|
Սպորտ
|
|
|
20/03/2009 |
«Սա առիթ է ապացուցելու, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթել է» |
Առիթը, ինչպես հասկացաք, Երևանի քաղաքապետի ընտրություններն են, որոնք, Տեր-Պետրոսյանի օրոք այդ պաշտոնն զբաղեցրած ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ համոզմամբ, ավարտվելու են Հայ ազգային կոնգրեսի աներկբա հաղթանակով: «Բոլորի համար անակնկալ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մայիսի 31-ի ընտրություններում գլխավորել ՀԱԿ-ի ցուցակը, մյուս կողմից էլ, եթե վերլուծենք մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահի ելույթը, կտեսնենք, որ դրա տրամաբանության հիմքում այն հստակ ձևակերպումն էր, ըստ որի, մենք մասնակցելու ենք առաջիկա բոլոր ընտրություններին` այն ծրագրերն իրագործելու համար, որոնք սկսել ենք դեռևս 2007-ի սեպտեմբերի 21-ից»,- ասաց Երևանի նախկին քաղաքապետը, մեկ անգամ ևս փաստելով, թե սա իրենց համար հրաշալի առիթ է ապացուցելու, որ 2008-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանն իսկապես հաղթել է: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի համոզմամբ` Հայաստանն այսօր կանգնած է համակարգային փոփոխությունների հրամայականին դեմ-հանդիման, և գործող վարչախումբն էլ օր առաջ պետք է հրաժարական տա, քանի որ ի զորու չէ լուծումներ տալու բոլորիս դռանը չոքած սոցիալական, տնտեսական, քաղաքական հիմնախնդիրներին: «Մենք պատրաստվում ենք հաղթել մայիսի 31-ին և հաղթելու ենք միանշանակ: Բայց այդ հաղթանակը մեզ համար ինքնանպատակ չէ: Մենք հաղթելու ենք, որպեսզի շարունակենք պահանջել իշխանությունների հրաժարականը` լինի դա արտահերթ խորհրդարանական, թե նախագահական ընտրությունների տեսքով: Իսկ այն բոլոր խնդիրները, որոնք կապված են բուն ընտրությունների ընթացքի հետ, մենք պատրաստ ենք լրջորեն պայքարելու դրանք օրինական հարթություն տեղափոխելու ուղղությամբ, քանի որ լավ գիտենք` իշխանությունները պատրաստ են ամեն ինչի` օրինախախտումների ճանապարհով իրենց թեկնածուին անցկացնելու համար: Միաժամանակ համոզված ենք նաև, որ այս անգամ դա իրենց չի հաջողվելու»,- վստահեցրեց Վահագն Խաչատրյանը և իր այս համոզմունքը հիմնավորելու համար լրագրողներին ներկայացրեց վերլուծությունների արդյունքում ֆիքսված որոշ փաստացի տվյալներ։ Ըստ այդմ, 2007-2008-ի համապետական ընտրությունների ժամանակ, նույնիսկ ԿԸՀ-ի նկարած թվերի պարագայում, իշխանության և ընդդիմության ձայների պարզ համեմատությունն ավելորդ անգամ հաստատում է, որ Երևանը միշտ էլ լուրջ գլխացավանք է եղել վարչախմբի համար։ Հետևաբար, նախկին քաղաքապետի շեշտադրմամբ, մայիսի 31-ի ընտրություններում էլ ընդդիմության հաղթելու շանսերը շատ ավելին են, քան իշխանությանը։ Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ով է զբաղեցնելու ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը, և արդյո՞ք այն չի «պահվում» հենց Րաֆֆի Հովհաննիսյանի համար, որի հիմնադրած «Ժառանգությունը» 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ միայն Երևանում 59 հազար ձայն է հավաքել, իսկ դա, ինչպես կասեր Բենդերը, «թի՜վ է»։ «Երրորդ տեղի հարցը դեռևս որոշված չէ, համենայն դեպս, մինչև մարտի 22-ն այդ հարցը կլուծվի,- տեղեկացրեց «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչը, հավելելով, թե տվյալ դեպքում ցուցակի այսինչ կամ այնինչ հորիզոնականում «ասոր» կամ «անոր» հանգրվանելը որևէ էական նշանակություն չունի։- Մենք թիմով ենք գնում ընտրությունների, և մեր գերխնդիրն էլ բացառապես քաղաքական է` օր առաջ իշխանությունից հեռացնել պետության առաջխաղացումը բոլոր ուղղություններով կասեցնող այս վարչախմբին։ Սա նաև հասարակության պահանջն է, նրա օրակարգային խնդիրը»։ Իսկ հնարավո՞ր է, որ մարտի 20-ի նիստում «Ժառանգությունը», այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հետ միասին ընտրությունների գնալու որոշում կայացնի։ Եվ եթե չկայացնի, դա լո՞ւրջ կորուստ է Տեր-Պետրոսյանի շուրջ միավորված ընդդիմության համար։ «Միասին հանդես գալու հնարավորությունը դեռևս չի սպառվել, երկխոսության դռները փակված չեն, և կարծում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը» ընդհանուր եզրեր կգտնեն։ Ես, համենայն դեպս, հույս ունեմ, որ մենք միասնական ցուցակով հանդես կգանք և մեր քաղաքական գերխնդիրն էլ համատեղ ջանքերով կդարձնենք իրողություն։ Իհարկե, առանձին հանդես գալու պարագայում Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները ես ավելի բարձր եմ գնահատում, հաշվի առնելով նախ և առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը, ինչպես նաև մեկամյա այս ժամանակահատվածում կոնգրեսի գործունեությունն ընդհանրապես, բայց, նորից եմ կրկնում, «Ժառանգության» հետ մեր հնարավորություններն ավելի մեծ կլինեն։ Համոզված եմ` և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգությունը» ամեն ինչ կանեն (անգամ առանձին-առանձին հանդես գալու պարագայում), որ հունիսի 1-ին ունենանք այլ Հայաստան, հասկանալի է, որպես առաջին քայլ` քաղաքապետի ընտրություններում հաղթելով»։ Ի՞նչ կարգախոսով են կոնգրեսում միավորված քաղաքական ուժերը պատրաստվում մտնել ընտրապայքարի մեջ, հետաքրքրվեցին լրագրողները։ Պարզվեց` դեռ հայտնի չէ, սակայն «հաղթանակ» բառը դրանում անկասկած կլինի։ Դե, իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն էլ միանա ՀԱԿ-ին, կարգախոսը, ամենայն հավանականությամբ, կհնչի այսպես. «Տե՞ր ես հաղթանակիդ»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
13/03/2009 |
Լոկալ լուծումներով «դարդին դարման չես անի» |
«Դրամի արժևորում. պատճառներ և հետևանքներ, կամ ազատական արժեքներից նահանջի քաղաքական ուղեգծի գինը»։ Այս վերնագրով հոդված ԿԲ նախկին նախագահ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ դեռ 2005-ին էր հրապարակել, իսկ երեկ «Իրավունք de facto» ակումբում խոսեց չորս տարի առաջ կանխատեսած «գնի» առկա վայրիվերումների մասին։ «Այն, ինչ կատարվեց մարտի առաջին օրերին, հենց էն գինն էր, որ մենք բոլորս վճարեցինք ազատական արժեքներից նահանջելու դիմաց: Արժեքներ, որոնց դրսևորումը պետք է տեսնենք տնտեսական քաղաքականության մեջ, որը վաղուց որդեգրել է լողացող փոխարժեքի սկզբունքը: Ուզում եմ հիշեցնել, որ 94-ին, դրամը շրջանառության մեջ դնելուց մեկ-երկու ամիս անց, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրեց լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որն 96-ից սկսած արդեն դարձել էր մեր երկրի պաշտոնական քաղաքականությունը, ինչն էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերություններում արձանագրված էր իբրև պայմանագիր, որը խախտելու իրավունք չունեինք»,- ասաց 1994-98 թվականներին հանրապետության թիվ մեկ բանկիրը, հավելելով, որ նահանջը լողացող փոխարժեքի քաղաքականությունից սկսվեց 2008-ին, թեև մինչև վերջերս գրեթե բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում փորձում էին հավատացնել, որ ոչ մի նահանջ էլ չի եղել, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ լողացող կուրսի քաղաքականությանը: Մեկ էլ, ու հանկարծ, ըստ բանախոսի, մարտի 3-ին, 4-ին պարզվեց, որ իշխանությունները բոլորովին էլ հավատարիմ չեն եղել այդ քաղաքականությանը, քանի որ քննարկման առարկա դարձրին այն հարցը, թե անցումը լողացող փոխարժեքին ինչպե՞ս պիտի իրականացնել` հարթ-աստիճանակա՞ն, թե՞ կտրուկ-կացնային տարբերակով։ «Անհեթեթություններ,- բնութագրեց Բագրատ Ասատրյանը։- Փոխարժեքի քաղաքականությունը լինում է կա՛մ էսպես, կա՛մ էնպես, կա՛մ լողացող, կա՛մ ֆիքսված»։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը համոզված պնդեց, որ վերևներում ինչ-որ մի պաշտոնյա, ում անունն ինքը ստույգ գիտի, սակայն չի բարձրաձայնելու, նստել ու վճիռ է կայացրել, որ դոլարի փոխարժեքը պետք է լինի 305 դրամ, ինչը պահպանելու համար հսկայական միջոցներ են վատնվել։ «Ավելին` մսխվել են, որովհետև արտաքին պահուստներն ինչ-որ մեկի կամ մի խումբ մարդկանց սեփականությունը չեն, հասարակության, վաղվա սերունդների սեփականությունն են»։ Մսխված փողերի մասշտաբների մասին կենտրոնական բանկի նախկին նախագահը չցանկացավ խոսել, ընդամենը հղում արեց պաշտոնական վիճակագրությանը, համաձայն որի` անցած տարին սկսել էինք 1 մլրդ 655 մլն դոլար պահուստային ֆոնդով, տարին ավարտեցինք 1 մլրդ 405 միլիոնով։ Հունվար ամսին այդ թիվը նվազեց ևս 150 միլիոն դոլարով, և ընդհանուր ծավալը կազմեց 400 մլն դոլար։ «Թե ուր գնացին այդ միջոցները, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են,- եզրահանգեց բանախոսը, իր կողմից լրագրողներին գլխի գցելով, որ միակ տեղը, ուր դրանք կարող էին գնալ, ներկրողների գրպանն էր։ «Ովքեր են իմպարտյորնե՞րը։ Նայեք Ազգային ժողովին, կառավարությանը` կտեսնեք դրանց ճնշող մեծամասնությանը։ Սա է մեր երկրում կատարվում այսօր»,- շեշտեց Բագրատ Ասատրյանը, կանխագուշակելով, որ տնտեսական առումով 2009-ը մեր երկրի համար լինելու է ծանրագույն տարիներից մեկը։ «Արդեն տեսանելի են այն մարտահրավերները, որոնց առնչվելու ենք այս տարի,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը։- Այն է` բավականին բարձր գնաճ, տնտեսական անկում, ինչը հատելու է տասը տոկոսի սահմանագիծը»։ Ի՞նչ է անհրաժեշտ այդ մարտահրավերներին դիմագրավելու համար։ Նախկին բանկիրի համոզմամբ` լոկալ լուծումներն այս հարցում «դարդին դարման չեն անի»։ Անհրաժեշտ են գլոբալ, համակարգային փոփոխություններ, որոնք գործող իշխանություններն ի զորու չեն իրականացնելու։ Ասվածի ենթատեքստն ավելի քան պարզ էր` իշխանափոխությունը «կփրկե» Հայաստանը և` ոչ միայն համաշխարհային ճգնաժամից։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
06/03/2009 |
«Ցմահ կախաղան» |
Սա թատերագիր ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ արդեն իսկ տպագրության պատրաստ գրքի վերնագիրն է։ Կտպագրվի՞ այն Հայաստանում, դժվար է ասել։ Հեղինակի համոզմամբ՝ եթե եղանակներ գտնի ու «Ցմահ կախաղանը» դնի ընթերցողի սեղանին, այնպիսի զարհուրելի հալածանք ու հերյուրանք կսկսվի իր դեմ, որ ստիպված կլինի ոչ թե մարդավարի հեռանալ այս երկրից, ինչի «ցրցամն» արդեն տվել է, այլ ժամ առաջ փախչել՝ առաջին իսկ հարմար ինքնաթիռով։ Իսկ թե ինչու է թատերագիրն այդքան դառնացած էս երկրից ու ինչու է որոշել հուլիսին մշտական բնակության մեկնել Կանադա, պատմեց հենց ինքը՝ «Իրավունք de facto» ակումբում։ «Վերջին շրջանում շատերն են հետաքրքրվում, թե ինչ է պատահել, և ինչու եմ բարկացած։ Հենց սկզբից ասեմ, որ ես բարկացած չեմ։ Իրենք դեռ շատ նեխած շաուրմա պիտի ուտեն՝ ինձ բարկացնել կարողանալու համար… Ուղղակի խոսակցություններ են պտտվում, թե ես գնում եմ երկրից, և … առաջին անգամ խոսակցություններն անհիմն չեն։ Պատճառները շատ են, և նյութականի հարցը բոլորովին էլ գլխավորը չէ։ Առաջ ես ասում էի՝ կլինեմ, երևի, վերջինը, ով օդանավակայանի լույսը կանջատի, բայց հիմա ստիպված եմ առաջին անգամ դրժել իմ խոսքը։ Կարծիք կա, թե ես չեմ սիրում լրագրողներին, բայց դա այդպես չէ։ Ես չեմ սիրում ոչ արհեստավարժ մարդկանց, ովքեր կարող են իրենց չսիրած ստեղծագործողների վրայով քայլել՝ տրորելով որպես չուլուփալասի։ Ես հոգնել եմ էս ամեն ինչից։ Երբ դա անում էր վատ ընդդիմադիր մամուլը (կա նաև լավ ընդդիմադիր մամուլ), հասկանում էի։ Ի՞նչ ասես, որ չեն գրել իմ մասին։ Թմրամոլ է, գիժ է, հարբեցող է, մեծամիտ է, մեծահարուստ է անգամ, որովհետև երբ հարցազրույցների ժամանակ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես ապրում, ասում եմ՝ փառք Աստծո, ամեն ինչ լավ է։ Եվ ճիշտը դա է, ընթերցողը կամ հանդիսատեսը պարտավոր չեն իմանալ՝ ոնց եմ ես ապրում, նրանց դա հետաքրքիր էլ չի։ Նրանց հետաքրքրում է, թե ինչ եմ ես գրելու կամ ներկայացնելու։ Բայց հիմա ես ստիպված եմ բացել փակագծերը՝ մի վերջին անգամ ինձ ատողներին ուրախացնելու համար։ Երեք օրից ինձ հանելու են այն բնակարանից, որտեղ ես վարձով եմ ապրում ու հիմա տեղափոխվելու եմ ընկերներիցս մեկի տուն։ Բացատրեմ՝ ինչու։ Երբ մարդ նստում է գիրք գրելու, նա ուղղակիորեն ամեն ինչից է զրկվում ու հայտնվում է փողոցում։ Եթե անգամ նրան օգնեն… Այսօր ես մտածում եմ՝ ավելի լավ է գնամ ուրիշ երկրում մնամ փողոցում, քան իմ երկրում։ Ես ոչնչի չեմ հավատում այլևս, թեև գրողի համար դա մեծագույն ցավ է։ Մենք կարող էինք տարին երկու անգամ նոր «Մեա Կուլպա»-ներ բեմադրել, բայց դահլիճները դեռևս պատկանում են… մի խոսքով՝ չգիտեմ էլ, թե ում են պատկանում։ Ո՞վ պիտի զբաղվի սրանով։ Հասկացեք՝ ես իմ հայրենիքից չեմ նեղանում։ Պարզապես, ստեղծագործող մարդը «կավրալիտ» չի, որ ով ուզենա՝ վրայով անցնի։ Դա զզվելի է… Իմ ընկեր, գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ չդիմացավ, գնաց Մոսկվա, հիմա սցենարներ է գրում, իր գրածով ապրում է։ Ես էլ եմ իմ գործով ապրում, երբ սրա-նրա համար սցենարներ եմ գրում, բայց երբ նստում ես լուրջ գիրք գրելու, հանկարծ տեսնում ես, որ ուղղակի ուտելու փող էլ չունես։ Հիմա ես երկրորդ գիրքս եմ սկսել ու կշարունակեմ գրել արդեն Կանադայում՝ ֆրանսերեն։ ՈՒրիշ գործ էլ եմ գտել, տեխնիկական։ Ցավոք, ճշմարիտ խոսքի հանդեպ մեզանում հարգանք չկա, կա միայն նախանձ, քեն, սուտ ու դառնություն»։ ՈՒրիշ շատ բաների վրա էլ դառնացավ Վահրամ Սահակյանը։ Իրենց հանճար երևակայող միջակ բեմադրիչների, Արամ Խաչատրյանի ու Կոմիտասի հետ ոտք գցող շարքային փինաչի-երգահանների, սուտ քաղաքական գործիչների, ժավելի սպիրտ ծախող կնոջ, որն իրենից 10 տարով փոքր է, բայց 367 տարեկանի արտաքին ունի։ Քաղաքականությունից էլ խոսեց։ «Ես գիտեմ, որ նախագահն ուզում է լավ բան անել, վարչապետն էլ, բայց էդ թափն իրենք չունեն,- ասաց։- Որովհետև էս երկրում մի բան փոխելու համար մի քիչ Բերիա պիտի լինես»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
27/02/2009 |
«Միայն ոչ ստանդարտ մոտեցումներով Հայաստանը կարող է դուրս գալ ճգնաժամից» |
Տնտեսագիտության պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ այն սակավաթիվ փորձագետներից է, ովքեր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի լոկալ հետևանքները վերլուծելիս ո՛չ ռոմանտիկ լավատեսության գիրկն են ընկնում, պնդելով, թե ճգնաժամը «սահուն քայլելով, աննշմար» կշրջանցի Հայաստանը, ո՛չ էլ ծայրահեղ վատատեսությանն են տուրք տալիս՝ գուժելով ճգնաժամի փլատակների տակ հայտնվելու անխուսափելի բոթը։ Երեկ տնտեսագետն «Իրավունք de facto» ակումբում էր և կրկին անդրադարձավ օրախնդիր դարձած «գլոբալ» ու «լոկալ» ճգնաժամի թեմային՝ նախ և առաջ խոսելով համաշխարհային ֆինանսատնտեսական այդ պատուհասը դիմակայելու նպատակ հետապնդող Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը երկու որոշում ընդունեց։ Առաջինը՝ ավելացնել այն ներմուծվող ապրանքատեսակների մաքսատուրքերը, որոնց տեղական արտադրությունը մենք ինքներս ի վիճակի ենք կազմակերպելու և զարգացնելու։ Երկրորդ՝ նոր սարքավորումների ու տեխնիկայի ներկրման դեպքում, երբ 1 մլն դոլարին համարժեք դրամից ավելի ներդրումներ են արվում, ավելացված արժեքի հարկ չի գանձվում երեք տարի ժամկետով։ «Սրանք, իհարկե, շատ կարևոր որոշումներ են,- ասաց տնտեսագետը,- թեև ունեն նաև խոցելի կողմեր։ Հատկապես՝ երկրորդ որոշումը, որովհետև փոքր և միջին բիզնեսն առանձնապես մեծ հնարավորություն չի ստանում նոր սարքավորումներ ներկրելու, քանի որ մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ սարքավորումներ ներկրել կարող են հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները»։ Թաթուլ Մանասերյանը շոշափեց նաև Համաշխարհային բանկի և Ռուսաստանի կառավարության տրամադրած վարկային միջոցների թեման, ընդգծելով, որ եթե առաջինն օրինաչափ երևույթ է, ապա երկրորդ դեպքում սա միջպետական երկկողմ հարաբերություններով պայմանավորված աջակցություն է, և առայժմ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ ժամկետներով ու տոկոսադրույքներով է վարկը տրամադրվում, և տնտեսության որ ոլորտներին է այն հատկացվելու։ «Երկու վարկերը միասին վերցրած կազմում են մոտավորապես այն նույն գումարը, ինչն այսօր մեր արտաքին պարտքն է՝ 1 մլրդ ամերիկյան դոլարից ավելի, որը, մի կողմից, կարևոր է մեր տնտեսության զարգացման առումով, մյուս կողմից` մտահոգիչ է, քանի որ պետք է և՛ մայր գումարը վերադարձնել, և՛ տոկոսները»։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք համամիտ է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն դիտարկման հետ, թե ճգնաժամի հետևանքները Հայաստանում լիարժեքորեն կհաղթահարվեն մեկուկես տարվա ընթացքում, Թաթուլ Մանասերյանը հետևյալ մեկնաբանությունն արեց. «Սա շատ կարևոր փուլ է Հայաստանի Հանրապետության համար՝ գնահատելու սեփական ռեսուրսները՝ զարգացման առումով, ընդհանրապես հաշվառելու դրանք և հասկանալու, թե ինչ ճանապարհով է հնարավոր առաջընթաց արձանագրել։ Արևմուտքն այսօր կանգնած է ոչ միայն ֆինանսական, այլև համակարգային ճգնաժամին դեմ հանդիման, քանի որ ազատական տնտեսության ողջ գաղափարախոսությունն է նույն ճգնաժամի մեջ։ Այն, ինչ մենք փորձում ենք անել անկախացումից ի վեր, ազատական տնտեսության ջատագովների միակողմանի քայլերով, փաստորեն իր վերջը գտավ՝ համընկնելով ֆինանսական ճգնաժամի հետ, որովհետև մենք միշտ դեպի դուրս ենք նայում ու փորձում ընդօրինակել։ Միայն ոչ ստանդարտ մոտեցումներով Հայաստանը կարող է դուրս գալ ճգնաժամից։ Նույնիսկ եթե ֆինանսական ճգնաժամն աշխարհում ավարտվի, բայց մենք չկարողանանք վերարժևորել այն, ինչ ունենք, դեռ շատ երկար կմնանք այդ ճգնաժամի մեջ»։ Վերարժևորելու մի քանի մեխանիզմներ շեշտեց տնտեսագիտության պրոֆեսորը, որոնց հայրենի կառավարությունը, հուսով ենք, ամենայն լրջությամբ կվերաբերվի՝ մեկուկես տարում ճգնաժամից դուրս գալու ռոմանտիկ հայտարարություններ անելուց առաջ։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
20/02/2009 |
«Հանրահավաքների գարնանային ալիքը Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է» |
«Ախոռային» թեման հայ քաղաքական իրականություն ներմուծած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երեկ կրկին իր տարերքի մեջ էր։ «Իրավունք de facto» ակումբի ասուխոսի նյութը նույն «տիրույթից» էր` «Ախոռամտության շրջապտույտը փետրվարի 19-ից փետրվարի 19-ը», և ընտրել էր այն հենց ինքը, սակայն` ո՛չ օրիգինալ երևալու համար, ինչպես հավաստիացրեց սկզբում։ «Այս «զրնգուն» թեման բխում է մեր դժբախտ իրականությունից,- պարզաբանեց քաղաքագետը։- Անկախության հաստատումից հետո մենք բախվեցինք մի շարք օրինաչափությունների, որոնք ստիպում են հայաստանյան քաղաքական իրողությունները բնութագրել որպես «ախոռային քաղաքականություն»։ Ցավոք, քաղաքական դաշտը վերածվել է ախոռի, և սրա ապացույցներից մեկն այն է, որ մեզանում արդեն ավանդույթ է դարձել այն տխուր օրինաչափությունը, երբ յուրաքանչյուր ընտրություն դառնում է «հաղթողների» ու «պարտվողների» անհաշտ դիմակայություն»։ Զարգացնելով թեման` նախկին պատգամավորը համեմատություն անցկացրեց, ինչպես ընդունված է ասել, քաղաքակիրթ երկրների նույնաբնույթ իրողությունների հետ, նշելով, թե դրանց արդյունքում քաղաքական դաշտը չի երկփեղկվում «բացարձակ հաղթող» ու «բացարձակ պարտվող» թշնամի բանակների միջև։ Դիցուք, Միացյալ Նահանգներում դեմոկրատ Բարաք Օբաման հաղթեց ծանրակշիռ առավելությամբ, բայց նա իր վարչակազմի երեք առանցքային պաշտոնները զբաղեցնելու համար հրավիրեց հանրապետականներին, որոնց թեկնածուն, ճիշտ է, պարտվել էր նախագահի ընտրություններում, բայց դա բացարձակ պարտություն չէր։ «Մինչդեռ մեզանում յուրաքանչյուր ընտրության հիմքում այն տրամաբանությունն է, որ կողմերից մեկը ջախջախիչ հաղթանակ պիտի տանի, մյուսը` ջախջախիչ պարտություն կրի, և պարտված կողմն էլ, որպես հերթական տխուր օրինաչափություն, հայտնվի ճաղերի հետևում։ Այդպես եղավ 91-ի ընտրություններից հետո, երբ դաշնակցությունը հայտնվեց բանտում, 96-ի և հաջորդ ընտրություններից հետո էլ նույնն էր, 2007-2008-ի ընտրություններն արդեն զարհուրելի իրողություններ արձանագրեցին։ Սա էլ է օրինաչափ։ Եթե սոցիալական օրգանիզմում որևէ հիվանդություն կա, և դա կանխելու համար ոչինչ չի արվում, այն զարգանում է` փուլառփուլ ավելի ցավագին դրսևորումներ գրանցելով։ Այսօր մենք հենց այդ խորացող հիվանդության վկաներն ենք»,- եզրահանգեց Հմայակ Հովհաննիսյանը։ Վերադառնալով «ախոռային» օրինաչափություններին` քաղաքագետն առարկություն չհանդուրժող տոնով վերջակետեց, թե մեզանում յուրաքանչյուր ընտրության գերնպատակն իշխանական «կերակրատաշտն» է, որի միջոցով «ախոռապանը կառավարում է ախոռը»։ «Ախոռի կյանքն ընթանում է կերակրատաշտի շուրջ։ Ախոռը վիրտուալ փակ իրականություն է` տարանջատված արտաքին աշխարհից։ ՈՒզո՞ւմ եք ապացուցեմ,- պաթետիկ տոնով լրագրողներին դիմեց «ախոռագիտության մագիստրոս» (լա՜վ իմաստով) պարոն Հովհաննիսյանը։- Խնդրեմ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է։ Սորբոնի համալսարանի ուսանողությունը Մարքս է կարդում, մեր մարքսիստն ո՞ւր է, ձայնը դուրս չի գալիս (Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի ականջն այս պահին, երևի, կանչեց- Լ. Մ.)։ Մի ձախակողմյան կուսակցություն կա՞։ Բայց չէ՞ որ կուսակցական դաշտը պետք է արձագանքի սոցիումի պահանջներին, արտացոլի սոցիումի տրամադրությունները։ Մեզանում այդ քաղաքական դաշտ կոչվածն ընդամենը փակ ախոռ է` բացարձակապես կտրված հասարակությունից և ղեկավարվում է իր ներքին օրենքներով։ Ճգնաժամի այս պայմաններում չեք գտնի աշխարհի որևէ երկիր, որտեղ չակտիվանան ձախակողմյան ուժերը։ Ֆրանսիայում սոցիալիստական կուսակցությունը բում է վերապրում, ոչ թե շաբաթների կամ օրերի ընթացքում, այլ ժամ առ ժամ աճում է նրա հեղինակությունը։ Գերմանիայում` նույնը։ Հզորանում են «ձախերն» ու արհմիությունները։ Մեր իրականության մեջ, այսպիսի խայտառակ սոցիալական բևեռացման պայմաններում, չկա ուժեղ ձախակողմյան կուսակցություն։ Կոմկուսը վերածվել է խմբակների, մեկը դրանցից աղանդ է, մյուսները` հաճախորդներ (ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, միացյալ կոմկուսի ղեկավար Յուրի Մանուկյանի, կոմկուսի շարքերից հեռացված Սանատրուկ Սահակյանի, Նորիկ Պետրոսյանի, Խորեն Թռչունիչի, մյուսների ականջն էլ էստեղ կանչի- Լ. Մ.)։ Դաշնակցությունն աղաղակեց պլուտոկրատիայի մասին, բայց այսօր պլուտոկրատների հետ համագործակցությանը վերաբերվում է չափազանց մեծ տոլերանտությամբ` մոռանալով իր ոչ վաղեմի բարձրաձայնումներն ու մոտեցումները, որպես ընկերվարական կուսակցություն»։ Հմայակ Հովհաննիսյանը չմոռացավ նաև ՕԵԿ-ին «հաշվել»` ԲՀԿ-ի վերջին համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը հիմք ընդունելով, որով վերջինս հորդորում էր հայրենի քաղաքական ուժերին, իսկ ավելի ստույգ, կոալիցիոն «եղբայրներին»` «մերժել սոցիալական պոպուլիզմը»։ Քաղաքագետը հեռակա կարգով «գլխի գցեց» հանրապետության նախագահին, որ այդ հրահանգը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նախ և առաջ կարգի հրավիրել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ով ոչ վաղ անցյալում «սոցիալական պոպուլիզմի» անգերազանցելի վարպետ էր, իսկ այսօր ԱԽՔ-ի հարյուր հոգանոց աշխատակազմ է ձևավորել։ Եվ սա այն դեպքում, երբ աշխարհի բոլոր խելքը գլխին երկրներում կրճատվում են վարչական ապարատի պահպանմանն ուղղված ծախսերը։ Իսկ ի՞նչ է առաջարկում Հայաստանի քաղաքագետների միության նախագահը` իր իսկ ձևակերպած «ախոռամտության շրջապտույտը» ճեղքելու համար։ Առաջարկում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ` ընդսմին խելքին մոտ չհամարելով նախագահի արտահերթ ընտրությունների «տեսլականը»։ Լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր, թե ինչ է ակնկալում Հմայակ Հովհաննիսյանը մարտի 1-ի հանրահավաքից։ «Ես պարտավոր եմ ակնկալիքներ ունենալ, որովհետև մարդիկ տառապում են բանտում,- երկիմաստ հայտարարեց նա։- Եթե նույնիսկ իմ վերլուծական միտքն ինձ հուշի, որ հասարակությունն այսօր թևակոխել է մի փուլ, ինչը նմանվում է այն իրավիճակին, երբ Վազգեն Մանուկյանն 97-ին ապարդյուն ջանքեր էր գործադրում` Երևանի փողոցներում «բելգրադյան գարուն» կազմակերպելու համար, միևնույն է, կրկնում եմ, ես պարտավոր եմ ակնկալիքներ ունենալ մարտի 1-ի և դրան հաջորդելիք հանրահավաքներից։ Որովհետև այսօր ունենք այս ներքին ցավը, 2008-ի մարտի 1-ի հոգեբանական հետևանքները հաղթահարված չեն, մարդասպանները պատժված չեն, ուստի որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դա չի կրկնվի։ Հանրահավաքների գարնանային ալիքը պետք է կրի տևական բնույթ, և ես համոզված եմ, որ դա այսօրվա ֆորմատով գործող ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շանսն է»։ Ինքն անձամբ լինելո՞ւ է «վերջին շանս»-հանրահավաքների մասնակիցը։ Ավելի կոնկրետ` հարթակից ելույթ ունենալո՞ւ է։ «Շատ դժվար հարց տվեցիք,- ասուլիսից հետո «Իրավունքը de facto»-ին ասաց Հմայակ Հովհաննիսյանը։- Դեռ չեմ որոշել»։ Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ
|
|
|
էջ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 |