| |
05/02/2010
|
ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ |
ՊԱՏՄՎԱԾՔ Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Շատ հուշի՜կ, որ քնով ընկածներին չարթնացնեմ, բանկային մութ գործարքների կոճակը սեղմող կոկիկ օրիորդների քամահրանքին չարժանանամ, մոր ծիծ գողացող պատեհապաշտների ոտքերը չտրորեմ և «Գիտական կոմունիզմի հիմունքները» գրքի հեղինակին ազգային գաղափարախոսության նորօրյա քերթողի հետ չխառնեմ, և այնպես, որ թագավորների աչքի վերևի հոնքը չտեսնեմ, ու սիրտս ինձնից չփախչի, իմ անցած ճանապարհով հետ եմ գնում ու հայտնվում մի տարօրինակ ոստիկանի տիրույթում: Սիրտս տագնապով հուշում է, որ նա իմ ճակատագիրն է, իմ գիշեր-ցերեկը: Հետո՞ ինչ, որ հնարամտորեն ինձնից փող է կորզում, փոխարենը` ոստիկանական փայտիկի ճարպիկ շարժումով ցույց է տալիս «Երևան-Սևան» երթուղու գնացքի այն ուղևորին, որից հեռացել եմ արդեն քառասուն երկրային տարով: Ոստիկանի ցուցումով գնում եմ, և մեջս ահագնանում է այն համոզմունքը, որ ժամանակների խաչմերուկի այս տիրակալն է իմ պորտը կտրել և միտումնավոր պոչուկ է թողել պորտիցս կախ, որ ամբողջ կյանքում շոշափեմ և զգամ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնալու: Նա միակն է իմ հազարավոր թշնամիների ու բարեկամների մեջ, որ անհաղորդ է անցյալի ու ներկայի լալկան ներթափանցումներին, և գիտի, որ կյանքը, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը: Առանց նրա օգնության դժվար թե աշխարհը ճանաչեի. հաստատ կխճճվեի իմ հին ու նոր երկրների պարզունակ որոգայթների մեջ: Կամ ես եմ մեծացել, կամ իմ երկրներն են փոքրացել. գնամ, թե չգնամ, ծով-օվկիանոս չեմ հատելու, անապատի ավազը աչքերիս մեջ չի լցվելու, հոգնություն ու ձանձրույթ չեմ զգալու, անցյալը մսխելով` ներկային արյուն չեմ տալու. պարզապես հուսահատությունից գլուխս խոթելու եմ պատմության տաք ապաստարանը, իսկ ոտքերս այսօրվա մեջ սառչելու են: Գլուխս` տաք, ոտքերս` սառը, չեմ կողմնորոշվելու, թե որ երկիրը գնամ. այնտեղ, ուր թագավո՞րն է ստրուկ, թե՞ այնտեղ, ուր ստրուկն է թագավոր: Երկու դեպքում էլ ընկնելու եմ արդարադատության կճղակի տակ և ցավով հասկանալու եմ, թե ինչու են իմ ցնորված գետերն իրենց հանդարտությունը որոնում օտար ջրերում, և ինչու են հեռավոր ցնցումները` երկրաշարժի, իսկ անհայտ քամիները` փոթորկի վերածվում հենց այնտեղ, ուր կյանքը, ոստիկանի վկայությամբ, այնուամենայնիվ, ավելի լավ բան է, քան մահը: «Երևան-Սևան» երթուղու գնացքն այս պահին սրթսրթալու է, և ես չեմ հասցնելու տեսնել, թե ինչպես է իմ ճակատագրի դերը ստանձնած հնարամիտ ոստիկանն ինձնից կորզած փողը սապոգի մեջ տեղավորում: Ասեմ, թե չասեմ, մեկ է, չեք հավատալու, որ այս գնացքով գնում եմ իմ կենսագրության մեջ յոթ տարվա ազատազրկմանը համարժեք հանցանք որոնելու: Ինչո՞ւ հենց յոթ տարվա. հավանաբար աստվածաշնչյան թիվ է` դրա համար, կամ էլ իմ տեսած երազն է. յոթ առնետ տեսա, երկուսը` կարմիր, երկուսը` կանաչ, երկուսը` կապույտ և մեկը` դեղին: Կարմիր առնետները կանաչ առնետների կերը փախցրին, կապույտ առնետները` կարմիրի, իսկ դեղին առնետը, ի զարմանս կարմիրների, կապույտների և կանաչների, գույնը փոխեց ու դարձավ սպիտակ: Դեղինից սպիտակի վերածված առնետն ասաց. «Միամիտ առնետներ, չգիտե՞ք, որ կերը թունավոր է»: Գունավոր առնետները երախտագիտությամբ նայեցին սպիտակին: «Եթե չեք հավատում,- ասաց սպիտակը,- հանուն ձեզ` իմ կյանքով կապացուցեմ»: Սպիտակ առնետը կերավ յուրայինների կերը և ոնց որ թե չսատկեց: Հենց այդ պահին բեղ-մորուսի մեջ կորած մի նկարիչ, վրձինը շպրտելով, ասաց. «Կտավն ավարտված է»: «Երևան-Սևան» գնացքի ուղևորները նույնն են. նրանց հանդիպել եմ ինձնից քառասուն տարի առաջ: Ծղոտե լայնեզր գլխարկներով և սպորտային համազգեստներով երևանցիները մի քանի ժամից Սևանի սառը գրկում կվայելեն իրենց հոգսաշատ կյանքից փրցրած երանությունը: Նրանցից շատերը կշնանան, բայց Սևանա կղզու անզուգական վանքի քարերը գուրգուրելով` իրենց գործած մեղքերն Աստծո դատին կհանձնեն: Մեկ-երկու պոետ Անջելա Դևիսի մասին բանաստեղծություններ կհղանան գրողների հանգստյան տանը և ապագա մրցանակները միմյանցից խլելու ծրագրեր կմտմտան: «Աշխարհի մարգարիտը» ամենքին ինչ-որ բան կտա. ոչ ոք այնտեղից ձեռնունայն չի վերադառնա: Իրենց տուն ու տեղին վերադարձող գեղջուկ-գեղջկուհիները, որ ավելի լրջմիտ տեսք ունեն, ճամպրուկները ծնկների արանքում սեղմած` խորհում են, թե ինչո՛ւ Աստված քաղաքացիներին այսքան թեթևամիտ է ստեղծել, իրենց` այսքան անբախտ: Ես հետընթաց ճամփորդ եմ և իրավունք ունեմ ըմբոշխնելու այն սատանային, ով կյանքը հինավուրց այս հողում այնքան կատարյալ էր մոգոնել, որ ամենքը ամենքին նախանձում էին. դատավորը` հանցագործին, ծեր ու ջահել` միմյանց, կանայք` տղամարդ ծնվածներին, ապրողները` մեռնողներին, մեռնողները` իրենցից առաջ մեռնողներին: ՈՒնևորները թաքցնում էին ունևոր լինելու փաստը, աղքատներն իրենց Ռոկֆելլեր էին երևակայում: Փողը, ասում էին, ձեռքի կեղտ է, և հարմարավետ կյանքի ձգտողներին քաղքենիներ էին կոչում: Միայն արդարադատությունն էր, որ այստեղ թե այնտեղ նույն կճղակով էր: Մի հարևանուհի ունեինք, հինգ անչափահաս երեխայի մայր էր, ամուսինն էլ հարբեցողության պատճառով հոգեբուժարանում էր հայտնվել: Խեղճ կնոջը մի քանի բյուրեղապակյա գավաթ վերավաճառելու մեղադրանքով, ինչն այն ժամանակ «սպեկուլյացիա» էր կոչվում, յոթ տարով ազատազրկեցին. բանտում թոքախտից մահացավ, և նրա հինգ զավակները մանկատներում մեծացան: Քառասուն տարի անց նրանք շարունակում են մոր գործը, բայց այժմ «գործարար» պատվավոր անունն են կրում և մեծամեծների հետ են սեղան նստում-ելնում: Ասում են, իբր, նրանց մորն ազատազրկող դատավորի հինգ թոռներն այժմ հարգարժան մեծահարուստների ծառաներն են: Նրանք իրենց ծառաներին զուրկ չեն պահում, վերջիններս էլ, ի նշան երախտագիտության, փոխել են իրենց ազգանունները և երբեմնի դատավոր պապիկին, տերերի հովանավորությամբ, կուշտ ու կուռ ծերություն են շնորհել ծերանոցներից մեկում: Աչքովս չեմ տեսել, բայց հավատում եմ այն լրագրողին, որի ներկայությամբ արդարադատության նախկին ռահվիրան համբուրել է իր դատավճռով որբության մատնված հովանավորի բարեգութ ձեռքը: Իզուր էլ պատմում եմ այս ամենը: Միևնույն է, արդարադատությունը ժամանակի գործիք է և պարապություն չի սիրում: Այնքան մարդ կա, որ իր ազատությունը չի սիրում: Հավանաբար, դրանցից մեկն էլ ես եմ: Ժամանակների միջև հետ ու առաջ եմ անում, որ կճղակի տակ չընկնեմ, բայց մեկ է, ընկնելու եմ: Ափեղ-ցփեղ երազներ եմ տեսնում ու այստեղ-այնտեղ պատմում: Պատմում եմ ու գլխիս տալիս: Հետո էլի եմ պատմում. յոթ առնետը քսան է դառնում, հիսուն: Գույներն իրար եմ խառնում` կարմիրի փոխարեն սև եմ ասում, կապույտին` դարչնագույն: Յոթ բաժակ խմում եմ, ութերորդին` հարբում… ով պարոն է` ընկեր եմ ասում, մեծարգոյի փոխարեն հարգելի եմ գրում. ում հայհոյում եմ, նրան էլ ընտրում եմ: Յոթ տարին չապրելու համար մի մեծ բան չէ: Եթե իմ պատժին համարժեք հանցանք չգտնեմ կենսագրությանս մեջ, սափորի պատմությունը կա ու կա. կհղկեմ, կծաղկեցնեմ, Վասակի ու Վարդանի պատմական տեսակների համադրումից մի էն տեսակ մեղք կհունցեմ, որ Հիտլերի մեջքին դնես` կճկվի: «Երևան-Սևան» երթուղու գնացքում հենց այս պահին հետևելու եմ մազերն ուսերին անփութորեն փռած, քիթը ինձ պես ֆսֆսացնող այն երիտասարդին, որը, իր իմացածից ամաչելով, չիմացած բաներից է խոսում, մի բան մտածում, մեկ այլ բան է անում: Ժամանակին նրա հայրը մորը դժբախտացրեց, մայրը` հորը, և այդ երկու դժբախտությունների մերձեցումից սերվեց մի նոր դժբախտություն, որը կյանքը մահից չի ջոկում, աջ ձեռքով մահվան հետ է խաղում, ձախով` կյանքի: Երբ ձեռքերն իրար է շփում, ամեն ինչ խառնվում է. երազում տեսած ձյունն իրականության մեջ կարկուտ է դառնում ու իր ծեծած տեղը շրջանցելով, որպեսզի հայկական ժողովրդական ասացվածքը ապուշ կտրի, մոլեգնորեն ծակծկում է նրան, ով իրեն բախտավոր է զգում ու ապահով… Փոքր Մհերը կշտամբում է Սասունցի Դավթին կրակն ու ոսկին իրարից չզատելու համար… Դեղին գույնը եղբայր գույներից անխղճորեն մերժվելով` առանձնանում է` միայնության մեջ իր բախտը լալու… Դժբախտությունների բախման պայթյունից ծնված այս էակին վիճակված չէ զանազանել էպոսը կյանքից, բնությունը` բնանկարից, ոճիրը` պատժից: Ոչ մի գնացք, հանուն պեղումներ իրականացնող արշավախմբի մեջ ընդգրկված ուսանողի, իր արագությունը չի փոխի: Իր ժողովրդի հինգհազարամյա պատմությանը րոպե առաջ առնչվելու հեռանկարը տղային խնդում կպարգևի մինչև այն պահը, երբ նրա սրատես աչքերը կորսան ընթերցանությանը տրված շիկահեր աղջկա հայացքը: Ահա, հազարամյակները մեկմեկու հրմշտելով լցվում են պատմության սափորի մեջ, և նա անտիկ փիլիսոփաների պես հոնքերը կիտելով, քիթը ինձ պես ֆսֆսացնելով` մոտենում է աղջկան. -Ի վերջո, այս ամենը հիմարություն է: Շիկահերը ձևացնելով, թե կարդում է, առանց հայացքը բարձրացնելու հարցնում է. -Ի՞նչը: -Այս ամենը… գնացքը… տարածությունը… այս լայնեզր գլխարկները… Միամի՜տ տղա… Վերջին կարդացած գիրքը Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարությանն» է, որի արտասովոր ներգործությունից նետ ու աղեղ սարքած` փորձում է խոցել աղջկա ինքնապաշտպանությունը: Քիչ հետո այս շիկահեր աղջկա մոտ նա կդառնա կատվի ձագ: Աղջիկը, անուշեղենը օդում պահած, կատվի ձագին հետին թաթերի վրա կհանի: «Այ տղա,- ասում եմ ինձ պես քիթը ֆսֆսացնող կատվի ձագին,- էս տիկնիկ աղջկա առաջ էդ ի՞նչ օրն ես ընկել»: ՈՒզում եմ անհեթեթ տղային հասկացնել, որ ինքը սասունցու ճուտ է և ոչ թե կատվի ձագ, որ մեկ-երկու տարի հետո ինքը պատմվածք է գրելու, որն ընթերցելու են 15-80 տարեկան հայաստանաբնակ բոլոր հայերն ու սփյուռքի ամերիկահայ համայնքի «Հայ դատի» նախանձախնդիր հատվածը: ՈՒզում եմ հուշել, որ այդ պատմվածքի շռնդալից հաջողությունը նրան սրածայր բեղեր պահելու և այն հայ-թուրքական հակամարտության շիկացած քուրայում խանձելու բարոյական իրավունք է շնորհելու, և որ ինքը սրածայր բեղերի սաղարթում թաքցնելու է իր դյուրաբեկ էությունն ու հուզաթաթախ հոգին: Նա ինձ չի լսում, իսկ շիկահերը հիմարության գերբնական հատկանիշների մասին Ռոտերդամցուց յուրացրած նրա դատարկաբանություններին հակադարձում է. -Դու հավատո՞ւմ ես ճակատագրին: «Մի՛ պատասխանիր,- ասում եմ տղային,- թակարդ է»: Տղան` ցանցառ, իսկ ճակատագրին հավատալու գայթակղությունը` մեծ. առանց կարկամելու ասում է. -Այո, որովհետև ճակատագրի անունը հիմարություն է: «Տխմար,- դարձյալ զայրանում եմ,- էս աղջկան էլ կորցրիր»: -Եվս մի անբան մարդ, որն իր կյանքը հանձնում է քամիներին,- քմծիծաղով ասում է աղջիկը: Տղան հուսահատ կառչել է անտիկ աշխարհի փրփուրներից և Էդիպ արքայի բարդույթի մասին Լևոն Ներսիսյանի դասախոսություններից պատառիկներ է արտասանում: Շիկահերն անդրդվելի է և իր բնորոշմամբ` «խուճուճ» փիլիսոփաների հետ սիրախաղի ցանկություն չունի: Որպես վերջնագիր նա ասում է. -Աստված մարդուն անկախ է ստեղծել և ապստամբ: Եթե ճակատագրին հավատում ես, հենց այս պահին իջիր սուրացող գնացքից, նա քեզ կպահպանի: Տղան ուսերը թոթվելով ասում է. -Ինչ կա որ… կիջնեմ: «Գնացքի մեջ ենք, թե գնացքից դուրս, նույն հիմարությունն է»,– մտմտաց տղան և ոտքը դանդա՜ղ իջեցրեց փախչող տարածության մեջ: Հիշողությունս պահպանել է սլաքավարի տագնապալի և զարմացած հայացքը: Տղայի գլխից արյունը թափվում է սպիտակ վերնաշապկին, ներծծվում շապիկի մեջ, և մարմինը հաճելի խուտուտ է զգում: Ձախ ձեռքին խնամքով ծալված ամառային բաճկոնն է, ինչպես գնացքում: Աջ ձեռքն արյունոտ է և անիմաստ շարժումով ինչ-որ բան է ուզում հասկացնել, իսկ լեզուն դեռևս չի ընտելացել նոր միջավայրին: Մեկ ուղևորով թեթևացած գնացքը պոչը թափահարելով` ձևացնում է, թե տեսադաշտից դուրս է թռչում, հավանաբար, դատական ատյաններում վկայություն տալու անախորժությունից է փախչում: Սևանն էլ մուգ դարչնագույն ամպերով է քողարկվում` ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել: -Մեքենա չունեմ, անտեր հեռախոսն էլ փչացած է,- ասում է սլաքավարը: -Ոչինչ,- ասում է տղան,- ես ինձ լավ եմ զգում: -Արյունը չի կտրվում,- ասում է սլաքավարը,- պետք է վիրակապել: -Մանրուք է,- ասում է տղան,- լավ կլինի ասես, թե որտեղ ենք: -Հարբա՞ծ ես: -Չեմ խմում: -Ինչ-որ մեկը հրե՞ց,- քննիչի դեր ստանձնեց սլաքավարը: -Չէ, պարզապես իջա… Սլաքավարը թաշկինակը մեկնեց. -Գունդ արա և սեղմիր վերքին, թե չէ արյունաքամ կլինես: -Արյուն է, էլի,- ասաց տղան: -ՈՒսանո՞ղ ես,- հարցրեց ու ինքն էլ պատասխանեց,- ուսանող ես: -Ինչի՞ց կռահեցիր: -Միայն ուսանողներն են, որ արյունն ու գինին շփոթում են: -Մեկ չէ՞, երկուսն էլ հեղուկ են: -Ծնողներ ունե՞ս: -Առանձին-առանձին ունեմ, միասին` ոչ: -Չե՞ս խղճում նրանց: -Առանձին-առանձին` խղճում եմ: -Քո տարիքի տղա ունեմ,- ասաց սլաքավարը:– Դու իջնում ես, նա էլ բարձրանում է. երկուսդ էլ մահվան հետ եք խաղում: -Մահ է, էլի: Ի՞նչ տարբերություն` իջնելիս է գալիս, թե բարձրանալիս: -Սխալ եք ապրում,- ասաց սլաքավարը,- այդպես ապրելը հանցագործություն է: Կարևոր չէ, թե երբ և ինչպես անմիտ տղան հասավ իր արշավախմբին, արյունոտ շապիկը Սևանի՞, թե՞ աղբյուրի ջրով լվաց: Այդ օրը նա հասկացավ այն, ինչը երբևէ ոչ ոք չէր հասկանալու: Մեկ օր անց տղան քիթը ֆսֆսացնելով հողից դուրս էր բերում այն հինգհազարամյա սափորը, որից, հավանաբար, ջուր էր խմել առաջին հայը: Շիկահեր աղջիկը, գնացքը, սլաքավարը և նույնիսկ տղայից երես թեքած Սևանը նշույլ իսկ մեղավոր չեն, որ տղան կյանքն ու մահը իրարից չի ջոկում և քառասուն տարի անց իր պես քիթը ֆսֆսացնող մեկի համար իր պատժաչափին համարժեք հանցանք է ապահովում: «Ազատությո՜ւն մեր հինգհազարամյա պատմությանը»,- մտմտաց տղան և սափորն ամբողջ ուժով դիմացի ժայռաբեկորին խփեց: Հոյակապ պայթյուն ստացվեց: Էպոսի դռները բացվեցին, և Սասնա անզուգական հերոսները ցաք ու ցրիվ լցվեցին կյանք: Ինքն իր մեջ չտեղավորվող երկրի հազար ու մի թագավորները, իրենց ճակատագրերը շալակած, լուծվեցին աշխարհի մութ ու լույս ծալքերի մեջ: Եվ ի՜նչ գույներ առնետների կերպարանքով հորդեցին զմռսված սափորից` կարմիրը` կարմիր, սպիտակը` սպիտակ, սևը` սև… Եվ ի՜նչ ոճիրներ` մեկը մեկից ծանր ու լիարյուն… և ի՜նչ այրեր` մեկը մեկից դավաճան ու հերոս` նույն սափորի մեջ եղբայրացած: Հենց միայն սափորի փշուրները պեղումների ղեկավարին խելացնորության դուռը հասցրին: -Եղբայրներ և քույրեր,- ասաց նա` հինգհազարամյա սափորի կտորտանքը հավաքելով,- այս երիտասարդը հենց այս պահին կատարեց աշխարհի ամենանողկալի հանցագործությունը: Նա մարդասպան է… ոչ, ինչ եմ ասում, նա դավաճան է… ազգուրաց սատանա… նա սպանել է իր ժողովրդի պատմությունը: Տղան հիմար ժպիտով նայում է ծերուկ հնագետին ու ասում. -Կուժ է, էլի: Քառասուն տարի ինքս ինձ հարցրել եմ. «Ինչո՞ւ ջարդեցիր սափորը», բայց պատասխանը չեմ գտել: Եթե խելքիս զոռ տայի, հաստատ էլի մի բան կմոգոնեի, կասեի` արևն աչքերիս ընկավ կամ` ճայերի ճչոցից ուղեղս մթագնեց: Դժվար թե հավատային, թե արևից ու ճայերի ճչոցից մարդ կարող է կորցնել ինքնատիրապետումը: Կարող էր հանրահայտ քաղաքական գործչի ապագա հայտարարության պես մի բան հորինել` պատմությունը կեղծ կատեգորիա է: Կամ էլ ավելի ճշմարտանման մի սուտ. «Այս սափորով ջուր է խմել մի մարդակեր հայ, որը կերել է իր զավակներին»: Ոչ մի հնագետ ու պատմաբան չի կարող հերքել այդ վարկածը: Արդարանալու ուրիշ տարբերակ էլ կա. «Այս սափորը պատկանել է մի կատաղի նվաճողի, որը նենգորեն ոչնչացրել է մեր նախնիներին»: Այսքան անվնաս տարբերակը անտեսելով` տղան ընտրել էր ամենագարշելի պատասխանը. -Վատ հոտ էր գալիս: «Այ տղա,- ասում եմ նրան,- անուշահոտ պատմություն չի լինում: Պատմությունը մարգագետնի ծաղիկ չէ, ոչ էլ ֆրանսիական դուխի»: -Մեր անցյալից սատկած առնետի հոտ է գալիս,- լկտիաբար շարունակում է նա: «Տղա ջան,- ասում եմ,- քո պատճառով ես իմ երիտասարդությունից ամաչում եմ»: Ասես-չասես: Ո՛չ չափ ունի, ո՛չ սահման. քիթը ֆսֆսացնելով ասում է. -Ես էլ իմ ծերությունն եմ ատում: «Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի ամեն ինչ արեցի, որ քեզնից հեռանամ, բայց արդյունքում ինքս ինձնից հեռացա»: -Աշխարհն իր պատմությունը շաղ է տվել օվկիանոսներին, անպարագիծ դաշտերին ու անապատներին, իսկ մենք այն սափորի մեջ ենք խցկել,- ասում է նա: «Տղա ջան,- հիշում եմ սլաքավարի խոսքը,- այդպես ապրելը հանցագործություն է»: -Կարգին ժողովուրդներն էպոսի իրենց հերոսներին լցնում են կյանք, իսկ մենք մեր կենդանի հերոսներին լցնում ենք էպոսների մեջ ու զմռսում- ասում է նա: «Տղա ջան,- ասում եմ,- քառասուն տարի անց դու խելքը գլխին մարդ ես լինելու և լիզելու ես պատմությունը, որ ջարդեցիր սատանայի թելադրանքով»: -Ես պատմություն լիզող չեմ դառնա,- ասում է նա,- ես ազատագրեցի այն և քեզ համար հանցանք ապահովեցի, կներես, եթե մի քիչ ծանր է ստացվել: Չէ, անիմաստ է նրան համոզելը: Հետ դառնալն էլ շատ է հոգնեցուցիչ: Գնամ իմ ծանոթ ոստիկանի մոտ, մեկ էլ տեսար` մի նոր, ավելի կարճ ճամփա ցույց տվեց: Լավ բան չստացվեց. փորձեցի արդարադատությունից խուսափել, ինքս իմ կճղակի տակ ընկա: Ես նրանից հանցանք էի խնդրում, նա ինձ պատիժ առաջարկեց: |
|
«ԲԵՐԴԻ» ԹԻԿՈՒՆՔԻՆ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» 11/06/2010
ԶԳՈՒՇԱՑԵ՜Ք «ՄԱՐՏԻ... ԻԴՈՍԻՑ» 11/06/2010
ՀՈՒՍԱԼԻ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ 11/06/2010
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԱՆՑՈՒՄ 11/06/2010
ՍԱՀՄԱՆԱԳԾԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 04/06/2010
|