չենք կարող չարձանագրել նաև, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է և Անդրկովկասում, ի վերջո, անելիքներ ունի»,- ընդգծեց «Իրավունք de facto» ակումբի դաշնակցական հյուրը։ Ասուլիսի հիմնական թեմայից դուրս լրագրողներին հետաքրքրող գլխավոր հարցը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումն էր երկու երկրների երիտասարդական հավաքականների միջև, որը նախորդ օրվա գիշերն ավարտվեց մեր ջահելների փայլուն հաղթանակով և հույս ներշնչեց, թե սեպտեմբերի 6-ին կայանալիք ազգային հավաքականների հանդիպման ժամանակ ևս նույնատիպ անակնկալ կարող է գրանցվել։ Աղվան Վարդանյանը, պարզվեց, խաղին անձամբ ներկա չի եղել, ներկա է եղել որդին, իսկ ինքը հանդիպմանը հետևել է հեռուստաեթերից։ «Եթե ներկա լինեիք՝ ի՞նչ էիք վանկարկելու. «Արարատ, հուպ տո՞ւր, «Հայաստա՞ն», թե՞ «Հա՜-յե՜ր»,- հետաքրքրվեց «Չորրորդ իշխանության» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը։ «Իսկապես տպավորիչ էր մեր հաղթանակը։ Շատ զայրացա, երբ անհեթեթ գոլ բաց թողեցին մերոնք, և ուղղակի հրաշքի նման էր, երբ վերջին րոպեին մեր հավաքականը կարողացավ հաղթել։ Այն ցնծությունը, որ կար գիշերային Երևանի փողոցներում, իսկապես տեղին էր։ Ճիշտ է, ֆուտբոլը սպորտ է, բայց սպորտային հաղթանակը միասնական ուժի, ոգևորության, ազգային համախմբման շատ մեծ լիցք է պարունակում։ ՈՒրախ եմ մեր օլիմպիականների հաղթանակի համար, սարսափելի ուրախ եմ մեր ֆուտբոլիստների երեկվա հաղթանակի համար, և եթե ես այդ պահին ստադիոնում լինեի, կվանկարկեի՝ «Հա-յաս-տան»,- ասաց ընկեր Աղվանը, հավելելով, թե սեպտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ «շատ ավելի տիպիկ կարգախոսներ կլինեն»։ Ի՞նչ որակի «տիպիկ»՝ չմանրամասնեց։ Մնում է ենթադրել, որ դա կախված կլինի «Հրազդան» մարզադաշտում Թուրքիայի նախագահ Գյուլի լինել-չլինելուց։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |