|
Սպորտ
|
|
|
14/05/2010 |
ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ Է ԱՆՑՆԵԼԻՔ ԼՈՒՐՋ ՃԱՆԱՊԱՐՀ |
Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների այս տարվա առաջնությունն իսկապես բացառիկ եղավ տղամարդկանց Հայաստանի հավաքականի համար: Մեր ընտրանին, ունենալով պատվիրակների ավելի փոքր թվակազմ, իրեն գերազանց դրսևորեց ուժեղագույնների մրցակցությունում` միանգամայն արժանիորեն ճանաչվելով մայրցամաքի թիվ մեկ թիմ: Պակաս հաջողակ չեղավ և մեր կանանց հավաքականը. արժանի դիմակայություն ցույց տալով մրցակիցներին` այն նույնպես վերադարձավ մեդալների պատկառելի ավարով: Մեր հավաքականների ելույթին «Իրավունքը de facto»-ն իր էջերում հանգամանալից անդրադարձել է և, բազմահազար մարզասերների ցանկությանն ընդառաջ, սկսում է շարք` փորձելով հնարավորինս ամբողջական ներկայացնել հավաքականների կազմում հանդես եկած մարզիկ-մարզուհիների ոչ միայն անցած մարզական ուղին, այլև ներկայացնել նրանց որպես քաղաքացի ու անհատականություն: Ընդամենը 17 տարեկան Սմբատ Մարգարյանն արդեն տիտղոսավոր մարզիկ է` 2010-ի Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր երկամարտում և չեմպիոն` հրում վարժությունում, «Լոնդոն-2012»-ի Հայաստանի ծանրամարտի հավաքականի հույսերից մեկը: Նրա առաջին ծանոթությունը ծանրաձողի հետ եղել է 6 տարեկանում, սակայն հրապուրանքը կարճ տևեց: Մարզաձևով լրջորեն զբաղվելու համար պահանջվեց «հասունության» ևս 3 տարի, ու այստեղից էլ սկսվեց ամեն ինչ: Տասներեք տարեկան էր, երբ մասնակցեց Հայաստանի պատանիների առաջնությանը, իսկ մեկ տարի անց արդեն երկիր էր ներկայացնում միջազգային մրցաբեմում: Իտալիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում (մինչև 17 տարեկան ծանրորդներ) նորամուտը հաջող էր: ՈՒ թեպետ ամենակրտսեր մասնակիցն էր, վերադարձավ արծաթե մեդալով` մայրցամաքի փոխչեմպիոնի կարգավիճակով: Մեկ տարի անց ամեն ինչ նույնությամբ կրկնվեց` միայն մեկ տարբերությամբ. այս անգամ առաջնությունը Ֆրանսիայում էր: Տասնհինգ տարեկանում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն. սա, կարծես, այնքան էլ քիչ չէ: Ես ոչ այնքան փաստում եմ իրողությունը, որքան ասելիքս ուղղում Սմբատի տարեկիցներին ու նրան հասակակից երեխաներ ունեցող ծնողներին. հասուն լինելու համար պարտադիր չէ լինել 20-25 տարեկան ու ավելի մեծ. հասուն կարելի է լինել և շատ ավելի վաղ հասակում, ընդ որում, այնքան հասուն, որ կարողանաս ոչ միայն ծնողիդ հոգսը թեթևացնել (իսկ Սմբատը նաև այդպիսին է), այլև երկիր ներկայացնել: Իր 16-ը Սմբատը դիմավորեց, ժողովրդի լեզվով ասած, «ջանի եկած»: Մրցումային նրա քաշն արդեն դարձել էր 56 կիլոգրամ, և հենց այս քաշային կարգում էլ Հայաստանը ներկայացրեց Թաիլանդում անցկացված աշխարհի առաջին պատանեկան առաջնությունում: Իտալիայի ու Ֆրանսիայի պես Թաիլանդն էլ նրա համար արծաթազօծ եղավ, և այստեղ բանը միայն ասիացի մարզիկների հզոր դիմակայությունը չէր, ովքեր անտարակուսելիորեն հաջողել են ոչ միայն մարզման մեթոդիկայում։ Սակայն եկեք հիշենք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի` մի առիթով դիպուկ ասված խոսքը և շարժվենք այդ հոգեբանությամբ. «Մենք պետք է գտնենք հաղթելու մեր ձևը»: Իսկ հաղթելու մեր ձևն ամենաստուգվածն է ու ամենավստահելին` լինել մրցակցից ուժեղ ու ամեն կարգի պատահականություններից հեռու մնալ: Աշխարհի պատանեկան առաջնությունից զատ, 2009-ին Սմբատ Մարգարյանն ունեցավ ևս երեք փորձաքննություն` Եվրոպայի երիտասարդական (մինչև 20 տարեկաններ, Շվեդիա), պատանեկան (Իսրայել), երիտասարդական (մինչև 23 տարեկաններ, Լեհաստան) առաջնություններ, և բոլոր երեքից էլ վերադարձավ չեմպիոնի տիտղոսը նվաճած: Այստեղ ընդգծենք ուշադրության արժանի երեք հանգամանք. առաջին` բոլոր չորս մրցաշարերում էլ մեր պատանյակը ցույց տվեց 235-240 կիլոգրամների միջակայքում գտնվող արդյունք, ինչը լիուլի էր հաղթող ճանաչվելու համար, երկրորդ` ելույթներում եղավ հաճելիորեն հուսալի, և երրորդ` չորս առաջնությունից երկուսում հաղթեց իր տարիքն անհամեմատ գերազանցող մարզիկների հետ մրցակցությունում (այստեղ «յոլա» գնանք առանց մեկնաբանությունների, քանզի փաստն ինքնին խոսուն է): Պատանի ծանրամարտիկի մեջ, անշուշտ, այս իրողությունները և իր համար տեսանելի ուրիշ բաներ նկատեց մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը` հրավիրելով նրան երկրի գլխավոր հավաքական: Մեծահասակների Եվրոպայի այս տարվա առաջնության տաք հետքերով Սմբատի ելույթի մասին մենք գրել ենք, նշել, որ երկամարտի 255 կգ արդյունքով մեր պատանին հռչակվեց մայրցամաքի փոխչեմպիոն, որ հրում վարժությունում նրա սանձահարած 146 կիլոգրամը մայրցամաքի երիտասարդական, իսկ երկամարտի արդյունքը պատանեկան ռեկորդներ են, որ եթե անկողմնակալ մրցակցություն լիներ, չէր հաշվվի հրում վարժությունում բելառուս Վիտալի Դերբենյովի բարձրացրած 138 կիլոգրամը, ու մեր տղան կհռչակվեր մայրցամաքի չեմպիոն և այլն, և այլն: Սակայն, ինչպես ասում են, հետին թվով սուր ճոճելն անիմաստ զբաղմունք է, շատ ավելի կարևոր է, որ մեր պատանին Մինսկում ևս մեկ առարկայական դաս ստացավ, և այդ դասն ասում է` հաղթելու համար մրցակցից պիտի մի գլուխ բարձր լինել: Իսկ որ մեր պատանին մրցակիցներից ուշիմ աշակերտ է, շատ ավելի լավ գիտեն Երևանի թիվ 181 դպրոցում (տնօրեն` Արամ Սաֆարյան), որտեղ ոչ միայն օրինականորեն հպարտանում են իրենց սանով, այլև հնարավորինս ներողամտորեն են վերաբերվում ուսումնամարզական ու մրցումային փուլերի պատճառով դասերից երբեմն-երբեմն բացակայող իրենց աշակերտին: Սա այն դեպքն է, երբ բացակայությունն իրոք հարգելի է, որովհետև բացակայողը ոչ թե անիմաստ պատի տակ է կանգնում կամ թրև գալիս փողոցում, այլ սպորտի պատմություն է կերտում, երկրի դրոշ է բարձրացնել տալիս: Ի՞նչը կարող է վեր լինել սրանից: Սմբատ Մարգարյանը կայացած երիտասարդ է, և կրկնակի ուրախալի է այսպես արտահայտվելը մեկի մասին, որն ընդամենը 17 տարեկան է: Այս պատանու մեջ նախանձելի լրջություն կա, իսկ եթե սրան ավելացնեմ նաև մարդու կերպարի համար այնպիսի արժեքավոր բնութագրական, ինչպիսին համեստությունն է, թերևս, առավել ամբողջական կլինեմ ասելիքիս մեջ: Անկեղծ ասած` վերջին հատկանիշն ավելի ուրախացրեց ինձ, որովհետև մարդուն կործանման տանող ամենակարճ ճանապարհը մեծամտությունն է: Փառք Աստծո, որ սա մեր պատանյակի համար յուրացրած դաս է, իսկ որ անձիս համար հաճելի անակնկալ էր, կինո և երաժշտություն սիրելուց զատ, նաև գիրք կարդալ սիրելու մասին իմանալը, նրա համար ուրախությունս դարձավ առավել: Թերևս այսքանը Սմբատ Մարգարյանի մասին, ում ճակատագրով վերապահված է անցնելիք լուրջ ճանապարհ: Թող որ այն կանաչ ու անխոչընդոտ լինի, և Աստված պահապան նրան: Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
|
|
13/04/2010 |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ, ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ` ԱՆԹԱԼԻԱ |
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություններում տղամարդկանց և կանանց մեր ընտրանիները վերջին տարիներին հաստատագրված սովորույթի ուժով գերազանց մրցելույթ են ունենում` ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով իրենց բազմահազար երկրպագուներին: Հուրախություն մեզ, չառանձնացավ և այս առաջնությունը, որից վերադարձանք 7 ոսկե, 9 արծաթե և 4 բրոնզե մեդալ նվաճած: Մեր մարզիկներից առաջինը հանդես եկած Սմբատ Մարգարյանի փայլուն ելույթի մասին արդեն գրել ենք, հարկադրված ենք մյուսների մասին խոսել մեկ ընդհանրական նյութի մեջ, թեպետ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է առանձին, ամբողջական էջի: Առաջնությունից դեռ մեկ ամիս առաջ համարձակվել էինք կանխագուշակել, որ մինչև 77 կգ կշռող մեր մարզիկները մրցակից չեն ունենա, և Տիգրան Գևորգի Մարտիրոսյան-Առաքել Միրզոյան մրցակցությունում է որոշվելու Եվրոպայի չեմպիոնը: Ցավոք, Առաքելը մեզ անհայտ պատճառներով չմասնակցեց առաջնությանը, ինչի հետևանքով մրցակիցները հնարավորություն ստացան ճաշակելու արծաթը նվաճելու հաճույքը: Ասածիս մեջ գլուխգովանություն չկա, պարզապես այսպիսին է եվրոպական ծանրամարտի այսօրվա իրականությունը վերը հիշատակված քաշային կարգում, և մեզ համար մրցակցային հետաքրքրություն է ներկայացնում միայն աշխարհի առաջնությունը, հանդիպումը Ասիան ներկայացնող մարզիկների և, ի մասնավորի, չին Քսյաոյունի հետ, որի հետ, հիշեցնում եմ, հարցեր կան պարզելու: Հաջորդ «քննություն» հանձնողը Մելինե Դալուզյանն էր, և մեծ անհանգստություն կար նրա առնչությամբ: Բանն այն է, որ Եվրոպայի նախորդ առաջնությունում մեր աղջիկը համեստ ելույթ ունեցավ: Ծանրամարտի սիրահարներին քաջ հայտնի է, որ դա Մելինեի առաջին ելույթն էր տևական հիվանդությունից հետո, և 6-րդ հորիզոնականում հանգրվանելն այն ժամանակ ըմբռնումով ընկալվեց: Ճիշտ է, այս անգամ էլ «մեղմացուցիչ դեպք հանցանաց» կար. մարզուհին քաշը փոխել ու հանդես էր գալիս իր համար նոր` 69 կգ քաշային կարգում: Առաջ անցնելով ասենք` մեր աղջիկը գերազանց հանդես եկավ, և նրա երեք արծաթե մեդալներն էլ ոսկուն հավասար արժեք ունեն: Կամային բացառիկ որակներ ունեցող այս գյումրեցին, չեմ կարծում, որ աշխարհի մեր առաջին կին չեմպիոնուհուց` Նազիկ Ավդալյանից պակաս պատվախնդիր կլինի, և նրա անունն էլ մոտ ապագայում կտեսնենք աշխարհի չեմպիոնների ցուցակում (Մելինեն Եվրոպայի չեմպիոն արդեն եղել է): Իսկ հրում վարժությունում 145 կգ կշռող ծանրաձողի վրա նրա գրոհին չանդրադառնալը պարզապես անհնար է. այդ ո՞վ փորձառու Օքսանա Սլիվենկոյի աչքերի մեջ չտեսավ ոչ միայն հիշյալ ձևում, այլև երկամարտում ոսկե մեդալը կորցնելու վախը: Իսկ եթե ասենք, որ ամբողջ 25 կիլոգրամով մեր աղջիկը գերազանցեց աշխարհի անցած առաջնության իր արդյունքը, կարծում ենք, ընթերցողն ավելորդ մանրամասներ մեզնից այլևս չի ակնկալի: Նույն օրը երեկոյան մեզ էր սպասում մինչև 85 կգ կշռող ծանրորդների մրցամարտը, որտեղ ունեինք երկու մասնակից` աշխարհի նախորդ առաջնությունում ընդհանրապես լավ, իսկ հրում վարժությունում իրեն պարզապես փայլուն դրսևորած Գևորգ Պողոսյանն ու պեկինյան օլիմպիադայում ստացած վնասվածքից հետո առաջին անգամ մրցաբեմ ելած, Եվրոպայի առաջնությունների կրկնակի արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը: Ցավոք, մեր մարզիկներն առաջին վարժությունում բավարարվեցին պատվիրած սկզբնական քաշը բարձրացնելով և իրենցից առաջ թողեցին բելառուս Նովիկովին ու թուրք Իզեթին: Ճիշտ է, Արան, այնուամենայնիվ, փոքրիկ բրոնզ ապահովեց հավաքականի համար, սակայն ո՞վ չգիտեր, որ մենք դրա համար չէինք ծանր տեղներս թեթևացրել, հասել Մինսկ: Բարեբախտաբար, հրում վարժությունում ամեն ինչ արագ իր տեղն ընկավ, և մեր մարզիկները փոքր ոսկու և արծաթի հետ ապահովեցին նաև նույն հարգի մեծ մեդալները: Իհարկե, անչափ ուրախալի է, որ Գ. Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, սակայն շատ ավելի արժեքավոր է այն, որ մարզիկը հավաստեց անչափ կարևոր մի իրողություն` ի դեմս իրեն մեր ընտրանին ունի կամային բարձր հատկանիշներով աչքի ընկնող, պայքարից չխուսափող, հուսալի մարզիկ: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանին, քչերը գիտեն, որ նման ծանր վնասվածքից հետո սովորաբար հրաժեշտ են տալիս սպորտին: ՈՒրեմն, իմանանք այն, ինչ չի բարձրաձայնվել այսքան ժամանակ ու ճիշտ գնահատենք նրա ելույթը` արժանին մատուցելով այս հրաշալի մարզիկին: Պատվախնդիր գյումրեցու այս ելույթից հետո ես ավելի քան համոզված եմ, որ նա դեռ ունենալու է իր ոսկե ելույթը ու բնավ էլ դատապարտված չէ երկրորդը լինելու «արծաթե» պատվին: Անշուշտ, շատ բարձր պիտի գնահատել մինչև 75 կգ քաշային կարգում հանդես եկած Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթը, որը մեր հավաքականի մեդալների պաշարն ավելացրեց երեք բրոնզով: Իհարկե, այս օրերին միայն ոսկու և արծաթի սովորած մարզասերներին քասախցի գեղեցկուհու ելույթը կարող է համեստ թվալ, սակայն դա իրականում այդպես չէ: Նախ` այդ բրոնզն այսօր է բրոնզ և ոչ հեռավոր ապագայում կարող է ու փոխվելու է ավելի բարձր հարգ ունեցող մեդալով, մանավանդ որ, մեր այս մարզուհին նույնպես Եվրոպայի չեմպիոնուհի լինելու քաղցրությունն արդեն ճաշակել է: Իսկ մեր լավատեսությունն ավելի քան լուրջ հիմքեր ունի: Եկեք չմոռանանք, որ անցած տարվա աշխարհի առաջնության իր արդյունքը մեր աղջիկը գերազանցել է, իսկ սա նշանակում է, որ նա շարժվում է վերընթաց: Եվ հետո Նադեժդա Եվտյուխինա-Նատալյա Զաբոլոտնայա զորեղ ռուս երկյակի հետ մրցակցությունում Հռիփսիմեն ոչ միայն «ատամ» ցույց տվեց, այլև աշխարհի ռեկորդի համը փորձեց ճաշակել։ Ճիշտ է, քաշն այս անգամ չհաղթահարվեց, բայց որ այն ծնկի է գալու մեր աղջկա հզոր կամքի առաջ, եկեք չկասկածենք: Մենք ունենք ուժեղ մարզուհի, որը եթե առաջընթաց քայլ կատարի պոկում վարժությունում, կդառնա մրցակիցների ահն ու սարսափը (հետաքրքրվողների համար նշենք, որ բարձրացրած 273 կիլոգրամով Հռիփսիմեն կարող էր հաջորդ քաշային կարգում նվաճել Եվրոպայի փոխչեմպիոնուհու տիտղոսը): Մինչև 105 կգ քաշայինների մրցավեճում Պեկինի օլիմպիադայի չեմպիոն Անդրեյ Արամնևի, փոխչեմպիոն Դմիտրի Կլոկովի, Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Վլադիմիր Սմորչկովի հետ մրցակցությունում Արթուր Բաբայանից այս պահին մեդալ սպասելն այնքան էլ լուրջ չէր, սակայն համառ մրցակցություն ակնկալելու իրավունք ունեինք, որովհետև մեր մարզիկ-մարզիչներն անցել են նաև այս քաշը «հայկականացնելու» գործին, և, դատելով Արթուրի ելույթից, նկատելիորեն հաջողել են իրենց ձեռնարկում: Մենք ներկայացնենք պատկերը համեմատական, եզրակացությունն արեք ինքներդ. Եվրոպայի անցած առաջնությունում մեր մարզիկը հանգրվանեց 8-րդ հորիզոնականում (175+207), իսկ Մինսկում արդեն 5-րդն էր երկամարտի 394 կիլոգրամով (178+216): Այնպես որ, հայկական ծանրամարտում այսօր ոչ միայն ավանդույթներն են պահպանվում ու զարգացվում, այլև նոր ավանդույթների հիմք է դրվում։ Գերծանրքաշայինների մրցավեճում իրեն փայլուն դրսևորեց մեր 20-ամյա հսկան` Ռուբեն Ալեքսանյանը, որը մարզաձևի «գրանդներին»` Եվգենի Չիգիշևին ու Մաթիաս Շտայներին` Պեկինի օլիմպիադայի չեմպիոնին (ցավոք, Եվգենի Պիսարևը վնասվածքի պատճառով հանդես չեկավ, թեպետ հայտավորված էր), եկավ ասելու, որ քաշային այս կարգում փոխվում է երաժշտության պատվիրատուն։ Այդ են վկայում նրա նվաճած մեկ փոքր ոսկե (հրում) և մեկական փոքր ու մեծ արծաթե մեդալները (պոկում վարժություն և երկամարտ), ինչը փայլուն արդյունք է: Իհարկե, Ռուբենը կարող էր և մեծ ոսկուն արժանանալ, եթե սանձահարեր 246 կգ կշռող ծանրաձողը, որն այս անգամ քմահաճ աղջկա պես կամակոր գտնվեց, թեև դիմադրելու իր սեթևեթանքի մեջ այնքան էլ շատ չէր ուզում մերժած լինել մեր գեղեցկադեմ հսկային: Ասենք` անցած լինի, մանավանդ որ գիտենք` ուժեղի նկատմամբ ծանրաձողն առանձնահատուկ թուլություն ունի, իսկ մեր տղան, եթե ասենք` ուժեղ է, ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, որովհետև… շատ է ուժեղ: Մինսկում մեր հավաքականների հաջողությունները պայմանավորված էին մի քանի գումարելիներով, սակայն այդ մասին մեր հաջորդ նյութում, թեպետ արժե նախապես շնորհակալ լինել հավաքականների գլխավոր մարզիչներ Աշոտ Մխիթարյանին ու Արտաշես Ներսիսյանին, մարզչական թիմի մյուս անդամներին: Չգիտեմ ով` ինչպես, ես գլուխ եմ խոնարհում նրանց առաջ: Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
|
|
15/12/2009 |
«ԿԱՐԵՎՈՐԸ ԳԼՈՒԽՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՈՒԺԸ» |
Երևանի ժամանակով կիրակի վաղ առավոտյան իր հերթական մենամարտն անցկացրեց երկրորդ թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ: Նրա մրցակիցը WBC վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն, 29-ամյա մեքսիկացի Թոմաս Ռոխասն էր: Նախորդ մարտում Ջոզեֆ Ագբեկոյից կրած ցավալի պարտությունից հետո Վախթանգը լի էր սասանված հեղինակությունը վերականգնելու վճռականությամբ: Այս մենամարտից առաջ կայացած մամուլի ասուլիսում մեքսիկացին հայտարարել էր, որ պատրաստ է շաբաթօրյա մարտին, և շաբաթը լինելու է «երկուսը մեկի համար», քանի որ ինքը Վիկից խլելու է չեմպիոնական երկու գոտիները: «Նա լավ բռնցքամարտիկ է, բայց ես պատրաստ եմ նրա հետ մենամարտին: Սա շատ կարևոր մարտ է ինձ համար: Վախթանգ Դարչինյանն ուժեղ է, բայց անհաղթելի չէ: Ես պատրաստ եմ տիտղոսը նվաճելուն: Ես մեծաքանակ հարվածներ կհասցնեմ, կհարվածեմ ավելի շատ և ուժեղ: Դարչինյանը հանդիպել է շատ լավ բռնցքամարտիկների հետ, բայց ինձ նմանների հետ նա դեռ չի մենամարտել: ՈՒրախ եմ ԱՄՆ վերադառնալուս համար, բայց այս մարտը ես նվիրում եմ իմ հարազատ մեքսիկական Վերակրուս քաղաքին»,- մարտից առաջ ասել է Թոմաս Ռոխասը: Իր հերթին աշխարհի չեմպիոնը վստահություն է հայտնել իր ուժերի նկատմամբ և ասել, որ իրեն կհաջողվի պահպանել չեմպիոնական գոտիները: «Ռոխասի թիմը կարող է հավատալ ամեն ինչի: Նրանք ասում են, որ պատրաստվում են ինձ նոկաուտի ենթարկել և խլել իմ բոլոր տիտղոսնե՞րը: Ինչպե՞ս կարող էր նրա մտքով նման բան անցնել, երբ ես հաղթել եմ բոլոր նրանց, ում հետ նա ժամանակին հանդիպել է: Նա իրեն խիզախորեն է պահում, բայց երբ տեսնի ինձ, նրա ծնկները կդողան: Ես, լիցքավորած հրացանի նման, պատրաստ եմ «գնդակահարելու» նրան բռնցքամարտիկի իմ ունակություններով»,- մարտից առաջ հայտարարել է Վախթանգը: Մենամարտը կայացավ Կալիֆոռնիա նահանգի Ռանչո Միրեջ քաղաքի «Ագուա Կալիենտե» դահլիճում: Առաջին ռաունդը սկսվեց հետախուզությամբ: Գրեթե ողջ ռաունդն անցավ մոտավորապես հավասար պայքարում: Միայն վերջին 15-20 վայրկյանում Վիկն ակտիվացավ և ձախ ձեռքով մի քանի ուժգին հարված հասցրեց նպատակին: Սակայն, ինչպես պարզվեց մենամարտի ավարտից հետո, առաջին ռաունդում հարվածներով առավելությունը մեքսիկացու կողմն էր: Երկրորդ ռաունդի մեծ մասը ևս անցավ փոխնիփոխ գրոհներով, մի պահ նույնիսկ Վախթանգը հայտնվեց բարդ վիճակում, սակայն կարողացավ դուրս պրծնել ճոպանների մոտից և շարունակեց գրոհել: Թվում էր, թե ռաունդը կավարտվի, և մրցակիցները կգնան ընդմիջման, սակայն երբ ռաունդի ավարտին մնում էր 14 վայրկյան, Վախթանգը ձախ ձեռքի ուժգին հարվածով «գնդակահարեց» մեքսիկացու ծնոտը, և Ռոխասը տապալվեց ռինգի հատակին: Մրցավարը հաշիվ բացեց և երկու ձախլիկների մենամարտում արձանագրեց նոկաուտ: Սա 33-ամյա Վիկի 33-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 27-ը նա տարել է նոկաուտով: «Նա ավելի շատ հարվածներ էր հասցնում և միավորներով առջևում էր, բայց ես գիտեի, որ իմ ժամանակը գալու է,- մարտից հետո հայտարարել է հայ բռնցքամարտիկը:- Ես պարզապես սպասում էի և օգտագործեցի իմ ունակությունները. կարևորը գլուխն է և ոչ թե ուժը: Հոգեբանական առումով ես շատ լավ էի նախապատրաստվել»: WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոները հայտարարել է WBC և WBA վարկածներով աշխարհի լիարժեք չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ կրկին հանդիպելու ցանկության մասին: Հիշեցնենք, որ նրանց առաջին մենամարտում Դոները հաղթել էր: «Հուսով եմ, որ նա բավականին քաջություն ունի ինձ հետ կրկին ռինգ դուրս գալու համար: Նա չի հոգնում ինձ մենամարտի հրավիրելուց: Եթե այդ մարտը հնարավոր լինի կազմակերպել, շատ լավ կլինի: Ես պատրաստ եմ այդ մարտին և ուրախ կլինեի, եթե այն կայանար»,- հայտարարել է Դոները: Դե ինչ, սպասենք Վախթանգի և նրա մենամարտերի կազմակերպիչ Գերի Շոուի արձագանքին: Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
|
|
20/10/2009 |
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ |
Հոկտեմբերի 17-ին Բեռլինում և Նոթինգհեմում մեկնարկեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի` նախադեպը չունեցող մի մրցաշար, որը կոչվում է «Super Six World Boxing Classic»: Այն տևելու է մինչև 2011 թվականը: Մասնակցում են երկրորդ միջին քաշային կարգի վեց ուժեղագույն բռնցքամարտիկներ` Արթուր Աբրահամը, Ջերմեն Թեյլորը, Միքել Քեսլերը, Անդրե ՈՒորդը, Կառլ Ֆրոչը և Անդրե Դիրելը: Մրցակիցները մեկական անգամ հանդիպելու են միմյանց հետ, չորս լավագույնները դուրս են գալու կիսաեզրափակիչ, որի երկու հաղթողները վիճարկելու են բացարձակ չեմպիոնի կոչումը: Արթուր Աբրահամն այս մրցաշարից առաջ հրաժարվել է իր չեմպիոնական գոտուց` փոխելով քաշային կարգը: Նա նշում է, որ այսպես ավելի հեշտ կլինի նախապատրաստվել մենամարտերին, քանի որ 8 կգ նիհարելու անհրաժեշտություն չի լինի: Բեռլինի 12-հազարանոց լեփ-լեցուն «Օ2 World» դահլիճը «Սքորփիոնզ» հռչակավոր ռոք-խմբի կենդանի նվագի ուղեկցությամբ ողջունեց «Արքա» Արթուր Աբրահամին, որի հագին արքայական ինքնատիպ թիկնոց էր: Նրա մրցակիցն այդ քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, ամերիկացի Ջերմեն Թեյլորն էր: Մինչ այս մենամարտը Արթուրն անցկացրել էր 30 մարտ, տարել նույնքան հաղթանակ, որոնցից 24-ը` նոկաուտով: Մարտից առաջ ամերիկացին հայտարարել էր. «Ես անհամբերությամբ եմ սպասում առաջիկա մենամարտին: Արթուրը համառորեն է նախապատրաստվել մարտին, բայց ես նախապատրաստվում եմ ավելի համառորեն: Ես ավելի լավ բռնցքամարտիկ եմ, քան նա, հետևաբար ինձ չի մտահոգում, որ հանդես եմ գալու նրա հարկի տակ և նրա հանդիսականների առջև: Ես կթելադրեմ իմ պայմանները յուրաքանչյուր ռաունդում: Աբրահամը ֆիզիկապես ուժեղ բռնցքամարտիկ է, բայց նրա մեջ չկա ոչ մի առանձնահատուկ բան: Նա գործում է շատ կանխատեսելի և միանման, բայց ուժի և դիմացկունության շնորհիվ առավելության է հասնում: Ես նրան չէի դնի իմ նախկին մրցակիցների հետ նույն շարքում»: Իր հերթին Աբրահամը նշել էր. «Թեյլորը կարող է ասել, ինչ ցանկանում է: Վստահ եմ, որ հենց սկսեմ ծեծել նրան, նա անմիջապես կփոխի իր կարծիքն իմ մասին»: Մարտը սկսվեց հետախուզությամբ: Արթուրը չդավաճանեց իր մշտական մարտավարությանը: Ինչպես միշտ, առաջին ռաունդներում նա առանձնապես ակտիվ չէ, ուսումնասիրում է մրցակցի ոճը` ժամանակ առ ժամանակ ստուգելով նրա ամրությունը: Արթուրը զգալի առավելություն ուներ 3-րդ, 4-րդ, 5-րդ ռաունդներում: 6-րդում սևամորթ ամերիկացին հարվածեց գոտկատեղից ներքև, և քանի որ դա արդեն երրորդն էր այդ մարտում, մրցավարը զգուշացրեց նրան և մեկ միավոր հանեց: Սկսած 7-րդ ռաունդից` հայ մարզիկն անցավ վճռական գործողությունների` մեծացնելով իր առավելությունը: Նրա բազմաթիվ հարվածներ հասնում էին նպատակին: 9-րդ ռաունդի սկզբին Արթուրն ուժգին հարվածով կարող էր ավարտել մարտը, սակայն Թեյլորը դիմացավ, մի քանի անգամ բռնեց Արթուրի ձեռքերը` մարելով նրա գրոհների թափը: Այս ռաունդից հետո Արթուրն առաջին անգամ ժպտաց: Եվս մեկ ուժգին հարված ամերիկացին ստացավ 10-րդ ռաունդի վերջում, սակայն կրկին մնաց ոտքի վրա: Բայց զգացվում էր, որ նա արդեն «լողում է»: 11-րդ ռաունդից հետո ամերիկացու դեմքն ամբողջովին այտուցված էր: Վերջին ռաունդն անցավ նույն սցենարով, ինչ նախորդ մի քանիսը. Արթուրն ուներ բացահայտ առավելություն: Նրա մի քանի ուժգին հարվածներ ցնցեցին Թեյլորին, սակայն նա կրկին մնաց ոտքի վրա: Թվում էր, թե մարտն այդպես էլ կավարտվի, և ելքը կվճռեն կողային մրցավարները, թեպետ այդ դեպքում էլ Արթուրի հաղթանակը կասկած չէր հարուցում (ինչպես այնուհետև պարզվեց, 11-րդ ռաունդից հետո բոլոր երեք մրցավարների թերթիկներում հաշիվն Արթուրի օգտին էր` 105-103, 107-102 և 106-102): Սակայն տեղի ունեցավ անսպասելին. երբ մարտի ավարտին մնում էր 15 վայրկյան, Աբրահամի աջ ձեռքի ուղիղ ուժգին հարվածը Թեյլորի ձեռնոցների արանքով դիպավ նրա քթին, և ամերիկացին տապալվեց ռինգի հատակին: Նա մի քանի րոպե չէր կարողանում ոտքի կանգնել: Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ էր: Արթուրի մարզիչ ՈՒլի Վեգները մեկնաբանել է իր սանի ելույթը. «Արթուրն այսօր լավ մարտ անցկացրեց: Նա գիտեր, թե ինչ պետք է անի: Շատ խելացի մարտ էր: Թեյլորն ուժեղ մրցակից էր: Բայց մենք պարտավոր էինք հաղթել տան մրցամարտում: Մենք պարտք էինք մեր հանդիսականներին, նրանց աջակցությունը զարմանահրաշ էր»: «Նա պարզապես զարմացրեց ինձ իր աջ հարվածով: Ես այն չտեսա: Նա շատ ուժեղ է խփում»,- մարտից հետո ասել է Թեյլորը, որին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հաղորդել են բժիշկները, նա Բեռլինի հիվանդանոցում կմնա մի քանի օր: Ըստ ամերիկացու ներկայացուցչի, նա ստացել է ուղեղի ցնցում, ինչպես նաև ունի հիշողության կարճատև կորուստ: Նա մի քանի անգամ հետաքրքրվել է, թե որ ռաունդում է նոկաուտի ենթարկվել: Բժիշկները ենթադրում են, որ ռինգի հատակին հարվածելուց հետո վնասվել է նրա գլխի հետևի մասը: Արթուր Աբրահամն իր մրցակցին մաղթել է արագ ապաքինում. «Շատ ցավալի է լսել, որ նա հիվանդանոցում է: Ես ձգտում եմ հաղթել մրցակիցներիս, բայց երբեք չեմ ցանկանում նրանց վնասել: Առողջությունն ամենակարևոր բանն է, և հուսով եմ, որ Ջերմենը կապաքինվի: Ինձ համար պատիվ էր նրա հետ հանդիպելը»: Նշվում է, որ Թեյլորը կարող է հրաժարվել հետագա մասնակցությունից վեցի մրցաշարում: Այդ դեպքում նրան կփոխարինի ամերիկացի Ալան Գրինը: Նույն օրը Մեծ Բրիտանիայում Կառլ Ֆրոչը միավորներով հաղթել է Անդրե Դիրելին, որի հետ էլ 2010 թ. հունվարի 23-ին ԱՄՆ-ում կհանդիպի Արթուր Աբրահամը: Այս պահին մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է հայ բռնցքամարտիկը: Նշենք, որ նոկաուտով հաղթանակի համար տրվում է 3 միավոր, միավորներով հաղթանակի համար` 2, ոչ-ոքին գնահատվում է 1 միավոր, պարտությունը` 0: Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
|
|
25/08/2009 |
Արոնյանը` «Մեծ մրցանակի» խաղարկության հաղթող |
ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ Ջերմուկում ավարտվեց շախմատի «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ մրցաշարը, որից հետո վաղօրոք հայտնի դարձավ շարքի հաղթողը: Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդի հետ բաժանելով երկրորդ տեղը, անկախ վերջին մրցաշարի արդյունքներից, դարձավ անհասանելի իր մրցակիցների համար և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգրերից մեկը: Ջերմուկի մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, որը միակն էր, ով ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն: Թեև հանուն ճշմարտության պետք է ասել, որ նա առնվազն երկու անգամ պարզապես հրաշքով փրկվեց պարտությունից: 11-րդ խաղափուլում միմյանց հետ մրցեցին մեր երկու գրոսմայստերները: Սևերով խաղացող Լևոն Արոնյանը մեծ առավելություն ստացավ Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ, սակայն վրիպեց և չկարողացավ իրացնել առավելությունը: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Բաքրո-Իվանչուկ, Կարյակին-Ալեքսեև, Գելֆանդ-Կամսկի և Կասիմջանով-Լեկո հանդիպումները: Ինարկիևը սևերով հաղթեց Յակովենկոյին, Էլյանովը սպիտակներով` Չեպարինովին: Նախավերջին տուրում մեր գրոսմայստերները սևերով խաղաղ դաշն կնքեցին` Արոնյանը` Լեկոյի, Հակոբյանը` Ինարկիևի հետ: Նույնպիսի ավարտ ունեցան նաև Չեպարինով-Կարյակին, Ալեքսեև-Բաքրո և Իվանչուկ-Յակովենկո պարտիաները: Կամսկին հաղթեց Էլյանովին, իսկ Գելֆանդը սևերով` Կասիմջանովին: Վճռորոշ խաղափուլից առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն էր` 7,5-ական միավոր ունեին Լեկոն և Իվանչուկը: Արոնյանն ու երեք շախմատիստ նրանցից հետ էին մնում կես միավորով: Բավականին արագ ոչ-ոքի ավարտվեցին Էլյանով-Կասիմջանով, Կարյակին-Կամսկի, Բաքրո-Չեպարինով և Յակովենկո-Ալեքսեև պարտիաները: Մնացին երեք զույգեր, որոնց հանդիպումներում էլ վճռվեց մրցաշարի մրցանակակիրների հարցը: Առաջինն իր պարտիան հաղթանակով ավարտեց Լևոն Արոնյանը: Նա գեղեցիկ ոճով առավելության հասավ Ինարկիևի նկատմամբ: Մեր հույսը Վլադիմիր Հակոբյանն էր: Եթե նա սպիտակներով կարողանար գոնե ոչ-ոքի ավարտել պարտիան Իվանչուկի հետ, ապա Արոնյանը կբաժաներ առաջին հորիզոնականը: Սակայն Հակոբյանը չդիմացավ ուկրաինացու ճնշմանը և երկարատև պայքարից հետո հանձնվեց: Արդեն պարզ էր, որ հաղթող է դառնալու Վասիլի Իվանչուկը, քանի որ Լեկոյի դիրքը Գելֆանդի հետ պարտիայում գրեթե անհուսալի էր: Իսրայելցի գրոսմայստերը, ի վերջո, հաղթեց Լեկոյին և միավորներով հավասարվեց Արոնյանին: Ի դեպ, Արոնյանն ու Գելֆանդը մրցաշարում տարան ամենաշատ հաղթանակները` 5-ական: Նրանք վաստակեցին 21250-ական եվրո: Իսկ հաղթողին կտրվի 30000 եվրոյի վճարագիր: Այսպիսով պարզվեց, որ «Մեծ մրցանակի» ընդհանուր հաշվարկում Արոնյանը դարձավ անհասանելի նույնիսկ միավորներով ամենամոտ մրցակցի` Թեյմուր Ռաջաբովի համար: Լևոնն ունի 500 միավոր, իսկ ադրբեջանցին, նույնիսկ եթե դառնա վերջին մրցաշարի միանձնյա հաղթող, առավելագույնը կվաստակի 483 1/3 միավոր: Նշենք, որ հաշվի են առնվելու յուրաքանչյուրի խաղացած չորս մրցաշարերից լավագույն երեքի արդյունքները: Շնորհավորում ենք Լևոնին հերթական մեծ նվաճման առթիվ և մաղթում հաջողություններ արդեն աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում: Ըստ նախնական հաշվարկների` այս մրցաշարում Լևոն Արոնյանն իր գործակիցն ավելացրել է ավելի քան 5 կետով, և այժմ այն հավասար է 2773-ի, որը երրորդն է աշխարհում: Ցավոք, չափազանց անհաջող էր Վլադիմիր Հակոբյանի ելույթը: Նա միակ մասնակիցն էր, որ չտոնեց ոչ մի հաղթանակ: Հակոբյանը վաստակեց 5250 եվրո: Ահա մրցաշարային աղյուսակի ամփոփիչ տեսքը. 1. Վ. Իվանչուկ 8,5 2-3. Լ. Արոնյան 8,0 2-3. Բ. Գելֆանդ 8,0 4-6. Ե. Ալեքսեև 7,5 4-6. Ռ. Կասիմջանով 7,5 4-6. Պ. Լեկո 7,5 7. Ս. Կարյակին 7,0 8. Պ. Էլյանով 6,5 9-10. Գ. Կամսկի 6,0 9-10. Է. Բաքրո 6,0 11-12. Դ. Յակովենկո 5,0 11-12. Վ. Հակոբյան 5,0 13. Է. Ինարկիև 4,5 14. Ի. Չեպարինով 4,0 Հաջորդ խոշոր մրցաշարը, որին պետք է մասնակցի Լևոն Արոնյանը, Բիլբաոյի (Իսպանիա) «Մեծ սաղավարտի» եզրափակիչն է (սեպտեմբերի 5-12), որտեղ նրա մրցակիցները կլինեն Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինը (ՈՒկրաինա) և Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |