|
Սպորտ
|
|
|
03/07/2009 |
«Ա՛յ փանջունիներ, գլխներիցդ մեծ բանե՞ր եք վերցնում, մինչև վերջ կանգնեք դրա տակ» |
«Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքում (2.06.09) մեկուկես տարվա ազատազրկումից հետո առաջին անգամ հանրությանն իրենց խոսքն են ուղղելու ղարաբաղյան շարժման մի խումբ վետերաններ։ Դուք ևս արցախյան շարժման վետերան եք և հաճախ եք կրկնում, որ այդ տարիները Ձեր կյանքի ամենապայծառ էջն են։ Քսան տարի առաջ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Հայաստանի նորագույն պատմության իրո՛ք ամենապայծառ էջը գրող Ձեր նախկին ընկերներն այսօր կհայտնվեն բանտում»։ «Իրավունքը de facto»-ն երեկ այս հարցն ուղղեց «Գոյ» փորձարարական թատրոնի հիմնադիր ղեկավար, թատրոնի և կինոյի ինստիտուտի դասախոս ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ։ «Ես նրանց «նախկին ընկերներ» չեմ կարող համարել, անգամ, եթե Սարոյան եղբայրների նման այսօր հայտնվել ենք գետի տարբեր ափերին,- ասաց ղարաբաղյան շարժման վետերանը։- Նրանք ինձ համար ներկա ընկերներ են, անգամ, եթե չենք բարևում իրար։ Հարցնում եք` կարո՞ղ էի պատկերացնել, որ ազգային ազատագրական պայքարի հերոս կամ շարքային անդամներն իրենց հայրենիքում հայտնվեն բանտում։ Իհարկե։ Շատ սովորական ու ընտելացած վիճակ եմ համարում սա, որովհետև այն ժամանակ էլ մեր դաշնակցական ընկերներից շատերն էին գտնվում բանտերում, և կարևոր չէր` Արցախի՞ հողի վրա էին նրանք կռվում, Երասխավանի՞, թե՞ Գորիսի։ Անձամբ ես 95-ին մի չորս-հինգ ամիս «հանգստացել» եմ բանտում։ Էնպես որ, դա մեզանում կարծես թե օրինաչափություն է դարձել։ Կարևորն այն է, որ նրանք արդեն դուրս են եկել բանտից։ Հիմա ամեն ինչ պիտի անենք հաղթահարելու համար այն բարդույթը, որը ես կանվանեի ինքնասպանության բարդույթ։ Մենք` հայերս, իրար վրա ձեռք ենք բարձրացրել ու արյուն ենք թափել։ Սրանից էն կողմ եղած մանրումեծ բաների քննողն ու դատավորը ես չեմ ուզում լինել։ Ի՞նչ կասեն նրանք հանրահավաքում (որին չեմ մասնակցելու, ինչպես չեմ մասնակցել նախորդ հանրահավաքներից և ոչ մեկին), այնքան էլ էական չէ ինձ համար։ 91-ից առայսօր ես իմ կարծիքն ունեմ, այսպես կոչված, լիբերալ արժեքներ կրող ուժերի ու անհատների մասին, ընդամենն ավելացնեմ, որ շատ-շատ մարդիկ դառնում են լավ քողարկված խաղի ակամա մասնակիցն ու նույնքան ակամա կատարողը։ Ես վստահ չեմ, որ գաղափարների, նվիրումների ու ձգտումների արդյունք է այսօրվա շարժումը։ Դա տարբեր դժգոհությունների արդյունքում մեկտեղված մարդկանց բողոքի դրսևորում է, որի գլխին կանգնած է, այսպես կոչված, կոնգրեսը կամ նույն ինքը` նախկին ՀՀՇ-ն։ Պայքարի այդ կերպն իմը չի։ Ցավում եմ, որ ինձ շատ հարազատ ու թանկ մարդկանց հետ հայտնվել ենք տարբեր «կողմերում», բայց միայն այն պատճառով, որ նրանք մտերիմ են ու թանկ, ես իմ համոզմունքները չեմ փոխի և Մատենադարանի մոտ էլ հաստատ չեմ կանգնի»։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը տևական «ընդհատակումից» հետո հանձնվեց հայրենի դատական իշխանությանը։ «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլի այս քայլը»,- հարցրեց «Ռադիոհայի» թղթակիցը։ «Շատ վատ եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի անձն ընդհանրապես,- հետևեց Արմեն Մազմանյանի խիստ պատասխանը, և ձայնի հնչերանգից դժվար չէր կռահել, որ «անձնավորված» գնահատականի հիմնավորումն ավելի դաժան է լինելու։- Իմ խորին համոզմամբ` նա այն մարդկանցից է, որ չգիտի, երևի, թե քարի մեջ արյուն կա։ Երբ ղարաբաղյան շարժման ժամանակ մենք հարյուր հազար մարդու գոռում էինք` առա՛ջ, գոռացողներն ամենաառջևում էին, և կապ չուներ` դա թուրքի՞ սահմանի վրա է, թե՞ էստեղ` սովետական բանակի դեմ։ Այդպիսին էր Մովսես Գորգիսյանը, որին մենք համոզում էինք, ասելով` դու քաղաքական գործիչ ես, մի՛ արի գյուլլի դեմ, ասում էր` չէ՛, եթե մենք միայն խոսենք, ո՞վ է գործելու, մենք մեր ապրելու ձևով օրինակ պիտի ծառայենք։ Ես շատ մարդկանց եմ տեսել, ովքեր օրինակ են ծառայել իրենց ապրելու ձևով ու հիմա, երբ տեսնում եմ մի պոպուլիստի, որն ինքն էլ չգիտի, թե ինչ սարքեց, հիշում եմ ցարական Ռուսաստանի Գապոն քահանային։ Հիշում եմ նաև մի դրվագ, երբ Դավիթ Շահնազարյանն իշխանության հետ պայմանավորվել էր, և ժողովուրդը բարձրանում էր Մատենադարան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ոչ ոք իրավունք չունի էստեղ հրամաններ արձակելու, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից ու Նիկոլ Փաշինյանից։ «Կմնաք էստեղ, մինչև հաղթական ավարտ»,- ասաց։ Ո՞րն էր էդ հաղթական ավարտը։ Է՞ն, որ գոռացին` մահ, ու արյո՞ւն թափվեց։ Հիշում եմ նրա երեկոյան ելույթը, երբ ինքն արդեն չէր երևում, բայց ձայնը կար, և ժողովրդին մղում էր առաջ` իշխանություններին քշելու։ Բա որ ուղարկում էիր քշելու, ինքդ որտե՞ղ էիր։ Այս ամենից հետո ինձ համար Նիկոլ Փաշինյան մարդկային, ազգային, հասարակական-քաղաքական կերպարը վերանում է։ Ես չեմ ուզում ասել` ինքն արդա՞ր էր, թե՞ չարդար, բայց եթե դուք, ա՛յ փանջունիներ, գլխներիցդ մեծ բանե՞ր եք վերցնում, մինչև վերջ կանգնեք դրա տակ։ Եվ այսօր գալ ասել` ես հանձնվում եմ հանուն ճշմարտության, նշանակում է սուտ ասել։ Դու հանձնվում ես, որովհետև քո հոդվածն այս համաներման տակ ընկնում է, էն տարբերությամբ, որ մյուս տղաները քո քյալլագյոզության պատճառով նստեցին տարուց ավելի, իսկ դու չգիտեմ որտեղ հանգստացար, հիմա եկար մի քսան օր նստես, համաներումով դուրս գաս։ Ինձ համար զավեշտ է, որ մեր ազգն ունի նման քաղաքական լիդերներ, որոնց հետևից, իբր, պիտի գնա։ Միայն մեկ նախադասության համար Նիկոլ Փաշինյանին կարելի է ազգը փոխել տալ. «Այսօր առավոտյան (մարտի 2-ին- Լ.Մ.) հոգիս փառավորվեց»։ Ինչի՞ց փառավորվեց, որ արյուն է թափվե՞լ։ Որովհետև ապացուցեցիք, որ հայ ոստիկանը կարող է հայ քաղաքացի՞ սպանել։ Ինչպե՞ս ապացուցեցիք, յոթ օր բզելո՞վ, մարդկանց զգայական համակարգը բզբզելո՞վ, այդ թվում նաև` ոստիկանների»։ Իսկ ինչո՞ւ է ղարաբաղյան շարժման վետերան Արմեն Մազմանյանն այսքան դառնացած (չասենք` չարացած) խոսում «Նիկոլ Փաշինյան ֆիգուրի» մասին, ինչպես ինքն ասաց, բնորոշելով նրան որպես «պոպուլիստ թութակ»։ Գուցե պատճառն այն է, որ «Հայկական ժամանակն» օրերս գրել էր, թե թատրոնի և կինոյի ինստիտուտի բակում նույն ինստիտուտի դասախոս, դոցենտ Մազմանյանին «մի խումբ լակոտներ» ծեծե՞լ են։ «Գնամ հող ուտեմ, եթե ինձ իմ քաղաքում պիտի ծեծեն,- հեգնեց «Գոյ» թատրոնի ղեկավարը։- Էն էլ` մեր ինստիտուտում, էն էլ` ուսանողներ, որոնց «ռեխները» ես ընդամենը փակում եմ, որ գողական չխոսեն։ Որովհետև Երևան քաղաքում էդ «պսեվդոգողականի», էդ կինոսերիալների տված դասերի արդյունքում մեր էս սերնդի (որն ամբողջ օրը ինստիտուտի պատերի տակ պպզում-չրթում ու «ճիշտը ջոգելու մեջ ա» տեսնում) ամենաառաջին ու սկզբունքային թշնամին եմ։ Մինչև կյանքիս վերջ կռվելու եմ էդ «տուպիզմի» դեմ, որը կարող է գալ ու «ճշտով» մտնել էս ջահելների ուղեղը»։ Իսկ թե ինչու է «Հայկական ժամանակը» կարևորել խիստ երևանյան ու շատ սովորական այդ միջադեպը, Արմեն Մազմանյանը բացատրեց դարձյալ մեր օրերի համար շատ սովորական դարձած մի իրողությամբ, որ կարելի է ախտորոշել որպես «դեղնախտով հիվանդ չորրորդ իշխանություն»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
19/06/2009 |
Ո՞վ է այդ «Ֆրանկոն» |
Մայիսի 25-ին` Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը հինգ օր առաջ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ «Իրավունք de facto» ակումբում հանդես էր եկել մի շարք կանխատեսումներով, որոնք, նրա համոզմամբ, լիովին իրականացել են։ Երեկ քաղաքագետը կրկին մեր ակումբի հյուրն էր և «Հետընտրական փասիանս-2009» թեմայի շրջանակներում լրագրողներին ներկայացավ ծավալուն ու խորքային վերլուծությամբ։ Հիշեցնելով, թե ինքը նախընտրական քարոզարշավի ավարտական փուլում էր դեռևս կանխատեսել, որ հետընտրական զարգացումներ չեն լինելու, նա իր անհամաձայնությունը հայտնեց այն տարածված մտայնության առնչությամբ, ըստ որի` հետընտրական զարգացումների բացակայությունն ինքնին ողջունելի է։ «Նրանք, ովքեր հետընտրական զարգացումների բացակայությունն այդպես են մեկնաբանում, անուղղակիորեն ընդունում են, որ գոյություն ունի պատճառահետևանքային կապ խաղաղ ցույցերի, հանրահավաքների ու բռնությունների միջև, որոնք տեղի ունեցան մարտի 1-ին և 2-ին։ Ես կարծում եմ, որ այդպիսի կապ գոյություն չունի, և հետընտրական զարգացումները միշտ չէ, որ հանգեցնում են մարդկային զոհերի կամ արյունահեղության։ Ընդունել, որ այդ զարգացումների պարադիգմը միշտ լինելու է այդպիսին, նշանակում է համակերպվել այն մտքի հետ, որ ժողովրդավարական չափորոշիչները, որոնք գործում են քաղաքակիրթ երկրներում, մեզանում չեն աշխատելու նաև առաջիկայում»: Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ եթե Հայ ազգային կոնգրեսի ձայներն էապես կեղծված կամ կողոպտված լինեին, ապա, անկախ այն բանից` ընդդիմության առաջնորդները կոչ կանեն բողոքական ընտրազանգվածին դուրս գալ փողոց կամ դուրս չգալ, մարդիկ, միևնույն է, կհայտնվեն փողոցում: Քաղաքագիտության մեջ սա ինտեգրալ ցուցիչ է, և, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ եթե հանրությունն ինքնաբուխ ձևով դուրս չի եկել փողոց ու չի ընդվզել, ուրեմն, համամիտ է ընտրության արդյունքների հետ: Այլ խոսքով, ՀԱԿ-ի ստացած 17-ից մի քիչ ավելի տոկոսը հենց այն է, ինչ իրականում կա, և ոչ մի արտառոց բան էլ այս ընտրություններում տեղի չի ունեցել: «Մայիսի 31-ի ընտրությունները նախորդ ընտրություններից ոչ ավելի լավն էին, ոչ էլ ավելի վատը,- եզրահանգեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը` հընթացս շատ օրիգինալ հետևություն անելով:- Եթե մեր իրականության մեջ գտնվի Ֆրանկոյի նման մեկը, ով, զբաղեցնելով պետության բարձրագույն պաշտոնը, գիտակցաբար կգնա ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների պաշտպանության սկիզբը դնելու ճանապարհով, նրան կարելի է հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիր` բոլոր անհրաժեշտ հիմքերը ձեռքի տակ ունենալով»։ Ինչո՞ւ չորրորդ հանրապետություն և ինչո՞ւ նոր հիմնադիր։ Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` այն պարզ պատճառով, որ այդ նոր «Ֆրանկոն» պիտի գա վերջ դնելու երրորդ հանրապետության «գետնին վրա» ստեղծված ընտրակեղծարարությունների տխրահռչակ համակարգին` ժողովրդավարական նոր համակարգի ձևավորման սկիզբը դնելով։ «Եթե օրերից մի օր Սերժ Սարգսյանը կամ մեկ ուրիշը որոշեց վերջ տալ այս համակարգին, նա էլ կզբաղեցնի այդ աթոռը` իրավունք ձեռք բերելով իրեն հռչակել Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիր»,- ասաց քաղաքագետը։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
12/06/2009 |
«Առաջին քննադատողներից մեկը ես եմ լինելու» |
Այն բանից հետո, երբ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ձայների բացարձակ առավելություն ապահովեց իր համար, իսկ «մանդրաժի տակ» մնացած կոալիցիոն «եղբայր» ԲՀԿ-ն ո՛չ այն է պաշտոնական, ո՛չ այն է մասնավոր հայտարարություններ հնչեցրեց, թե չի պատրաստվում իր ստացած «չառյուծի» բաժնով հավասարապես կիսել պատասխանատվությունը Երևանի և, ընդհանրապես, հանրապետության «բախտի» համար, չուշացավ նաև հանրապետականի համարժեք պատասխանը։ Բացարձակ հաղթանակ ենք տարել, բացարձակ պատասխանատվություն էլ կստանձնենք` ասվեց։ Իսկ ինչպե՞ս է ՀՀԿ-ն պատրաստվում իրացնել այդ պատասխանատվությունը։ Երեկ «Իրավունք de facto» ակումբում այս հարցն ուղղվեց Ազգային ժողովի հանրապետական խմբակցության անդամ ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ։ Հընթացս ակնարկվեց նաև, թե մայիսի 31-ից հետո ո՛չ բակերն են ասֆալտապատվում ու լուսավորվում, ո՛չ էլ խաղահրապարակներ բացվում։ «Այսօր չէ, որ հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն է ստանձնել Երևանի, ողջ երկրի համար,- հետևեց պատմաբան պատգամավորի պատասխանը։- Իշխող կուսակցությունը միշտ էլ պատասխանատու է հանրապետության բնականոն զարգացման համար, անկախ այն բանից` Երևանի քաղաքապետն ի՞ր կուսակիցն է, թե՞ մեկ այլ կուսակցության անդամ։ Ինչ վերաբերում է մայրաքաղաքում բակային վերանորոգումների շարունակականությանը, լիովին համոզված եմ, որ այդ գործընթացը կշարունակվի։ Հակառակ դեպքում կստացվի, որ չեն կատարվում նախընտրական խոստումները, ինչն էլ ընդդիմությանն առիթ կտա քննադատության նոր ալիք բարձրացնել»։ Համլետ Հարությունյանը լրագրողներին խորհուրդ տվեց չշտապել և ժամանակավրեպ հետևություններ չանել` բակերի վերանորոգումները դիտարկելով որպես նախընտրական պայքարում միավորներ կորզելու ծեծված միջոց։ «Նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը հենց նոր ավարտվեց, այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է։ Սպասենք և տեսնենք` ինչպե՞ս է Գագիկ Բեգլարյանը տեր կանգնում նախընտրական իր խոստումներին»,- խորհուրդ տվեց ծնունդով ղարաբաղցի գործիչը, հավաստիացնելով, որ եթե նախընտրական փուլում սկսված լավ գործը շարունակություն և ավարտ չունեցավ, առաջին քննադատողներից մեկն ինքն է լինելու։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
05/06/2009 |
«Կա մեծ հիասթափություն ու մեծ դժգոհություն, կա վիրավորված արժանապատվություն, և կա սպասում» |
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱՑՎԱԾ Է» Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, և գրանցված արդյունքներն անակնկալ չէին։ Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսն այս տարբերակը չէր կանխատեսում` ելնելով նախորդ ընտրությունների փորձից,- հարցրինք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։ -Մենք մտածում էինք, իհարկե, որ իրենք ամեն ինչ կանեն ընտրություններում հաղթելու համար, արդյունքներն էլ առանձնապես անակնկալ չէին, բայց իշխանությունների քայլերի տրամաբանությունը մեզ համար անհասկանալի է` հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է պետությունը` ներքին ու արտաքին խնդիրներով,- ասաց Երևանի նախկին քաղաքապետը։- Ես, օրինակ, մտածում էի, որ իրենք այս ընտրություններում գոնե կփորձեն մեղմել իրավիճակը, որով նաև դրսի դժգոհությունները կմեղմեն, ներքին կյանքում էլ լիցքաթափման հնարավորություն կտան հայաստանցիներին: -Մի կողմից` ամրագրում եք` ավազակապետություն է, մյուս կողմից` ռոմանտիկ սպասումնե՞ր ունեք ավազակապետերից։ -Այստեղ, իհարկե, հակասություն կարելի է գտնել, բայց այլ ճանապարհ չկա, ցանկացած այլ ճանապարհ կնշանակի պետության կործանում: Տասնութ տարի մեր պետությունը կա, և մենք իրավունք չունենք վտանգելու պետության գոյությունը: Այլ հարց է, որ այս ընտրություններով իշխանությունները վերջնականապես հեղինակազրկեցին, վարկաբեկեցին ընտրական ինստիտուտները: -Լավ, ընտրություններն ավարտված են, ու ինչ-որ արդյունքներ կարող ենք ամրագրել` մի քանի հարթություններում։ Սկսենք մթնոլորտից, հուզական դաշտից։ Հիասթափություն կա՞: -Կա մեծ հիասթափություն ու մեծ դժգոհություն, կա վիրավորված արժանապատվություն, և կա սպասում: Ընդհանուր մթնոլորտն այսպիսին է: -Ո՞րն է քաղաքական գնահատականը: -Պարզվեց, որ ՀՅԴ-ն իր երկու տարվա իշխանական գործունեության հետևանքով գցել է վարկանիշը, խորհրդարանական ընտրությունների ժամանակվա վարկանիշն այլևս չունի, ընտրողներն ու իշխանությունը ՀՅԴ-ին հասկացրին, որ այսօրվա քաղաքական դաշտում նա այլևս յուրային չէ: ԲՀԿ-ին իշխանությունները հստակ ասացին` մե՛նք ենք որոշողը` ինչքանով կարող եք լինել կամ չլինել և որտեղ լինել: ԲՀԿ-ն երկրորդ անգամ էր փորձում «հարց որոշողի» կերպարով ներկայանալ, չստացվեց: ՕԵԿ-ին վերջնականապես ասվեց` դուք գոյություն չունեք, գաղափար ու համակիր չունեք, նույնիսկ մեր օգնության պարագայում 7 տոկոս չհավաքեցիք, որպես քաղաքական ուժ կարող եք գոյատևել այնքան, որքան մենք կցանկանանք: -Ձեզ չի՞ թվում, որ Հայաստանում, ի դեմս ՀՀԿ-ի, վերականգնվում է կոմունիստական կուսակցությունն իր միանձնյա-միահեծան ու անսահմանափակ իշխանությամբ: -Այո՛, բայց մի մեծ տարբերությամբ` կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը շատ հստակ էր, նրա գործունեությունն ու հիերարխիան ապահովված էին Սահմանադրության 6-րդ հոդվածով, և նրա գործողություններն օրինականացված էին: -Իսկ ՀԱ՞Կ-ը: -ՀԱԿ-ի առումով ամրագրվեց, որ ընդդիմադիր դաշտում միայն երկու ուժ կա` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այլ ընդդիմադիր ուժ, որն ինչ-որ ձևով իշխանությանը դեմ գնա, այլևս չկա: Նաև` իշխանությունն ընդդիմությանը պարզ հասկացրեց, որ համագործակցության ցանկություն չունի: -Ընդդիմությո՞ւնն ինչ հասկացրեց իշխանությանը: -Ընդդիմությունը հասկացրեց, որ ուժեղ է ժողովրդի աջակցությամբ, ինքն էլ համագործակցության հեռանկար չի տեսնում և ավելի է կոշտացնելու պայքարը: -Իրավական առումով ի՞նչ կատարվեց: -Իրավական առումով կարող ենք ձևակերպել, որ Երևանում գոյություն ունի ընտրովի ավագանի, նաև հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում օրենք ու օրինականություն չի գործում, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու կամ իշխանության գալու հնարավորությունը զրոյացված է, որովհետև իշխանությունն օրենքները կիրառելու փոխարեն ֆիզիկական ուժ է կիրառում: -Այս ընտրություններում առաջին անգամ կիրառվեց Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Լրացումների կամ փոփոխությունների անհրաժեշտություն չի՞ լինելու: -Ես դեռ մի քանի ամիս առաջ եմ ասել, որ կարևորն օրենքի բովանդակությունը չէ, կարևորն արդար ընտրության կայացման փաստն է, այլապես շատ ավելի ճիշտ էր, որ քաղաքապետը նշանակվեր, որովհետև նշանակման պարագայում նա լեգիտիմ էր: Իհարկե, օրենքը կատարելագործման կարիք ունի, շատ շուտով կպարզվի, որ ինչ-ինչ դրույթներ չեն աշխատում, ինչ-որ դրույթներ չեն համապատասխանում, ինչպես ցանկացած օրենքի պարագայում, որն սկսում է գործել: Ամենակարևորը, այդ մարմինը, դեռ չստեղծված, ոչ լեգիտիմության դրոշմ ստացավ, հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրություն գոյություն չունի։ Սա է վտանգը: -Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն իր գլխավորությամբ մասնակցելու է ավագանու ընտրություններին, դա գնահատվեց ձիու ուժեղ ու անսպասելի քայլ քաղաքական դաշտում։ Ձիու քայլն ակնկալվող արդյունքը չտվեց, և վերջին հանրահավաքում հայտարարվեց, որ հունիսի 12-ին հետագա անելիքների մասին կխոսվի։ Փորձենք հասկանալ` ի՞նչ ելքեր կան` պասիվ քաղաքական ու քաղաքակիրթ պայքա՞ր, թե՞ ակտիվ մարտավարություն` հանրահավաքներով, նստացույցերով, հացադուլներով։ -Ընտրությունների գնալն էլ քաղաքական պայքար էր, շարունակություն, որ մեկ ամսվա ընթացքում շատ դրական արդյունքներ տվեց մեր համակիրների համախմբման առումով: Մենք չենք մտածում, որ պարտվել ենք, բոլորը համոզվեցին, որ մեր հնարավորությունները շատ մեծ են: Իշխանությունն էլ համոզվեց, այլապես այդ ծավալի ընտրակեղծիքներ չէր իրականացնի: Ձիու քայլն ինքնանպատակ չէր, մենք ցանկանում էինք ընտրությունների միջոցով իշխանության գալ և մեր ծրագրերն իրականացնել: Հարցը մեկն է` մարտավարությունը պիտի փոխե՞նք, թե՞ ոչ, արագ, հապճեպ քայլեր պիտի ձեռնարկե՞նք, թե՞ մեր նախկին մարտավարությունը շարունակենք: Ես կողմնակից եմ մեր ծրագրերի իրականացումն արագացնելուն: -Ի՞նչ եք կարծում, նախագահը, ի վերջո, համաներում կհայտարարի՞։ -Այս տասը տարում ես համոզվել եմ, որ իշխանությունների խոսքին հավատալն անիմաստ է, նրանց համար մարդն իր արժեքներով գոյություն չունի, մարդը նրանց համար գոյություն ունի այնքանով, ինչքանով կարող են նրան օգտագործել իրենց շահերի համար: Այս համաներումն էլ նույնն է: Աժիոտաժ, հանրային խորհուրդ, քննարկումներ, սա շատ նման է բարեգործություն անելուն, երբ դեռ չարած` արդեն ուզում են այդ մասին գրքեր տպագրվեն, ցուցանակներ փակցվեն, ֆիլմեր նկարվեն, Ատրպետի «Տժվժիկի» պատմությունն է: -Սարդարապատում Սերժ Սարգսյանն ասաց, որ 2006-ին է եղել վերջին համաներումը, այսինքն, համաներման ենթակա են 3 տարի ինչ-որ հոդվածներով դատապարտված մարդիկ: Այդ 3 տարին չէ՞ր նշանակում համաներման գաղափարից հանել քաղաքական ենթատեքստը և հասարակությանը հուզող քաղաքական խնդիրը իրավականի վերածել: -Նա քաղաքական ենթատեքստը հանում է, որպեսզի ասի` որոշողը ես եմ, ոչ թե դուք, ներսում լինեիք, թե դրսում: Դա էլ է նորմալ, թող անի: Իրականում համաներումը նա ստիպված է անել դրսի ճնշմամբ, երբ Եվրոպա ոտք դնի` հարցնելու են` ի՞նչ եղավ այդ հարցը: -Հայ-թուրքական սահմանի բացումը իդեա-ֆի՞քս է, շահարկվող հերթական հա՞րց, թե՞ շատ լուրջ ենթատեքստ ունի, որ լուծումն այդքան անհնար է դառնում: -Հայ-թուրքական սահմանի բացումը դարձել է շահարկվող հարց, կա մի պարզ իրողություն` ով փակել է սահմանը, նա էլ պիտի բացի: Սահմանը փակվել է Ղարաբաղի պատճառով, և ես կարծում եմ, որ Թուրքիան այդ հարցով էլ կբացի: Չեմ կարծում, որ Թուրքիան կփոխի իր տեսակետը: Նույնն է ցեղասպանության հարցում։ Այդքան Տեր-Պետրոսյանին մեղադրում էին, որ թուրքերի հետ «քիրվայություն» է անում, հիմա ո՞վ է անում «քիրվայություն»: Մեր իշխանության ժամանակ ցեղասպանության հարց ընդհանրապես չի քննարկվել։ Ի վերջո, ո՞ւր են այն մարդիկ, որ ապրել են այդ տարածքներում, ո՞ւր անհետացան... Թուրքերն էլ գիտեն, աշխարհն էլ գիտի: Բայց բանը հասավ այնտեղ, որ բացահայտ իրողությունները քննարկման հարց դարձան, ու ապրիլի 23-ին համաձայնագիր ստորագրվեց... Ցեղասպանություն, Ղարաբաղ` դրանից ավելի մենք ի՞նչ ունենք, որի շուրջ համախմբվում ենք։ -Ինչո՞ւ այսօր Հայաստանում, սփյուռքում միավորող գաղափար չի դառնում Ղարաբաղի հարցը, Հայաստանի հզորացման հարցը: -Համախմբող արժեքներ կարող էին լինել պետականության, ազատության արժեքները, բայց դա չգիտակցվեց, որովհետև սփյուռքը Հայաստանն ընկալեց սպառողի հոգեբանությամբ։ Ինչպես ցեղասպանության ճանաչումն են պահանջում, նույն կերպ պետք է պահանջեն այն այլանդակությունների պատասխանները, որոնք կատարվում են: Եթե դա արվեր, մենք լրիվ ուրիշ գաղափարի մարդիկ կլինեինք, ուրիշ մտածողություն կունենայինք, շատ ավելի անկառավարելի կլինեինք (լավ իմաստով), շատ ավելի քաղաքակիրթ, մեր հարցերը լուծելիս մենք ճանապարհներ կգտնեինք, մեր երկիրն աշխարհում իր արժանի տեղը կունենար, մեր քաղաքացին ուրիշ կլիներ: Մենք միավորող այլ կառույց էլ ունեինք, ինչպես այլ երկրներում է` եկեղեցին, բայց այն եկեղեցին, որ գոնե բարոյական դաշտում պիտի բարձր կանգներ բոլորից ու որպես քրիստոնյաներ մեզ միավորեր, իր համար կարևորագույն արժեք է համարում իշխանության մաս կազմելը: Սա վտանգավոր ու վատ օրինակ է բոլոր հավատացյալների համար, հետո թող աղանդավորների աճի մասին չխոսեն... Մենք ավելի շատ կորցնում ենք մեզ միավորող արժեքները, մենք այդպես էլ չգտանք մեզ միավորող հայի կերպարը: Կարդացող, մտածող մարդն այսօր արժեք չէ, օլիգարխներին իրենց շրջապատում նման մարդ պետք չէ, նման մարդկանց օտարում են, որովհետև նրանց կառավարելը դժվար է` գոնե նրանց չափ խելք պիտի ունենան: -Մինչև տարեվերջ հայ-թուրքական համաձայնագրի ստորագրումը հնարավո՞ր եք համարում։ -Չեմ հավատում դրան: Դա կապված է ղարաբաղյան հարցի հետ: Այնքանով է հնարավոր, որքանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, իրենց տնտեսական շահերից ելնելով, դա կցանկանան։ Ի վերջո, ադրբեջանական գազը պետք է հասնի Եվրոպա, չմոռանանք սա։ Այդ շրջանակներում կտեղավորվի՞ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, ուրեմն, լուծում կլինի: Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ
|
|
26/05/2009 |
«Կարող էր չափից դուրս ծիծաղելի լինել, եթե այսքան տխուր չլիներ» |
«Շատ բնութագրական է, որ էլեկտրոնային լրատվամիջոցները չեն պատվել մեզ իրենց ուշադրությամբ։ Դա բնական է և ցույց է տալիս, թե ինչպես են այսօրվա իշխանությունները վերաբերվում ընտրարշավին առնչվող անկողմնակալ դիտարկումներին»,- ասուլիսի սկզբում բացակա հեռուստաընկերություններից իր դժգոհությունն այսպես ձևակերպեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ` «Ընտրարշավ-2009. ի՞նչ արդյունքներ արձանագրեցին նախընտրական տեխնոլոգիաները, և կլինե՞ն, արդյոք, հետընտրական զարգացումներ» թեմայի շրջանակներում գնահատականներ ներկայացնելուց առաջ։ Շեշտելով, որ Հայաստանում առաջին անգամ ընտրություններ են անցկացվում բացառապես համամասնական ցուցակներով, քաղաքագետն ընդգծեց, որ դրանք, փաստորեն, «օպրոբացիայի» են ենթարկելու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու արդյունավետության աստիճանն ու նպատակահարմարությունը։ Ինչ վերաբերում է արդեն եզրագիծը հատող քարոզարշավին, բանախոսն արձանագրեց, թե այն հերթական անգամ եկավ ի ցույց դնելու մեր իրականության մեջ արմատներ ձգած ցավալի իրողությունը. այն է` գիտակցված ընտրություն անողների թիվը հայ հանրության մեջ չափազանց քիչ է։ «Այ, այսօր մեր էլեկտրոնային լրատվամիջոցների ներկայացուցիչները գնացել են լուսաբանելու հայ ժողովրդի պանծալի զավակ, մեծ մտածող Արա Աբրահամյանի հանդիպումը, որ կայանալու է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, մինչդեռ վերջինիս շատ օգտակար կլիներ մեր այս ասուլիսին մասնակցելը` հասկանալու համար, թե ինչի է վերածել այս երկիրը։ Անձամբ ինքը»,- հանրապետության նախագահին էլ «չխնայեց» քաղաքագետների միության նախագահը` հայտնի ասացվածքը յուրովի վերաշարադրելով. «Ասա` ով է քո շրջապատը, և ես կասեմ, թե ով ես դու»։ «Ես առիթ չեմ ունեցել անդրադառնալու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարուն և այսօր, օգտվելով առիթից, պետք է արձանագրեմ, որ նրա կադրային քաղաքականությունը շատ ավելի խոցելի է, քան իր նախորդներինը։ Նույնիսկ եթե վերցնենք կարևորագույն դերակատարներին միայն, ստիպված ենք փաստել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, օրինակ, որպես քաղաքական մենեջեր, հարյուր գլխով բարձր էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանից, ում ներկայությունը նախագահական նստավայրում «յա կա-յա չկա»։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իր անմիջական շեֆի քաղաքական ապագան նրան այսօր ամենաքիչն է հուզում։ Գուցե ավելի քիչ, քան իր «Տաշիր» առևտրական բրենդի ճակատագիրը»։ Քաղաքագետը լրագրողներին իրազեկեց, որ իրենց միությունը երկու շատ լուրջ հարցախույզ է անցկացրել մայրաքաղաքի տարբեր համայնքների 500 բնակիչների շրջանում, առաջինը` մայիսի 1-ից առաջ, երկրորդը` օրերս, որոնց արդյունքները գալիս են ապացուցելու, որ գիտակցված ընտրություն անողների թիվն անցած կարճ ժամանակահատվածում երկրաչափական պրոգրեսիայով անկում է ապրել։ Այսպես, եթե մայիսի 1-ից առաջ գիտակցված ընտրության էր պատրաստ հարցվածների 32 տոկոսը, վերջին հարցախույզից հետո այդ թիվը նվազել է մինչև 18,5 տոկոս։ Պատճառներից գլխավորը, թերևս, այն է, որ մարդիկ գիտակցված ընտրություն էին ցանկանում անել` հօգուտ Հայ ազգային կոնգրեսի` քաղբանտարկյալների ազատ արձակումը կապելով միայն Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակի հետ։ Բայց, դե, իշխանությունն էլ, ինչպես ասում են, հայտնի կենդանու ականջում քնած չէ և քարոզարշավի «ֆինիշից» ընդամենը տասն օր առաջ պետության երկրորդ դեմք Հովիկ Աբրահամյանի շուրթերով բարբառեց, որ մայիսի 28-ին «ձիով քայլ» է անելու` համաներման «տակ գցելով» բոլոր բանտարկյալներին։ «Այսօր մեր հիմնական պրոբլեմը, նա՛և այս հարցումների համաձայն, ոչ թե բյուլետեններ կեղծողներն ու քվեատուփեր լցոնողներն են, այլ «ձայն բերողները»,- փաստեց բանախոսը։- «Ձայն բերելը» մեր իրականության մեջ դարձել է մասնագիտություն։ Ժամանակավոր աշխատատեղ։ Սա հայկական ընտրությունների արդեն ձևավորված ավանդույթն է, որը չափազանց վտանգավոր երևույթ է և արժեզրկում է ժողովրդավարություն կոչվածը։ Եվ ինչպես Ահարոն Ադիբեկյանն է յուրաքանչյուր ընտրարշավի ժամանակ աշխատանք ստանում, այդպես էլ` «ձայն բերողները»։ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` «ամեն ինչ ահավոր է մեր իրականության մեջ, ու չխելագարվելու համար մի քիչ էլ հումորով պետք է նայել առկա իրողություններին»։ Հայտնի ձևակերպմամբ` «ամեն ինչ չափից դուրս ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ»։ Եվ, որպեսզի շատ էլ «չտխրեցնի» լրագրողներին, քաղաքագետը որոշեց յուրովի բնութագրել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հինգ կուսակցություններից ու մեկ դաշինքից յուրաքանչյուրի քարոզարշավը` երգիծական շեշտադրումներով։ «Այլապես կխելագարվենք»,- կրկնեց` հավելելով, թե մյուս բոլոր «մինուսները» մի կողմ, այսպիսի տաղտկալի քարոզարշավ Հայաստանում երբևէ չի եղել։ Եվ, ուրեմն, ՀՀԿ։ Իշխանության առանցքը կազմող այս քաղաքական թիմի կարգախոսը, ըստ Հովհաննիսյանի, ոչ թե «Քեզ համար, Երևան»-ը պետք է լիներ, այլ` «Նաղդը նիսյայից լավ ա»։ Կամ էլ` «Ավլեմ-թափեմ փոշին», որ պիտի երգեին ընտրողների հետ հանդիպումների ժամանակ` «մարշի» փոխարեն։ «Բարգավաճ Հայաստան»։ Հմայակ Հովհաննիսյանը ոչ այն է լուրջ, ոչ այն է կատակով նկատեց, որ եթե մի տասը տարի հետո իրեն հարց ուղղեն` իսկ Դուք ի՞նչ եք հիշում ԲՀԿ-ի քարոզարշավից, որպես քաղտեխնոլոգ, քաղաքական գործիչ, քաղաքագետ կամ իմիջմեյքեր, ինքը փաստելու է. «Իմ մեջ տպավորվել է Գագիկ Ծառուկյանի սպիտակ «տարազը», որը նման էր «բալախոնի», որով նա, կարծես, փորձում էր ապացուցել, որ ինքն արժանի մրցակից է «չոռնիներին»։ Այսինքն, այդ միջավայրում միակ «սպիտակն» է։ Կա նաև երկրորդ բացատրությունը։ Սպիտակ գույնն առնչվում է բժշկությանը (չմոռանանք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է առողջապահության նախարար, «սպիտակխալաթավոր» Հարություն Քուշկյանը- Լ. Մ.), և մարդն ուզում է ասել` ազգս հիվանդ է, ես էլ եկել եմ բոլորին բուժելու»։ ԲՀԿ-ի կիրառած մեկ այլ տեխնոլոգիա էլ հիշատակեց քաղաքագետը, հընթացս անդրադառնալով նաև հանրապետականների հետ վերջին թաղային «ռազբորկաներին»։ Այն է` «Խփիր յուրայիններին, որ օտարները վախենան»։ «Այս տեխնոլոգիան աշխատեց, որովհետև համապատասխանում է այսօրվա հայ մարդու մենթալիտետին։ Մանավանդ այն ֆոնի վրա, երբ Կոնգրեսի ակտիվիստներին անընդհատ ծեծում էին և անհետևանք էին ծեծում։ Այսինքն, ՀԱԿ-ի ղեկավարներն ակնհայտորեն չէին կարողանում պաշտպանել իրենց ակտիվիստներին, հիմնականում` կանանց։ Ահա այս ֆոնի վրա Գագիկ Ծառուկյանը ցույց է տալիս, որ ինքն անձամբ է ջարդելու բոլոր նրանց մռութները, ովքեր իր թիմակիցների «թանին թթու կասեն»։ Նույնիսկ, եթե գլխավոր դատախազի մատն է այդ «թանի» մեջ խառը»։ «Հայ ազգային կոնգրես»։ «Տասնիններորդ դարավերջին հայտնի սոցիալ-դեմոկրատ Բերշտեյն կար, որն ասում էր. «Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ»։ Այս մոտեցումն է, թերևս, բնութագրական ՀԱԿ-ի համար, որովհետև մարդիկ սպասում են արդյունքների, իսկ ընդդիմությունը, կարծես, արդյունքի հասնել չի շտապում։ Եվ շատերն էլ այսօր մի քիչ այլ կերպ են ընկալում հայտնի կարգախոսը, ու ստացվում է ոչ թե «Պայքար, պայքար մինչև վերջ», այլ «Պայքար, պայքար մինչև հե՛չ»։ «Օրինաց երկիր»։ Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ի ներկայացուցիչ, գյումրեցու հումորը չկորցրած Հովհաննես Մարգարյանը դեռ ընտրարշավից առաջ է փաստել. «Մեր էգը ձեր որձերից լավն ա»։ Իսկ սա նշանակում է, որ այս քաղաքական թիմի կարգախոսը մոտավորապես հետևյալը պետք է լիներ. «Երգով էլ կխաբենք»։ Ինչու` «կխաբե՞նք»։ Որովհետև ավանդների վերադարձի հարցում մի անգամ արդեն խաբել են ընտրողներին (իսկ «պառավին», ինչպես գիտեք, «մի անգամ են կամրջի վրա խաբում»- Լ. Մ.)։ Հայ հեղափոխական դաշնակցություն։ «Ինձ թվում է, ՀՅԴ-ն այսօր գլուխկոտրուկ դարձած մի հավասարության վրա է ստիպված գլուխ կոտրել. «Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան=Սերժ Սարգսյան»։ Հավասարություն, որը չի տրամադրում նման լիրիկական, նոստալգիկ քարոզարշավի` «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» հախվերդյանական երգի մոտիվներով»,- ասաց քաղաքագետը, առաջարկելով ՀՅԴ-ին մեկ այլ երգ-կարգախոս` «Արա, վա՜յ վա՜յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ»։ Որովհետև այս ընտրարշավը եկավ հաստատելու, որ դաշնակցությունը պատրաստ չէր գործելու ընդդիմադիր դաշտում։ Ցավոք, պատրաստ չէր»։ Ժողովրդական կուսակցություն կամ Տիգրան Կարապետիչ։ «Ես ինքս տեղով մեկ տեխնոլոգիա եմ և որևէ տեխնոլոգիայի կարիք չունեմ»։ Այսպես ձևակերպեց ԱԺՄ հոլդինգի և ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի նախընտրական «կարգախոսը» Հմայակ Հովհաննիսյանը` վերջինիս քարոզարշավի փառահամար-գագաթնակետը համարելով «Կենտրոնի» եթերից Պետրոս Ղազարյանի հետ «բանավեճը»։ Եվ վերջապես` ՀԱՍԿ։ Մովսես Շահվերդյան։ Քաղաքագետի կարծիքով` ՀԱՍԿ-ի տեխնոլոգիան լեյտենանտ Շմիդտի զավակների տեխնոլոգիան է։ Այսինքն, «Զավակը ես եմ, նա չի» (կամ` «Իսկ դո՞ւ ով ես, է՜», «Չէ, բա դո՞ւ ով ես»- Լ. Մ.)։ «Բոլոր այս «մազալու» տեխնոլոգիաներն աշխարհում իրենց նախադեպը չունեն»,- վերջում եզրահանգեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը։ Իհարկե, չունեն։ Ախր, մեր ընտրություններն էլ «ուրիշ են»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |