|
Սպորտ
|
|
|
24/07/2009 |
Դասական դժգոհության համախտանի՞շ |
Կարդացի ինձ հոգեհարազատ «Իրավունքը de facto» թերթի հուլիսի 21-ում տպագրված Ալբերտ Հովսեփյանի «Վերածվել են անհատույց արտահանվող «ապրանքի» թղթակցությունը հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մասին և... իսկույն պատկերացրի հայկական դասական դժգոհության համախտանիշի ոսկրոտ ոտքը, որ հասել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի այսօրեական հեռուները։ Վերջապես հասել է, այլապես մենք` հասարակ մարզասերներս, ինչո՞ւ պետք է իրավունք ունենայինք այսքան երկար հիանալու մեր տղաներով ու նրանց հաղթանակներով, սրտի տագնապ ունենայինք նրանց պարտություններից և բնավ չմտածեինք, թե ով է կրում... յան-ով վերջացող ազգանուն, ով չի կրում։ Ինչ-որ տեղ նաև էքստազի մեջ մոռանայինք, որ նրանցից ոմանք հանդես են գալիս, ոմանք էլ հանդես չեն գալիս հայկական դրոշի ներքո։ Դրոշի պատիվը, այո, սուրբ բան է, սուրբ բան է օրհներգի պատիվը, բայց քի՞չ կան դրոշ և օրհներգ ոտնահարողներ հենց այս հողի վրա։ Սա ուրիշ հարց է։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, շաղկապել այդ երկու հանգամանքը, մանավանդ երբ գիտակցում ես պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտի տարբերությունը, և մի րոպե ինքդ քեզնից ելնելով մտնում ես այն տղաների մաշկի մեջ, ովքեր օտար ափեր են մեկնել քանի ջահել են և ուզում են անուն ու փառք վաստակել, ինքնադրսևորվել աստվածատուր իրենց շնորհներով, ինչու չէ, նաև փող աշխատել։ Խորհրդային իրականության ժամանակ կար բավականին շնորհալի միջինասիացի սիրող բռնցքամարտիկ (այլ կերպ մեր երկրում չէր էլ լինի)` Ռուֆաթ Ռիսկիև, որը կուբացի նույնպես շնորհալի բռնցքամարտիկներից մեկի հետ մենամարտում վնասվածք ստացավ, և մեր անծայրածիր ԽՍՀՄ-հայրենիքը մի քանի «գրոշ» չգտավ իր գրպանում` այդ տղային կանոնավոր բուժելու և կրկին ռինգ վերադարձնելու։ Սիրողներն այն ժամանակ փող չէին աշխատում (նրանց ամբողջ հասույթը, չնչին բացառությամբ, գնում էր կոմունիստական հայրենիքի գանձարանը)։ Եվ եթե նա, հիրավի շնորհալի այդ մարզիկը, հանդգներ անցնելու պրոֆեսիոնալների բանակ (այդպիսին ԽՍՀՄ-ում չկար, պետք է անպայման արտասահման մեկներ), նրան այդ հնարավորությունը չէին տա, անվերապահ հայրենիքի դավաճան կհամարեին ու ամենայն անպատվություն բաժին կհասցնեին։ Իսկ այստեղ, ահա, քսանամյա մեր անկախությունից հետո, հոդվածի հեղինակն առաջարկում է... «թող գնան, բայց թող հեռանան, երբ այլևս անելիք չեն ունենա հայկական բռնցքամարտի սիրողական ռինգում, երբ տարիքը կառնեն»։ Երբ տարիքը կառնեն, ու նրանք կգնան, անգամ իրավունք չեն ստանա տվյալ ժամանակվա մայքթայսոնների ու հոլիֆիլդների ռինգերի հատակը ավլելու։ Գնան ի՞նչ անեն այլևս։ Բացի այդ, մեզանում ո՞վ չգիտի, թե ինչպիսիք են սիրողական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ բռնցքամարտի հնարավորությունների տարբերությունները, ու նաև այն, թե ինչպիսի խեղճուկրակ բազա ունեն առաջինները մարզվելու և սպորտային բարձունքների հասնելու համար։ Առավելապես համաշխարհային մակարդակի։ Գուցե սա ի՞մ սիրողական մակարդակի պատճառաբանություն է, գուցե սա այն չէ՞, ինչ մտածում է Ալբերտ Հովսեփյանը։ Հապա ի՞նչ է։ Ես աղքատ եմ, նա աղքատ է, դու էլ աղքատ մնա, միայն թե հայրենիքո՞ւմ եղիր։ Բայց հայասիրություն-հայրենասիրությունն էլ միանշանակ բովանդակություն չէ. Շառլ Ազնավուրը, Սևդա Սևանը, Ռոզի Արմենը, Յուրի Ջորկաեֆը, Ալան Պրոստը բոլորովին էլ յան-ով վերջացող ազգանվանակիրներ չեն (ինչի համար ցավում է թղթակցության հեղինակը), բայց նրանք էլ մեզ համար շատ ու շատ սիրելի են, ինչպես Վիլյամ Սարոյանը, Արմեն Ջիգարխանյանը, Դմիտրի Խառատյանը... թեև ներքին զգացողություն ունեմ, որ նրանց նույնպես չսիրողներ կգտնվեն։ Դա էլ բնական է։ Եթե Կլիչկո եղբայրներն այդքան երանելի են (հեղինակի համար), թող մնային իրենց մայր ՈՒկրաինայում, որը մեր երկրի համեմատ շատ ավելի տարածուն է և հնարավորությունների տեսակետից` անհամեմատելի։ Ասում են, որ առաջիկա մանկական «Եվրատեսիլում» ՈՒկրաինան ներկայացնելու է հայազգի մի պատանյակ, և եթե Աստծո օրհնությամբ նա առաջին տեղը գրավի, կլինեն, ցավոք, ողբերգություն ապրող Ա. Հ.-եր, թե ինչո՛ւ նա հայ է, բայց հայաստանաբնակ չէ։ Ո՞վ իմանա Աստծո անքննելի գործերը։ Քի՞չ վրդովվողներ եղան, երբ մեր «Աստղիկները» իրենց «Եվրատեսիլում» երկրորդ տեղը շահեցին, որը պակաս պատվաբեր չէր ելույթ ունեցող տասնյակ երկրների ցանկում։ Երբ ես ժամանակակից սպորտին մոտ կանգնած իմ մի ընկերոջը հարցրի, թե ինչ տողատակ ունի Ա. Հ.-ի դժգոհությունը, որ միամտաբար չեմ կարողանում հասկանալ ու ըմբռնել, նա կես թախծոտ-կես կատակ ասաց. -Գուցե սպասում էր, որ մեր պրոֆիներն իրենց միլիոնները պետք է բերեին ու կիսեի՞ն հայկական սպորտ-բիզնեսի այն ներկայացուցիչների հետ, որոնց շահերի պաշտպանության դիրքերից է հանդես գալիս ինքը։ Գուցե։ Չնայած չեմ ուզում հավատալ։ Որովհետև երբ ես անքուն գիշերներ եմ անցկացնում` դիտելով Ռոնալդոյի, Ռոնալդինյոյի, Բեքհեմի, Տոտտիի, Կասիլյասի, Վալդեսի և ուրիշների ֆուտբոլային ելույթները, չեմ սպասում, թե նրանք իրենց միլիոններից գեթ մի սենթ ուղարկելու են ինձ։ Նրանք ինձ պարգևում են իրենց խաղով հիանալու բերկրանքը, և դա մի ամբողջ երջանկություն է։ Տանյա ԹԱՆԴԻԼՅԱՆ Նախկին սպորտային մեկնաբան
|
|
24/07/2009 |
Մենք եղածը քանդում ենք, իսկ հարևանները` կառուցում |
ԱՆՍԱՌՈՒՅՑ ՍԱՀԱԴԱՇՏ Նախատեսվում է 2010-ի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության խմբային երրորդ մրցաշարն անցկացնել Երևանում։ Այս մասին խոսվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում անցկացված մամուլի ասուլիսում։ Ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ամերիկացի Դուգլաս դի Չեզարեն։ Նա ասաց, որ թիմը համալրված է հայազգի մարզիկներով, որոնց մի մասը ներկայացնում է ԱՄՆ-ը։ Օվկիանոսից այն կողմ նրանք լիարժեք պարապում են, քանզի ունեն մարզումային հիանալի պայմաններ։ Նույնը չի կարելի ասել Հայաստանում ապրող մեր սաների մասին, բայց պետք է խոստովանել, որ նրանց մեջ ևս շնորհալիները քիչ չեն։ Հայաստանցի հոկեյիստներն առայժմ հարկադիր պարապուրդի են մատնված, որովհետև սահադաշտ չունեն։ Մտորելու տեղիք տվեց ամերիկացու խոսքը` սառույց չկա։ Տարածաշրջանում «սառույց» երբեք չի ունեցել Ադրբեջանը։ Բայց այդ երկիրը հսկայական գումարներ է տրամադրում Մոսկվային, որ իրենց օլիմպիականներ «նվիրի»։ Մյուս հարևանը` Վրաստանը, ձմեռային խաղերում մշտապես մասնակից է ունեցել, թեև միայն անցած տարի է Բաթումում գեղասահքի մարզադպրոց բացվել։ Մենք երկուսն ենք ունեցել, բայց... Երևանի Շենգավիթ համայնքի գեղասահքի մարզադպրոցը երբեք այսքան խեղճացած տեսք չի ունեցել։ Նույնիսկ մութ ու ցուրտ 90-ականներին տնօրենությունը կարողացել է սառույցը պահպանել, աշխույժով լցնել սահադաշտը։ Պարբերաբար կազմակերպվել են տարբեր կարգի մրցաշարեր, էլ չենք խոսում հայ գեղասահորդների հաջողությունների մասին։ 32x30 մ չափսերի փոքր սահադաշտում են վարպետացել և ԽՍՀՄ գավաթը նվաճել քույր ու եղբայր Հասմիկ և Գուրգեն Վարդանյանները, տարիքային տարբեր խմբերում համամիութենական մրցանակների արժանացած Սահակ Մխիթարյանը, Արմեն Ասոյանը, Արամ Վլաասյանը, Արամայիս Գրիգորյանը, Սուրեն Աշխատոյանը, Արարատ Զաքարյանը, Սամվել Հայրապետյանը։ Բոլորը եղել են ԽՍՀՄ հավաքականների անդամներ և թեկնածուներ։ Անցած մրցաշրջանում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը և Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանն այցելեցին երկրի միակ գեղասահքի մարզադպրոց։ Մարզօջախի այն ժամանակվա տնօրեն Սամվել Խաչատրյանին պարգև հանձնվեց, սակայն հունիսին դաշտի սառույցը հալեցրին, և մինչև օրս մարզադպրոցում անդորր է։ Լավ է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մրցասպարեզը շահագործման հանձնվեց, և գերժամանակակից սարքավորումները տարվա բոլոր եղանակներին սահադաշտը «աշխատանքային» վիճակում են պահում։ Բայց սա շատ քիչ է. սահել ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ մի քանի սահադաշտ ունենալու պարագայում պահանջը չի բավարարվի։ Երևանի օպերային թատրոնին հարակից «Կարապի լիճը» ձմռան ամիսներին վերածվում է սահադաշտի։ Քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող բացօթյա այս սահադաշտում օրնիբուն չմշկորդներ են «հերթապահում»։ Գալիս են մեծ ու փոքր երևանցիները. նույնիսկ ընտանիքով սահողներ կան։ Այնպիսի տպավորություն է, որ «Կարապի լճի» այցելուների օրական թիվն անհամեմատ ավելին է, քան որևէ այլ մարզօջախինը։ Հետևությունը մեկն է` մեզանում սիրում ու գնահատում են չմշկասահքը և որպես դրա անմիջական արտահայտություն` գեղասահքն ու տափօղակով հոկեյը։ Այնուամենայնիվ, հետաքրքիր է` ինչո՞վ են զբաղված Շենգավիթի մարզադպրոցի տասը մարզիչներն ու նրանց ղեկավարած 21 խմբերում պարապող շուրջ 280 երեխաները։ Չգիտենք։ Թերևս մի մասն օրն անցկացնում է «Կարապի լճում» (ձմռանը), մի մասն էլ` ՄՀՀ-ում։ Հիշո՞ւմ եք Քանաքեռի ալյումինի գործարանի հրաշալի սահադաշտը։ Երկրի անկախացումից հետո այն ընդամենը յոթ ամիս իր նպատակին ծառայեց, ապա թալանվեց և արդեն քանի տարի անտերության է մատնված։ Գեղասահքի այս երկու դպրոցները ստեղծվել են խորհրդային տարիներին, սակայն անկախության շրջանում դադարել են գործել։ Անկախությունը մարզաշխարհի մարդկանց երազանքն էր։ Հիշենք թեկուզ Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիադան, գեղասահքի մրցաշարը։ Մարզապալատի բարձրաշխարհիկ հանդիսատեսները տարբեր երկրներից էին, սակայն նույն ոգևորությամբ էին ցավում սպորտն ու արվեստը համադրող գեղասահորդների և հոկեյիստների համար։ Աշխարհի հարյուրավոր երկրներից ընդամենը տասն էին ներկայացնում օլիմպիական գեղասահքը, և այդ տասից մեկը մեր հայրենիքն էր։ Մրցաշարից հետո հիասթափվեցինք. ծանոթ, թե անծանոթ հեգնում էին` ո՞ւմ էին պետք Հայաստանը ներկայացրած գեղասահորդները, որ մեդալակիր չդարձան։ Մարդիկ չէին կարևորում, որ համաշխարհային հեռուստադիտողը, մարզասերը կարդացին ու լսեցին «Հայաստան» անունը, որը, թեև տարածքով փոքր է և բնակչությամբ` սակավաթիվ, բայց գեղասահքի հզոր ավանդույթներ ունեցող գերտերությունները հաշվի են նստում նրա պատվիրակների հետ։ Նման մտածողությունն է նաև պատճառը, որ մեր հայրենակիցներին ցավ ու ափսոսանք չեն պատճառում թալանված ու փակված սահադաշտերը։ ՈՒզում ենք Շենգավիթի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին հիշեցնել, որ մեր հարևան երկրներում նոր են սկսում կառուցել ձմեռային մարզաձևերի կենտրոններ, իսկ մենք ոչնչացնում ենք եղածը։ Գոնե չենք գնահատում, որ, օրինակ, Շենգավիթի հիշյալ մարզօջախը փոքր կառույց է և համեստ գումարներով էլ կարելի է աշխատեցնել այն։ Հետաքրքիր է` մեր ձայնը տեղ կհասնի՞, վերևներում լսողներ կլինե՞ն։ Հիշենք, որ տափօղակով հոկեյի աշխարհի 2010 թվի առաջնության խմբային մրցաշարը պետք է անցկացվի Երևանում։ Սա ամրագրված է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացույցում։ Հայ մարզասերը հաջողություն է ակնկալում իր երկրի հավաքականից, իսկ մեր թիմի մշտական մարզավայրը եղել է վերոհիշյալ մարզադպրոցը, որը պետք է վերստին շահագործման հանձնել։ Հետևողական աշխատանքի պարագայում կարող ենք նաև օլիմպիական խաղերի մասնակցել։ Խաղային մյուս մարզաձևերից (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ) հոկեյն առանձնանում է նրանով, որ այստեղ բարձրահասակ լինելը պարտադիր պայման չէ, ցածրահասակ խաղացողներով նույնպես կարելի է մարզական բարձունքներ նվաճել, մանավանդ որ Հայաստանի մարզական դրոշի պատիվը սիրով ու հոժարակամ են պաշտպանում հավաքականի բոլոր խաղացողները։ Սփյուռքահայ հոկեյիստներն իրենց հայաստանցի թիմակիցներին օգնում են գույքով ու հանդերձանքով։ Բոլորն օժտված են ազգային արժանապատվությամբ ու շահադիտական նպատակ չեն հետապնդում, բայց զարմացած են, որ երկրի միակ սահադաշտը չի գործում։ Ակամա հարց է ծագում` Հայաստանի հոկեյի ապագայի մասին խաղացողնե՞րն են ավելի շատ հոգում, թե՞ համապատասխան պաշտոնյաները, ովքեր ընտրարշավների ժամանակ կոկորդ պատռելով գլխից մեծ խոստումներ են տալիս։ Չե՞ք կարծում, որ խոստումն իրականություն դարձնելու ժամանակը վաղուց է եկել, պարոնայք «երդվյալ» պաշտոնյաներ։ Ալբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
|
|
21/07/2009 |
Վերածվել են անհատույց արտահանվող «ապրանքի» |
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ ԹԱԼԱՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ Աշխարհի չորս ծագերում մրցելույթներ են ունենում տարբեր երկրներում բնակություն հաստատած հայ բռնցքամարտիկները։ Նրանց մենամարտերին մեծ հուզմունքով է հետևում մեր մարզասերը։ Հաճախ անքուն գիշերներ է անցկացնում հեռուստաէկրանի առջև, որպեսզի «օգնի» նրանցից մեկին ու հերթական հաղթանակը համարի նաև իրենը։ Իսկ ովքե՞ր են այդ մարզիկները, որ ելույթ են ունենում այլոց դրոշների ներքո։ Արժե՞ նրանց հաղթանակով այդքան ոգևորվել։ Իհարկե, արժե, քանզի նրանք Հայաստանում ծնված մարդիկ են, մեր հայրենակիցները, Հայաստանի նախկին մարզիկներ։ ՈՒրախանում ենք, որ աշխարհի չեմպիոններ են դարձել Վիկ (Վախթանգ) Դարչինյանը, Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան)։ Եվրոպական պրոֆեսիոնալ ռինգում եղանակ են ստեղծում Ալեքսանդր Աբրահամը (Աբրահամյան), Խորեն Գևորը (Ավետիսյան), Համլետ Պետրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը, Արմեն Խաչատրյանը, Մհեր Մկրտչյանը և էլի շատերը։ Ինչպես ասացինք, նրանք բոլորը մարզաձևի հայկական դպրոցի սաներ են, քրտնել են ու նաև քրտինք քամել Հայաստանի մարզիչներից, պարապել են մեր երկրի մարզադահլիճներում, օգտվել մարզոցներից, պետության միջոցներով մասնակցել են ներքին և արտագնա մրցումների, ուսումնամարզական հավաքների։ Կարճ ասած, որպես բռնցքամարտիկ հմտացել ու առնականացել են հայրենիքում։ Միայն թե նրանց հաղթանակի պտուղները վայելում են օտար պետությունները։ Ավելին, մեր շատ վարպետներ, այլադավան, այլազգի կառավարիչների խորհրդով, մականուններով են կնքվում, ընդունում ուրիշ երկրների քաղաքացիություն ու, փաստորեն, դառնում մեզ օտար։ Ցավալի է, որ երկրից հեռացածներն իրականում անհատույց արտահանված «ապրանքի» են վերածվել։ Ասել կուզե, մեր երկիրը, մեր պետական ու հասարակական մարզական կառույցները, դրանց թվում` բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիան գնորդներից դրամական հատուցում չեն ստանում։ Ինչո՞ւ։ Հարցը թող ծանրանա մեկնածների խղճին։ Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ Մեր նախկին սաների մենամարտերի ընթացքում շատ ենք հուզվում։ Բայց մրցավարտից հետո ակամա հարց է ծագում` ի՞նչ տարբերություն նախկին հայաստանցիների և, ասենք, ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասու միջև։ Կամ` չարժե՞ ավելի շատ հպարտանալ մականուն չունեցող արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանով։ Հավելենք, որ Դավթի մայրը ոչ թե հայուհի է, այլ իտալուհի։ Ըստ էության, ամենևին պարտադիր չէ այլ անունով կնքվել։ Օրինակ, Տաշքենդում ծնված 1987 թվականի ԽՍՀՄ չեմպիոն Արթուր Գրիգորյանը։ Նա ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղափոխվեց Գերմանիա, որտեղ անդամագրվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոցին, և Գրիգորյան ազգանունը պահպանելով, բազմիցս նվաճեց աշխարհի չեմպիոնի բարձր կոչումը։ Հիշատակենք նաև հարյուրավորներից մեկի` վրացի Կոբա Գոգոլաձեի անունը, ով դեռ 2006-ին դարձավ բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) վարկածով աշխարհի չեմպիոն։ ՈՒրեմն` հնարավոր է առաջինը դառնալ նաև օտարամոլ չլինելով, քանզի միշտ էլ հաղթում է ուժեղը, իսկ մականունը միայն արմատից կտրվելու միջոց է։ ԵՌԱԳՈՒՅՆԸ` ԽԱ՞ՅԾ Արտահոսքի պատճառով Հայաստանի բնակչության թիվը նվազում է։ Հասկանալի է` պակասում է բռնցքամարտով զբաղվող տղաների թիվը։ Շատերը, մի քանի տարի մարզվելուց հետո, տեղափոխվում են մեզանում սնկի պես աճած արևելյան մարտարվեստների դպրոցներ։ Եվ այս դեպքում տուժում է տղաների վարպետությունը, ընդհանուր առմամբ, հրաշալի ավանդույթներով հարուստ Հայաստանի բռնցքամարտը։ Այսքանով հանդերձ, մեր բազում ԶԼՄ-ները զարմանալի հրճվանքով աղաղակում են, թե հայ «պրոֆիների» հաղթանակները մեծապես նպաստում են մարզաձևի հայրենական դպրոցի առաջընթացին։ Ինչպե՞ս, ինչո՞վ։ Նախ` հաղթողները հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո, և մեր (ուշադրություն դարձրեք հատկապես այս հանգամանքին) եռագույնն այդ համապատկերի կցորդն է լոկ. այն ավելի շատ հայ մարզասերին հրապուրելու, նրան դահլիճ բերելու նպատակ է հետապնդում։ Մարդիկ գնում, իրենց համար փող են աշխատում (թող աշխատեն), բայց թող հեռանան, երբ այլևս անելիք չեն ունենա հայկական բռնցքամարտի սիրողական ռինգում, երբ տարիքը կառնեն։ Իրականում մեկնում են ուժերի ծաղկուն շրջանում` թուլացնելով մեր հավաքականը։ ՈՒրեմն` խաբկանք է մեր բռնցքամարտին նպաստելու մտայնությունը։ Ցավում ենք հեռացած մեր զավակների համար։ Միաժամանակ նրանց հաղթանակ ենք մաղթում։ Իսկ հաղթողները... Նրանք երբեմն զարմացնում են իրենց տրամաբանությամբ ու պահվածքով։ Երկրից տարբեր ճանապարհներով հեռացած որոշ վարպետներ Հայաստանում կազմակերպած ասուլիսներում վրդովմունք են հայտնում բռնցքամարտի և, ընդհանրապես, հայրենի մարզաշխարհի ներկայացուցիչներից ու լրագրողներից լոկ այն բանի համար, որ «Զվարթնոց» օդանավակայան չեն գնում, փառքի դափնեպսակներով չեն դիմավորում իրենց։ Անգամ այնքան ծայրահեղ են դարձել, որ կամեցել են Հայաստանի տարվա տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվել, ավելին` ճանաչվել առաջինը։ Բայց ինչո՞ւ, հանուն այն բանի՞, որ բարձր են պահում ուրիշ երկրների մարզական պատիվը։ Այնուամենայնիվ, նրանց «Զվարթնոցում» դիմավորում են, ընդունում են երկրի բարձրագույն պաշտոնյաները, մարզական բարձրագույն պարգևներ են հանձնում, մեծարում են, հրավիրում հեռուստաեթերներ... Զավեշտ է, բայց, ասենք, որ իշխանավորները չեն էլ գիտակցում իրենց ասելիքը և մեծարանքի խոսքում նշում են, որ «պրոֆիները» բարձր են պահում մեր երկրի ու ազգի պատիվը, հնչեցնում են հայոց օրհներգը, ծածանում մեր դրոշը։ Աններելի է, մանավանդ որ մարզասերն ամեն բան հասկանում ու հեգնում է այս կարգի, ես կասեի` տարրական հարցերի չիմացությունը։ Ի դեպ, ՈՒկրաինան ներկայացնող Կլիչկո եղբայրները պաշտպանում են իրենց երկրի մարզական պատիվը, հենց ՈՒկրաինայի դրոշն են ծածանում աշխարհի արհեստավարժների մրցասպարեզներում։ Էլ չենք խոսում այդ մարզիկների ազգանվեր բազմաթիվ գործերի մասին, որոնցով հպարտանում են նրանց հայրենակիցները։ Նրանք մականունավոր չեն (Կլիչկոները ոչ մի «կլիչկա» չունեն), անունն ու ազգանունն էլ չեն աղավաղել, թեև եվրոպացիները հեշտությամբ չեն արտաբերում դրանք (Կլիչկո եղբայրները, ընդհանրապես, ինքնագիտակցության անհրաժեշտ պաշարով են օժտված)։ Համեմատելու եզրեր կա՞ն։ Ալբերտ ՀՈՎՍԵՓՅԱՆ Հ. Գ. -Հաճույքով ենք նշում, որ ՀՀ վաստակավոր մարզիչ, վանաձորցի Վազգեն Բադալյանի աշակերտ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր վերջին մենամարտում պաշտպանում էր Հայաստանի մարզական պատիվը և ծածանում էր հայոց եռագույնը։ Հուսանք, որ նրա օրինակը վարակիչ կլինի մեր մյուս «պանդուխտ» պրոֆեսիոնալների համար։ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ- «Իրավունքը de facto»-ն, չկիսելով հանդերձ հեղինակի տեսակետը, այդուհանդերձ, հավատարիմ է մնում ազատ ամբիոն լինելու իր կոչմանը և ընթերցողի դատին է հանձնում սույն հրապարակումը` սպասելով ինչպես «կողմ», այնպես էլ «դեմ» արձագանքների։
|
|
14/07/2009 |
Բումերանգի էֆեկտը |
Գրողների միության արտահերթ համագումարից հետո երեկ առաջին անգամ միության նորընտիր նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ հանդիպեց լրագրողների հետ։ Հետահայաց գնահատեց արդեն փակված էջերը, «նոր բացվողների» մասին էլ խոսեց ծրագրերն ու հետագա գործունեության ուղղությունները նախանշելով։ Մինչ այդ Անանյանը նախ անդրադարձավ ԶԼՄ-ների աշխատանքին։ Մի մասին շնորհակալություն հայտնեց միության գործունեությունը «հավասարակշիռ, անաչառ» լուսաբանելու համար, ոմանց առնչությամբ էլ փաստեց. «Վերջին երկու տարիների ընթացքում մի շարք լրատվամիջոցներ ուղղակի խաչակրաց ու անազնիվ արշավ սկսեցին գրողների միության դեմ։ Ամեն տեսակի անազնիվ, անբարո միջոցներով փորձեցին ցեխ շպրտել ու անվանարկել գրողների միությունն ու նրա ղեկավարին։ ...Իհարկե, մամուլի ազատություն կա, բայց այդ մամուլն անկախ չէ։ Ցավոք, մամուլի անկախություն կոչվածը պատկանում է ֆանտաստիկ այդ ժանրին»։ Այս ենթատեքստում լրագրողի այն դիտարկմանն էլ, թե օրերս «Իրավունք» թերթը գրել է, որ «համագումարից հետո գրողների միությունը դարձյալ մնաց անանյանիստների հույսին», միության նախագահն. այսպես հակադարձեց «Այդ ամենը միության հետ կապ չունի, ու բումերանգի պես վերադառնում է հենց այդ մամուլին, որն արդեն երկու տարի աղմկում, տարփողում, ցեխ շպրտում, վարկաբեկում ու նենգափոխում է ամեն ինչ։ Իհարկե, այդ ամենի համար նյարդեր, ժամանակ, եռանդ է հարկավոր, բայց մենք զբաղված ենք մեր գործով։ Ասում են` ով հաղթում է, պետք է մեծահոգի լինի։ Այս բանաձևումին կողմ եմ, բայց այդ մեծահոգությունը նաև ինձ թույլ է տալիս ասել մի քանի ճշմարտություններ»։ Անանյանին զայրացնում է նաև այն հանգամանքը, որ հաճախ չճշտված փաստեր են մամուլի էջեր սպրդում, որոնք կոպտորեն խախտում են մամուլի մասին օրենքը։ «Մամուլի մասին օրենքը որոշակի պատասխանատվություն է դնում ձեզ վրա։ Ազատությունը չի նշանակում ամենաթողություն։ Ի՞նչ է, մամուլը գործ տվողի գործառույթ է՞լ է իր վրա վերցնում»։ «Այս խաչակրաց արշավանք այնքան ինտենսիվ էր, որ կարող էինք ամեն օր գրողների միության շքամուտքի դուռը փակել ու դատական հայցեր գրել տարբեր հրապարակումների առիթով, սակայն մենք որոշեցինք բարձր գտնվել ու չմտնել քաշքշուկի մեջ։ Մի պահ եկավ, որ համբերության բաժակը լցվեց, ու պիտի դատարան դիմեի։ Բայց համաներում հայտարարվեց, ու եթե այդ ստահակներին պիտի դատի տայի, և նրանք համաներումից օգտվեին, կլիներ ժամանակի անիմաստ կորուստ։ Եթե մենք սուտ, կեղծ լրատվություն ենք փոխանցում, պետք է մեր խղճի հետ հաշտ չլինենք, հանգիստ չքնենք»։ Չնայած բանախոսը նաև կատակով հավելեց, որ մի շաբաթ արձակուրդ ունի և այդ հրապարակումներին գուցե և իրավական ընթացք տա։ Այս գնահատականներից ընդամենը րոպեներ անց հանդիպմանը ներկա լրագրողներն ունկնդիր եղան Անանյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Բաբայանի սուր երկխոսությանը։ -Պարոն Անանյան, Դուք ինքներդ Ձեզ տաղանդավոր կամ ոչ տաղանդավոր գրող համարո՞ւմ եք,- հարցրեց լրագրողուհին։ -Ես ինձ ավելի տաղանդավոր եմ համարում, քան քեզ, և ավելի պակաս տաղանդավոր, քան գրողների միության մյուս 390 անդամներին,- ասաց Լևոն Անանյանը։- Ես գրողների միության այն նախագահն եմ, ով չորս տարի առաջ, երբ քեզ հեռացրել էին հանրակացարանից, ու երեխայիդ հետ դրսում էիր մնացել, մի քանի անգամ եկա քո դատը պաշտպանելու։ Այստեղ են ասել` լավություն արա, գցիր ջուրը։ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
10/07/2009 |
«Ես ինձ համարում եմ խղճի կալանավոր» |
«Հայաստանում այսօր կան տասնյակ այլ խղճի կալանավորներ»,- երեկ հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ով տասնհինգամսյա բանտարկությունից հետո առաջին անգամ էր հանդիպում լրագրողների հետ։ Ընդ որում, բավականին ներկայացուցչական «ֆորմատով»։ Նրա համոզմամբ` վերջին մեկուկես տարում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մի քանի տասնամյակով հետ են շպրտել մեր երկիրը, ու թեև շատ է խոսվում այն մասին, որ մարտի 1-ից հետո ՀՀ-ն հայտնվել է քաղաքական ճգնաժամի մեջ, սակայն առկա իրավիճակում խոսքն արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամի մասին է։ «Այսօր մեր հասարակության առջև ծառացած թիվ մեկ խնդիրն այն չէ, թե ո՛ր քաղաքական ուժն ինչ չափաբաժնով ներկայացված կլինի իշխանությունում, լինի դա Ազգային ժողով, թե կառավարություն, այլ այն, թե ո՞ր ուղին ենք ընտրում, ըստ այդմ էլ, ինչպիսի՞ ապագա է սպասվում Հայաստանին։ ՈՒզում ենք վերադառնալ քաղաքակիրթ երկրների ընտանիք և առաջնորդվել այն համամարդկային արժեքներով, որոնք որդեգրվել են Հայաստանի անկախությունը հռչակելուն զուգընթա՞ց, թե՞ ուզում ենք երկիրը տանել դեպի ասիական դիկտատուրա, ուզում ենք լինել պետություն, որի ճակատին քաղբանտարկյալ ունեցողի հայտնի խարանն է։ Ամոթ է 21-րդ դարում քաղբանտարկյալ ունենալը»,- ասաց ընդդիմադիր գործիչը, ցավով արձանագրելով, որ վերջին մեկուկես տարում Հայաստանի Հանրապետությունն արտաքին ասպարեզում մեկ խնդիր է ունեցել ընդամենը. այնպես անել, որ խուսափի միջազգային պատժամիջոցներից։ «Ես ամաչում եմ, որ տասնութամյա անկախ Հայաստանի Հանրապետությունը ԵԽԽՎ նստաշրջանից նստաշրջան ընդամենը քննարկել է մեկ հարց` արդյո՞ք հասել է ժողովրդավարության այն մակարդակին, որ եվրոպական այդ կառույցը պատժամիջոցներ չկիրառի իր նկատմամբ կամ չզրկի խորհրդարանական իր պատվիրակությանը մանդատներից։ Սա ամոթալի վիճակ է»,- եզրահանգեց նախկին դիվանագետը։ Անդրադառնալով լրագրողի հարցին` ի՞նչ կփոխվի Հայ ազգային կոնգրեսի ամառային մարտավարության մեջ` կալանավորված քաղաքական գործիչների ազատ արձակումից հետո, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «Նոր լիցք հաղորդվեց շարժմանը։ Մի շարք ակտիվիստներ, ովքեր կանգնած են այս շարժման ակունքներում, եկել են համալրելու ընդդիմադիր դաշտի գործունեությունը։ Եվ էական չէ, թե ադմինիստրատիվ բնույթի ինչ աշխատանք կվստահվի այս կամ այն գործչին, մենք շարժման մարտիկներ ենք և պատրաստ ենք ծառայելու այնտեղ, որտեղ ավելի օգտակար ու նպատակահարմար կդիտվի մեր մասնակցությունը։ Այսօր, այո՛, Հայ ազգային կոնգրեսի շուրջ է համախմբվել իրական ընդդիմադիր դաշտը։ Ես չեմ ուզում խոսել գրպանային ընդդիմության կամ այն անհատների մասին, ովքեր ընդդիմադիր լինելը դարձրել են փեշակ»։ Համաներման թեման, փոքր-ինչ այլ շեշտադրմամբ, արծարծեց մեկ այլ լրագրող, հղում անելով Հայկ Բաբուխանյանի «Իրավունք» թերթին, որն օրերս գրել էր, թե համաներմամբ ազատ արձակվածներն իրենց «սուրբ» գործն են համարում իշխանություններին աջ ու ձախ հայհոյելը, ինչը շատ է հիշեցնում ժողովրդական հայտնի ասացվածքը. «Երբ մալի գլուխը քոր ա գալիս, գնում-քսում ա չոբանի փետին»։ Ի՞նչ ենթատեքստ կա այս տողերի տակ, կամ ի՞նչ մեսիջ է հղում «վերևներին» երբեմնի ընդդիմադիր, իսկ վերջին երկու տարում իշխանությունների բարեհաճ ձեռքից սնվող այս պարբերականը։ «Ես այդպիսի մամուլ չեմ ընթերցում,- հակադարձեց նախկին արտգործնախարարը։- Աղբ չեմ կարդում։ Շատ ցավալի է, որ մեր մամուլում կան մարդիկ, որոնք հիվանդ, լկտի, անբարոյական, կեղտոտ, սուտ լուրեր կարող են տարածել։ Ես չեմ պատրաստվում իջնել դրանց մակարդակին ու մեկնաբանել»։ Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զարուհի Փոստանջյանի հայտնի նախաձեռնությանը, ինչը սվիններով ընդունվեց իշխանությունների, այդ թվում` նույն «Իրավունքի» կողմից։ «Նախ ասեմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում և` ես, պետք է հպարտ լինի, որ Զարուհի Փոստանջյանի նման գործիչ ունենք, ով իր ողջ հասուն կյանքը նվիրել է մարդու իրավունքների համար պայքարին և ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում օր առաջ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները,- իր համոզմունքն այսպես ձևակերպեց ընդդիմադիր քաղաքական գործիչը։- Հայրենասիրությունը որպես մահակ օգտագործողները նախ պետք է իրենց կենսագրությամբ, իրենց քայլերով ապացուցեն, որ մտածում են Հայաստանի, ոչ թե ինչ-որ մեկի շահերը սպասարկելու մասին»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |